Գարեգին Մելքոնյան. «Էականը ՀՀ-ԵՄ համաձայնագրի բովանդակությունն է» - Mediamax.am

exclusive
30480 դիտում

Գարեգին Մելքոնյան. «Էականը ՀՀ-ԵՄ համաձայնագրի բովանդակությունն է»

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Գարեգին Մելքոնյանը
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Գարեգին Մելքոնյանը

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը`


ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի հարցազրույցը Մեդիամաքսին

- Շուտով տեղի է ունենալու Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը: Ո՞րն է լինելու այս փուլի քննարկումների հիմնական շրջանակը:

 

- Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվել է 2015 թվականի վերջում: Բանակցային գործընթացն ունի երեք թեւ: Առաջինը քաղաքական եւ իրավական թեւն է, որը համակարգվում եւ բանակցվում է արտաքին գործերի նախարարության կողմից, երկրորդը՝ ոլորտային համագործակցության թեւն է: Երրորդ՝ ծավալուն եւ խոշոր թեւը, առեւտրի եւ ներդրումների բլոկն է, որը կոորդինացնում է էկոնոմիկայի նախարարությունը:

 

Առեւտրի եւ ներդրումների մասով մինչեւ տարեվերջ ունենք եւս երկու բանակցային փուլ՝ հոկտեմբերին Երեւանում եւ դեկտեմբերին՝ Բրյուսելում:

 

- Կողմերը հույս են հայտնում, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում: Դուք նման  հավանականություն տեսնո՞ւմ եք:

 

- Բանակցություններում ամենակարեւորը բովանդակությունն է եւ ձեռք բերվող պայմանավորվածությունները: Իհարկե, աշխատանքները կազմակերպելու տեսանկյունից կարեւոր է ունենալ ժամանակացույցի ընդհանուր ընկալում, բայց արծում եմ, որ իսկապես ամենակարեւորը բովանդակությունն է: Կարեւոր է, որ հասնենք նրան, ինչ ունենք մեր օրակարգում, եւ փաստաթուղթը ռիսկային չլինի եւ բխի մեր տնտեսության եւ տնտեսվարողների շահերից:

 

Ի տարբերություն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի (DCFTA), որը նախկինում Եվրամիության հետ բանակցված Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասն էր, այս անգամ աշխատանքները շատ ավելի ծավալուն են: Ճիշտ է, ունենք նախկինում կուտակված փորձը եւ քննարկվող փաթեթն ամբողջությամբ նոր չէ, սակայն ներկայում Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը պահանջում է ստուգել բոլոր ձեռք բերվող պայմանավորվածությունները` ապագայում հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար: Բանակցություններում քննարկվում են հարյուրավոր էջեր պարունակող տեխնիկական, նեղ մասնագիտական տեքստեր:

 

-Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավարը ամիսներ առաջ հայտարարել էր, որ բանակցություններում կան «դժվարանցանելի հատվածներ»: Դրանք հաղթահարվե՞լ են:

 

- Բնականաբար, բանակցությունների ժամանակ լինում են հարցեր, որոնց նկատմամբ տպավորությունները եւ մոտեցումները տարբեր են լինում, եւ այդ դեպքում ավելի մանրամասն քննարկում ենք եւ փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ: Այս փուլում որեւէ դժվարանցանելի կամ խնդրահարույց հարց չեմ կարող առանձնացնել:

 

- Ո՞րն է լինելու նոր շրջանակային համաձայնագրի կիրառական նշանակությունը: Արդյո՞ք աշխուժացում կլինի առեւտրի ծավալների ընդլայնման կամ ներդրումների ներգրավման մասով:

 

- Առեւտրի եւ ներդրումների բլոկում խոսքն, ընդհանուր առմամբ, գնում է այն կանոնակարգերի մասին, որոնք առնչվում են մաքսային առեւտրին, մաքսային վարչարարությանը եւ փոխադարձ համագործակցությանը: Հարցեր կան, որոնք առնչվում են մաքսային արժեքի որոշմանը, մեթոդաբանությանը եւ մոտեցումներին:

 

Փաթեթում ներառված են նաեւ փոխադարձ առեւտրին վերաբերող հարցեր, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգեր, ստանդարտացում, հավատարմագրում եւ այլն: Մտավոր սեփականության պաշտպանությունը նույնպես առեւտրի ոլորտին է վերաբերվում:

 

Փաթեթում ներառված են նաեւ այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` պետական գնումներ, առեւտուր եւ կայուն զարգացում, թափանցիկություն, ծառայությունների առեւտուր: Կա վեճերի կարգավորման մասին առանձին գլուխ եւ նախատեսվում է, որ եւս մեկ գլուխ կվերաբերի մրցակցությանը:

 

Այս պահի դրությամբ մենք ԵՄ-ի կողմից մրցակցության եւ ներդրումներին վերաբերող գլուխների նախագծերը դեռեւս չենք ստացել:

 

Իմ կարծիքով, ներդրումներին վերաբերող գլուխը բանակցվող համաձայնագրի ամենակարեւոր ուղղություններից մեկն է, եւ մենք պետք է խնդիրը դնենք այնպես, որ այդ ձեւաչափի ներքո կարողանանք Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավենք եւ պայմաններ ապահովենք, որ եվրոպական կապիտալը ավելի վստահ ուղղվի դեպի Հայաստան:

 

- Շրջանակային համաձայնագրի շուրջ տարվող բանակցություններին զուգահեռ խոսվում է նաեւ Հայաստանի ու Եվրոմիության միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի մասին: Այս մասով ի՞նչ կարող եք ասել, բանակցությունները ե՞րբ են սկսվելու:

 

- Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը նախատեսում է ազատականացված կարգավորումներ ավիացիայի ոլորտում: Երբ ԵՄ մեր գործընկերներին հայտնեցինք մեր հետաքրքրության մասին, Եվրոպական Հանձնաժողովից պատասխան ստացանք, որ ԵՄ գործադիր մարմինը այդ բանակցությունները սկսելու համար պետք է մանդատ ստանա Եվրոպական Խորհրդարանից: Մանդատ ստանալու համապատասխան գործընթացն արդեն ընթացքի մեջ էր, սակայն ս.թ. ամռանը ԵՄ-ն ընդունեց ավիացիոն նոր ռազմավարություն՝ հայտարարելով այն առաջնային երկրների ցանկը, որոնց հետ ցանկանում է ստորագրել այդ ավիացիոն համաձայնագիրը: Այդ երկրների ցանկում, սակայն, Հայաստանը ներառված չէր:

 

Այսինքն, այս տարվա ընթացում չենք կարողանա սկսել այդ համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ չնայած եվրոպական կողմին մենք եւս մեկ անգամ հայտնել ենք մեր հետաքրքրության եւ աշխատանքները հնարավորինս արագ սկսելու պատրաստակամության մասին: Հուսով եմ, որ մոտ ապագայում ԵՄ-ն կվերանայի իր մոտեցումը եւ հնարավոր կլինի սկսել գործընթացը:

 

Գարեգին Մելքոնյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին