Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը քննարկում է ապրիլի 23-24-ին հնարավոր այցը Երեւան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Այս մասին Մեդիամաքսին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի (Armenian Caucus) աղբյուրը: Խմբին անդամակցում է ավելի քան 90 կոնգրեսական:
Ըստ աղբյուրի՝ Հիլարի Քլինթոնը, որը ապրիլի 12-ին պաշտոնապես հայտարարել է 2016թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, դեռ վերջնական որոշում չի կայացրել եւ շարունակում է խորհրդակցությունները ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Ապրիլի 24-ին Հիլարի Քլինթոնի այցը Երեւան կարող է «լավ տարբերակ» լինել Օբամայի վարչակազմի համար, ասել է Մեդիամաքսի աղբյուրը: Նրա խոսքով՝ նա պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչը չէ, եւ Թուրքիան չի կարողանա ընդդիմանալ 100-րդ տարելիցի միջոցառումներին նրա ներկայությանը: Մյուս կողմից, նախկին պետքարտուղար եւ Սպիտակ տակ հնարավոր ղեկավար Հիլարի Քլինթոնի ներկայությունը Երեւանում խորհրդանշական քայլ կլինի ԱՄՆ իշխանությունների կողմից՝ ուղղված Հայաստանի ղեկավարությանը, ասել է աղբյուրը:
Մեդիամաքսը դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը, որտեղ խոստացել են ապրիլի 23-24-ի միջոցառումներին ամերիկյան կողմի մասնակցության վերաբերյալ մեկնաբանություններ տրամադրել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում ակտիվ մասնակցություն է ունեցել 2009թ. հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստման եւ ստորագրման գործում: Ավելի ուշ, մեկնաբանելով արձանագրությունների վավերացման հեռանկարները, Հիլարի Քլինթոնն ասել էր, որ «գնդակը Թուրքիայի խաղադաշտում է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: