Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա հերոսը մայրաքաղաքի ամենահայտնի վայրերից մեկն է` «Մարգարյան հիվանդանոցը»: Վստահ ենք, որ հենց այստեղ են ծնվել այս տողերը կարդացողներից շատերը: Սակայն քչերը գիտեն, որ 1930-ական թվականներին շենքը նախագծվել էր որպես ժամանակավոր «կացարան» Խորհրդային Հայաստանի կառավարության համար…
Մարկ Գրիգորյան (կրտսեր), BBC, հատուկ Մեդիամաքս-ի համար` Գրիգորյանի անունը հաշտեցնում է երկու վարպետներին
Մաշտոցի պողոտայի եւ Արամի փողոցի անկյունում տեղակայված Մարգարյանի անվան ծննդատունը Երևանի, երևի թե, ամենահայտնի շենքերից մեկն է: Եվ դա հասկանելի է, քանի որ այստեղ են ծնվել մայրաքաղաքի տասնյակ, եթե ոչ հարյուր հազար բնակիչներ:
Այս շենքը տեղակայված էր ծննդատան դիմաց` ներկայից Մաշտոցի պուրակի վայրում:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Նեոկլասիցիզմի ոճում կառուցված շենքը պատված է կանաչով: Պապիկիս` ճարտարապետ Մարկ Գրիգորյանի 1976 թվականին թողարկված աշխատանքների կատալոգում շենքը համեստորեն նշված է որպես «100 մահճակալ ունեցող ծննդատուն»: Կատալոգի կազմողները, երևի թե, անհրաժեշտ չեն համարել հիշատակել, որ այդ շենքը պապս համեհեղինակել է Երեւանի պատմության մեջ առաջին գլխավոր ճարտարապետ, հայկական սովետական ճարտարապետության ակնառու ներկայացուցիչ Նիկոլայ Բունիաթյանի հետ:
Այդ համահեղինակությունն ավելի շուտ պարտադրված էր: Իսկ շենքի պատմությունը արտացոլում է ոչ միայն Երեւանի ճարտարապետական տեսքի կայացման հետաքրքիր այդ ժամանակաշրջանը, այլեւ այն պայքարը, որն ընթանում էր դրա կառուցապատման շուրջ 20-ականների վերջին եւ 30-ականների սկզբին:
Բայց ամեն ինչ իր հերթին:
Վեճերը քաղաքի ապագայի մասին
Դեռեւս Թամանյանի օրոք պարզ դարձավ, որ Երեւանը մեկ ճարտարապետի քաղաք չի լինելու:
Քաղաքի զարգացման գլխավոր նախագիծը ստեղծվել էր Թամանյանի կողմից, որն իր ողջ տաղանդը, ակադեմիկոսի եւ Ռուսաստանի առաջատար ճարտարապետի վարպետությունը ներդրել էր դրա մեջ: Դա ներդաշնակ նախագիծ էր, որը հիմնված էր ХХ դարեսկզբին Անգլիայից Ռուսաստան ներմուծված քաղաք-այգիների տեսության վրա:
Սակայն 20-ականների վերջում-30-ականների սկզբում երեւանյան ճարտարապետական միջավայրում մշտական քննարկումներ ու բանավեճեր էին տեղի ունենում, որոնք երբեմն հասնում էին հակամարտության աստիճանի: Ընդ որում, տարբեր ստեղծագործական ուղղությունների առճակատումը տեղի էր ունենում ոչ միայն թերթերում կամ գծագրական տախտակների վրա, այլ դուրս էր մղվում քաղաքի փողոցներ` իր արտացոլումը գտնելով շենքերում, որոնք կառուցված էին այնպես, որ դրանց ձեւն ու վայրը ոչ միշտ էին համապատասխանում Թամանյանի գլխավոր հատակագծին:
Պատահում էր, որ վեճերը դուրս էին գալիս փողոցներ ուսանողական ցույցերի տեսքով, որոնք մերժում էին միջնադարի եւ Վերածննդի ձեւաչափերի վերամշակման վրա հիմնված թամանյանական ոճը: Երիտասարդությունը պահանջում էր, որպեսզի նոր, սոցիալիստական դարաշրջանի շենքերը կառուցվեն նորովի եւ արտացոլեն նպատակասլացությունը դեպի ապագա, այլ ոչ թե, ինչպես նրանք էին կարծում, հայացք անցյալին:
Հիմա` գնահատելով այն հակամարտությունը, տեսնում ենք, որ այն ժամանակների ճարտարապետները փորձում էին պարզել, թե ինչպիսին պետք է լինի հայկական սովետական նոր ճարտարապետության ապագան: Եվ այդ վեճերը հաճախ ցույց էին տալիս փորձառու ակադեմիկոսի եւ երիտասարդ ու տաքարյուն ճարտարապետների միջեւ եղած հակասությունները:
Ինչ-որ տեղ դա ճշմարտություն է. 1930 թվականին Թամանյանը 52 տարեկան էր, մինչդեռ նրա ընդդիմախոսները` երեւանյան կոնստրուկտիվիստները, հիմնականում 30 տարեկան էին: Նրանց վեճը սկզբունքային էր: Երեւանում նեոկլասիկ ճարտարապետության սկզբունքները հաստատող Թամանյանին հակադրվում էին նոր ուղղության ներկայացուցիչները` կոնստրուկտիվիստները:
Կոնստրուկտիվիզմի տեսաբանները խոսում էին կյանքի տարածության կազմակերպման, այլ ոչ թե այն զարդարելու անհրաժեշտության մասին: Միեւնույն ժամանակ, հետին պլան էր մղվում այն, թի ինչ տեսք կունենան շենքերի ճակատային մասերը: Նախագծերը պետք է ռացիոնալ լինեին, իսկ շինարարությունը՝ նույնականացված եւ ինդուստրիալիզացված: Թամանյանի կողմից այդքան բարձր գնահատվող կառուցապատման անսամբլը հետին պլան էր մղվում:
Կոնստրուկտիվիզմի մեջ զգացվում էր երիտասարդ աշխարհի երիտասարդ էներգիան: Եվ այդ ուղղության ներկայացուցիչները տաղանդավոր ճարտարապետներ էին: Կարո Հալաբյանը եւ Միքայել Մազմանյանը Մոսկվայից բերել էին այդ էներգիայի մասնիկը: Նրանց միացան Գեւորգ Քոչարը, Հովհաննես Մարգարյանը, Արսեն Ահարոնյանը…
Նրանք ցանկանում էին ապագայի քաղաք կառուցել: Եվ կառուցում էին այն` անտեսելով թամանյանական գլխավոր հատակագիծը: Սակայն հակամարտությունը ոչ միայն երիտասարդ ճարտարապետների եւ վարպետի միջեւ էր: Ավագ սերնդի երկու ճարտարապետների հարաբերությունները եւս ոչ միշտ էին կատարյալ:
Ժամանակավոր տուն խորհրդային բյուրոկրատիայի համար
1930 թվականին Բունիաթյանը 46 տարեկան էր: Նա Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան էր ավարտել, զբաղվում էր պատմական կառույցների չափագրմամբ եւ մի քանի տարի աշխատել էր Անիում` Նիկողայոս Մառի արշավախմբում: Բունիաթյանը երկար եւ բեղմնավոր աշխատել է Երեւանում, կառուցելով 50-ից ավելի շենքեր: Լինելով Երեւանի գլխավոր ճարտարապետ եւ ոչ միշտ համաձայնվելով Թամանյանի հետ՝ նա, օրինակ, պնդել էր փոստի շենքի կառուցումը Երեւանի ապագա գլխավոր հրապարակում (Լենինի, այժմ` Հանրապետության): Այդ շենքը անհետաքրքիր էր ստացվել եւ հետագայում կապիտալ վերակառուցվեց:
Հայաստանի կառավարությունն այն ժամանակ տեղակայված էր Արամի եւ Կողբացի փողոցների անկյունային շենքում (նախկին Տեր-Գաբրիելյան): Հրապարակի Կառավարության տունը այն ժամանակ ավարտված չէր, կառուցվել էր միայն մեկ թեւը, որը դուրս էր գալիս դեպի Նալբանդյան փողոց: Այն երկհարկանի էր եւ այնտեղ էր տեղակայված Ժողկոմհողը՝ հողագործության ժողկոմիսարիատը, որը ղեկավարում էր Թամանյանի ընկերն եւ հովանավոր Արամայիս Երզնկյանը: Իսկ բուն Կառավարության տան նախագծումը անընդհատ հետաձգվում էր:
Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:
Սակայն բյուրոկրատիան աճում էր եւ նոր տարածքներ պահանջում: Եվ Բունիաթյանը կարողացավ Մինիստրների խորհրդի համար նոր, ժամանակավոր շենքի պատվեր ստանալ, որը պետք է հնի հարեւանությամբ գտնվեր եւ միանար վերջինիս հետ «տաք անցման» միջոցով: 1932 թվականին նախագիծը պատրաստ էր, եւ շինարարությունը սկսվեց:
Թամանյանը կտրականապես դեմ էր: Նա հասկանում էր, որ անգամ ժամանակավոր որակված շենքը չեր կարող ազդեցություն չունենալ իր կողմից հեղինակած Կառավարության շենքի նախագծման եւ կառուցման վրա ապագա հրապարակում, որը, ըստ Թամանյանի, պետք է դառնար Հանրապետության ադմինիստրատիվ կենտրոնը:
Սակայն, չնայած Թամանյանի ակտիվ դիմադրությանը, գումարները հատկացվել էին, իսկ շինարարությունը՝ սկսվել:
Պայքարը, սակայն շարունակվում էր: «Երկար եւ համառ պնդումներից հետո այն մասին, որ պետք չէ միջոցներ վատնել ժամանակավոր շենքի կառուցման համար, կառավարությունը փոխեց իր որոշումը: Այդ բացառիկ կարեւոր գործում կրկին օգնեց Ա.Ա. Երզնկյանը, ով Ա. Ի. Թամանյանի հետ գրեթե երկու տարի հիմնավորում էր Լենինի հրապարակում Կառավարության տուն կառուցելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը», - իր հուշերում գրում էր պապս` ճարտարապետ Մարկ Գրիգորյանը:
Արդյունքում, Մինիստրների խորհրդի համար ժամանակավոր շենքի կառուցումը սառեցվեց: Մի քանի տարի անց որոշվեց շինարարությունն ավարտին հասցնել եւ այնտեղ ծննդատուն տեղակայել: Մարկ Գրիգորյանը ստիպված եղավ ավարտին հասցնել Բունիաթյանի աշխատանքը: Փաստորեն, նա փոփոխեց նախնական նախագիծը` շենքը նոր պահանջներին հարմարեցնելու համար:
1938 թվականին ծննդատան շենքը պատրաստ էր:
* * *
Երեւի, խորհրդանշական է, որ Խորհրդային Հայաստանի Կառավարության տան փոխարեն ծննդատուն կառուցվեց, որտեղ արդեն մի քանի տասնամյակներ երեւանցիներ են ծնվում: Կարելի է խորհուրդ տեսնել նաեւ նրանում, որ հանրապետության ղեկավարների համար նախատեսված շենքում, որոնց մի քանի տարի անց գնդակահարություն կամ ստալինյան ճամբարներն էին սպասում, տեղակայվեց ծննդատուն, որն անվանակոչվեց մի կնոջ անունով, ով երբեք երեխա չէր ունեցել` Նադեժդա Կրուպսկայայի: Թերեւս, խորհրդանշական է նաեւ այն, որ Բունիաթյանին ձերբակալեցին 1938 թվականին, սակայն մի քանի ամիս անց ազատ արձակեցին:
Իսկ ինձ համար խորհրդանշականն այն է, որ շենքն ավարտին հասցրեց Մարկ Գրիգորյանը, ով Հայաստանում Թամանյանի միակ համահեղինակն էր` վերջինիս կենդանության օրոք: Այդպիսով, Գրիգորյանի անունը, պատկերավոր ասած, հաշտեցնում է երկու վարպետներին, երկու ուսուցիչներին, որոնք տասնյակ շենքեր են կառուցել եւ տասնյակ ճարտարապետներ են կրթել, որոնց շնորհիվ Երեւանը դարձավ այն քաղաքը, որը մենք` բնիկ երեւանցիներս, այդքան սիրում ենք:
Շենքի անձնագիրը
Նկարին սեղմելով, կարող եք ծանոթանալ շենքի անձնագրին, որը մեզ է տրամադրել Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը:
[context1]
Առողջապահական խոշոր ձեռնարկումներ
22 ապրիլի 1937 թ.
Սովետական Հայաստան
Այս տարի Երեւանի առողջապահական բաժնին բաց է թողնվել 2 միլիոն 586 հազար ռուբլի` քաղաքում բժշկասանիտարական նոր հիմնարկներ ստեղծելու համար: Այդ միջոցներով կառուցվելու են երկու պոլիկլինիկա, որոնցից Կիրովյան ռայոնի պոլիկլինիկան օրական սպասարկելու է 400 այցելուի, իսկ Ստալինյան ռայոնինը` 600 այցելուի: Այդ երկու պոլիկլինիկան էլ սարքավորվելու են բժշկության նորագույն պահանջների հիման վրա եւ ունենալու են այցելուներին կուլտուրապես սպասարկելու բոլոր հարմարությունները:
Այս տարի հիմնականում ավարտվելու եւ շահագործման է հանձնվելու նաեւ Սպանդարյան ու Սունդուկյան փողոցների վրա գտնվող նոր ծննդակայանը 100 մահճակալով, որի վրա ծախսվելու է 1 միլիոն 318 հազար ռուբլի:
Կառուցվելու եւ շահագործման են հանձնվելու նաեւ Նորքի մանկաբարձական կայանը, Նուբարաշենի նոր հիվանդանոցը` իրեն կից ծննդատնով, մանկամսուրներ քաղաքի երեք ռայոններում` յուրաքանչյուրը 104 մահճակալով, մի մանկամսուր Քանաքեռում` 80 երեխայի համար եւ մի մանկամսուր Սինթետիկ կաուչուկի կոմբինատում` 50 մահճակալներով:
Ավագ մանկաբարձ Ալբինա Ավանյանը (Ալբինա Արամովնա)` ապագա մայրերի համար թխում էինք համեղ կարկանդակներ
Աշխատանքի ընդունվեցի 1950 ականների սկզբին: Այն ժամանակ ինստիտուտի տնօրենը պրոֆեսոր Պարթեւ Մարգարյանն էր, ով ճանաչված էր ամբողջ հանրապետությունով: Շատերը ինստիտուտը մինչ օրս անվանում են նրա անունով՝ «Մարգարյան ծննդատուն»: 50 տարվա ընթացքում հասցրել եմ աշխատել Պարթեւ Մարգարյանին հաջորդած մյուս տնօրենների հետ՝ Գրիգորի Օկոեւի, Արամ Տրդատյանի, Կառլեն Ակունցի, Գեորգի Օկոեւի հետ:
Ինստիտուտի մանկաբարձական բաժինն ուներ 5 բաժանմունք՝ 120 կին աշխատողներով: Այն ժամանակ տղամարդ բժիշկները մանկաբարձական բաժնում այդքան էլ շատ չէին՝ 4-5 հոգի:
1950-ականներին օրական 20-25 ծնունդ էինք ընդունում: Երբեմն հղիներն այնքան շատ էին, որ ստիպված էինք լինում նրանց համար միջանցքներում մահճակալներ տեղադրել:
Հատված «Երեւանյան էսքիզներ» (1968) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:
Այստեղ են ծնվել թոռներս, իմ հարազատների երեխաները: 1980-ականներին մեզ մոտ ծնվեց Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի առաջին թոռը: Այդ օրը հիվանդանոցում խառնաշփոթ էր, բուժանձնակազմը փորձում էր ամեն ինչ ըստ պատշաճի կազմակերպել: Իր երկրորդ թոռան ծնվելու ժամանակ Կարեն Սերոբիչն այլեւս Կենտկոմի քարտուղար չէր: Հիվանդանոցում վերանորոգում էր ընթանում, բայց ես տնօրենից խնդրեցի առանձին սենյակ հատկացնել ու թույլ տալ ընդունել ծնունդն այդ պայմաններում:
Ալբինա Ավանյանը` ձախից
Լուսանկարը` Ա.Ավանյանի արխիվից:
Ծննդատունն ու առհասարակ հիվանդանոցը երկար տարիներ վերելակ չուներ: Այն տեղադրվեց 20-25 տարի առաջ: Մինչ այդ բուժքույրերը մեծ դժվարությամբ էին հղի կանանց բարձրացնում երկրորդ, երրորդ հարկ՝ հետծննդյան բաժին: Ավելի ուշ, Գրիգորի Օկոեւի օրոք, ծննդատունը հիմնանորոգվեց, կառուցվեցին մարմարյա սանդուղքները:
Ժամանակին խիստ կանոններ էին գործում՝ ոչ ոք իրավունք չուներ բարձրանալ ծննդաբերած կնոջ մոտ առանց համապատասխան հանդերձանքի: Ապակիով առանձնացված ընդունարան-սպասասրահ կար: Ապագա մայրերին ընդունում էինք առանձին մուտքից, իսկ գլխավոր մուտքից նրանց ճանապարհում էինք տուն:
Խիստ էին կանոնները նաեւ բուժանձնակազմին գումար կամ նվեր տալու հարցում: Պրոֆեսոր Մարգարյանի օրոք բուժանձնակազմին առանձին գումար տալն ընդունված չէր: Այդ «ավանդույթը» մեզ մոտ ներթափանցեց ավելի ուշ, հարեւան Թբիլիսիից:
Ամենալավ «մաղարիչը» «Красная Москва» օծանելիքն էր համարվում: Բացի դրանից, բուժանձնակազմի աշխատողին նվիրում էին Սասունցի Դավթի արձանիկներ, որոնք 3-4 ռուբլի արժեին:
Պրոֆեսոր Պարթեւ Մարգարյանը
Լուսանկարը` Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի արխիվից:
Գրիգորի Օկոեւի տնօրինության ժամանակ մի ներքին «օրենք» էր գործում. այն աշխատողը, ով գումար կամ նվեր կվերցներ նորածնի ծննդի համար, մեկ շաբաթով ուղարկվում էր ծննդատան լվացքատանն աշխատելու: Այդ տարիներին լվացքի մեքենաներ չկային, եւ ողջ ծննդատան սպիտակեղեն լվանալը մեծ չարչարանք էր: Եթե հերթափոխի աշխատողներից մեկի մոտ գումար կամ նվեր գտնեին, այդ հերթափոխը կորած էր՝ միանգամից ուղարկում էին լվացքատուն:
«Պերեդաչաները» սովորաբար բերում էին Մաշտոցի պողոտայի մուտքի կողմից: Մարգարյանի ժամանակ, երբ երկրում սոցիալական վիճակը շատ ծանր էր, մեզ մոտ գտնվող հղի կանանց հարազատները շատ աղքատիկ սնունդ էին բերում:
Գրիգորի Օկոեւի օրոք ծննդատունը բարձրակարգ խոհանոց ունեցավ: Մեզ մոտ պատրաստվում էին համեղ կարկանդակներ, որոնք կաթի կամ մածունի հետ մատուցում էինք ապագա մայրերին: Ի դեպ, ծննդատան համար նախատեսված կաթը վաղ առավոտյան բերվում էր հատուկ կաթի կոմբինատից:
Յուրաքանչյուր հղի կնոջ համար առանձին ճաշացանկ կար, որը կազմվում էր այն սննդամթերքներից, որոնք ցուցված էին բժիշկների կողմից:
1999թ.-ին երկարատեւ նվիրված եւ անբասիր աշխատանքի համար պարգեւատրվեցի պատվոգրով եւ որոշեցի անցնել հանգստի: Բայց իմ բժշկական խալաթը հիմա էլ արդուկած եւ կախված է պահարանում, եւ երբ կարիքս զգացվում է, միշտ գնում եմ իմ հարազատ ծննդատուն:
Մոր եւ մանկան առողջապահության պահպանման կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, պրոֆ. Կարինե Առուստամյան
Պրոֆեսոր Պարթեւ Մարգարյանը հայտնի էր որպես լավ մանկաբարձ-գինեկոլոգ, վիրաբույժ: Ժողովրդի մեջ տարածվել է այն համբավը, որ այստեղ կարելի է ստանալ բարձր որակի բուժօգնություն: Մեր ինստիտուտը նաեւ կադրերի դարբնոց է եղել հանրապետության մանկաբարձա-գինեկոլոգիական բուժհաստատությունների համար:
Նախկինում, մինչեւ 1994 թվականը, ծննդաբերությունից հետո կինը մոտ 7 օր մնում էր ծննդատանը: Նորածինները գտնվում էին մանկական բաժանմունքում , մայրերը` հետծննդյան: Երեխային բերում էին մոր մոտ միայն կերակրման համար: Զանգ էր հնչում, ինչպես դպրոցում, որից հետո սայլակներով երեխաներին բերում էին մայրերի մոտ:
Խորհրդային տարիներին տեսակցությունը արգելված էր: Մայրիկները նորածիններին իրենց հարազատներին պատուհանից էին ցույց տալիս: 1994 թվականից ներդրվեց մոր եւ մանկան համատեղ կեցությունը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ս.թ. նոյեմբերին նշելու ենք կենտրոնի 80-ամյակը: Հանդիսավոր նիստ է լինելու, որի ժամանակ կներկայացվի ինստիտուտի պատմությունը, հետաքրքիր դրվագները, ձեռքբերումները, ապագա ծրագրերը: Բոլորին կպատմենք մի վայրի մասին, որտեղ նույն ընտանիքների մի քանի սերունդներ են ծնվել:
Գինեկոլոգ-մանկաբարձ Ելենա Յուգունյան` հայրիկները երեխայի ծննդի մասին տեղեկանում էին բարձրախոսով
Այստեղ աշխատում եմ 1979 թվականից: 80-ական թվականների սկզբին, երբ այցելությունները չէին թույլատրվում, ընդունարանում բարձրախոս կար: Լավ լուրի սպասող հայրիկները եւ բարեկամները, տեղեկացվում էին հենց դրա միջոցով` նշելով կնոջ անունը, հայտարարվում էր նորածնի քաշը, հասակը եւ մնացած տեղեկությունները:
Հետագայում բարձրախոսները փոխվեցին նորարար հեռախոսներով, որոնց միջոցով կարելի էր ոչ միայն լսել, այլ նաեւ տեսնել մորը եւ երեխային:
Լուսանկարը` Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի արխիվից:
Այս տարի մեզ մոտ արդեն լույս աշխարհ են եկել 1263 երեխաներ: Տղաներն ավելի շատ են ծնվում, քան աղջիկներ: 2011 թվականին ունեցել ենք 3184, իսկ 2010-ին՝ 3061 ծնունդ:
Կենտրոնի պատմության ընթացքում ունեցել ենք եռյակներ, մեկ անգամ ծնվել է քառյակ: Ամբողջ կոլեկտիվը հիշում է այն եռյակին, որը ծնվեց 2004 թվականին. երեխաները ծնվել են մեր կենտրոնում առաջին արտամարմնային բեղմնավորման արդյունքում:
Քանդակագործ Յուրի Մինասյան` թող գաղտնիք մնա, թե քանդակներն անելիս որպես բնորդ ումից եմ ոգեշնչվել
Յուրի Մինասյանը ծնվել է 1942 թվականին Թբիլիսիում: 1959-1963 թվականներին ուսանել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում:
Յուրի Մինասյանի հայտնի գործերից են Մհեր Մկրտչյանին նվիրված հուշարձանը Գյումրիում, հուշարձաններ Մոսկվայի աստղացուցարանում, Ուջանում, Արագածում, Դոխսում, Երեւանի Մարգարյանի անվան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախասրահում:
Մասնակցել է բազմաթիվ հանրապետական եւ համամիութենական ցուցահանդեսների: Աշխատանքները ցուցադրվել են Մինսկում, Մոսկվայում, Կրասնոդարում, Գերմանիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում:
1981 թվականին ինձ առաջարկեցին աշխատել ծննդատան քանդակների ստեղծման վրա: Այդ ժամանակ ծննդատան տնօրենը Գրիգորի Օկոեւն էր:
Քանդակագործ Յուրի Մինասյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Քանդակներ պետք է տեղադրվեին չորս պատվանդանների վրա: Բնականաբար, շոշափվելու էր մոր եւ մանկան թեման: Երբ էսքիզները պատրաստ էին, դրանք ցույց Գրիգորի Օկոեւին եւ ստացա նրա հավանությունը:
Ամեն օր երեկոյան Օկոեւը գալիս էր իմ արվեստանոց`«Հո չե՞մ խանգարի, Յուրկա ջան», թիֆլիսեցու ակցենտով ասում էր նա: Նստում էր կողքիս ու պատմություններ պատմում իր կյանքից: Շատ մեծ անձնավորություն էր, այժմ էլ նրան հուզմունքով եմ հիշում: Նա իսկական քաղաքի բնակիչ էր, փայլուն կազմակերպիչ եւ մեծ հայրենասեր: Մի անգամ էլ երեկոյան կրկին եկավ արվեստանոց, այս անգամ ընկերների հետ: Մի քիչ գինովցած էր: Ասաց` «Ես քեզ ոչ մի ցուցում չեմ տվել չէ՞, թե ինչպես աշխատես: Բայց մի բան եմ ուզում խնդրել: Յուրկա ջան, մայր ես չէ՞ քանդակում, կրծքերը մի քիչ մեծ արա էլի, որ կաթը շատ լինի»:
Լուսանկարը` Յու. Մինասյանի արխիվից:
Արձանները տեղադրում էինք 1982 թվականի աշնանը, բավականին ցուրտ եղանակ էր: Մոնտաժային աշխատանքներն էին գնում` արդեն պատրաստվում էինք երրորդ արձանը տեղադրել, երբ ասացին, որ տնօրենը ինձ եւ բանվորներին վերեւ է կանչում: Մի փոքր անհանգստացա, սակայն երբ սենյակ մտանք, ճոխ սեղան էր գցված: Կոնյակ խմեցինք եւ նշեցինք արձանների տեղադրումը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ օրը շատ անհարմար վիճակի մեջ հայտնվեցի` այդ ժամանակ ընդունված էր պատվեր ստանալու դեպքում որոշ տոկոս պատվիրատուին հանձնել: Խնջույքից հետո խնդրեցի Օկոեւին կողքի սենյակ անցնել: Ձեռքս գրպանս տարա: Օկոեւը նայեց աչքերիս մեջ ու ասաց` «Յուրա, քեզ կարգին մարդու տեղ էի դրել, այդ ի՞նչ ես անում»: Մինչ օրս ամաչում եմ, երբ հիշում եմ այդ մասին:
Անցան տարիներ: Իր որդին արդեն ծննդատան տնօրենն էր եւ մի օր եկավ մոտս ու ասաց` «Շատ լավ էիք ճանաչում հորս, կցանկանայի, որ պատրաստեք նրա կիսանդրին»: Իրեն պատմեցի այդ պատմությունն ու ասացի, որ վերջապես եկել է երախտագիտությունս հայտնելու ժամանակը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Շատ հայտնի մարդկանց համար եմ աշխատել, սակայն ավագ Օկոեւի նման պատվիրատու չեմ ունեցել:
Արձանները ձուլված են բրոնզից: Թող գաղտնիք մնա, թե քանդակներն անելիս որպես բնորդ ումից եմ ոգեշնչվել: Ի դեպ, մի գաղտնիք եւս կար: Քանդակներից մեկում մայրն ու երեխան նստած են, իսկ մոր ոտքին աքլոր է: Սկզբնական տարբերակում աքլորի փոխարեն պետք է շուն լիներ: Այդ թաղի տղաները, բոլորը լավ երեւանցիներ, եկան ու խնդրեցին ինձ շուն քանդակել, իրենց ընկերներից մեկի` «Собак Սերյոժի» պատվին: Էսքիզը արեցի, բայց գեղարվեստական խորհուրդը որոշեց, որ աքլոր պետք է լինի:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ծննդատան միջանցքներից մեկում տեղադրվեց «Հիպոկրոտի երդումը» կոմպոզիցիան: Սակայն հիվանդանոցում կատարված ձեւափոխումներից հետո ինձ հայտնի չէ, թե որտեղ է այն տեղադրված:
Մանկաբարձ-գինեկոլոգ Լեւոն Հակոբյան
Մեր ինստիտուտի հիմնադիր Պարթեւ Մարգարյանը դաստիարակել է փայլուն մասնագետների մի ամբողջ սերունդ: 1930-ականներին այս շենքի մի թեւում գտնվում էր ծննդատուն, մյուսում՝ Կրուպսկաայի անվան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը: 1950թ-ին շենքը վերածվեց միասնական կառույցի:
Այստեղ եմ աշխատում 1974թ-ից: Տարիների ընթացքում կոլեկտիվը պարբերաբար փոփոխվում է, սակայն կան մարդիկ, որոնց հետ աշխատում գրեթե 40 տարի. մանկաբարձ-գինեկոլոգներ Մնացական Աբգարյանը, Լենա Իսրայելյանը, անեստեզիոլոգ Սերգեյ Բարսեղյանը: Չեմ կարող չհիշել Հայաստանի լավագույն վիրաբույժներից մեկին՝ Սերգեյ Մինասյանցին, ով, ցավոք, արդեն մեզ հետ չէ:
Այդ ժամանակ հնարավոր չէր որոշել երեխայի սեռը: Ասում էին, որ դա կարելի էր անել լսելով սրտի բաբախը, կամ դատելով մայրիկի փորի ձեւից, սակայն այդ մեթոդները երբեք հստակ չեն համարվել: Սեռի գաղտնիքը պահպանվում էր մինչեւ ծննդաբերություն եւ միշտ գեղեցիկ անակնկալ էր ծնողների համար: Միակ պատճառը, երբ կարելի է անհանգստանալ երեխայի սեռի համար, դա որոշ գենետիկ հիվանդություններն են, որոնք փոխանցվում են միայն մի սեռին:
Ինչ վերաբերում է բազմապտուղ հղիությանը, ապա երկվորյակների դեպքում մանկաբարձի համար ոչ մի դժվարություն չէր կազմում շոշափելով հաստատել երկու պտղի առկայության փաստը: Սակայն եռյակի դեպքում դա անել հնարավոր չէր:
1977թ-ին Անգլիայից բերվեց առաջին ուլտրաձայնային հետազոտության ապարատը եւ տեղադրվեց մեր ինստիտուտում: Իհարկե, որակով այն շատ էր տարբերվում այսօրվա ապարատներից, սակայն դա մեծ օգնություն էր՝ պտղի արատների հայտնաբերման հարցում:
Մինչեւ հղիությունը հայտնաբերող տեստերի ստեղծումը, հղիության առկայությունը նույնպես հաստատվում էր կնոջ մեզի միջոցով: Վերցվում էր ենթադրաբար հղի կնոջ մեզը եւ ներմաշկային ներարկվում էր էգ գորտին: Եթե 2 օրվա ընթացքում նրա ձվարանները ուռչում էին,դա նշանակում էր, որ կինն իրոք հղի է:
Խորհրդային տարիներին մեզ մոտ էին ծննդաբերում էին գրեթե բոլոր կուսակցական եւ պետական գործիչների կանայք ու դուստրերը:
Լուսանկարը` Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի արխիվից:
Նախկինում գործում էր սովետական սանիտարական համակարգը. ծննդատուն մտնում էր միայն ծննդաբերող կինը, հարազատները կարող էին տեսնել նրան եւ երեխային միայն դուրս գրվելուց հետո: 1989թ-ից սանիտարական համակարգը փոխվեց եւ սկսեցին թույլատրել այցելություններ: Դա Եվրոպայից եկած միտում էր, որը կիրառվում է առ այսօր: Ծննդատան մուտքը արգելվում է միայն մինչեւ 14 տարեկան երեխաներին՝ մանկական ինֆեկցիաները կանխելու նպատակով:
1994թ-ից սկսվեց կիրառվել baby-friend հասկացությունը: Երեխայի անմիջապես ծնվելուց հետո, նրան դնում են մայրիկի փորին, որտեղ նա մնում է մոտավորապես 30 րոպե: Նպատակը հետեւյալն է. երեխային փոխանցվում է մոր միկրոֆլորան, գենետիկ ինֆորմացիան,ինչը զգալիորեն նվազեցնում է նրա՝ ցանկացած մանկական ինֆեկցիայով վարակվելու վտանգը: Այնուհետեւ երեխան տեղափոխվում է մոր հետ պալատ եւ մշտապես մնում նրա կողքին: Այդպիսով,սահմանափակվում է շփումը այլ նորածինների հետ, ինչը նույնպես ավելի ապահով է երեխայի համար:
Նույն թվականից թույլատրվում է նաեւ հոր ներկայությունը ծննդաբերության ընթացքում: Չեմ կարծում, որ դա ճիշտ է, քանի որ ամբողջ գործընթացի ընթացքում տղամարդիկ գտնվում են սթրեսային իրավիճակում: Ֆանտաստիկ արդյունք ունենալու հետ մեկտեղ ծննդաբերության գործընթացը բավականին տգեղ տեսարան է` տղամարդը տեսնում է իր հարազատ մարդու տառապանքը եւ սկսում է ոչ ադեկվատ վարք ցուցադրել, հաճախ՝ ուշաթափություններով: Մենք էլ, թողնելով ծննդաբերող կնոջը, ստիպված ենք լինում առաջին օգնություն ցուցաբերել նրա ամուսնուն:
Մեկ ալ նրբություն էլ կա: Ծննդաբերությունից հետո կնոջ ուղեղում սկսվում են արտադրվել էնդորֆիններ եւ այլ օպիատներ, որոնք հայտնի են նաեւ որպես «ուրախության հորմոններ»: Այդ հորմոնների շնորհիվ կինը մոռանում է իր բոլոր տառապանքների, ցավերի եւ տհաճ իրավիճակների մասին: Բնականաբար, տղամարդու մոտ նման հորմոններ չեն արտադրվում, եւ նա չի կարող մոռանալ ծննդաբերության տեսարանը: Դա ենթագիտակցաբար իր ազդեցությունն է թողնում եւ նույնիսկ կարող է որոշակի կերպով փոխել տղամարդու վերաբերմունքը՝ սեփական կնոջ նկատմամբ:
Մեր ինստիտուտը առաջինն է Հայաստանում, որտեղ սկսեցին իրականացնել արտամարմնային բեղմնավորում: Ֆրանսիացի մասնագետների հետ համագործակցելու շնորհիվ 2003 թ-ին ունեցանք առաջին հաջողությունները՝ գրանցվեց 2 հղիություն, որոնք 2004 թ-ին ավարտվեցին բարեհաջող ծննդաբերություններով: Ծնվեց եռյակ՝ երկու աղջիկ եւ տղա, եւ մեկ աղջիկ:
Մարդ է ծնվում …
29 նոյեմբերի 1987 թ.
Խորհրդային Հայաստան
Ռիտա Շառոյան
Բակում տարեց մի կին ծաղիկներ է վաճառում: Տղամարդիկ վարդեր են գնում կարծես իրենք իրենց նվիրելու համար, հետո թաքուն, տղամարդկային ուրախությամբ, նայում պատուհաններից ժպտացող իրենց կանանց ու շշուկով (հանկարծ կողքինը չլսի՞) հարցնում.
-Ո՞նց ես:
Եվ կանանցից յուրաքանչյուրը, նույնպես չուզենալով, որ մեկն ու մեկը լսի` ասում է:
-Քեզ է նման:
… Կլինիկայում այնքան շատ է ճերմակությունը, ասես տաք ձմեռ լինի: Բոլորին համակած ներքին զգացումը նկարագրելու համար թվում է բառերը սպառվել են, ավելի ճիշտ` մաշվել… Թող այդ զգացումը այդպես էլ կոչվի` անանուն եւ անպարփակ:
Պստիկ տղա, դու որ հիսուն սանտիմետր հասակ ունես եւ երեք կիլոգրամ քաշ, եւ քո անունը ուսանողուհի մայրիկդ ի պատիվ պապիդ Արտավազդ կդնի, օրերից մի օր, վերջին դասաժամի ավարտն ազդարարող զանգից հետո, դպրոցի շեմից քեզ փողոց կգցես, պայուսակով կխփես ընկերոջդ, անզգուշորեն կկպչես գուցե հենց ինձ, ներողություն կխնդրես: Վերջապես, ո՞վ ես դու, մատնաչափիկ տղա, դեռ անուն ու բնավորություն չունեցող տղա, գուցե դու այն մարդն ես, որը տարիներ անց ինձ ավտոբուսով ամեն օր աշխատանքի կտանի կամ…կամ նա ես, որ գլուխը գիշերն ի լույս գրասեղանին հակած գրքեր կգրի, կամ գուցե դու այն անհատն ես լինելու, որին բոլոր ժամանակներում սպասում է ժողովուրդը: Իսկ այս պահին հերթապահ բուժքույրը հաշվառման մատյանում գրանցում է քո` այսօրվա վեցերորդ տղայի ծնունդը:
-Մայրերն ասես խոսքերը մեկ են արել, ախր, էս տղաներին հարսնացուներ են պետք, չէ՞,- կատակում է մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի գլխավոր բժիշկ Լենա Իսրայելյանը, սակայն դեմքին լարվածություն կա դեռ:
-Օրը 8-10 երեխա է ծնվում մեր կլինիկայում, շարունակում է նա, -եւ հավատացեք, ասես բոլորի հետ ես էլ տանում եմ մայրացման ցավը, դրան ավելացրած այն մեծ պատասխանատվությունը, որ ունենում եմ թե մոր, թե երեխայի կյանքի համար:
Բժշկի համար երբեք չի կարող սովորական լինել մարդու ծնունդը…
- Այո, ծնվում են քաղաքներ, գաղափարներ, տիեզերանավեր… բայց ամենահրաշալին մարդու ծնունդն է, քո երկրին նոր քաղաքացու ծնունդը, - ավելացնում է ինստիտուտի գիտական գծով դիրեկտորի տեղակալ Գայանե Դոլյանը: Ես ամեն օր ականատես եմ լինում այդ հրաշքին եւ ամեն անգամ ասես առաջին անգամ եմ նորածնի ճիչ լսում:
Կերակրման ժամերն ամենացանկալին են ինստիտուտ-հիվանդանոցի մեծ ու փոքր «բնակիչների» համար: Ինչ հանդիսավոր է ընթանում հսկայական թվացող մանկասայլակը` աստիճանաբար կրճատելով մայրերի եւ նորածինների միջեւ եղած տարածությունը: Երեխաների մի չափսի ու մի գույնի, կապտաճերմակ խանձարուրների մեջ` դեռ չբացված ձնածաղիկներ, ագահորեն վայելում են մայրական կաթը եւ նրանց համար այս պահըն աշխարհում ամեն ինչի սկիզբն է` սիրո, երջանկության, բարու… Ես մտաբերում եմ Թոթովենցի` այս պահին շատ ներդաշնակ տողերը. «Տուր թախիծդ ինձ, մանուկ իմ, երգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարուն իմ ցնծագին… Վազիր բաց ու կանաչ դաշտերում, իմ եղնիկ թեթեւասույր, սուրա փրփրադեզ ալիքների վրա, ժպտա ինձնից ծծած կաթի մաքրությամբ, ջերմագին է աշխարհը, իմ զավակ, իմ ծառ երկնասլաց, իմ խնդություն, իմ սեր…»:
Լուսանկարը` Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի արխիվից:
Ինստիտուտում գործում են տարբեր բաժանմունքներ, որտեղ ընդունվում են մեծահասակ առաջնածիններ, զանազան գինեկոլոգիական խանգարումներ ունեցող կանայք, տեղադրված են նորագույն բարդ բուժսարքավորումներ` ծննդաբերողին ինտենսիվ բուժօգնություն ցույց տալու համար: Այստեղ կարեւոր գիտահետազոտական աշխատանքներ են տարվում, տարբեր բարդ հետազոտություններ:
-Մեր առջեւ ծառացած եւ ամենակարճ ժամկետում լուծում պահանջող պրոբլեմը գենետիկ լաբորատորիայի ստեղծումն է, -ասում է ինստիտուտի դիրեկտոր, բժշկական գիտությունների թեկնածու Գ. Օկոեւը: Կենտրոնը կա` նորագույն սարքավորումներով, կադրերը` նույնպես, բայց աշխատանքային պայմանները վատ են, մի փոքրիկ սենյակում տասներկու հոգով, պարզապես անհնար է լաբորատոր բարդ հետազոտություններ կատարել, վաղաժամ հայտնաբերել ժառանգական հիվանդությունները, պտղի սեռը, առողջական վիճակը եւ այլն: Հարցեր, որոնցով պայմանավորված է ապագային առողջ սերունդ պարգեւելու մեր նվիրական առաքելությունը:
… Իսկ բակից պատուհաններին սիրով ու գորովանքով նայում են հայրերը: Նրանց մեջ կան երիտասարդներ, որ մի քանի ժամ առաջ են հայր դարձել եւ այս օրորվ սկսել սեփական տոհմի պատմությունը: Կան, որոնց նորածինները չորրորդ, հինգերորդ երեխան է… Այստեղ է ալաշկերտցի Հայկազուն պապիկը, որն եկել է ողջունելու իր վերածնված գերդաստանի 41-րդ անդամ ծնունդը…
Հայրերը, ովքե՞ր են նրանք` մետրոշինարար եւ գիտնական, ուսուցիչ ու վարորդ, արվեստագետ ու փականագործ … Նրանք երկրի բնակիչներն են եւ բոլոր մասնագիտություններից վեր թեւածում է հպարտ ու երջանիկ կոչումը` հայրություն:
Նրանք երկրի կառուցողներն ու պահապաններն են, եւ յուրաքանչյուր նոր երեխայի ծնունդով ավելի է բարձրանում մարդու պատասխանատվությունը երկրի բարօրության եւ ճակատագրի համար: Հետաքրքիր է, քանի՞ երեխա է այսօր ծնվել մեր հին ու արդար հողի վրա: Այդ թիվն իմանալուց հետո դժվար չէ գուշակել, թե աշխարհի մեր փոքրիկ հատվածում որքան սեր ու երջանկություն է ավելացել մեկ օրվա մեջ …
Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Դավիթ Ալավերդյանը, Կարեն Անտոնյանը, Արմինե Մելքոնյանը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Արսեն Կարապետյանին, Ռաֆայել Ղազարյանին (Հայաստանի Ազգային գրադարան), Խորեն Լեւոնյանին (Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիա), Հակոբ Սիմոնյանին եւ Հասմիկ Կարապետյանին (Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն),
Նախագծի գլխավոր գործընկերն ԱրմենՏել ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: