Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը դարձել է Եվրոպայի Խորհրդի ֆիլմարտադրությանն աջակցող Eurimages հիմնադրամի անդամ: Հայկական կինոյի՝ եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների մասին Մեդիամաքսը զրուցել է կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հետ:
- Որքանո՞վ է այս անդամակցությունը կարեւոր Հայաստանի համար:
- Նախ, շնորհավորում եմ ոլորտի մասնագետներին, կինոսիրողներին, հանրությանը, որովհետեւ սա իսկապես չափազանց կարեւոր նորություն է բոլորիս համար: Չնայած նորանկախ Հայաստանի կինոն մշտապես համարել եմ լոկալ ու մեկուսացված, իսկ կինոյի կառավարման պետական մոդելը՝ ոչ ճկուն եւ առաջընթացին չնպաստող, բայց այսօր շնորհակալ եմ մշակույթի նախարարությանը, Ազգային կինոկենտրոնին՝ կատարված մեծածավալ աշխատանք համար, որի շնորհիվ Հայաստանն անդամագրվել է Eurimages հիմնադրամին:
Որպես միջազգային համատեղ ֆիլմարտադրության մեջ մասնագիտացված ընկերության ղեկավար եւ եվրոպացի արտադրողների հետ գրեթե 15 տարվա աշխատանքի փորձ ունեցող մարդ՝ կարող եմ նշել, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Եվրոպայի հետ համագործակցությունը կինոյի ոլորտում բավականին բարդացել էր: Համատեղ ֆիլմերի ֆինանսավորման մեխանիզմները մեզ համար գրեթե սառեցված էին: Այս քայլով Եվրոպան մեկ անգամ եւս վերահաստատում է, որ դիտարկում է Հայաստանը որպես Եվրոպայի մաս, իսկ հայկական մշակույթը՝ անքակտելի եվրոպական քաղաքակրթությունից:
- Ինչպիսի՞ն են Հայաստանի կինոարտադրողների հնարավորությունները հիմնադրամից ֆինանսավորում ստանալու հարցում:
- Eurimages-ը տարեկան 25 մլն եվրո բյուջե է տրամադրում անդամ երկրների կինո նախագծերին: Հայաստանը 37-րդ երկիրն է, որ անդամագրվեց հիմնադրամին: Վերջապես մեր կինոարտադրողները եւս հնարավորություն կունենան դիմել հիմնադրամին ու ֆինանսավորում ստանալ: Մինչ այդ հիմնադրամին դիմելը բավականին բարդ էր. պիտի գտնեինք Eurimages-ի անդամ երկու երկիր ու աջակցություն ստանայինք նրանցից: Բայց այդ դեպքում էլ լիարժեք գումար չէինք կարող ստանալ:
Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում գեղարվեստական ֆիլմ նկարահանելու բյուջեն մոտավորապես մինչեւ 1 մլն դոլար է կազմում, կարող ենք զգալի աջակցություն ստանալ Eurimages-ից: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում այն գեղարվեստական կինոն, որն արվեստ է ներկայացնում, ֆինանսավորման հնարավորություն գրեթե չունի: Նման ֆիլմերը միայն պետական ֆինանսավորում են ստանում: Իսկ կոմերցիոն կինոն, որը վերջերս ծաղկում է Հայաստանում, նախատեսված է միայն տեղի հանդիսատեսի համար, արտասահմանյան շուկա դուրս գալու շանս չկա:
Eurimages-ին անդամակցումը չի նշանակում, որ միանգամից եվրոպական շուկա ենք մտնելու: Սակայն հիմա իսկապես մեծ հնարավորություններ ունենք եւ որպես անկախ արտադրողներ պիտի լավ նախագծեր ներկայացնենք:
- Կա՞ն արդյոք սահմանված չափանիշներ, թեմաներ, որ պետք է ներկայացվեն Eurimages-ին:
- Եթե կա լավ պատմություն, որը ներկայացնում է սեփական հայացք ունեցող ռեժիսորը, ֆինանսավորում ստանալու հնարավորությունը մեծ կլինի: Թեմատիկ որեւէ սահմանափակում չկա, կարեւորը՝ տաղանդավոր նախագիծ ունենալն է:
Շատ կարեւոր է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կարողանանք մի քայլ եւս առաջ գնանք ու անենք այն, ինչ բազմիցս առաջարկել ենք կառավարությանը՝ հրավիրենք եվրոպական տարբեր հիմնադրամների փորձագետների, որոնք կմասնակցեն մեր ներկայացրած նախագծերի ընտրությանը: Նրանք ոչ թե ձայնի իրավունք կունենան, այլ կօգնեն մասնագիտական խորհուրդներով:
- Իսկ ինչպիսի՞ն է լինելու Eurimages-ին նախագիծ ներկայացնելու կարգը:
- Հայաստանն ունենալու է Eurimages-ի ներկայացուցիչ, որն առաջինը կստանա անկախ արտադրողների ներկայացրած նախագծերը: Ռեժիսորը չի կարող անհատապես նախագիծ ներկայացնել՝ պիտի հիմնի իր ընկերությունը կամ համագործակցի պրոդյուսերի հետ: Բացի այդ, անկախ արտադրողը պետք է Eurimages-ի անդամ երկրներից առնվազն մեկում գործընկեր ունենա:
- Eurimages-ի ֆինանսավորած ո՞ր ֆիլմերն են մեծ հաջողությունների հասել:
- Ֆինանսավորում ապահովելուց բացի, Eurimages-ը հնարավորություն է տալիս ներկայացնել արտադրանքը եվրոպական շուկայում: Կարող եմ բերել 2014թ. օրինակը. Պաոլո Սորենտինոյի La Grand Bellezza ֆիլմը, որ ստացել էր Eurimages-ի աջակցությունը, ներկայացվեց Կաննի փառատոնի մրցութային ծրագրում, եվրոպական կինոակադեմիայի չորս մրցանակ ստացավ, հետո էլ «Օսկար»-ի ու «Ոսկե Գլոբուս»-ի արժանացավ:
Հայաստանը նոր է անդամակցել Eurimages-ին ու վստահ եմ, որ հիմա մեր երկրի հանդեպ հատուկ ուշադրություն ու հետաքրքրություն կլինի: Կփորձեն տեսնել, թե ինչ է ներկայացնում ժամանակին կինեմատոգրաֆում մեծ համբավ ունեցող երկիրը: Լավ կլինի, որ այս նորությունը աջակցի հայկական կինոհանրույթի միասնությանը, համատեղ քննարկումներին, որ արդյունքում լավ ու գրագետ նախագիծ ներկայացվի:
Զրուցել է Լենա Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: