Գեորգի Առուստամյան ՝ դիրքը հետ բերած զինվորը - Mediamax.am

exclusive
70893 դիտում

Գեորգի Առուստամյան ՝ դիրքը հետ բերած զինվորը


Գեորգի Առուստամյանը
Գեորգի Առուստամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեորգի Առուստամյանը
Գեորգի Առուստամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեորգի Առուստամյանը
Գեորգի Առուստամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ԼՂՀ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Գեորգի Առուստամյանն ապրիլյան պատերազմի առաջին օրերին մասնակցել է տարածքի հետ բերման գործողությանը:

 

21-ամյա Գեորգին Ստեփանակերտից է: Ծառայության 22-րդ ամսում է: Ապրիլյան պատերազմից ու իր արածից քիչ է խոսում: Ծառայակից ընկերները հանդիմանում են՝ «լիքը բան ես արել, խոսի՛»: 

 

Գեորգիի հետ խոսել հաջողվում է մի պարագայում. 12-ամյա քույրը նամակ է ուղարկել, որը, հայտնվելով դիրքից րոպեներ առաջ հանգստի եկած զինվորի ձեռքում, նրան անակնկալի է բերում ու միանգամայն այլ տրամադրություն հաղորդում:

 

Քրոջ՝ Լիայի նամակը կարդում ենք միասին, Գեորգին հուզվում է, ուրախանում, թղթի վրա տեղ գտած բառերից, ասես, առնում է փոքր քրոջ ու հարազատների կարոտը, մի անտեսանելի թելով կապվում նրանց հետ, ապա զսպելով զգացմունքների տարափը, սկսում խոսել.

Գեորգի Առուստամյանը Գեորգի Առուստամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սահմանին կանգնած գրեթե ամեն րոպե մտածում եմ նրանց մասին, այս նամակից հետո արդեն ժպիտի ու ուրախության նոր առիթ ունեմ: Բոլորին շատ կարոտում եմ ու միայն մի բան ուզում՝ թո՛ղ հանգիստ լինեն: Ծնողի, քրոջ, հարազատի հանգստությունը մեզ ավելի է թեւ տալիս. ուրեմն մեր գործն իզուր չի անցնում: Մենք այստեղ ենք, որ նրանք հանգիստ ու խաղաղ ապրեն»:

 

Պատերազմից խոսելու հարցում Գեորգին կրկին «ժլատ է ձեւանում»: Հիշում է՝ ապրիլի 2-ի վաղ առավոտյան տագնապով զորամասից ռազմաճակատ են շարժվել, ու ամեն մեկն անցել իր գործին՝ հայրենի հողի պաշտպանությանը:

 

Ընկերները կողքից ինձ հուշում են՝ «դիրք է հետ բերել»: Ժպտում է, աչքերը փախցնում դեպի դիմացի սարերն ու, հասկանալով, որ չի կարող խուսափել պատասխանից, հակիրճ ներկայացնում կատարվածը.

 

«Պատերազմի առաջին օրը հակառակորդին հաջողվել էր մեր տարածքից երկու դիրք վերցնել, նույն օրը որոշեցինք՝ հետ ենք բերելու դրանք: Երկու խմբի բաժանվեցինք ու անցանք գործի: Մեկի դեպքում առաջին փորձը ձախողվեց, բայց ապրիլի 3-ի առավոտյան արդեն մեր երկու դիրքն էլ կրկին մեզ մոտ էր: Հիմնական գործողությունը րոպեներ է տեւել, ամեն ինչ կատարվել է մեր ծրագրով»:

 

Հաջողության հիմնական գրավականը սերժանտը համարում է զինվորների մարտական տրամադրվածությունը, լրացուցիչ ազդակ է եղել նաեւ տեղանքին քաջ ծանոթ լինելը.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դա մեր տարածքն էր, վրիպել չէինք կարող: Հակառակորդին այնտեղից հետ ենք շպրտել տանկերով ու հզոր զինտեխնիկայով: Մեծ թվով եկել էին, մեծ կորուստներով էլ հեռացան»:

 

21-ամյա սահմանապահը կրկին դիրքում է՝ հիմա միանգամայն այլ գիտակցությամբ: Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց զինվորի կյանքում.

 

«Այդ մի քանի օրերին շատ բան տեսանք, ինչի արդյունքում այլ կերպ հասկացանք կյանքի, հայրենիք ասվածի, խաղաղության իմաստը: Այս կյանքում մեզ էլ որեւէ դժվարություն չի կարող սպառնալ, ամեն ինչ պատրաստ ենք հաղթահարել: Եւս մեկ անգամ տեսանք ու համոզվեցինք, որ հակառակորդը չի հասել ու երբեք էլ չի կարող հասնել իր նպատակին»:

 

Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին