Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկը եւ Կառավարությունը Համահայկական բանկի բացման մասին նոր հայտարարություններ չեն անում, այնինչ որպես նրա գործունեության սկզբի նոր ժամկետ նշվում էր 2011 թվականի գարունը:
Առաջին անգամ Համահայկական բանկի ստեղծման մասին խոսվեց 2008 թվականի հունիսին: Այդ ժամանակ ներկայացնելով բանկի ստեղծման գաղափարը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասում էր, որ բանկի հիմնական նպատակը կլինի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի շրջանակներում նախագծերի ֆինանսավորումը: Նա նշում էր, որ Համահայկական բանկը առաջնորդվելու է գործունեության առեւտրային սկզբունքով, սակայն չի մրցակցելու ՀՀ առեւտրային ֆինանսական հաստատությունների հետ:
Ակնկալվում էր, որ Համահայկական բանկը կստեղծվի մինչեւ 2008 թվականի վերջը, սակայն դա տեղի չունեցավ: Միայն 2009 թվականի հունվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ԱԺ կողմից ընդունված «Համահայկական բանկի մասին» օրենքը, ինչից հետո ԿԲ նախագահն ասաց, որ բանկը կսկսի գործել 2009 թվականի հունիսին: Արթուր Ջավադյանը նշում էր, որ միջազգային մի ընկերություն թեկնածուներ է փնտրում բանկի նախագահի պաշտոնի համար:
2009-ի մայիսին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն Business New Europe-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Համահայկական բանկը «գլոբալ մանրածախ բանկ» կդառնա եւ թույլ կտա Հայաստանին «հրաժեշտ ասել արտասահմանյան վարկերին»: Նա ասում էր, որ կառավարությունը ցանկանում է դրամական փոխանցումները վերածել կապիտալի եւ այդ պատճառով կստեղծի բանկ, որն ամբողջ աշխարհում մասնաճյուղեր կունենա: «Պատկերացրեք, եթե նույնիսկ ողջ հայության 1% նոր բանկում վարկային քարտ ունենա, դա այնքան գումար կբերի, որ մենք կկարողանանք ընդմիշտ հրաժեշտ ասել միջազգային ֆինանսական հաստատությունների վարկերին», - ասում էր Ներսես Երիցյանը:
Նա նշում էր, որ Հայաստանի կառավարությունը Համահայկական բանկի կապիտալի մեջ ներդրել է $20 մլն եւ մտադիր է եւս $80 մլն ներգրավել Սփյուռքից: Ներսես Երիցյանն ընդունում էր, որ ճգնաժամի հետեւանքով մի շարք Սփյուռքի ներկայացուցիչներ սառեցրել են բանկի կապիտալում մասնակցության մասին իրենց որոշումները: «Սակայն մենք վստահ ենք, որ նրանք կվերադառնան», - նշում էր նախարարը:
Համահայկական բանկը «գլոբալ մանրածախ բանկ» կդառնա եւ թույլ կտա Հայաստանին «հրաժեշտ ասել արտասահմանյան վարկերին»: |
2009 թվականի նոյեմբերին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից Մեդիամաքսին հայտնեցին, որ Համահայկական բանկի բիզնես-պլանով միջազգային փորձագետներ են զբաղվում եւ ընտրում են այդ կառույցի գործադիր տնօրենին: «Բիզնես-պլանի ստեղծման նպատակով բանկերի, պետական կառույցների եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են անցկացվում: Այդ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ, ինչից հետո Համահայկական բանկը կսկսի գործել բիզնես-պլանին համաձայն», - նշում էին ԿԲ մամուլի ծառայությունում:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, 2009 թվականի նոյեմբերի 18-ին ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտնեց, որ Համահայկական բանկը ակտիվ գործունեություն կսկսի 2010 թվականին: Նա հայտնեց, որ բիզնես-պլանի մշակումը եւ ղեկավարի ընտրությունը հանձնարարված է «հեղինակավոր միջազգային կազմակերպություններին»:
Սակայն բանկը իր գործունեությունը չսկսեց նաեւ 2010 թվականին: 2010-ի վերջին Վահրամ Ներսիսյանցը դարձավ Համահայկական բանկի նախագահ: Այն ժամանակ նա ասաց, որ բանկը կսկսի գործել 2011 թվականի գարնանը եւ կֆինանսավորի երկարաժամկետ ներդրումային ծրագրեր, որոնք նպատակ ունեն աջակցել միջազգային շուկաներ հայկական արտադրանքի արտահանմանը: