«Անկախության բանակը» - Mediamax.am

«Անկախության բանակը»
19243 դիտում

«Անկախության բանակը»


Մոսկվան Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելուց բացի որեւէ քայլ չէր ձեռնարկում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կասեցնելու համար, ուստի պարզ էր, որ ռազմական գործողություններն անխուսափելի են լինելու: 1989թ. ուշ աշնանը մերոնք արդեն ձեռնամուխ եղան զենք-զինամթերքի հայթայթմանը: Դրանք ձեռք էին բերվում կամ, ինչպես իրենք էին ասում, ազգայնացվում էին զորամասերից, միլիցիայի ստորաբաժանումներից եւ բոլոր այն գրասենյակներից, որտեղ զենք էր պահվում: Զենքը հավաքում էին հիմնականում մորական պապիկիս տանը, ինչի մասին պատմել եմ նախորդ սյունակում: Հենց այստեղից էլ առաջին անգամ նրանց ճանապարհեցինք մարտի՝ Երասխավան… 


Աշոտ Նավասարդյանն  ու Մոնթե Մելքոնյանը

Հիշում եմ, ինչպես այսօր: 1990-ի հունվարի 17-ը կամ 18-ն էր: Երեկո: Տղաները հավաքվել էին պապուս տանը, մի քիչ շփոթված էին. հստակ պատկերացում չունեին, թե իրենց ինչ է սպասում: Նրանցից մի քանիսը զենքին չէին տիրապետում:  Պապս, որ Հայրենական պատերազմի մասնակից էր, միջանցքում նստած զենքը քանդել- հավաքել ու փամփուշտի պահետատուփը լիցքավորել ու փոխել էր սովորեցնում: Մենք էլ սեղան էինք պատրաստում նրանց ճանապարհելու համար: Մորաքույրս խմորեղեն էր պատրաստել, ու բոլորս կարծես ուզում էինք, որ տղաներն անպայման մի բան ուտեն ճանապարհից առաջ: Հայրս շատ լարված էր՝ ողջ պատասխանատվությունն իր վրա էր. մարդիկ նրա շուրջ էին հավաքվել, իրեն էին հավատում ու պատրաստ էին մեկնել մարտի հանուն հայրենիքի պաշտպանության:

Այս ջոկատը կոչվեց «Անկախության բանակ» եւ, ինչպես հայրս հետագայում իր հարցազրույցներից մեկում էր պարզաբանում, «Արցախյան պատերազմը» մարտահրավեր էր ոչ միայն մեր տարածքային ամբողջականությանը, այլեւ մեր ինքնության պահպանմանը, ուստի այս առումով «Անկախության բանակ»  անվանումն արդարացված էր: Փոքր քեռիս՝ Գագիկը, որը մի քանի ամիս առաջ էր զորացրվել բանակից, հորս հետ երկար բանավիճելուց հետո համոզեց, որ ինքն էլ գնա նրանց հետ, հատկապես որ մեծ մեքենաներ վարելու փորձ ուներ: Ինչեւէ, Երեւանում մնացողներին հանձնարարություն տալով՝ հայրս ընկերների հետ մեկնեց Երասխավան: Բոլորս լուրերի էինք սպասում…

Հունվարի 19-ի  երեկոն էր: Կյանքիս ամենասեւ օրերից մեկը: Զանգ եկավ: Մայրս մոտեցավ հեռախոսին, տագնապած հարցերից հասկացանք, որ վատ բան է պատահել: «Մոսոյին են խփել»,- ասաց մայրս, ու ձայնը սկսեց դողալ: Հեռախոսը վայր դրեց ու սկսեց արագ-արագ հագնվել: Մորաքրոջս ու տատիկիս հարցուփորձից իմացա, որ  երեք գնդակ է դիպել, բայց միեւնույն է, նույնիսկ այդ ժամանակ անգամ մտքովս չէր անցնում, որ կարող է Գորգիսյան Մոսոն մահացած լինի: Միայն մորս գնալուց հետո տնեցիների խոսակցությունից հասկացա, որ Մոսոն էլ չկա: 

Սարսափելի էր, ուզում էի բղավել, ձայնս դուրս չէր գալիս, սիրտս քարացել էր, ինձ թվում էր՝ հոգիս դուրս է եկել, ու մարմինս ինձ չի ենթարկվում: Մոսոն առաջին զոհն էր հորս տղերքից, բացի ցավից դա ստիպեց ինձ հասկանալ, որ այն ամենը, ինչ կատարվում էր իմ շուրջ, միայն հավաքներ ու խոսակցություններ, ելույթներ ու արկածներ չեն, անհանգստությամբ, զոհաբերությամբ ու կորստով լցված օրեր ու ամիսներ էին, որոնք դեռ պիտի շարունակվեին տարիներ…

Հաջորդ մեծ ցավը, որ պիտի ապրեի, հորս տղաներից մի քանիսի ողբերգական մահվան լուրն էր: Հայրս 20 տարեկանից փոքր տղաներին թույլ չէր տալիս ռազմաճակատ մեկնել: Հերթական մեկնումից առաջ էլ մի քանի տղաների թույլ չէր տվել իրենց հետ գնալ, սակայն նրանք, հիմնական ջոկատի մեկնումից մի քանի ժամ հետո, որոշել էին ինքնուրույն, քաղաքում մնացած «Վիլիսով» հետեւել ջոկատին ու մոլորվելով՝ գերի ընկել: 


Աշոտ Նավասարդյանը

Պատերազմից ուզում եմ մի դեպք էլ պատմել: Նոյեմբերյանի մարտերն են: Մերոնք այնտեղ են: Մի քանի օր հետո տղաները վերադառնում են, իսկ քեռիս՝ Գագիկը, որ զենք տեղափոխող մեքենաներից մեկն էր վարում՝ չկա: Արդեն երկու օր անցել է, բոլորս անհանգիստ ենք, իսկ ինքը չկա ու չկա (քեռուս հետ իմ տարիքային տարբերրությունը փոքր է, եւ այդ պատճառով մեր հարաբերություններն ավելի շատ քույր ու եղբոր հարաբերությունների էին նման): Հայրս անհանգստությունից տուն չի գալիս: Դա հերիք չէ, ես էլ երկու ժամը մեկ զանգում եմ «շտաբ» (այդպես էին անվանում Ճարտարապետների տանը տեղակայված նրանց գրասենյակը) ու հարցնում, թե «Գագոն ու՞ր է»: Հայրս էլ համբերատար պատասխանում է. «Կգա, աղջիկս, կգա»:

Արդեն երրորդ օրն է, քեռիս չկա: Զանգում եմ՝ «Պապ, Գագոն ո՞ւր է», ու հորս նույն պատասխանից հետո լացակումած ասում եմ. «Պապ, եթե Գագոն այսօր չգա, քեզ էլ կվառեմ, շտաբդ էլ» ու արտասվելով դնում լսափողը: Այդ պահին ներս է մտնում տատս ու, տեսնելով, որ լալիս եմ, մտածում է, թե վատ լուր եմ լսել, ինքն էլ արտասվելով ինձ է հարցաքնում. «Ասա, բա՞ն է պատահել, տղուցս լուր կա՞»: Ու թեեւ հասկանում եմ արածս հիմարությունը, չեմ կարողանում լացս զսպել, որ տատուս հանգստացնեմ, թե ոչ մի լուր չկա: Լավ է, որ մի քանի ժամ հետո Գագիկն եկավ՝ հոգնած ու ոտքերը խաշված. շրջապատման մեջ էին ընկել ու ստիպված էին եղել թաքնվել, միչեւ տարածքը խաղաղվեր:


Աշոտ Նավասարդյանն ու Աշոտ Աղաբաբյանը

Ահա այսպիսի բազմաբովանդակ ու հույզերով լեցուն օրեր ենք ապրել, բայց նորից պիտի խոստովանեմ, որ դրանց արտասովորությունը, կարեւորությունը չենք էլ նկատել, գոնե մենք՝ երեխաներս: Ու թեեւ մենք էլ դրա մի մասնիկն ենք եղել, բայց համարել ենք, որ դա օրինաչափ է, հենց այդպես ել պիտի լիներ, այլ կերպ հնարավոր չէր: Դա մեր առօրյան էր, մեր կյանքը, ու մենք շատ նորմալ էինք համարում այս իրարանցումը, այն, որ մեր մահճակալների տակ զենք էր լցված, որ մեր տունը զորամասից չէր տարբերվում, ու մեր տան խոսակցությունները միայն երկրի ու բանակի մասին էին:

Ուզում եմ նաեւ մի խոսակցության մասին պատմեմ, որ եղավ այդ օրերին: Արդեն ասել եմ, որ մեր տունը գտնվում էր «Էրեբունի» օդանավակայանի հարեւանությամբ, ուստի տղաները հավաքվում էին մեր տանը, ստանում իրենց զենքը եւ ուղղաթիռներով մեկնում ռազմաճակատ: Մեր տան բակում մեծ իրարանցում էր՝ զինվորական համազգեստով ու զենքով մարդկանց մեծ բազմություն: Հարեւանները նույնպես դուրս էին գալիս իրենց տներից ու հետեւում այդ ամենին:


Աշոտ Նավասարդյանը Եռաբլուրում Արցախյան պատերազմի նահատակների պանթեոնի նախաձեռնողներից մեկն էր

Հերթական անգամ տղաներին էինք ճանապարհում: Հարեւանությամբ ապրող երեխաները հետաքրքրությամբ այս ու այն կողմ էին վազվզում, հարցուփորձ անում տղաներին: Վերջապես ջոկատը մեկնեց, որին հետեւեց արդեն ավանդույթ դարձած մի դույլ ջուրը, որը մայրս անպայման շփում էր նրանց հետեւից: Երբ ամեն ինչ խաղաղվեց, իմ հարեւան ընկերուհիներից մեկը մոտեցավ ու հարցրեց. «Քո պապան հայրենասե՞ր ա»: Անակնկալի եկա: Կարկամեցի, չգիտեի՝ ինչ պատասխանել: Թվում է՝ ի՞նչ հարց է որ՝ ամենապարզ հարցերից մեկը: Բայց դրա պատասխանը մինչ օրս էլ չունեմ: Արդյո՞ք այն մարդը, ում ներկայացրել եմ իմ առաջին սյունակից սկսած, կարող է հայրենասեր կոչվել, թե՞ ոչ: Եվ, առհասարակ, ո՞րն է հայրենասիրության սահմանումը: Համոզված եմ, յուրաքանչյուրն այս հարցին յուրովի կպատասխանի…

«Անկախության բանակը» հետզհետե, ավելի կազմակերպված ու պրոֆեսիոնալ էր դառնում: Դրան նպաստեց նաեւ հորս եւ Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը, որը շուտով սերտ համագործակցության վերածվեց: Լեոնիդը լավ էր տիրապետում ռազմարվեստին, բացի այդ՝ արդեն ձեռնամուխ էր եղել զենքի արտադրությանը: «Անկախության բանակը» մասնակցեց ինչպես Հայաստանի սահմանամերձ շրջանների, այնպես էլ Արցախի պաշտպանությանը՝ Վարդենիսից մինչեւ Իջեւան, Քաշաթաղից մինչեւ Շուշի: Բացի այդ, այստեղ էլ՝ Երեւանում թեժ հանրահավաքներ էին ընթանում, որտեղ հայրս մշտապես առաջ էր քաշում ազգային բանակ ունենալու խիստ անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Ու պատահական չէ, որ «Անկախության բանակը» իր ուրույն տեղն ու դերն ունեցավ մեր ազգային բանակի կայացման գործում: Ջոկատի տղաներից շատերը նաեւ դարձան զինվորականներ ու շարունակեցին ծառայությունը ՀՀ Զինված ուժերում:


Անուշ Նավասարդյանը Երեւանի թիվ 196 դպրոցի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Անկախության բանակը»
Մեր ընտրանին