«Երեւան. XX դար» նախագծի այսօրվա «հերոսը» Լենինի արձանն է, որը տեղադրվեց 1940թ. նոյեմբերի 24-ին եւ ապամոնտաժվեց 1991 թվականին: Խորհրդային տարիներին ընդունված էր ասել, որ այս արձանը Լենինին լավագույն մարմնացումներից մեկն էր ԽՍՀՄ տարածքում, եթե ոչ լավագույնը: Արվեստի իրական գործ էր համարվում նաեւ արձանի պատվանդանը, որը ապամոնտաժվեց 1996 թվականին:
1991 թվականից ի վեր Լենինի արձանի մարմինը գտնվում է Ազգային պատկերասրահի բակում, իսկ գլուխը` պահեստում: Պատվանդանի մնացորդները պահվում են քաղաքապետարանի պահեստում՝ Չարբախում:
Ինչպե՞ս կառուցվեցին Լենինի արձանն ու պատվանդանը
Երեւանի գլխավոր հրապարակում Լենինի արձանի ու պատվանդանի կառուցմանն իր «Լենինի հրապարակը Երեւանում. հուշեր նախագծման եւ կառուցման մասին» աշխատությունում բավական մանրամասն անդրադարձել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, որը 1937-51թթ. մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն էր:
Նա գրում է, որ հրապարակի կառուցապատման բոլոր տարբերակներում Ալեքսանդր Թամանյանը հստակ պահպանում էր Լենինի արձանի դիրքը՝ հրապարակի եւ քաղաքային բուլվարի միացման վայրում, այսինքն` հարավային մասում:
Թամանյանի գծագրերով 1920-ականների վերջում տեղադրվեց մոտ երկու մետր բարձրություն ունեցող օբելիսկ հետեւյալ գրությամբ. «Այստեղ տեղադրվելու է Մեծ Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը»:
Մարկ Գրիգորյանը վկայում է, որ 1938 թվականին Լենինի արձանի նախագծի համամիութենական բաց մրցույթ հայտարարվեց, որին ներգրավվեցին ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը եւ Հայկական ՍՍՀ-ի ժողովրդական նկարիչ Ս. Ստեփանյանը: Մրցույթի անցկանցումը հանձնարարվեց Երեւանի գլխավոր ճարտարապետին` Մարկ Գրիգորյանին:
Մրցույթի պայմանների համաձայն, աշխատանքները պետք է ներկայացվեին Երեւանի քաղխորհրդի ճարտարապետա-նախագծային բաժին 1939թ. մարտի 15-ին: Մինչ այդ Ճարտարապետների միությունում եւ Երեւանի քաղխորհրդում սուր քննարկվում էին ընթանում. որտե՞ղ պետք է տեղադրվի արձանը:
Մարկ Գրիգորյանը գրում է, որ որոշ ընկերներ, ինչպես, օրինակ, ճարտարապետ Հրայր Իսաբեկյանը, գտնում էին, որ արձանը պետք է տեղադրվի հրապարակի հյուսիսային մասում: Սակայն քաղաքաշինության պատմության օրինակների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գեղարվեստական տեսանկյունից ավելի շահեկան է, եթե արձանը կանգնած է ոչ թե շենքերի, այլ երկնքի ֆոնի վրա:
Ի վերջո, հանրապետության ղեկավարությունը որոշում կայացրեց արձանի մշակման եւ իրականացման նախագիծը հանձնարարել ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովին եւ Թիֆլիսում բնակվող երիտասարդ ճարտարապետներ, ամուսիններ Նատալյա Պարեմուզովային եւ Լեւոն Վարդանովին:
[context1]
Երիտասարդ ամուսիններ Թիֆլիսից Երեւան ժամանեցին: Շատերը թերահավատորեն էին վերաբերվում նրանց ընտրությանը, սակայն Սերգեյ Մերկուրովը հավանել էր ճարտարապետների կողմից առաջարկած պատվանդանի կոմպոզիցիան:
Ամենասկզբում որոշվել էր, որ արձանը պետք է պատրաստվի բրոնզից, սակայն Մերկուրովը հրաժարվեց պատրաստել բրոնզից ձուլված արձանը՝ վերջինիս բարձրության պատճառով (7,2 մետր): Նա առաջարկում էր բրոնզից կամ գրանիտից պատրաստել արձանը` 5 մետր հասակով: Խնդիրն այն էր, որ քանդակագործը ծանոթ չէր Լենինի հրապարակի իրական չափերին: Մրցույթի պայմաններում նշված էր, որ մոնումենտի ընդհանուր բարձրությունը պետք է կազմի 18 մետր, ինչը նշանակում էր, որ պատվանդանի հետ ներդաշնակ լինելու համար արձանի բարձրությունը չպետք է 7 մետրից պակաս լիներ: Այս չափանիշը սահմանվել էր հրապարակի բոլոր տարրերի մանրակրկիտ վերլուծության արդյունքում:
Հետագա բանակցությունների ընթացքում Մերկուրովը առաջարկեց պատրաստել 7 մետրանոց արձանը կռածո պղնձից: Այս առաջարկը հավանության արժանացավ այդ ժամանակ Երեւանում գտնվող ակադեմիկոս Հովսեփ Օրբելիի կողմից: Նա ասաց, որ կռածո պղնձի հետ աշխատելը հին հայկական ավանդույթ է, գրում է Մարկ Գրիգորյանը:
1939 թվականի ամռանը Պարեմուզովան եւ Վարտանովը սկսեցին աշխատել գծագրերի վրա: Երիտասարդ ճարտարապետները բնակվում էին Ինտուրիստ (Երեւան) հյուրանոցում: Աշխատանքը արագ էր ընթանում եւ ճարտարապետները շատ կարճ ժամանակահատվածում պատրաստեցին պահանջվող գծագրերը: Նրանց մանրակրկիտ աշխատանքի մասին վկայում էին առանձին հատվածների գծագրերը: Օրինակ՝ Պարեմուզովայի գծագրով պղնձից պատրաստվեցին երկու արտաքին դռները, որոնք տանում էին դեպի կառավարական տրիբունաներ: Դռների խիտ հայկական զարդարանքը վերցված էր Գոշի խաչքարից:.
Պատվանդանի պատրաստմանը մասնակցեցին փորձառու քարտաշներ Ուկրաինայից, որոնք մինչ այդ աշխատել էին Օպերայի եւ բալետի շենքի շինարարությանը:
Արձանի բացումը պետք է կայանար 1940 թվականի նոյեմբերի 29-ին: Վերջին 10 օրերի ընթացքում աշխատանքները տարվում էին շուրջօրյա:
Լուսանկարը`Նեմրութ/Ֆոտոլուր:
Լենինի արձանը Երեւանում Մերկուրովի լավագույն աշխատանքներից է: Մարկ Գրիգորյանը ափսոսանքով նշում է, որ հեղինակն այն հրապարակում տեղադրված չի տեսել եւ ծանոթացել է աշխատանքի վերջնական տեսքին միայն լուսանկարներով:
Տիգրան Լիլոյան` հուշեր Լենինի արձանի եւ հրապարակի մասին
Ժամանակն է, - սկսում եմ ասքս Լենինի մասին:
Վլադիմիր Մայակովսկի
Սակայն իմ հուշերը Վլադիմիր Իլյիչի մասին չեն, այլ նրա արձանի, որը կես դարից մի փոքր ավել կանգնած մնաց իր իսկ անվան հրապարակում՝ մեր Երեւանում: Վստահ եմ, այսօրվա երիտասարդ երեւանցիներն անտեղյակ են, որ Հանրապետության հրապարակի ավտոկայանատեղիի մոտ լայնարձակ խոտածածկույթի տեղում կանգնած էր Լենինի լավագույն (չեմ չափազանցնում, նույն կարծիքին են նաեւ արվեստի մարդիկ) արձանը:
Առաջնորդի արձանը տեղադրվեց ահեղ նախապատերազմյան 1940 թվականին՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ:
Լուսանկարը`Նեմրութ/Ֆոտոլուր:
Տարին երկու անգամ՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը՝ մայիսի 1-ին, եւ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի օրը՝ նոյեմբերի 7-ին, արձանի պատվանդանի ամբիոն էին բարձրանում հանրապետության ղեկավարները, որոնք ընդունում էին ռազմական շքերթը (մայիսմեկյան ռազմական շքերթն անցկացվում էր մինչեւ 1969 թվականը, իսկ այդ տարի Մոսկվայում որոշեցին, որ չարժե աշխատավորների օրը զենք շաչել) եւ, այսպես կոչված, աշխատավորների շքերթը:
Կենտրոնական ամբիոնում կանգնում էին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամներն ու անդամության թեկնածուները, Հայկական ԽՍՀ Նախարարների Խորհրդի Նախագահի եւ Գերագույն Խորհրդի Նախագահի տեղակալները: Ձախ ամբիոնում կանգնում էին կուսակցական աշխատակիցները՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բաժինների վարիչներն ու նրանց տեղակալները, կուսակցության Երեւանի քաղկոմի քարտուղարները, ինչպես նաեւ հանրապետության կոմերիտմիության կենտկոմի քարտուղարները, կուսակցության վետերանները: Աջ ամբիոնը, որը գտնվում էր Լենինի աջ ձեռքի ներքո, նախատեսված էր խորհրդային, այսինքն` պետական աշխատողների՝ կառավարության անդամների, կառավարությանն առընթեր գերատեսչությունների ղեկավարների եւ այլ ընկերների համար:
Լուսանկարը`Նեմրութ/Ֆոտոլուր:
10 տարին մեկ կենտրոնական ամբիոնի կողքերին ավելացնում էին լրացուցիչ փայտյա կցակառույց: Բանն այն է, որ Խորհրդային Հայաստանի 40 (1961 թ.), 50 (1970 թ.) եւ 60-ամյակի (1980 թ. ) կապակցությամբ Երեւան էին ժամանում եղբայրական խորհրդային հանրապետությունների ղեկավարները: Բացի նրանցից (ավելի ճիշտ՝ նախեւառաջ) 1961 թվականին մեզ մոտ հյուրընկալվել էր Նիկիտա Խրուշչովը, 1970-ին՝ Լեոնիդ Բրեժնեւը: Օժանդակ կառույցները նախատեսված էին բոլոր 14 միութենական հանրապետությունների Կոմկուսների Կենտկոմների առաջին քարտուղարներին ամբիոնում տեղավորելու նպատակով:
Տոնական օրվա առավոտյան ամբողջ քաղաքում աշխատում էին բարձրախոսները, հնչում էր երաժշտություն, ընթերցվում էին բանաստեղծություններ (անկրկնելի Հրաչուհի Ջինանյանն ասմունքում էր՝ «Հազար շեփոր հնչեն թող այս առավոտ…»): Փողոցներում, որտեղ դադարեցվում էր երթեւեկությունը (փողոցներն ու նրբանցքները փակվում էին բեռնատարներով), առեւտրականները վաճառում էին քաղցրավենիք, հատկապես «շաքար աքլոր», քաղցր բամբակ, ընդ որում, ասում էին, թե որպեսզի աքլորիկները փայլեն, վաճառողները ժամանակ առ ժամանակ լիզում էին դրանք:
Շքերթի արարողակարգն անփոփոխ էր տասնամյակներ շարունակ: Ժամը 9:45-ի սահմաններում արձանի մոտ հավաքվում էին բոլոր նրանք, ովքեր պետք է ի պաշտոնե ներկա լինեին կամ հրավիրատոմսեր ունեին: Նրանք բոլորը սպասում էին հանրապետության ղեկավարների ժամանմանը: Վերջիններս մոտենում էին շուրջ հինգ րոպե անց, ողջունում էին հավաքվածներին:
Լուսանկարը`Նեմրութ/Ֆոտոլուր:
Տոնական այդ օրերին Հայաստանի առաջին երեք դեմքերն օգտագործում էին «Чайка» ավտոմեքենաները, մինչդեռ սովորական օրերին ծառայողական մեքենաները «Волга»-ներն էին (նկատենք, որ Կարեն Դեմիրճյանը Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատելու ամբողջ ընթացքում նախընտրում էր «Волга» ԳԱԶ-24 մոդելը՝ չգիտես ինչու չսիրելով այն ժամանակների համար ավելի ժամանակակից 31 մոդելը):
Ղեկավարության մեքենաները շարվում էին 2750 շատրվաններով այգու մայթեզրին:
Երբ մինչ ժամը 10-ը մնում էր մեկ րոպե, ղեկավարները բարձրանում էին կենտրոնական ամբիոն: Ընդ որում, Կենտկոմի առաջին քարտուղարն առաջինն էր բարձրանում, մնացածները հայտնվում էին որոշակի դադարից հետո՝ այնպես, որ մի պահ Առաջինը մենակ էր մնում ամբիոնում…
Լուսանկարը`հեղինակը հայտնի չէ:
Շքերթից առաջ ամբիոնի մոտ տեղադրվում էր սեղան, որի վրա դրվում էին ВЧ-կապի հեռախոսներ (չգիտեմ՝ միգուցե, այսպես կոչված, հատուկ կոմուտատոր՝ կապ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության համար), տեղի կառավարական հեռախոսներ, քաղաքային հեռախոս, ռազմական գաղտնի կապ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կապ հաստատեին ում հետ հարկավոր էր. չէ՞ որ այստեղ էր հանրապետության ողջ ղեկավարությունը: Ասում են, Բրեժնեւը կարող էր զանգահարել հատուկ ВЧ-կապով, որպեսզի Հայաստանի ղեկավարությանն ու աշխատավորներին շնորհավորի տոնի կապակցությամբ, հարցնի տրամադրության, եղանակի մասին: Այստեղ կար նաեւ հեռուստացույց, որպեսզի ղեկավարությունը կարողանար դիտել Մոսկվայում ընթացող ռազմական շքերթը…
Պատվանդանի տակ կար աստիճան, որը տանում էր ներքեւ՝ բուֆետ: Հիշում եմ (մի անգամ հայրս ինձ տարավ այնտեղ), աստիճանին զուգահեռ՝ պատի երկայնքով լուսավորություն էր անցկացված: Ասում էին, որ Կառավարական տնից մինչեւ արձան ստորգետնյա ճանապարհ կար, որը պատվանդանը հանելուց հետո որմնաշարվեց: Չգիտեմ, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը…
Շքերթի օրերին ամբիոնը խիստ հսկվում էր Հայաստանի ՊԱԿ-ի (КГБ) սպաների կողմից: Բացի անվտանգության 2 աշխատակիցներից, որոնք կցված էին Կենտկոմի առաջին քարտուղարին, ղեկավարներից ոչ մեկ թիկնապահներ չուներ, եւ այդ ահեղ գերատեսչության աշխատակիցները քաղաքացիական հագուստով կանգնում էին կենտրոնական ամբիոնի կողքերում, շրջում էին արձանի մոտակայքում, որպեսզի ինչ-որ բան չպատահի…
Ժամանակ առ ժամանակ մասնակիցների շարքերից առանձնանում էին ծաղիկներով դպրոցականների խմբեր, ովքեր ուրախ ժպտալով վազում էին դեպի ամբիոն՝ հանրապետության ղեկավարության մոտ: Ի նշան շնորհակալության՝ ղեկավարները նրանց շոկոլադի սալիկներ էին նվիրում:
Ռադիոյի հատուկ ընտրված հաղորդավարները կարդում էին կարգախոսները: Օրինակ, երբ հրապարակում երեւում էր համալսարանի շարասյունը (ի տարբերություն այսօրվա՝ այն ժամանակ մենք ունեինք միայն մեկ համալսարան՝ Երեւանի պետականը, մնացած բուհերը կոչվում էին ինստիտուտներ), հաղորդավարն ընթերցում էր. «Բոցավառ մայիսմեկյան ողջու՜յն Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմերին»:
Լուսանկարը`հեղինակը հայտնի չէ:
Այստեղ մայիսմեկյան ներկայացման մեջ հերթը հասնում էր աշխատավորների ցուցադրության թերեւս ամենազվարճալի տարրին՝ բարձրախոսներով ավտոբուսին, որը տեղակայված էր «Արմենիա» հյուրանոցի ցայտաղբյուրի մոտ: Այդ ավտոբուսը հատուկ առաքելություն ուներ. դրա մեջ նստած օպերատորը, լսելով հերթական «բոցավառ մայիսմեկյան ողջու՜յն»-ը կամ, համապատասխանաբար, «բոցավառ հոկտեմբերյան ողջու՜յն»-ը, միացնում էր ձայնագրված ծափահարությունները: Սակայն, որպես կանոն, բարձրագոչ «ուռա՜»-ն հնչում էր այն պահին, երբ հրապարակից դուրս էր եկել մի շարասյունը, իսկ մյուսը դեռ չէր մտել: Շփոթված զբոսաշրջիկները, որոնք դիտում էին շքերթը, սկզբում չէին հասկանում, թե ո՞վ եւ ինչպե՞ս կարող է «ուռա՜» գոռալ, եթե հրապարակում ոչ ոք չկա: Հետո, լսելով ավտոբուսի ձայնագրությունը, ծիծաղում էին ու ապշում: Որքան ինձ հայտնի է, հայրս՝ Հենրիկ Լիլոյանը, դառնալով Հայկական ԽՍՀ արտասահմանյան զբոսաշրջության գլխավոր վարչության պետ, երկար եւ, ինչպես պարզվում է, ապարդյուն, փորձում էր համոզել կամ Կոմկուսին կամ Երեւանի քաղկոմին վերացնել այդ ավտոբուսը կամ գոնե տեղափոխել այն հրապարակի հակառակ կողմը… Չի հաջողվել:
... Իլյիչի արձանի հետ կապված նաեւ զվարճալի պահեր կային: Որոշ երեւանցիներ սիրում էին կանգնել մայթեզրին Միությունների Տան կողմից (ներկայումս այնտեղ «Կոնվերսբանկն» է), եւ այդ դեպքում Լենինի ձեռքի թերթը մի փոքր ուրիշ ձեւ էր երեւում՝ այլ բան հիշեցնելով…
Լուսանկարը`հեղինակը հայտնի չէ:
... Թվում էր՝ երեւանյան Իլյիչը դարեր պետք է կանգուն մնա, սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց: Հուշարձանի համար անհանգիստ ժամանակները սկսվեցին նախորդ դարի 80-ականների վերջում-90-ականների սկզբում:
1991թ. փետրվարին, ինչպես հետագայում պարզվեց, անկախության կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներն արձանի վրա ներկ էին լցրել: Մի գիշեր էլ հետեւի դռան մոտ պայթուցիկ էին դրել ու ոչնչացրել մետաղի վրա փորագրված նախշերով բացառիկ գեղեցկության դուռը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
1991թ. ապրիլի 13-ին հուշարձանն ապամոնտաժվեց: Այն դուրս բերվեց սուլոցների ներքո, այնպիսի պաթոսով ու խանդավառությամբ, ասես տապալելով Լենինին՝ մենք պետք է միանգամից լուծեինք երկրի բոլոր խնդիրներն ու սկսեինք ավելի լավ ապրել:
Ահա այն հաղորդագրությունը, որը գրվել է այդ օրը տողերիս հեղինակի կողմից.
ԻՏԱՌ-ՏԱՍՍ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.04.1991
ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ Է ԼԵՆԻՆԻ ԱՐՁԱՆԸ
Ապամոնտաժվել է Լենինի արձանը
Երեւան, ապրիլի 13: /ՏԱՍՍ-ի թղթ. Տ.Լիլոյան/: Այսօր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում ապամոնտաժվել է Վ.Ի.Լենինի արձանը:
Արձանը հանելու մասին որոշում էր կայացվել մարտի 28-ին Երեւանի քաղաքային խորհրդի նիստում: Ժողովրդական պատգամավորներն ընդամենը երկու «դեմ» եւ չորս «ձեռնպահ» ձայներով քաղխորհրդի գործկոմին հանձնարարեցին «մինչեւ 1991թ. ապրիլի 22-ը ավարտել արձանի ապամոնտաժման աշխատանքները»: Ձեռնպահ մնացածներից մեկը Հայոց համազգային շարժման անդամ, քաղխորհրդի նախագահ Հ.Գալստյանն էր: Այն ժամանակ նա կոչ էր անում «ավելի ուշադիր մոտենալ այդ հարցին», «հանդուրժող լինել քարի նկատմամբ», «հուշարձանների դեմ պայքարն» անվանում էր թերարժեքության բարդույթ:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Քաղխորհրդի որոշումը հանրապետությունում առաջացրեց հակասական, սակայն շատ սուր արձագանք: Այդ կապակցությամբ արված Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի հայտարարության մեջ կասկած էր հայտնվում, որ «արձանի ապամոնտաժումը կարող է ինչ-որ կերպ օգնել մայրաքաղաքի ու հանրապետության կարեւորագույն խնդիրների լուծմանը եւ աշխատավորների ուժերի միասնությանը»: «Տպավորություն է ստեղծվում,- ասվում էր փաստաթղթում,- որ նման գործողությունները նպատակ են հետապնդում մարդկանց ուշադրությունը շեղել հրատապ խնդիրներից, ազգային-հայրենասիրական քաղաքականության իրականացման պատրանք են ստեղծում»:
Ցավոք, Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը չարտահայտեցին իրենց դիրքորոշումն այդ առիթով:
Լուսանկարը` Մարիամ Լորեցյան/Մեդիամաքս
Ականավոր խորհրդային քանդակագործ Սերգեյ Մերկուրովի (1881-1952թթ.) աշխատանքը, որն իրավամբ համարվում է Լենինի լավագույն արձաններից մեկը, տեղադրվել էր 1940 թվականին՝ Խորհրդային Հայաստանի 20-ամյակի օրը: Այս տարվա փետրվարին արձանը պղծվեց. անկախության կողմնակիցների հանրահավաքի ժամանակ դրա վրա ներկ լցվեց: Այդ վայրագությունը դատապարտեցին հանրապետության տարբեր քաղաքական ուժերը:
... Համբարձում Գալստյանի դիրքորոշումն ապամոնտաժման դեմ նրան չխանգարեց նրան արձանը հանելու ժամանակ հայտարարել, որ «մենք քաղեցինք մոլախոտը»:
Այդ օրվանից Լենինի արձանը դրված է Հայաստանի Ազգային պատկերասրահի բակում՝ իրանն առանձին, գլուխն առանձին: Պատվանդանը հինգ տարի դատարկ մնաց: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ այն ինքին ազգային ճարտարապետության գլուխգործոց էր:
Լուսանկարը` Մեդիամաքս
Պատվանդանը հանեցին կառավարության որոշմամբ՝ 1996թ. հուլիսին: Լավ, արձանը հանեցին, բայց ի՞նչ կարիք կար վայրագաբար քանդել, բառացիորեն արմատախիլ անել պատվանդանը: Կրկին դիմեմ իմ հաղորդագրություններին.
ԻՏԱՌ-ՏԱՍՍ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.07.1996
Հայաստանի կառավարությունը որոշել է ապամոնտաժել Լենինի նախկին արձանի դատարկ պատվանդանը Երեւանի գլխավոր հրապարակում
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20: /ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթ. Տիգրան Լիլոյան/: Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Երեւանի իշխանություններին թույլ տալ ապամոնտաժել քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Հանրապետության հրապարակում գտնվող դատարկ պատվանդանը, որի վրա մինչ 1991 թվականը կանգնած էր Լենինի արձանը: Այսօր այստեղ հրապարակված այդ որոշումն ընդունվել է «հրապարակի ճարտարապետական անսամբլի ծավալա-տարածքային կարգավորման նպատակով»:
Պատվանդանի ապամոնտաժման համար պահանջվում էր կառավարության որոշումը, քանի որ այն հանդիսանում է պատմաճարտարապետական հուշարձան: Պատվանդանը կառուցված է հղկված որձաքարից, իսկ կառավարական ամբիոնը երեսպատված է բազալտով:
Կողքերի ամբիոնները պատված են քարի վրա ֆիլիգրան փորագրությամբ հայկական ազգային դրվագազարդի տեսքով, որի հեղինակները ժամանակի լավագույն հայ քարագործներն են: Այդ ամբիոններում կանգնել են Հայկական ԽՍՀ կուսակցական ու խորհրդային ղեկավարները, ովքեր ողջունել են աշխատավորների տոնական երթերը մայիսի 1-ին եւ նոյեմբերի 7-ին: Դրանցից վերջինը 1988 թվականին էր:
Լուսանկարը` Մարիամ Լորեցյան/Մեդիամաքս
Լենինի պղնձաձույլ արձանը՝ հայտնի խորհրդային քանդակագործ Սերգեյ Մերկուրովի աշխատանքը, համանուն հրապարակում տեղադրվել էր 1940 թվականի նոյեմբերին եւ համարվում էր առաջնորդի լավագույն արձաններից մեկը:
1991 թվականի գարնանը՝ Հայաստանի անկախության հռչակումից կես տարի անց, Երեւանի քաղխորհուրդը քվեարկեց արձանը հանելու օգտին: Այդ օրվանից այն դրված է Հայաստանի Ազգային պատկերասրահի բակում:
Դատարկ պատվանդանը որոշ ժամանակ գտնվում էր այստեղ ծավալվող բանավեճերի կենտրոնում: Մասնագետների ու հասարակության մի մասը կարծում էր, որ անհրաժեշտ է պատվանդանի վրա տեղադրել նոր արձան, որը կդառնար Հայաստանի անկախության խորհրդանիշը, իսկ ծայրահեղ տրամադրված հասարակությունը կողմ էր պատվանդանը հաստատապես քանդելուն՝ որպես «տոտալիտար անցյալի» խորհրդանիշ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.08.1996
Երեւանում շարունակվում է պատվանդանի ապամոնտաժումը, որի վրա մինչեւ 1991 թվականը կանգնած էր Լենինի արձանը
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 5: /ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթ. Տիգրան Լիլոյան/: Երեւանի կենտրոնական հրապարակում այսօր վերսկսվել են Լենինի նախկին արձանի պատվանդանի ապամոնտաժման աշխատանքները: Օդախտանակի ու մուրճերի ձայնը չի դադարում, չնայած Հայաստանի հասարակության մի մասի ընդվզումներին ու բողոքներին: Հանրապետության կոմկուսի անցկացրած բողոքի ակցիայից հետո բետոնե արգելապատնեշի մոտ, որի հետեւում ընթանում է ապամոնտաժումը, տեղակայվել են ոստիկանական պահակակետեր: Արդեն քանդվել են կենտրոնական ու կողային ամբիոնները, որոնք զարդարված էին քարի վրա նուրբ դրվագազարդով:
1940 թվականին տեղադրված արձանն ու պատվանդանը կառուցվել էին հատուկ ամրությամբ, եւ հիմա շինարարների համար հեշտ չէ: Որոշ տվյալներով, պատվանդանը քանդելու գործընթացն արագացնելու նպատակով կիրառվել են պայթեցման աշխատանքներ:
Հայաստանի ճարտարապետների միության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտավախություն է հայտնել, որ «քաղաքակիրթ աշխարհին ու մեր ազգին ոչ հարիր այդ գործընթացը կարող է հանգեցնել Երեւանի պատմամշակութային ու ճարտարապետական միջավայրի ստեղծված շերտերի ավերմանը եւ վտանգավոր նախադեպ հանդիսանալ հետագայում նման անընդունելի գործողությունների համար»:
Հայաստանի խորհրդարանի կոմունիստական խմբակցության անդամներն այցելել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանին: Նրանք խոսնակին խնդրագիր են հանձնել, որում պատվանդանի ապամոնտաժումը որակվում է որպես «չմտածված, անիմաստ եւ հանցավոր գործողություն, որն իրականացվում է օրը ցերեկով բարբարոսական մեթոդներով, որոնք անհամատեղելի են հայ ժողովրդի՝ շինարար ու ստեղծագործ ազգի պատմական ավանդույթների հետ»:
Ինչպես հայտնել է «Հայաստանի Կոմունիստ» թերթը, խոսնակը նրանց պատասխանել է, որ նախեւառաջ, ի զորու չէ ազդել պատվանդանի ապամոնտաժման մասին կառավարության որոշման վրա, եւ երկրորդ, այդ որոշումն իր սրտով է:
Հայաստանի մշակույթի նախարարի հուշարձանների պահպանության գծով տեղակալ Կորյուն Ղաֆադարյանի խոսքերով, ապամոնտաժվող պատվանդանի հետագա ճակատագիրը կորոշվի մրցութային հիմունքներով, իսկ առայժմ բոլոր մասերը համարակալվում եւ պահեստավորվում են:
Ազգային պատկերասրահի աշխատակցուհի Կիմա Մկրտչյան
Նախապես հայտարարվել էր, որ ժամը 17:00-ին Լենինի արձանը ապամոնտաժվելու է: Տաք եղանակ էր: Հրապարակում մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Թվում էր, թե արձանն ամբողջությամբ պետք է տեղից պոկվի ու երբ արձանից առանձնացավ գլուխը, հրապարակում հռհռոց լսվեց: Հետո պատվանդանից հանեցին արձանի մարմինը: Այդ պահին օդում սկսեցին լսվել բացվող շամպայնի ձայները՝ մարդիկ նշում էին «Լենինի անկումը»:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Բանվորները տեղադրում էին արձանը հատուկ բեռնատար մեքենայի վրա, երբ վերջինիս վարորդը գոռաց. «Ժողովուրդ ջան, հետ կանգնեք, թող հարազատները առաջ անցնեն»: Նա ի նկատի ուներ կոմունիստներին:
Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան` այդ վայրում նոր հուշարձան տեղադրել պետք չէ
1970 թվականին, երբ Հանրապետության հրապարակի նախագիծը Պետական մրցանակի արժանացավ, հետմահու այն ստացան նաեւ Լենինի արձանի պատվանդանի ճարտարապետներ Լեւոն Վարդանյանը (հետմահու) եւ Նատալիա Փարեմուզովան:
Պատվանդանը շատ հետաքրքիր լուծումներ ուներ: Այն պատրաստված էր գրանիտից, մանր քանդակներով էր պատված: Պատվանդանը գտնվում էր այնպիսի վիճակում, որ «ապրելու» մեծ հնարավորություն ուներ: Եթե Լենինի արձանի ապամոնտաժումը անխուսափելի էր քաղաքական պատճառներով, ապա պատվանդանը կարելի էր եւ պետք էր պահպանել:
Ցավոք, հերթական անգամ կորցրեցինք փայլուն մի հուշարձան:
Տարիների ընթացքում տարբեր առաջարկներ են արվել նախկին Լենինի արձանի վայրում նոր հուշարձան կառուցելու վերաբերյալ, սակայն որեւէ հայեցակարգ առ այսօր չի մշակվել:
Մասնագետների մեծ մասը գտնում է, որ այդ վայրում որեւէ նոր հուշարձան տեղադրել պետք չէ:
Լեւոն Աբրահամյան` Շատերի մոտ անսպասելի առաջացավ անհարմար զգացում, որ իրենք մասնակցում են մահապատժի ի կատար ածմանը
Հատվածներ մշակութաբան Լեւոն Աբրահամյանի «Պայքարը հուշարձանների եւ հիշողության դեմ հետխորհրդային երկրներում (Հայաստանի օրինակի վրա)» աշխատությունից
Երբ քաղխորհրդի որոշմամբ Լենինի արձանը սկսեցին ապամոնտաժել, ժողովուրդը հրապարակում հավաքվել էր տոնական տրամադրությամբ, սակայն առանց վայրագ գործողությունների պատրաստակամության որեւէ նախանշանի, որոնք հատկանշական են նման տապալումների համար: Թեեւ արարողությունը նախատեսվում էր անցկացնել երեկոյան, շատերն առավոտից եկել էին հրապարակ, որպեսզի վերջին անգամ տեսնեն արձանը սովորական տեսքով եւ քննարկեն նախատեսված իրադարձությունը: Բանավեճերի թեմաները՝ հիմնականում զգուշավոր տարեց եւ հեղափոխական տրամադրված երիտասարդ անձանց միջեւ, ընդգրկում էին լայն շրջանակ՝ հայերի ճակատագրում Լենինի կոնկրետ դերից մինչեւ հուշարձանների ապամոնտաժման փորձը առհասարակ պատմության մեջ: Ապամոնտաժման որոշ հակառակորդներ վկայակոչում էին նաեւ արձանի գեղարվեստական արժեքը: Նման բազմաթիվ քննարկումներից մեկի ընթացքում, որոնք ես լսել եմ արձանի վերջին ժամերին, տարեց տղամարդն իր երիտասարդ ընդդիմախոսին ասում էր, որ Լենինի արձանի հեռացումը չի բերի նրան, որ խանութները ապրանքներով լցվեն: Մյուս տղամարդը պնդում էր, որ ինչ դժբախտություններ էլ բաժին ընկած լինեն Հայաստանին Լենինի մեղքով, միեւնույն է, նա մնում է հայկական մշակույթի մի մասը, եւ արձանը հրապարակից հանելը հավասարազոր է նրան պատմությունից հանելուն: Ինչին նրա ընդդիմախոսը պատասխանում էր, որ Լենինն արժանի է, որ նրան հեռացնեն Հայաստանի պատմությունից, որպեսզի վերջինս նոր կյանքի հնարավորություն ունենա: Ինչպես տեսնում ենք, ապամոնտաժման մոգական եւ հոգեբանական տեսակետերը եւս ներկայացված էին հրապարակում այդ իմպրովիզացված «կլոր սեղանի» շուրջ: Երբ արարողությունն ի վերջո սկսվեց, եւ արձանը, մինչ կհանեին պատվանդանի վրայից, գլխատեցին տեխնիկական նկատառումներով, շատերի մոտ, ինչպես ինձ հետագայում պատմում էին, անսպասելի առաջացավ անհարմար զգացում, որ նրանք մասնակցում են հրապարակային մահապատժի, առավել եւս, երբ սնամեջ գլուխն առանձնացրին իրանից, մի քիչ անձրեւաջուր թափվեց մեջից՝ արյան նման: Ես եւս այդ ժամանակ նման զգացողություն ունեցա: Սակայն երբ արձանը բարձրացրեցին վերամբարձ կռունկի միջոցով, այն վայրից, որտեղից ես հետեւում էի արարողությանը, հանկարծ երեւաց «ԱՐՄԵՆԻԱ» գրությունը համանուն հյուրանոցի տանիքի վրա (մինչ այդ արձանը փակում էր այն), եւ մեղքի զգացումն անհետացավ: Իմ շուրջը գտնվողները եւս նկատեցին դա ու ողջունեցին «Հայաստանի ազատագրումը» հիացմունքի եւ ուրախության բացականչություններով: (...)
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Հետաքրքիր է, որ ապամոնտաժման ներկայացումն անսպասելիորեն ավարտվեց նույն պահին ծնված յուրօրինակ արարողությամբ: Երբ արձանը դրվեց պատվանդանի մոտ կանգնած քարշակի վրա, մի քանի ոստիկաններ ստիպված էին պաշտպանել այն որոշ անձանց զայրույթից. մի երիտասարդ նույնիսկ ցանկանում էր միզել տապալված Լենինի վրա՝ որպես վրեժ հոր հաշմված ճակատագրի համար, ինչպես ինքն էր ասում ոստիկանին: Հրապարակում կանգնածներից մեկը տապալված առաջնորդի վրա սկսեց քարեր նետել: Երբ քարշակը շարժվեց մարդկանցով լեցուն հրապարակով, այդ գործողության ականատեսները ցանկացան հետեւել դրան, սակայն քարերի բացակայության պատճառով սկսեցին դանդաղ եւ հանդիսավոր հեռացող արձանի վրա նետել մանր մետաղադրամներ՝ մարդաշատ հրապարակում քարերի միակ փոխարինողը: Ընդ որում, արարողակարգային ատրիբուտի՝ «ագրեսիվ» քարի փոխարինումը առատություն բերող մանրադրամներով միանգամից հանգեցրեց տրամադրության փոփոխության. եթե արարողության ձեռնարկողներն իրենց գործողությունը սկսել էին ակնհայտ ագրեսիվ զգացմունքներով, ապա մնացածներն իրենց մանրադրամները նետում էին ուրախալի վերելքի զգացումով՝ ինչպես առհասարակ լինում է մանրադրամներ նետելու ծիսակատարության ժամանակ: (...)
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Լենինը հատեց հրապարակը, որը երբեւէ կրում էր իր անունը, որպեսզի անփառունակ տեղ գտնի թանգարանի բակում, որի հետ արձանը տեղի գերակայության պայքար էր մղում խորհրդային իշխանության բոլոր նախորդ տարիների ընթացքում: Հատկանշական է, որ թեեւ այն բակը, որտեղ դրված է Լենինը, սովորաբար անվանում են Հայաստանի Ազգային պատկերասրահի բակ, սակայն այն հավասարապես կարող է վերագրվել նաեւ Հայաստանի Պատմության թանգարանին եւ նախկին Հեղափոխության թանգարանին (որը շատ տրամաբանորեն ներկայումս կազմում է Պատմության թանգարանի մի մասը), քանի որ բոլոր այդ թանգարանները զբաղեցնում են նույն շենքը, որին Լենինի արձանը պարտվեց տարածքի համար պայքարում: Այսպիսով, վեճն այն մասին, թե արդյո՞ք Լենինի արձանը ներկայացնում է պատմական, գաղափարական թե գեղագիտական արժեք, ստացավ իր տրամաբանական «լուծումը»: (...)
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Պատվանդանի պահպանման համար պայքարն ավելի կատաղի էր, քան Լենինին այդ պատվանդանից հեռացնելու շուրջ բանավեճը: Լրագրողները, ճարտարապետները, նկարիչները, գրողները, մշակույթի հայտնի գործիչներն ու ոչ այնքան հայտնի անձինք թերթերում գրառումներ էին կատարում հօգուտ պատվանդանի՝ քննադատելով նրանց, ովքեր ձգտում էին այն հանել հրապարակից: Հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը գրում էր, որ ինքը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը քվեաթերթիկում կջնջի միայն այն պատճառով, որ «նրա գիտությամբ Հայաստանի տարածքում կատարվեց վանդալիզմի այնպիսի ակտ, ինչպիսին էր պատվանդանի՝ արվեստի գործի քանդումը» (Գոլոս Արմենիի, 1996, օգոստոսի 6): (...)
Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Արա Թադեւոսյանը, Մարիամ Լորեցյանը, Կարինե Պետրոսյանը, Արմինե Մելքոնյանը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Տիգրան Լիլոյանին, Արեւ Սամուելյանին:
Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: