Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսներն» են «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրը ու Հանրապետության հրապարակից մինչեւ Շահումյան հրապարակ ընկած հատվածը, որը նախկինում «Բուլվար» էին անվանում: Շատրվանային համալիրը բոլորովին վերջերս է նորոգվել` Երեւանի քաղաքապետարանի ու «Հայբիզնեսբանկի» համատեղ ջանքերով:
1968թ. հոկտեմբերին Հայաստանում մեծ շուքով նշեցին Էրեբունիի հիմնադրման 2750-ամյակը: Այսօր քչերն են պատկերացնում, թե որքան դժվար էր համոզել Մոսկվային` թույլ տալ նման տոնակատարությունների անցկացումը: Արդեն նշվել էին Մոսկվայի հիմնադրման 800-ամյակը եւ Լենինգրադի հիմնադրման 250-ամյակը ու ԽՍՀՄ որոշ ղեկավարներին այնքան էլ չէր հրապուրում այդ ցանկում Երեւանը տեսնելու հեռանկարը, մանավանդ, որ վերջինս «Հեղափոխության օրրանից» «տարիքով» էր ավելի քան 10 անգամ, իսկ Մոսկվայից` գրեթե 3 անգամ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Սակայն Կոնստանտին Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված հայտնի քարի առկայությունը անժխտելի էր դարձնում այն փաստը, որ Երեւանն իսկապես Էրեբունու «իրավահաջորդն է» եւ իրավունք ունի նշելու իր 2750 ամյակը:
[context1]
Ի վերջո, Խորհրդային Հայաստանի ղեկավարության հաջողվեց համոզել Մոսկվային ու Էրեբունի-Երեւանի 2750-ամյակը նշվեց մեծ շուքով:
«Երեկոյան Երեւան» թերթի`1968 թ. հոկտեմբերի 18-ի առաջին էջը:
Ինչ վերաբերվում է բուն «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրին, ապա այն եւս դժվար էր հաստատել: Ասում էին, որ չափազանց ծախսատար նախագիծ է, եւ մտահղացման հեղինակներին պետք էր ծանրակշիռ փաստարկներ գտնել` նախագիծը հիմնավորելու համար:
Եվ այդպիսի փաստարկ գտնվեց. ապացուցվեց, որ բացի գեղագիտական կողմից, շատրվանները նաեւ պրակտիկ կիրառում կստանան` դրանք շահագործելու համար կօգտագործվեն գրունտային ջրերը, որոնք այդ թաղամասում հողի մակերեսին բավական մոտ են հոսում ու առաջին հարկերում բնակվողների բնակարանների մշտական խոնավության աղբյուր հանդիսանում:
Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը` շատրվանների պաշտոնական բացումից մեկ օր առաջ` 1968թ. հոկտեմբերի 22-ին:
Լուսանկարը` Ռ. Հասրաթյանի արխիվից:
Պատմում են, որ նախնական նախագծով սալիկները, որոնց վրա տեղադրված են խողովակները, պետք է բազալտից պատրաստվեին: Սակայն այդ մտահղացումը այդպես էլ կյանքի չկոչվեց եւ խողովակները ամրացվեցին սովորական բետոնե սալիկների վրա:
Հատված «Երեւանյան էսքիզներ» (1968) ֆիլմից` տրամադրված Հեռուստաֆիլմերի «Երեւան ստուդիայի կողմից»:
Առյուծներ` Լենինին «վախեցնելու» համար
Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը պատմում է, որ երբ նախագծվեց «Էրեբունի» թանգարանում պահվող ուրարտական սեպագրով քարի կրկնօրինակը, այն պետք շատրվանների հարեւանությամբ տեղադրվելիք հուշարձանի մաս դառնար: Այդ հուշարձանը եւս նվիրված էր Էրեբունի-Երեւանի 2750-ամյակին, նախագծի հեղինակը Հովհաննես Հակոբյանն էր:
Նախագծի համաձայն, հուշարձանի տակ պետք է երկու առյուծներ լինեին, որոնք «կպահեին» քարը: Երբ այդ հարցը քննարկվում էր, պաշտոնյաներից մեկը կատակեց. «Առյուծները Լենինին վախեցնելու համար ե՞ն դրվում»:
Ի վերջո, առյուծները այդպես էլ չստեղծվեցին, քարն էլ չդրվեց շատրվանների հարեւանությամբ:
Ճարտարապետ Էդուարդ Սաֆարյան` Լիպարիտ Սադոյանը մեր լավագույն ճարտարապետներից մեկն էր
Լիպարիտ Սադոյանը մեր լավագույն ճարտարապետներից մեկն էր: Նա աշխատում էր «Հայպետնախագիծ» ինստիտուտում, իսկ երբ 1958 թվականին կազմավորվեց «Երեւաննախագիծ» ինստիտուտը, տեղափոխվեց այնտեղ:
Հատված «Հայրիկ» (1980) ֆիլմից, ռեժ. Հենրիկ Մալյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:
Շատրվաններ տեղադրելու գաղափարը Հայկական ՍՍՀ կառավարությանն էր պատկանում` քանի որ պետք է տոնեինք Էրեբունի-Երեւանի 2750-ամյակը, որոշվեց, որ այդ առիթով պետք է մնայուն մի բան կառուցվի: «Երեւաննախագիծ» ինստիտուտը ստացավ այդ պատվերն ու հանձնարարեց Լիպարիտին:
[context2]
Երեւանին նվիրված մարդ ու ճարտարապետ
Շատերն են Լիպարիտ Սադոյանին հիշում որպես Երեւանին նվիրված մարդու եւ տաղանդավոր ճարտարապետի: Մեծ էր քաղաքը գեղեցկացնելու նրա ցանկությունը:
Երբ Գլխավոր (այսօրվա` Մաշտոցի պողոտա) պողոտայում հանվեցին տրամվայի գծերը, նրա առաջարկով ողջ Գլխավոր պողոտայի, իսկ ավելի ուշ`Սայաթ-Նովա փողոցի կենտրոնական առանցքով տեղադրվեցին գնդաձեւ լուսարձակներ, իսկ անցումները լուսավորվում էին` մայթեզրերի տակից: Դա շատ գեղեցիկ էր, նորաձեւ ու հարմարավետ:
Մեծ էր նաեւ Լիպարիտ Սադոյանի եւ նրա տիկնոջ`Ալեքսանդրա Երեմյանի ավանդը հնագույն ճարտարապետական նմուշների ուսումնասիրության եւ պահպանման գործում: Լիպարիտ Սադոյանին են պատկանում Զվարթնոց տաճարի կոնսերվացման եւ տարածքի բարեկարգման նախագծերը, հայկական ճարտարապետության հուշարձանների չափման եւ վերականգման նախագիծը: Իսկ Ալեքսանդրա Երեմյանի «Հռիփսիմեի վանքը» գիրքը հրաշալի է ներկայացնում վանքի պատմությունը:
Սբ. Նիկոլայի եկեղեցուց մինչեւ Շահումյանի անվան բուլվար ու անմար կրակ
Այսօր քչերը գիտեն այն մասին, որ նախկինում այն վայրը, որտեղ այսօր շատրվաններն են, կոչվում էր «Շահումյանի անվան բուլվար», կամ էլ պարզապես` Բուլվար: Քչերին է հայտնի նաեւ այն փաստը, որ նախկինում Շահումյանի արձանի վայրում տեղակայված էր ռուսական Սբ. Նիկոլայի եկեղեցին:
Լուսանկարը` Է.Ավագյանի «Երեւանյան խճանկար» գրքից:
Այդ եկեցեցին երկու խորան ուներ. մեկը`Ռուս ուղղափառ հավատացյալների, մյուսը`Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների համար: Սբ. Նիկոլայի եկեղեցին քանդեցին 20-ականների վերջին` հին Երեւանի մի քանի այլ եկեղեցիների հետ միասին:
Եկեղեցուն փոխարինելու եկավ «աննկուն հեղափոխական» Ստեփան Շահումյանի արձանը, որը տեղադրվեց 1931 թվականին եւ առայսօր համարվում է Հայաստանի լավագույն արձաններից մեկը: Նրա հեղինակն է հանրաճանաչ Սերգեյ Մերկուրովը:
Լուսանկարը` Դ. Սմիրնովի, “Երեւան” ֆոտոալբոմ, “Պրոգրես”, Մոսկվա:
Իսկ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար զոհվածներից նվիրված հուշարձանը («Հավերժական կրակ») Շահումյանի անվան զբոսայգում տեղադրվեց 1960 թվականին` դառնալով հավերժական կրակով առաջին հուշարձանը Հայաստանում: Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Էդուարդ Սարապյանն ու նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:
Որտե՞ղ էր «Ֆանտազիա» կինոթատրոնը
Բուլվար ասելով՝ երեւանցիներն ի նկատի ունեին քաղաքի կենտրոնական զբոսայգին: Բուլվարը եղել է երեւանցիների հանգստի վայր եւ զբաղեցրել ներկայիս Հանրապետության եւ Ստ. Շահումյանի հրապարակները միացնող տարածքը:
20-րդ դարի սկզբներին այստեղ էր գտնվում «Ֆանտազիա» կինոթատրոնը, իսկ հարավային մասում` ռուսական Սբ. Նիկոլայ եկեղեցին։ Բուլվարի աջ եւ ձախ կողմերը ծառայել են որպես կառքերի կայաններ։
Ամառային շոգ ու տոթ ամիսներին պուրակի սաղարթախիտ ծառերի տակ զբոսնում էին քաղաքացիները, որոնց ականջին անընդհատ հնչում էին մանկահասակ ջրավաճառ տղաների կանչերը՝ «ջուր եմ ծախում, սառը ջուր»:
Դրանք այն պատանիներն էին, որոնք կուժն ու կուլաները ձեռքներին շրջում էին բուլվարով ու սառը ջուր առաջարկում այգում հանգստացողներին: 1970 թվականին այգու դիմաց կանգնեցվեց Երեւանի ամենափոքր արձանը՝ «Ջուր ծախող տղան» (քանդակագործ Հովհաննես Բեջանյան, ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյան):
«Ջրային կառույցներ» ՓԲԸ տնօրեն Միքայել Վարդանյան` շատրվանները 1968թ.-ից առ այսօր կապիտալ չէին վերանորոգվել
Շատրվանային համալիրը 1968թ.-ից առ այսօր կապիտալ չէր վերանորոգվել: Պոմպերը աշխատում էին 1968-ից, իսկ համալիրի մնացած մասերը՝ խողովակաշարը, բետոնային հատվածը, սալիկները, մի քանի անգամ «կոսմետիկ» վերանորոգման էին ենթարկվել:
Համալիրը գտնվում էր սարսափելի վատթար վիճակում: Երբ շինարարները սկսեցին վերականգման աշխատանքները, տեսան, որ համալիրի բետոնային հատվածն ամբողջությամբ քայքայված էր: Եթե այս տարի Քաղաքապետարանի եւ
Հայբիզնեսբանկի համագործակցության արդյունքում վերականգման աշխատանքներ չարվեին, ապա, ամենայն հավանականությամբ, այս տարի չէինք կարողանա շահագործել շատրվանները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերականգման աշխատանքների ընթացքում փոխվեց 3 000 գծամետր խողովակ, նոր բետոնային հատված կառուցվեց, տեղադրվեցին նոր սալիկներ:
Սովորաբար մեր քաղաքում շատրվանների շահագործումը սկսվում է մայիսի 1-ից եւ տեւում է մինչեւ նոյեմբերի 1-ը: Սակայն այս տարի «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալրը, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակի շատրվաններն ու Կարապի լիճ շահագործման հանձնվեցին ապրիլի 15-ին:
1968 թվականին ինչպես էին պատկերացնում 2018թ. Երեւանը
1968 թվականի հոկտեմբերի 19-ին «Ավանգարդ» թերթը «Երեւան-2018 թիվ» «ֆուտուրիստական» հոդված տպագրեց: Կարդացեք ու ինքնուրույն գնահատեք հեղինակի մտքի թռիչքը:
Ուրեմն այսպես, ես բնավ էլ չեմ զարմանում, երբ նկատում եմ, որ իմ օրացույցի հերթական թերթիկի վրա գրված է ՝ 2018 թվական, հոկտեմբեր…Ես նոր եմ տուն եկել եւ միացնում եմ հեռախոսի ձայնարկիչը. «Մի քանի անգամ զանգահարեցի, տանը չէիր: Երեկոյան 8-ին կսպասեմ «Սանասար-Բաղդասար» սրճարանում»: Ընկերս է, որը եկել է Իտալիայից ու տեսնում եք, թե ի սեր ինձ, ինչպես է հայերեն խոսում: Ութից տասնհինգ է պակաս, «Սանասար-Բաղդասարը» գտնվում է Երեւանյան ծովի հատակին: Կհասցնե՞մ, արդյոք թե մեքենայով գնամ, ավելի վատ: Մի՞թե երեկոյան ժամերին հնարավոր է մեր քաղաքի փողոցներում արագ սլանալ: Այնքան են շատացել այս ավտոմեքենաները, որ չգիտես մարդկանց թշնամի, թե բարեկամ համարես: Կամ էլ շարժվող մայթերը, տրանսպորտի այս ձեւը, որը նոր է մուտք գործել: Չէ, նրանք էլ ինձ ժամանակին տեղ չեն հասցնի: Ամենից նպատակահարմարը մետրոն է: Մետրոյի «Արգիշտի» կայարանը հենց մեր տան մոտ է: Նստում եմ ու սլանում առաջ: «Բաց թանգարան» կայարանում իջնում եմ եւ գետնուղով սրճարան վազում: Ընկերոջս հետ մի քիչ պարում ենք, սուրճ խմում ու դուրս գալիս: Մի քիչ զբոսնում ենք լճի վրա հանրակառքով, հետո տանտիրոջ հպարտությամբ ընկերոջս առաջարկում եմ գնալ բաց թանգարան: Մտնում ենք ջրաղաց, հետո տեսնում, թե ինչպես են լավաշ թխում թոնրի մեջ, հետո թարմ լավաշով թանգարանի հին տներից մեկում խորոված ենք ուտում, որպես հիշատակ լուսանկարվում ենք խաչքարերի մոտ:
Հանկարծ հիշում եմ, որ ռեժիսոր բարեկամս հրավիրել է դիտել իր նոր կինոնկարը՝ «Սասունցի Դավիթը»: Նստում ենք ուղղաթիռ-տաքսին եւ երկու րոպեից հետ «Ուրարտու» կինոթատրոնի մոտ ենք: Հոյակապ կինոնկար է ստացվել: Իտալացին հարցնում է. «Ինչո՞ւ այսքան ուշացումով է ծնվել այս փառահեղ նկարը»: Ռեժիսոր բարեկամս ժպտում է. «Հանգամանքներ կային»: Հասկանում ենք իրար:
- Բարի գիշեր:
- Բարի գիշեր:
- Վաղը կիրակի է, կհանդիպենք առավոտյան:
Երբ տուն եմ գալիս, հեռախոսի ձայնարկիչը անմիջապես ասում է, որ ես վաղը հրավիրված եմ Հարսանյաց հանդեսի՝ Նորապսակների պալատում, նաեւ Հրազդանի ձորում՝ որսի: Ո՞ւր գնամ լավ, առավոտյան կորոշեմ: Առավոտյան հրաժարվում եմ որսից, գալիս է իտալացին «Բարի լույս» ասում եմ՝ «Բարի լույս» ու գնում ենք բակ, նստում եմ երկնագույն «Երազը» ու սլանում Հյուսիսային պողոտայով, հասնում Սարալանջ: Մեքենան թողնում ենք փողոցում, շարժասանդուղքով վեր բարձրանում: «Երջանկություն» սրահում երգում, պարում են երիտասարդները, խմում հայոց եռեփ գինի, հետո միասին անցնում ենք համերգասրահ: Թամադան, որ թունդ ֆուտբոլասեր է, առաջարկում է գնալ Հանրապետական մարզադաշտ: «Արարատը» հետաքրքիր խաղ ունի: Առաջին տեղի հարցն է վճռվում: Ճոպանուղին սկզբից մեզ հասցնում է մարզական պալատի մոտ, որը լավագույններից մեկն է մեր Միությունում, հոտ գետնուղիով գնում ենք մարզադաշտ: 70 հազար մարդ մեծ տոնախմբություն է անում «Արարատի» հաղթանակի պատվին: Իսկ մի քանի հազար մարդ էլ ի վիճակի չի եղել մարզադաշտ մտնել, ուստի ուրախանում է Հրազդանի ձորի Հանգստյան գոտում:
Քաղաքի վրա իջնում է աստղաշատ երեկոն: Որոշում ենք ոտքով քայլել: Հիշում եք, մի ժամանակ հանքային ջրերի խանութ կար հրապարակի մոտ: Այ, քայլում ենք այդտեղ բաղված հյուսիսային լայն ու լուսավոր պողոտայով, հիանում 15-25 հարկանի շենքերով, Հրապարակի մարմարապատ հատակով, մեծ ու հոյակապ սրճարաններով: Ընկերս երկար կանգնում է Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: «Հիանալի գործ է»: Հարավային պողոտայով հասնում ենք «Կոմիտաս» համերգասրահ: Ցանկանում ենք ներս մտնել, տոմս չկա: Ինչ անենք: Օգնության է գալիս ընկերոջս արտասահմանցի լինելը: Երկու ժամ դահլիճում ապրում ենք մի անասելի հաճույք, հմայք:
Եվ քանի որ ընկերս մյուս օրը պիտի Հռոմ թռչի, առավոտ շուտ գնում ենք Նորքի զանգվածները, տեսնում ենք 7-րդ զանգվածում կառուցված հսկա կինոթատրոնի շենքը, փոստի մեծ շենքը, մեծ համերգասրահը, մեծ կամուրջը, կտրում անցնում Ավանի ձորը, հասնում Զեյթուն, հիանում նորակառույցներով, ավանի ձորում ծփացող լճով, ապա մեկնում ենք օդանավակայան:
- Ուշադրություն, ուշադրություն, Հռոմ մեկնող ուղեւորներին խնդրվում է անցնել թռիչքի, - լսում ենք հաղորդավարի ձայնը եւ մի քանի րոպե անց Երեւան-Հռոմ ինքնաթիռը օդ է բարձրանում:
Վ. Հարությունյան
Հատված «Խոշոր շահում» (1980) ֆիլմից, ռեժ. Ալբերտ Մկրտչյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:
Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Դավիթ Ալավերդյանը, Կարեն Անտոնյանը, Արմինե Մելքոնյանը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Ռուբեն Հասրաթյանին, Զառա Մամյանին, Ղազարյանին (Հայաստանի Ազգային գրադարան), Խորեն Լեւոնյանին (Հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիա), Գեւորգ Գեւորգյանին եւ Սաթենիկ Ստեփանյանին (Հայաստանի Ազգային կինոկենտրոն):
Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: