Ի՞նչ են մեզ սովորեցնում ադրբեջանցի հաքերները - Mediamax.am

Ի՞նչ են մեզ սովորեցնում ադրբեջանցի հաքերները
13717 դիտում

Ի՞նչ են մեզ սովորեցնում ադրբեջանցի հաքերները


Հայկական կայքերի վրա ադրբեջանական կողմի հարձակումները վաղուց «ավանդույթ» են դարձել: Հիմնականում այդ հարձակումներն իրենցից հետաքրքիր ոչինչ չեն ներկայացնում. կոտրում են այն կայքերը, որոնք վատ են հսկվում, չեն թարմացնում ծրագրային ապահովումը եւ այլն:

Սակայն երբեմն տեղի են ունենում բավականին վատ նախադեպեր, որոնք ունեն կամ կարող են ունենալ հեռուն գնացող հետեւանքներ: 

Փետրվարի 26-ի գիշերը ադրբեջանցի հաքերների հարձակումն այդպիսի արտակարգ իրավիճակներից էր: Նրանց հաջողվել էր ընդհատել շուրջ 300 կայքերի աշխատանքը: Ընդ որում, ցուցակում կային կայքեր, որոնք տարիներով թիրախ էին հանդիսացել, սակայն նախկինում չէր հաջողվում դրանք կոտրել: Այս անգամ հաքերները շրջանցիկ ճանապարհ էին ընտրել` միջամտելով .am տիրույթում գրանցում կատարող կազմակերպություններից մեկի աշխատանքի մեջ եւ կոտրելով .am դոմենի կայքերի DNS-ը եւ այցելուներին վերաուղղորդելով դեպի Բաքվի սերվերը, որը պարունակում էր քարոզչական բնույթի նյութեր:  

Դա այն իրավիճակն է, երբ նույնիսկ ամենապաշտպանված կայքը կարող էր հայտնվել հարձակման զոհերի թվում: Այս հարձակման մեջ ամենատարօրինակն այն է, որ դեռեւս հնարավոր չէ հստակ պարզել` իրականում ի՞նչ է տեղի ունեցել, քանի որ իրադարձությունում ընդգրկված երկու կազմակերպությունները հանդես եկան երկու իրարամերժ կարծիքներով:

Սա Հայաստանում ռեգիստրարի վրա հաջող հարձակման առաջին դեպքը չէ: Մինչ այդ առնվազն երեք անգամ տարբեր ռեգիստրարների բազաներ .am գոտում հարձակումների էին ենթարկվել: Անգամ դեպք է եղել, երբ ցանցում հրապարակվել են գրանցման էլեկտրոնային հասցեներ եւ մի շարք օգտատերերի դոմենային անվանումների գաղտնաբառեր:  
 
Առաջին անգամ .am դոմենային գոտու նկատմամբ վստահությունը լրջորեն սասանվեց 2008թ. մարտի 2-20-ի արտակարգ իրադրությունից հետո, երբ մի շարք կայքեր զրկվեցին իրենց դոմենային անուններից: Այսօր տեղի ունեցող հարձակումներն էլ ավելի են խարխլում այդ վստահությունը .am ազգային գոտու նկատմամբ: Բիզնեսի համար, որը լուրջ գումարներ է ծախսում իր տեղեկատվական անվտանգության ապահովման համար, դա հստակ խնդիր է. ռեսուրսի դուրս մղումը ցանցից առաջ է բերում համբավային ու ֆինանսական կորուստներ:   

Կարելի է հիշել նաեւ մի շարք այլ հարձակումներ, որոնք լուրջ հետեւանքներ ունեցան օգտատերերի համար: Օրինակ, ֆիզիկական անձանց անձնական տվյալների արտահոսքը, մարդկանց հսկայածավալ էլեկտրոնային նամակագրությունների հրապարակումը ցանցում, ովքեր օգտվում էին հայաստանյան էլեկտրոնային փոստից (անուններ ու կազմակերպություններ չնշենք): 

Չնայած այդ ամենին, ոլորտում առանձնակի փոփոխություններ չենք տեսնում: Մի կողմից, հասարակությունը խորապես չի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում դաշտում: Մարդկանց մեծ մասը առասպելական ընկալում ունի կատարվածի նկատմամբ, ինչին նպաստում են ոչ մասնագետ լրագրողների ոչ պակաս առասպելական նյութերը: Հասարակությունը դեռ չի հասել նրան, որպեսզի պահանջի, օրինակ, պահպանել անձնական տվյալների պաշտպանության տարրական կանոնները:  

Մասնագետների մակարդակում ավելացվում են սեփական անվտանգության ապահովման միջոցները, սակայն չեն նկատվում լուրջ առաջխաղացումներ ընդհանուր ինտերնետ-հանրության մակարդակում (շատերը նույնիսկ կարող են ասել` ի՞նչ է դա. ինտերնետ-հանրություն Հայաստանո՞ւմ), կորպորատիվ պատասխանատվությունը նույնպես ամենաբարձ մակարդակի վրա չէ: Երբեմն միջադեպերից հետո չեն լինում հաճախորդներից ներողություն խնդրելու փորձեր. կամ լռություն, կամ պատասխանատվությունն իրենց ուսերից գցելու փորձեր: Կոտրել կարող են ցանկացածին, բայց ոչ բոլորին է հաջողվում պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից:
 
Եվ այստեղ ոչ պակաս կարեւոր գործոն է այն, թե որքան կայացած է ընդհանուր առմամբ ինտերնետ-հանրությունը` սկսած նրանից, որ հաճախ հարկավոր են համատեղ գործողություններ, եւ վերջացրած հիմնական խնդիրների նկատմամբ քաղաքակիրթ ու համաձայնեցված մոտեցումների անհրաժեշտությամբ: Այդպիսի քաղաքակիրթ վերաբերմունքը առաջանում է, երբ հանրությունն առաջ է ընթանում ինքնակարգավորման ուղով` չսպասելով իրավական որոշումներ յուրաքանչյուր հարցի համար:  

Եթե ոչինչ չձեռնարկվի, նման իրավիճակի շարունակությունը կհանգեցնի միգրացիայի հայկական հոսթինգ-սերվերներից (ինչը վաղուց տեղի է ունենում), միգրացիայի .am գոտուց, հրաժարման հայկական առեւտրային ծառայություններից (այն դեպքում, երբ մենք հենց հիմա ենք մուտք գործում ինտերնետային առեւտրի զարգացման փուլ):

Կարծում եմ, ժամանակն է ինչ-որ խնդիրներ լուծել ինքնակարգավորման մակարդակով (քանի դեռ դրանով չի որոշել զբաղվել պետությունը, ինչը լավագույն տարբերակը չէ): Օրինակ, լուրջ միջադեպերի դեպքում, երբ հստակ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել, ինտերնետ-հանրությունը կարող է լուծում գտնել անկախ աուդիտի ինստիտուտի ձեւավորման եղանակով: Կարծում եմ, կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ դաշտի հիմնական գործող անձինք կարող են ընդհանուր հայտարարի գալ` ինչպես ի շահ իրենց բիզնեսի, այնպես էլ հանուն իրենց հաճախորդների եւ հասարակության: Ադրբեջանցի հաքերները օգնեցին մեզ. եթե չլինեին նրանք, բազմաթիվ հարցեր մենք այսօր չէինք բարձրացնի:

Սամվել Մարտիրոսյանը մեդիա փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին