Իմ համտեսած Հայաստանը. մաս 1 - Mediamax.am

exclusive
9196 դիտում

Իմ համտեսած Հայաստանը. մաս 1

Նախագիծը բաղկացած է չորս մասից, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1-ին մասը:

Լուսանկարը` Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:


Մարիա Լապուկը ռուսաստանյան «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի մամուլի քարտուղարն է: Պարզվում է, նրան այնքան է դուր գալիս Հայաստանում, որ Մաշան ցանկացավ մեզ համար փոքր հատուկ նախագիծ պատրաստել եւ մեր երկրի մասին պատմել նրանց, ովքեր երբեք այստեղ չեն եղել:

 

Մաշան գրում է այն վայրերի մասին, որոնք, ինչպես երբեմն թվում է մեզ՝ հայաստանցիներիս, այնքան էլ հետաքրքիր չեն օտարերկրացիների համար՝ Գառնի, Գեղարդ, Սեւան: Սակայն նա գրում է այնպիսի ջերմությամբ, որ այդ վայրեր այցելելու եւ տպավորությունները թարմացնելու ցանկություն առաջացավ նաեւ մեր խմբագրության շատ անդամների մոտ:

 

Մաշայի պատմվածները նկարազարդելու համար ընտրեցինք տաղանդավոր ռուս լուսանկարիչ Ալեքսանդր Տյագնի-Րյադնոյի նկարները` 2006թ. նա այցելել էր Հայաստան Մեդիամաքս-ի հրավերով: Այդ գործուղման արդյունքը եղավ 2006թ. նոյեմբերին Մոսկվայում կայացած Սաշայի «Տաք Հայաստան» լուսանկարների ցուցահանդեսը:

 

Նախագիծը բաղկացած է չորս մասից, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1-ին մասը:

Մաս 1. Փորձել եւ զգալ Հայաստանը

 

Ես շատ հաճախ եմ այցելում Հայաստան` տարբեր գործերով: Ամեն ինչ սկսվեց գործուղումներից ռուսաստանյան բջջային օպերատորներից մեկում աշխատելիս: Դպրոցում աշխարհագրությունը ոչ այնքան լավ ուսումնասիրելու պատճառով ինձ թվում էր, որ Հայաստանը շատ հեռու է, բայց պարզվեց, որ Մոսկվայից Երեւան թռիչքը ընդամենը 2,5 ժամ է:

 

Մարիա Լապուկ

Լուսանկարը` անձնական աևխիվից:

 

Մինչ հայ ընկերներիս հետ ծանոթանալը ես չգիտեի, թե ինչպես է պետք դիմավորել հարազատներին եւ ընկերներին օդանավակայանում: Իսկ դա պետք է լինի այսպես. ամբողջ ընտանիքը գիշերը հավաքվում է եւ ուղեւորվում օդանավակայան: Բոլոր ամենասպասված չվերթները «Զվարթնոց» են ժամանում հենց գիշերը. մի քանի չվերթ Մոսկվայից, նաեւ Վիենայից, Վարշավայից (սրանք Հայաստանից ԱՄՆ եւ հակառակը ուղեւորվելու կարեւորագույն միջանկյալ կետերն են), Պրահայից: Եթե ցերեկը ֆորմալ գործերը (սահմանի հատում, ուղեբեռի ստացում) երեւանյան օդանավակայանում տեւում են ոչ ավել, քան 15 րոպե, ապա գիշերը դա կարող է մինչեւ մեկ ժամ տեւել, սակայն արժե սպասել հանուն այն պատկերի, որը քեզ սպասում է ժամանումների սրահում: 

 

Ընտանիքը ամբողջ կազմով, կամ էլ ընկերները ծաղիկներով, թխվածքով, երգերով սպասում են հյուրին` ցնցող տեսարան է: Վստահեցնում եմ, երբեւէ ոչ մի տեղ եւ երբեք նման բան չեմ տեսել: Շատ եմ ցանկանում, որպեսզի ինձ հենց այդպես դիմավորեն, սակայն Մոսկվայում ավանդույթներն այլ են, օրինակ, Մոսկվայի մռայլ օդանավակայանում քեզ սպասում է տաքսու վարորդը` ցուցանակով: Գիշերային ժամանման եւս մեկ առավելություն` խորամանկ արեւելյան կիսալուսինը տեսնելու հնարավորությունը: Օդանավակայանից մինչեւ հյուրանոց ճանապարհին տեսնում ես լեռներ, անվերջ երկինք եւ «1000 ու 1 գիշեր» հեքիաթի կիսալուսինը: Ինչպե՞ս այդքանից հետո կարելի է չսիրահարվել այդ երկրին: 

 

Ի դեպ, լեռների մասին. Արարատը մանկությունից ինձ համար լեռ էր Հայաստանում: Պատկերացրեք իմ հիասթափությունը, երբ իմացա, որ չեմ կարող ուղեւորվել նրա փեշերի մոտ, քանի որ սարը Թուրքիայի տարածքում է գտնվում: Այդպես է որոշել պատմությունը, սակայն ընկերներիցս ոչ մեկը չի հավատում դրան: Արարատը շատ ռուսաստանցիների (եւ ոչ միայն) համար ամենահայկական սարն է: Եվ Հայաստանի կողմից Արարատի ձնե գլխարկների տեսարանը ամենագեղեցիկն է:

 

Լուսանկարը`Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:

 

Այսպես` հիասթափված Արարատ մագլցելու եւ Նոյան տապանը գտնելու հնարավորության բացակայությունից, արժե դիտարկել այլ տեսարժան վայրերը, որոնք Հայաստանում ավելի քան շատ են:  Ըստ իս, Հայաստանի զբոսաշրջային ներուժը թերագնահատած է: Այստեղ իրոք շատ բան կա տեսնելու, անելու, փորձելու, զգալու եւ, ի վերջո, ապրելու: 

 

Ձմռանը այստեղ կարելի է սահել դահուկներով եւ սնոուբորդով, օգոստոսին լողալ աշխարհի ամենաբարձր լճերից մեկում, վայելել spa-ծառայությունները, փորձել գառան մսից պատրաստված 100 ճաշատեսակներ, լսել իսկական ջազ, դիտել հիասքանչ ժամանակակից արվեստ, գնել բազում էթնիկ զարդեր, գտնել հնագույն մետաղադրամներ, կամ էլ հնության այլ իրեր անձնական հավաքածուի համար եւ ճանապարհորդել աշխարհում ամենաերկար ճոպանուղով: Մոռացա Հայաստանի ճայերի մասին` այստեղ կարելի է ծանոթանալ այս գեղեցկության հետ, որը կարող է անգամ դեկորատիվ կոսմետիկայի գովազդում նկարահանվել:

 

Լուսանկարը`Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:

 

Բացի այդ, կարելի է իմանալ ամեն ինչ Քրիստոնեություն առաջինը ընդունած երկրի մասին եւ հասկանալ, թե ինչպես կարելի է 1,5 հազար տարիների ընթացքում նույն այբուբենն օգտագործել: Ահա այդպես: Առնվազն երեք արձակուրդի համար զբաղմունք կա:

 

Շարունակությունը կարդացեք վաղը:

 

Տեքստը` Մարիա Լապուկ` հատուկ Մեդիամաքսի համար:

Լուսանկարները` Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին