ՀՀ նախագահ. Իրան-«վեցյակ» բանակցությունների արդյունքը կարեւոր է - Mediamax.am

7925 դիտում

ՀՀ նախագահ. Իրան-«վեցյակ» բանակցությունների արդյունքը կարեւոր է


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:

Այդ մասին նա ասել է հուլիսի 9-ին Ուֆայում՝ ելույթ ունենալով BRICS, ԵԱՏՄ եւ Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին:

 

Սպասվում է, որ այսօր Վիենայում Իրանը եւ միջազգային «վեցյակը» վերջնական համաձայնության կգան Իրանի ատոմային ծրագրի եւ պատժամիջոցների վերացման վերաբերյալ:

 

«Կցանկանայի հույս հայտնել, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: Որպես բարեկամ Իրանի հարեւան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա», - ասել է Հայաստանի նախագահը:

 

Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսել է եվրասիական ինտեգրացիայի եւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցման հեռանկարի մասին, «որոնք փոխգործակցելով, հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային եւ տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը»:

 

«Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, եւ ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսեւորեն», - ասել է Հայաստանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին