Որոշ գործընկերներ փոքր-ինչ նյարդային արձագանքեցին լրատվությանն այն մասին, որ Արմենպրեսն ու News.am-ը խստացրել են իրենց կայքերի տեղեկատվության օգտագործման կանոնները: Եթե պատկերավոր ասեմ, դա նույնն է, եթե որեւէ խանութից պարբերաբար գողություններ կատարվեն ու երբ խանութի տերը որոշի արդիականացնել իր անվտանգության համակարգը ու նոր երկաթյա դուռ տեղադրի, մնացած խանութպանները սկսեն դրանից դժգոհել:
Մենք մեր կայքերում մոտ մեկ տարի առաջ տեղադրեցինք «Օգտագործման կանոնները», որոնք պարբերաբար թարմացվում եւ լրամշակվում են: Փորձում էինք սեփական ուժերով հետեւել կանոնների կատարմանը, սակայն շուտով հասկացանք, որ դա պահանջում է զգալի ժամանակ, նյարդեր ու իրավական գիտելիք: Ի վերջո, կարծում եմ, գտանք ճիշտ լուծումը` պայմանագիր կնքեցինք LegalLab ընկերության հետ եւ ս.թ. ապրիլի 1-ից վերջինիս վստահեցինք մեր հեղինակային իրավունքի պաշտպանության գործառույթը:
Այսուհետ մենք միայն բացահայտում ենք մեր նյութերի ոչ օրինական օգտագործման դեպքերը, իսկ խախտողների հետ աշխատում ու բանակցում են LegalLab մասնագետները` զգուշացնելով իրավական հետեւանքների մասին:
Այնպես որ բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն օգտագործել Մեդիամաքս-ի նյութերը, խորհուրդ եմ տալիս ուշադիր կարդալ «Օգտագործման կանոնները»` անհարկի իրավական խնդիրներից խուսափելու համար:
Երկար ենք դիմացել մեր հեղինակային իրավունքների խախտման դեպքերին, սակայն ս.թ. ապրիլի 1-ից հռչակել ենք «զրո հանդուրժողականության» քաղաքականություն այդ երեւույթի հանդեպ: Միթե՞ դժվար է հասկանալ այս պարզ նախադասությունը, որը գրված է մեր կանոններում.
«Արգելված է «exclusive» նշանով տարբերակված նյութերի ամբողջական տեքստային վերահաղորդումը և/կամ այլ կերպ օգտագործումը»:
Գրագողեր, copy/paste անողներ ու լրագրության մասին պատկերացում չունեցող այլ չլրատվամիջոցների ներկայացուցիչներ` հետեւելու ենք բոլոր դեպքերին ու պատժելու ենք մեր իրավունքների խախտման ցանկացած դեպքի համար: Մեր լրագրողներն ու լուսանկարիչները երբեմն շաբաթներ են ծախսում այս կամ այն բացառիկ նյութը պատրաստելու համար եւ այլեւս թույլ չենք տալու, որ նրանց կատարած աշխատանքը մեկ-երկու քլիքով գրպանեք:
Իրականում սա երեւույթի դեմ պայքարի առաջին փուլն է: LegalLab ընկերության մասնագետների եւ մի քանի այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ արդեն պայմանավորվածություն ունենք այն մասին, որ փորձելու ենք նախաձեռնել նաեւ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի պայքարը ավելի արդյունավետ լինի:
Օրինակ, գտնում եմ, որ ԶԼՄ-ներին վերաբերող մեր օրենքներում պետք է ամրագրվեն «հիպերհղում» եզրույթը, դրա օգտագործման ձեւերն ու եղանակները: Ցանցային ԶԼՄ-ների աճող ազդեցության պայմաններում սովորական հղումը այլեւս չի լուծում ոչ հեղինակային իրավունքի պաշտպանության, ոչ էլ տրաֆիկի արդարացի բաշխման խնդիրները:
Մի խոսքով, անելիքները շատ են, սակայն մենք պատրաստ ենք դժվարություններին, քանի որ ցանկանում ենք Հայաստանում տեսնել քաղաքակիրթ մեդիա-դաշտ ու ոչ թե իրավիճակ, երբ մի քանի ցանցային ԶԼՄ-ներ ժամանակ, կադրային ռեսուրսներ ու գումարներ են ներդնում եզակի բովանդակություն ստեղծելու համար, իսկ մի քանի տասնյակ «ջեբկիր» կայքեր տարբեր ձեւերով յուրացնում են այդ աշխատանքի արդյունքը:
Հետո չասեք, որ չենք զգուշացրել:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: