Իգոր Առաքելյան. «Ողջ ֆինանսական բեռը ԵԿԳ-ն վերցրել է իր վրա» - Mediamax.am

exclusive
9133 դիտում

Իգոր Առաքելյան. «Ողջ ֆինանսական բեռը ԵԿԳ-ն վերցրել է իր վրա»

Իգոր Առաքելյանը
Իգոր Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


 Երեւանի կոնյակի գործարանի(ԵԿԳ) նորանշանակ  գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին:

 

- Պարոն Առաքելյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ նշանակման կապակցությամբ: Համեմատելով նախորդող գործունեության հետ (Իգոր Առաքելյանը զբաղեցրել է ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը – խմբ.)`  ի՞նչն է ավելացել  Ձեր աշխատանքում՝  իրավունքնե՞րը, թե՞  պարտականությունները:

 

- Միանշանակ ասել չի լինի՝ պարտականությունները,  թե իրավունքները: Բայց Ձեր հարցն ինձ հիշեցրեց դպրոցական ծրագրով անցած «Էթիկա» առարկան, որտեղ մարդու ողջ կյանքը բաժանվում էր պարտականությունների եւ իրավունքների: Բնականաբար, բոլորին հետաքրքրում էին իրենց իրավունքները, քանի որ մարդիկ սովորաբար խուսափում են պարտականություններից: Սա ուղղակի կատակ էր:):

 

Իսկ եթե ավելի լուրջ, իմ պարագայում՝ պատասխանատվությունը. Երեւանի կոնյակի գործարանը Հայաստանի խորհրդանիշն է: ԵԿԳ-ում տնօրեն լինելը մեծ պատասխանատվություն է ենթադրում գործարանի բոլոր աշխատակիցների, այն գործընկերների, որոնց հետ աշխատել ենք, աշխատում ենք եւ աշխատելու ենք, ինչպես նաեւ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինձ նշանակել են այս պաշտոնում:

 

- Քանի որ մեր հարցազրույցը ստացվեց նախատեսվածից ավելի ուշ, եւ շուտով երկրում կսկսվեն մթերումները, միանգամից անցնեմ այդ թեմային: Կարծում եմ, բոլորին հետաքրքրում է՝ ե՞րբ կմեկնարկի մթերումը, ի՞նչ գնով եւ ծավալով:   

 

- Մենք որոշել ենք մթերումն Արմավիրի մասնաճյուղում սկսել սեպտեմբերի 7-ից, Այգավանի մասնաճյուղում՝ սեպտեմբերի 8-ից, իսկ Բերդի մասնաճյուղում՝ սեպտեմբերի 14-ից: Չնայած կոնյակագործության ասպարեզում ստեղծված տնտեսական եւ ֆինանսական իրավիճակին՝ այս տարի կարողացել ենք պահպանել ու չնվազեցնել մթերվող խաղողի գինը (անցյալ տարի ԵԿԳ-ն Արմավիրի եւ Արարատի մասնաճյուղերում 1 կգ-ն մթերել է 150 դրամով, Բերդի մասնաճյուղում՝ 140 դրամով – խմբ.): 

Իգոր Առաքելյանը Իգոր Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս տարի ԵԿԳ-ն կգնի 35 հազար տոննա խաղող: Եթե նայենք մեր հաշվարկներին, մեզ այսօր ավելի քիչ ծավալ է անհրաժեշտ՝ 30 հազար տոննա, բայց, հաշվի առնելով պատասխանատվությունը, պայմանագրերն ու խաղողագործների հետ երկարաժամկետ համագործակցությունը, որոշել ենք գնել 5000 տոննա ավել խաղող:

 

- Գյուղացիներին կամ խաղողագործությանը լրացուցիչ աջակցման նոր մեխանիզմներ փնտրո՞ւմ եք: Այսօր շատ է խոսվում ոլորտի անբարենպաստ պայմանների մասին:

 

- Մենք շարունակում ենք ապառիկ կարգով բուժանյութեր տրամադրել այն հաճախորդներին, ովքեր մեզ հետ պայմանագիր են կնքել եւ բուժանյութ գնելու ցանկություն են հայտնում: Այս տարի մոտ 250 մլն դրամի բուժանյութ ենք բաժանել: Ասեմ, որ մատակարարները բուժանյութերի գինը բարձրացրել են: Բայց, կրկին հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը, մենք որոշ թանկացումներ վերցրել ենք մեզ վրա, ինչը կազմում է մոտ 20 մլն դրամ, մեր հետ պայմանագիր ունեցող գյուղացիների համար լրացուցիչ բեռ չստեղծելու համար:

 

Շարունակում ենք տրամադրել նաեւ խորհրդատվություն այգիների մշակման վերաբերյալ՝ փորձելով բարձրացնել բերքատվությունը, որն իր հերթին գյուղացուն լրացուցիչ եկամուտներ կբերի:

 

Համագործակցում ենք  «Պլանետ ֆինանս» շահույթ չհետապնդող խորհրդատվական ընկերության հետ, որը գործունեություն է ծավալում հիմնականում Տավուշի մարզում՝ խաղողագործության ոլորտում: Աջակցելով այդ ծրագրին՝ փորձում ենք օգնել կոոպերատիվներ ստեղծելու գաղափարի զարգացմանը, որն իր հերթին թույլ կտա միավորել փոքր խաղողագործներին՝ մեխանիզացնելով որոշ ագրոտեխնիկական աշխատանքներ: Մեր եւ նշված ընկերության հաշվարկների համաձայն, մոտ 5 տարվա ընթացքում ծրագիրը կարող է բերել  բերքատվության մինչեւ 40% աճ:

 

- Եթե չեմ սխալվում, ԵԿԳ-ն ֆինանսական տարին ամփոփում է հուլիսին: Ի՞նչ պատկերով է ընկերությունը մտնում նոր ֆինանսական տարի:

 

- Ցավոք սրտի, Ռուսաստանում ստեղծված իրավիճակի, ռուսական ռուբլու արժեզրկման եւ ֆինանսական բարդ պայմանների հետեւանքով մեր արդյունքներն այս տարի այնքան դրական չեն, ինչպես նախորդ տարի. այս տարի մեր վաճառքը նվազել է 4 տոկոսով:

 

Եթե խոսենք գների մասին, նախ պետք է նշեմ, որ մենք արտադրանքը ՌԴ ենք արտահանում ռուսական ռուբլով, հետեւաբար՝ ռուբլու արժեզրկումն անմիջականորեն ազդում է ԵԿԳ շահույթի վրա: Այս դեպքում, եթե վաճառքի ծավալը  նվազել է 4 տոկոսով, ապա շրջանառությունը նվազել է մոտ 25 տոկոսով:

Իգոր Առաքելյանը Իգոր Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ խոսքը գնում է շրջանառության անկման մասին, թվում է թե լուծումը ակնհայտ է՝ պետք է բարձրացնել գինը: Միգուցե որոշ դեպքերում սա իսկապես արդարացված է, բայց, երբ  այս ամենի պատճառը ընդհանուր գնողունակության անկումն է, գնի բարձրացմամբ կարող ես կորցնել սպառողիդ, թեկուզ եւ որոշ ժամանակով:

 

Այսօր մեզ համար առանցքային է վաճառք ապահովել թեկուզ եւ շահույթի հաշվին, որպեսզի ազատվեն արտադրական տարածքներ ու պահամաններ հնարավորինս շատ խաղող մթերելու համար: Իրավիճակը իսկապես մարտահրավերային էր: Բայց, փառք Աստծո, հասանք նրան, որ այս տարի եւս մթերելու ենք բավականին մեծ ծավալի խաղող:

 

- Եթե վերանանք թվերից, ի՞նչ հաջողվեց անել ԵԿԳ-ին անցյալ տարի: 

 

- Մենք ունենք արտադրական մոդեռնիզացիայի մի քանի ծրագրեր: Անցած տարի ամբողջությամբ նորացրել եք Արմավիրի թորման արտադրամասը, տեղադրել ենք Ֆրանսիայում պատրաստված նոր կաթսաներ, որոնք թույլ կտան էլ ավելի բարձրացնել սպիրտների որակը: Վերաթողարկել ենք Մարգար Սեդրակյանի կողմից 1940 թվականին ստեղծված «Հայաստան» կոնյակը՝ այն ձեւով, որով ստեղծել էր հեղինակը: Դա հարգանք էր պատմության, այդ կոնյակի ստեղծման հանդեպ ու, իմ կարծիքով, շատ հաջողված ծրագիր էր:

 

Մեր թիրախային ուղղություններից մեկն է նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությունը: Այս առումով ժամանակին որոշել էինք ներդնել ավտոմատացված կաթսայատներ, որի շնորհիվ այսօր տնտեսում ենք սպիրտի թորման համար օգտագործվող գազի մինչեւ 7 տոկոսը, իսկ արտանետումները նվազել են 30 տոկոսով: Կարող եմ ասել, որ դա մեծ հաջողություն է մեզ համար:   

 

Ասեմ նաեւ, որ անցած տարի ԵԿԳ Այցելուների կենտրոն զբոսաշրջիկների այցերը 50-60 տոկոսով ավելացել են, ինչը, իհարկե, ոգեւորիչ է թե բրենդի ճանաչողականության, թե առավել լայն սփռման առումով:

 

- Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բազում մեկնաբանությունների տեղիք տվեց: Ընդ որում, գերակշռում էին տրամագծորեն հակառակ կարծիքներ:  Հետաքրքիր է իմանալ՝  ի՞նչ են մտածում այս մասին ԵԿԳ-ում:

 

- Ճիշտ եք, ժամանակին շատ խոսակցություններ եղան, բայց Մաքսային միությունն այսօր փաստ է: Այսօր հարցը օրենսդրական դաշտը համապատասխանեցնելու մեջ է: Եվ, իհարկե, այս առումով պետք է աշխատել, որ օրենսդրական դաշտի փոփոխությունը տանի դեպի բարելավում  կամ առնվազն չզիջի բիզնեսի ոլորտում այսօր գործող օրենսդրական բազային: Դրա հետ կապված մեր ընկերությունում ստեղծել ենք տարբեր բաժինների մասնագետներից բաղկացած հատուկ հանձնաժողով, որն աչալուրջ հետեւում է բոլոր նախագծերին եւ, համագործակցելով ՀՀ նախարարությունների հետ, միշտ ներկայացնում է մեր առաջարկությունները:

- Տարեսկզբին կարծիքներ հնչեցին, թե ԵՏՄ անդամակցությանը զուգահեռ Հայաստանը կոնյակի արտահանման խնդիրներ ունի ԵՄ երկրներում: ԵԿԳ-ն որեւէ բացասական ազդեցություն զգա՞ց  իր վրա:

 

- Ինչպես նախկինում աշխատել ենք ԵՄ երկրների եւ ԱՄՆ-ի հետ, այնպես էլ շարունակում ենք աշխատել: Իհարկե, չէի ասի, թե այնտեղի ծավալը գերիշխող նշանակություն ունի մեր բիզնեսի համար. մեր ընդհանուր արտադրանքի 85 տոկոսն արտահանվում է ԱՊՀ երկրներ, որից 70 տոկոսը՝ ՌԴ:

 

- Շատերը հոռետեսական տրամադրությունները կապում էին ռուբլու արժեզրկման հետ, ինչը երեւի թե փաստ է: Նման իրավիճակը ի՞նչ հարկադրված փոփոխությունների պատճառ դարձավ ԵԿԳ-ում:

 

- Ռուսական ռուբլու արժեզրկումը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, մեր վաճառքի 70 տոկոսը ռուբլով է կատարվում: Ստեղծված իրավիճակում պետք է կարողանանք հարմարվել եւ շարունակել աշխատել: Իմ կարծիքով, պետք է լինել լավատես եւ հավատալ, որ անեն ինչ կկարգավորվի, բիզնեսի համար նոր պայմաններ կձեւավորվեն:

 

Բիզնեսում միշտ լինում են բարդ պահեր: Այսօր մեր գերխնդիրն է ապահովել շրջանառությունը՝ դաշտավայրից մինչեւ սպառող: Ինչ վերաբերում է   ռազմավարությունը փոփոխելուն, եկեք սպասենք օրացույցային տարվա ավարտին գրանցվելիք արդյունքին: Առայժմ հարկադրված որեւէ փոփոխության չենք գնացել, շարունակել ենք աշխատել նախկինի պես, ոչ մի կրճատում, նվազեցում չենք արել: Ողջ ֆինանսական, բեռը շահույթի հաշվին, գործարանը վերցրել է իր վրա:

 

- Ռուսաստանի հետ կապված ցանկացած դժվարություն արտահանող ընկերությունների համար ինքնաբերաբար ակտիվացնում է շուկաների դիվերսիֆիկացման հարցը: Այստեղ կա՞ զգալի տեղաշարժ:

 

- Ցավոք, զգալի տեղաշարժ չկա: Հիմանական խնդիրը հետեւյալն է. ԱՊՀ սահմաններից դուրս մենք ներկայացված ենք «բրենդի» կատեգորիայում, որը հանրային ընկալման մեջ զիջում է կոնյակին: Այստեղ մենք ընկնում ենք զանազան  բրենդիների հատված, որոնք գնային առումով շատ ավելի մատչելի են, մինչդեռ մեր արտադրանքը, օբյեկտիվ պատճառներով, ավելի թանկ է.  իր    տեխնոլոգիայով այն կրկնօրինակում է ֆրանսիականը: Տարբերությունը մեր հայկական հողի, ջրի, խաղողի եւ, իհարկե, մարդկանց մեջ է: 

Իգոր Առաքելյանը Իգոր Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարճ ասած, մեր արտադրանքն ի սկզբանե չի կարող էժան լինել, բայց մենք մրցում ենք էժան սեգմենտում, ինչը դժվարություններ է ստեղծում: Ֆինանսական մեծ ու հետեւողական ներդրումներ է պետք կատարել, որպեսզի սպառողն ընկալի ԱրԱրԱը-ը որպես վստահելի եւ բարձրակարգ խմիչք:   

 

Մենք ունենք որոշ հաջողություններ բալթյան երկրներում, որտեղ ԱրԱրԱտ-ը ճանաչում են դեռ խորհրդային ժամանակներից, վերջին 2-3 տարիներին հաջողություն ունենք նաեւ Չեխիայում եւ Սլովակիայում, որտեղ եւս ճանաչում էին մեր կոնյակը: Այն երկրներում, որտեղ ԱրԱրԱտ-ին ծանոթ են, հեշտ է մուտք գործել շուկա, հակառակ դեպքում՝ դժվար: Սա եւս մեր թիրախային ուղղություններից է. անկախ դժվարություններից՝ պետք է դիվերսիֆիկացնել շուկաները, հայթայթել նոր սպառման միջոցներ, որպեսզի կարողանանք զարգանալ: Բայց դեռ ակնհայտ հաջողություններ չունենք, կամաց-կամաց աճում ենք:

 

- Ինչպիսի՞ն է այս տարվա «մաքսիմում» ծրագիրը:

 

- Պահպանել այն, ինչ ունենք, փորձել ռուսական շուկայում, որն այսօր ամենաբարդն է, պահպանել մեր դիրքերը եւ, ինչու ոչ, գնային քաղաքականության հաշվին կարողանալ ծավալ աճեցնել, ինչը դրական կազդի եւ ԵԿԳ-ի, եւ ոլորտի վրա:

 

Սեպտեմբերի երկրորդ կեսին ծրագրում ենք հայտարարել նոր արտադրատեսակի մասին, որը լինելու է բացառիկ կուպաժ՝ 30 տարեկան եւ կոչվելու է «Էրեբունի 30»: Կարծում եմ, մեր սպառողներն ուրախ կլինեն տեսնել այդ բարձրակարգ արտադրանքը: Նախատեսվում է նաեւ Այգավանի մասնաճյուղի թորման արտադրամասի ամբողջական վերակառուցում եւ վերանորոգում: Իհարկե, ամենակարեւորն այն է, որ շարունակենք ապահովել կոնյակի սպառումը:

 

Իգոր Առաքելյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին