Գրքերի պալատ` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
38646 դիտում

Գրքերի պալատ` կենդանի պատմություն


Լուսանկարը` հեղինակն անհայտ է

Մազմանյանն ու Մարգարյանը՝ իրենց նախագծի ֆոնին
Մազմանյանն ու Մարգարյանը՝ իրենց նախագծի ֆոնին

Լուսանկարը` Մ. Մազմանյանի ընտանիքի արխիվից

Լուսանկարը` հեղինակն անհայտ է

Մազմանյանի եւ Մարգարյանի նախագիծը
Մազմանյանի եւ Մարգարյանի նախագիծը

Լուսանկարը` Մ. Մազմանյանի ընտանիքի արխիվից

Լուսանկարը` Մ. Մազմանյանի ընտանիքի արխիվից

Միքայել Մազմանյանի էսքիզը
Միքայել Մազմանյանի էսքիզը

Լուսանկարը` Մ. Մազմանյանի ընտանիքի արխիվից

Միքայել Մազմանյանի էսքիզը
Միքայել Մազմանյանի էսքիզը

Լուսանկարը` Մ. Մազմանյանի ընտանիքի արխիվից

Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանը
Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեմյոն Պենի նախագծած Մամուլի շենքը Կազանում
Սեմյոն Պենի նախագծած Մամուլի շենքը Կազանում

Լուսանկարը` հեղինակն անհայտ է

Սեմյոն Պենի նախագծած Մամուլի շենքը Բաքվում
Սեմյոն Պենի նախագծած Մամուլի շենքը Բաքվում

Լուսանկարը` հեղինակն անհայտ է

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից

Լուսանկարը` Ֆ. Հակոբյանի արխիվից


Գրքերի կամ Մամուլի պալատի շենքը նախագծվել է 1934-1935 թվականներին՝ Միքայել Մազմանյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից:

Այն գտնվում է Տերյան, Կիրով, Քոչար, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասում:

Շինարարությունը մեկնարկել է 1936 թվականին: Առաջին հերթին, 1940 թվականին, ավարտվեց Տերյան փողոցի կողմի մասը, որը Կիրովի (Կորյունի) փողոցի կողմից սկսվում է սյունաշարով:

Տպարանը ստեղծվել է 1948-ի դեկտեմբերի 1-ին` «Գրքերի տուն» անվամբ: 1950-ին վերանվանվել է «Պոլիգրաֆ կոմբինատ», 1967-ին կրկին վերանվանվել է «Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆ կոմբինատ»: Ներկայում տպարանը կոչվում է «Հակոբ Մեղապարտ տպագրատուն» փակ բաժնետիրական ընկերություն:

Մազմանյանն ու Մարգարյանը՝ իրենց նախագծի ֆոնին Մազմանյանն ու Մարգարյանը՝ իրենց նախագծի ֆոնին

Լուսանկարը` Մ. Մազմանյանի ընտանիքի արխիվից


Ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանը պատմում է, որ 1935 թվականին հայտարարված մրցույթին ներկայացված էր երկու նախագիծ` ճարտարապետներ Միքայել Մազմանյանի եւ Հովհաննես Մարգարյանի ու ճարտարապետ Սեմյոն Պենի: Նախապատվությունը տրվեց առաջին խմբի նախագծին:
Սեմյոն Պենի նախագծած Մամուլի շենքը Բաքվում Սեմյոն Պենի նախագծած Մամուլի շենքը Բաքվում

Լուսանկարը` հեղինակն անհայտ է


Հետաքրքիր է, որ 1930-ականների սկզբին Սեմյոն Պենի նախագծով Մամուլի շենքեր էին կառուցվել Բաքվում եւ Կազանում: Երեւանի Գրքերի պալատի Սեմյոն Պենի նախագիծը մեզ գտնել չհաջողվեց, սակայն, դատելով Բաքվի եւ Կազանի կառույցներից, կարող ենք ենթադրել, որ այն եւս կոնստրուկտիվիզմի ոճով էր արված:
Սեմյոն Պենի նախագծած Մամուլի շենքը Կազանում Սեմյոն Պենի նախագծած Մամուլի շենքը Կազանում

Լուսանկարը` հեղինակն անհայտ է


Մրցույթի կազմակերպիչների մտահղացման համաձայն, Մամուլի պալատում պետք է կենտրոնացվեին պոլիգրաֆիական գործին առնչվող բոլոր հիմնարկները, մեծ դահլիճը, գրադարանը, ինչպես նաեւ գրողների ստեղծագործական արվեստանոցները: Իսահակյան փողոցի հատվածում տեղակայված հատվածը կառուցված է 1960 թվականին` Մ. Մազմանյանի, Հ. Մարգարյանի եւ Ս. Ներսիսյանի նախագծով:

Նախնական մտահղացմամբ, շենքի կենտրոնական մուտքը նախատեսված էր Կիրովի փողոցում, հանդիսավոր սյունաշարով եւ բակի միջով իրականացնում էր տարբեր հիմնարկությունների փոխադարձ կապը: Սակայն սկզբնական նախագծին համապատասխան կառուցվել է միայն շենքի Տերյան փողոցի մասը:

Լուսանկարը` հեղինակն անհայտ է


Լոլա Դոլուխանյանն ասում է, որ Գրքերի պալատը հանդիսանում է սովետահայ ճարտարապետության 30-ական թվականների սկզբի անցման շրջանի բնորոշ օրինակներից, երբ ճարտարապետության նոր արժեքների ստեղծման ճանապարհին հաստատվում էր պատմական ճարտարապետության յուրացման ուղղությունը:
Մազմանյանի եւ Մարգարյանի նախագիծը Մազմանյանի եւ Մարգարյանի նախագիծը

Լուսանկարը` Մ. Մազմանյանի ընտանիքի արխիվից


Երեւանի դրամատիկական թատրոնի շենքը տեղավորված է պոլիգրաֆիստների ակումբում: Թատրոնը կազմակերպվել է 1967 թվականին, որպես հայկական թատերական ընկերության թատրոն-ստուդիա ԽՍՀՄ ժողովրդական դերասան Հրաչյա Ղափլանյանի ղեկավարությամբ: Թատրոնի պաշտոնական բացումը կայացել է 1969 թվականին՝ «Անուշ» ներկայացմամբ:

Պատմում է «Հակոբ Մեղապարտ տպագրատան» գլխավոր տնօրեն Բագրատ Քեռյանը

1962 թվականին ավարտել եմ դպրոցն ու աշխատանքի անցել այս շենքում: Սկզբում աշխատել եմ որպես տպագրիչի աշակերտ, ապա՝ տպագրիչ:

Տարիների ընթացքում դարձել եմ արտադրության պետ, իսկ 1988-ին ընտրվել եմ տպագրատան տնօրեն: 1999-ին շենքը սեփականաշնորհել ենք, եւ շարունակում եմ աշխատել այստեղ:

Մանկությունս անցել է այս շենքի տարածքում՝ մենք ապրում էինք հարեւանությամբ: Շենքի բակում փոքր ավազան կար, որը պահպանվել է մինչ այսօր: Բակի չարաճճի երեխաներով գալիս ու նետվում էինք ջուրը: Ավազանը տպարանի պարտադիր պահանջներից էր. թվում էր, թե դեկորատիվ բնույթ ունի, բայց իրական նպատակը հրդեհի դեպքում լրացուցիչ ջրի պաշար ունենալն էր:

Ավազանի մեջտեղում տեղադրված էր Երվանդ Քոչարի «Ալեգորիա» (Բանվորը եւ կոլտնտեսականը) քանդակը: Տասնամյակներ առաջ շենքի բակը բաց էր, եւ մարդիկ արձանը տեսնելու հնարավորություն ունեին, հետո, կառուցվեց բաձրահարկ շենք, որը փակեց տեսադաշտը, եւ մարդիկ զրկվեցին արձանը տեսնելու եւ հիանալու հնարավորությունից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բակում վոլեյբոլի դաշտ ունեինք, ընդմիջման ժամանակ խաղում էինք: Ժամանակին այս շենքում 600 մարդ է աշխատել: Ներկայիս «Հակոբ Մեղապարտ տպագրատունը» Հայաստանի ամենամեծ տպարանն էր, որն ապահովում էր հանրապետության պոլիգրաֆիական արտադրության 50 տոկոսից ավելին: Օրական նվազագույնը 20 հազար տպաքանակով գիրք էր արտադրվում:

«Պլանը կատարելը» շատ կարեւոր էր՝ մեր արտադրական ձեռնարկությունն ամենամեծն էր Մյասնիկյանի շրջանում, եւ եթե գոնե մեկ տոկոսով թերանայինք պլանի կատարումից, մեծ խնդիր էր դառնալու բոլորիս համար:

Ամեն գրքի ծնունդը մեզ համար երեխայի ծննդի էր նման: Ուրախանում էիք ու իսկական տոն ապրում՝ մարդիկ գրքի արժեքը հասկանում էին ու գնահատում: Երբ գիրք էր տպագրվում, միանգամից երկու օրինակ էին գնում՝ մեկը կարդալու, իսկ մյուսը նվիրելու համար, չէ՞ որ գիրքը լավագույն նվերն էր համարվում:

Այս շենքի մասին խոսելիս չեմ կարող չնշել, որ այստեղ աշխատել է Եղիշե Չարենցը՝ 1929-1935 թթ.:

Տարիներ առաջ Հրաչյա Թամրազյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր տեղեկատվության նախարարի պաշտոնը, ինձ կանչեց ու ասաց թե ուզում է Չարենցի հուշատախտակ դնենք շենքի վրա: Կարճ ժամանակում գտանք եւ բերեցինք քարը, ծանոթ վարպետը եկավ ու տեղում փորագրեց քարի վրա: Հետո ամբողջ խմբով նայում եւ հիանում էինք, որ արեցինք այդ գործը:

Լուսանկարը` Մեդիամաքս


1994 թվականի աշունն էր: Ինչպես ամբողջ երկիրը՝ գազամատակարարումից ու կանոնավոր հոսանքից զրկված էինք, իսկ առջեւում ձմեռ էր: Պետք էր մի բան մտածել: Մեծ քանակությամբ ածուխ էինք բերել, գտա մի մասնագետի, որն ասաց, թե Սիբիրում ածխով ջեռուցման կաթսա է աշխատեցրել: Ռիսկի դիմելով՝ փորձարկում արեցինք: Սրտատրոփ սպասում էինք, թե ինչ կլինի եւ ստացվեց…. Հիշում եմ, թե ինչպես հուզմունքից արտասվեցի այն պահին, երբ կարողացանք տաք շունչ տալ շենքին: Մի մեծ տոն էլ այդ օրն ունեցանք:

Շենքը սեփական տան պես փայփայում ենք: Սեփականաշնորհելուց հետո ամեն ինչ անում ենք, որ բարվոք պահենք: Վերջերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ «Ալեգորիա» արձանը տեղափոխվեց Մոսկովյան պուրակ: Վարձակալությունից ստացված գումարները ներդնում ենք նկուղները մաքրելու, ամրաշինական աշխատանքներ կատարելու համար: Մի քանի տարի առաջ սյուների լուսավորությունն ապահովեցինք, բայց դեռ անելու շատ գործ կա: Այս շենքի պահպանումը խիստ անհրաժեշտ է, քանի որ սա 20-րդ դարի Երեւանի ամենակարեւոր կառույցներից մեկն է:

Քոչարի «Ալեգորիայի» երկրորդ կյանքը

Երվանդ Քոչարի «Ալեգորիա» բրոնզաձույլ արձանը 2017թ. մարտի 25-ին տեղադրվեց Մոսկովյան պուրակում (Դրամատիկական թատրոնի շենքի մոտ):

«Մենք վերաարժեւորում ենք Երվանդ Քոչարի այս գործը, որը քաղաքի կառուցապատման հետեւանքով հայտնվեց ոչ տեսանելի վայրում: Այն անմխիթար վիճակում էր: Մեր ջանքերով արձանը վերանորոգվեց, եւ այս ստեղծագործությունը երեւակայելու նոր հնարավորություն կտա համաքաղաքացիներին», - բացման ժամանակ ասաց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանը Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նկատեց, որ կան վարպետներ, որոնց յուրաքանչյուր գործ պետք է մեծ հոգատարությամբ շրջապատել: «Շատ լավ է, որ մոռացված այս քանդակն իր տեղը գտավ ուսանողական միջավայրում», - նշեց նա:

«Քոչարը նորից ապրում է: Իր ամբողջ հույսը ապագան էր, եւ նա միշտ էլ ասում էր, որ «ես ժամանակից չեմ վախենում՝ ժամանակն իմ ընկերն է, իմ օգնականն է»: Հիմա տեսնում ենք, որ մարդը մարգարեանում է, իր խոսքերն իսկապես ճիշտ են դուրս գալիս», - ասաց քանդակագործին որդին՝ Ռուբեն Քոչարը:

Հիշում է լրագրող Տիգրան Լիլոյանը

Երբ գալիս եմ «Պանդոկ Երեւան Տերյան», կամ քայլում այս կողմերով, աչքիս առաջ է այս նույն թաղամասը, բայց 30 տարի առաջ… Տերյան-Իսահակյան-Գեւորգ Քոչար-Կորյունի փողոցներով երիզված հատվածը մեր քաղաքի մի կողմից` սովորական, մյուս կողմից` նշանակալի կետերից մեկն էր: Այն ամուր կերպով կապված է մեր մշակույթի, Երեւանի պատմության հետ:

Սկսենք այն շենքից, որի ստորին հատվածում գտնվում է մեր քաղաքի ամենահամեղ ռեստորանը` «Պանդոկ Երեւանը»: Դա պոլիգրաֆկոմբինատն է` երբեմնի հզորագույն տպագրատունը, որտեղ լույս են տեսել «Հայկական սովետական հանրագիտարանի» 13 հատորները, գրքեր, բրոշյուրներ, տպագիր այլ արտադրանք: Ի դեպ, այս համալիրը նախագծվել է որպես պոլիգրաֆիական արդյունաբերության գլխավոր վարչության (Главполиграфпром) շենք, իսկ այդ վարչության պետի տեղակալն էր Զավեն Մարուխյանը՝ Երեւանի պոլիտեխնիկական համալսարանի ներկայիս ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հայրը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե քայլենք դեպի Իսահակյան փողոց, աջից` այնտեղ, որտեղ այժմ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն է, Հրատպետկոմն էր` Հայկական ԽՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի եւ գրքի առեւտրի պետական կոմիտեն, ավելի վաղ` մամուլի կոմիտեն: Այդ գերատեսչությունը, որի նախագահը նախարարի կարգավիճակ ուներ եւ կառավարության մաս էր կազմում, ղեկավարում էր հանրապետության բոլոր հրատարակչությունների (բացառությամբ` ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունը` ներկայիս «Տիգրան Մեծ»-ը, որը պատկանում էր կոմկուսին), բոլոր տպարանների եւ գրախանութների համակարգը: Այն ղեկավարել են Հրանտ Մարտիրոսյանը, Հայկարամ Ութմազյանը, Սպարտակ Բաղդասարյանը, Գեղամ Մուղնեցյանը, Ստեփան Պողոսյանը, առաջին տեղակալ ու տեղակալներից են եղել Մխիթար Դավթյանը, Մարտունի Թութխալյանը, Վիկտոր Բալայանը, Բակունց Անանիկյանը, Վահան Խաչատրյանը։

Առաջ շարժվենք ու, անկյունից թեքվելով աջ, կհայտնվենք լայն ճակատով ու լայն աստիճաններով մոխրագույն քառահարկ շենքի առջեւ։ Դա Իսահակյան, 28-ն է, 1966 թ.-ից այստեղ ՀԿԿ Մյասնիկյանի շրջկոմն էր` կուսակցության շրջանային կոմիտեն:
Միքայել Մազմանյանի էսքիզը Միքայել Մազմանյանի էսքիզը

Լուսանկարը` Մ. Մազմանյանի ընտանիքի արխիվից


Այսօրվա երիտասարդությանը դժվար է պատկերացնել, թե խորհրդային համակարգում ինչ դեր էին խաղում շրջկոմները: Եթե համեմատելու լինենք այսօրվա իրողությունների հետ, ապա դա թաղապետարան, վարչական շրջանի աշխատակազմն է, սակայն ամենալայն, ամենահզոր լիազորություններով, հսկայական ազդեցությամբ, ու, միաժամանակ՝ վիթխարի պատասխանատվությամբ:

Շրջկոմը պատասխանատու էր ամեն ինչի համար` բարեկարգումից մինչեւ շրջանի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական գործունեությունը, շրջանի տարածքում գտնվող դպրոցների աշակերտների ու բուհերի ուսանողների (Մյասնիկյանի շրջանում էին գտնվում Հայաստանի բուհերի մեծամասնությունը) առաջադիմությունից մինչեւ թերթերի ու ամսագրերի բաժանորդագրություն ու կոմունալ-տնտեսական հարցերը: «Ձմռանը ես օդում ձյուն էի որսում»,- հետագայում ինձ հպարտությամբ կասի ՀԿԿ Մյասնիկյանի շրջկոմի երկարամյա (1971-88 թթ.) առաջին քարտուղար Գեորգի Մուրադյանը:

Շրջանի փողոցներով շրջելուց ու ուշադիր զննելուց, որոշ խանութներ «ստուգողական» այցելություն կատարելուց եւ դրանց վիճակին ծանոթանալուց հետո, ուղիղ ժամը 08:55-ին Մուրադյանը ժամանում էր աշխատանքի, եւ Իսահակյան 28 շենքում աշխատողները մի ամբողջ արարողության ականատեսն էին դառնում: Իջնելով ծառայողական ավտոմեքենայից` Մուրադյանը դանդաղ, նույնիսկ՝ հանդիսավոր բարձրանում էր շենքի առջեւի աստիճաններով: Մեկ-մեկ ձեռքին ծխախոտ էր, որ նա բռնում էր շատ յուրահատուկ ձեւով՝ բութ եւ ցուցամատով տակից։ Ներկայիս լեփ-լեցուն բակը դատարկ էր` այնտեղ կայանվում էր միայն մի քանի մեքենա: Այդ արարողակարգը անփոփոխ էր տարիներ շարունակ ամեն օր, թերեւս, բացառությամբ` կիրակի օրերի, եւ հետեւողները, շունչը պահած, սպասում էին, երբ կուսշրջկոմի առաջին քարտուղարը կհասնի վերջից երրորդ, թե չորրորդ աստիճանին, որը ավելի բարձր էր մնացածից, եւ անփորձ մեկը կարող էր վայր ընկնել: Մուրադյանը, սակայն, հանգիստ հասնում էր մինչեւ վերջ, իր ողջ կեցվածքով ցույց տալով, թե ով է իրավիճակի տերն ու տիրակալը: Նրան հանդիպողները հարգալից բարեւում էին, ինքն էլ գլխի շարժումով պատասխանում այդ ողջույններին՝ ցույց տալով, որ իր մտքերն ամբողջությամբ զբաղված են իրեն վստահված շրջանի հոգսերով։
Միքայել Մազմանյանի էսքիզը Միքայել Մազմանյանի էսքիզը

Լուսանկարը` Մ. Մազմանյանի ընտանիքի արխիվից


Կուսշրջկոմը երկրորդ ու երրորդ հարկերում էր, երրորդում` նաեւ կոմերիտմիության շրջկոմը: Իսկ չորրորդ հարկում Արմենպրեսն էր` Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին (այն ժամանակ գրում էին՝ մինիստրների սովետին) առընթեր Հայկական պետական լրատվական (այն ժամանակ` ինֆորմացիոն) գործակալությունը: Այն մի քանի սենյակ ուներ նաեւ 3-րդ հարկում: Շրջկոմի շնորհիվ էր, որ շենքի ներսի աստիճանավանդակը պատվեց մարմարով:

Առաջին հարկում մի ժամանակ Հայկական ԽՍՀ պտուղբանջարեղենի տնտեսության նախարարությունն էր (այդպիսի գերատեսչություն կար, որը 1985 թ. միացվեց Պետագրոարդին), հետո այստեղ տեղափոխեցին «Հայաստան» հրատարակչությունը: Մինչեւ կրկեսի դիմացի հրատարակչական համալիրի կառուցումը` այստեղի նկուղում գտնվում էր ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունը՝ թերթերի տպարանն, որտեղ տպագրվում էին ոչ միայն հանրապետական («Սովետական Հայաստան», «Коммунист», «Ավանգարդ», «Комсомолец», «Սովետական դպրոց», այլ պարբերականներ), «Երեկոյան Երեւան» քաղաքային, այլեւ կենտրոնական («Правда», «Известия», «Социалистическая индустрия», «Советская культура», «Труд», «Комсомольская правда») թերթերը: Վերջիններիս էջերը սկզբում Երեւան էին բերվում մատրիցաների ձեւով Մոսկվայի առաջին՝ առավոտյան չվերթի ինքնաթիռով, իսկ հետո սկսեցին հաղորդվել ֆոտոհեռագրով:

Տպարանը տեղափոխելուց հետո նկուղը երկար տարիներ դատարկ էր եւ օգտագործվում էր որպես պահեստ, իսկ շուկայական հարաբերությունների դարաշրջանում այն մաքրվեց, վերանորոգվեց, բարեկարգվեց ու դարձավ հարմարավետ ու շքեղ ռեստորանների հանգրվան:

Ի դեպ, շրջկոմի բարձր ու ազդեցիկ կարգավիճակին հակառակ, Իսահակյան, 28-ում չկար ճաշարան կամ հասարակական սննդի որեւէ կետ, եւ այստեղ աշխատողներն ընդմիջման ժամին սնվելու համար գնում էին կամ Առեւտրի նախարարություն (Տերյան փողոցում, հետագայում այնտեղ Սոցապ նախարարությունն էր, իսկ այժմ` «Տաշիր» խմբի նստավայրը), կամ էլ ժողովրդական վերահսկողության կոմիտե (հետագայում «Արցախ կոմիտե»` հատուկ ծրագրերի պետական կոմիտե, պետական վարչություն): Ճիշտ է, շատերը տնից բերված մեկ-երկու բրդուճով էին բավարարվում։ ժողվերահսկողության կոմիտեի ճաշարանը ենթարկվում էր նախարարների խորհրդի` կառավարության ճաշարանների միավորմանն ու, հետեւաբար, ավելի որակով սնունդ էր առաջարկում: Հիշում եմ այնտեղի հարիսան…

Վերադառնանք, սակայն, Իսահակյան 28 շենք: Դուրս գանք շրջկոմից: Գնալով աջ` կհասնենք Երեւանի դրամատիկական թատրոն: Այն ստեղծել էր անվանի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանն ու այժմ իրավամբ կրում է նրա անունը: 1970-80-ական թվականներին դա ամենահաճախվող թատրոնն էր, որի ներկայացումները առօրեական, համարձակ, նույնիսկ, հանդուգն էին, ու դրանց տոմս ճարելը շատ դժվար էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թատրոնի անկյունից վերեւ է ձգվում Գեւորգ Քոչար փողոցը (հիշեցնեմ, որ Գ. Քոչարը մեծանուն ճարտարապետ էր, որը նախագծել էր, մասնավորապես, Նալբանդյան 104-ի պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատի, հետագայում` պետանվտանգության կոմիտեի` ԿԳԲ-ի շենքը, որի նկուղում հետագայում կալանավորվել է): Ի դեպ, գիտե՞ք, որ Երեւանում կա Նալբանդյան 104 երկու շենք. մեկը՝ հանրահայտ գերատեսչության հանրահայտ շենքը, իսկ երկրորդը՝ Սայաթ-Նովայի խաչմերուկից ներքեւի այն տունն է, ուր ապրել է մեծանուն քանդակագործ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Չուբարյանը՝ Չուբարը (ինչի մասին է վկայում մի քանի տարի առաջ ճակատին տեղադրված հուշատախտակը):

Այս փողոցում էր գտնվում Երեւանի տրամվայի մի քանի երթուղիների վերջին կանգառը, որտեղից այն կամ դղրդյունով հետադարձ էր կատարում ու գնում դեպի Բաղրամյան պողոտա, կամ շարունակում երթուղին` պետհամալսարանի կողմ:

Ներկայիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում երկար տարիներ եղել է Արտո Ալեքսանյանի անվան համաճարակաբանության եւ վիրուսաբանության գիտահետազոտական ինստիտուտը, որը հետագայում տեղափոխվեց այլ տեղ:

Դիմացի շենքում, որն ըստ էության թատրոնի շարունակությունն է, գտնվում էր «Հայգիրք» միավորումը, մասնավորապես, գրքի կենտրոնական պահեստը, որտեղ, «վերեւից» զանգով կամ ծանոթի միջոցով մուտք գործելով, կարելի էր գնել ամենադեֆիցիտ գրականությունը: Այստեղ նաեւ Հայաստանի գրապալատն էր:

Քայլենք դեպի Կորյունի փողոց, որը խորհրդային տարիներին կրում էր բոլշեւիկյան գործիչ Սերգեյ Կիրովի անունը: Այնտեղ վեր էր խոյանում երկնագույն ճակատով բարձրահարկ շենքը, որը Գյուղական շինարարության նախարարության (եւս միացվեց Պետագրոարդին) նստավայրն էր:

Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվից


Ահա այսպիսին էր այն քառակուսին, որում այսօր գտնվում է երեւանյան նշանավոր ռեստորանը, որն իրավամբ դարձել է մեր քաղաքի գեղատեսիլ վայր, ուր սիրով հաճախում են թե՛ երեւանցիներս, թե՛ մայրաքաղաքի հյուրերը:

Այս քառակուսու բակը տարիների ընթացքում դառնում էր ավելի ու ավելի տնտեսական, օժանդակ, ու շատերս չգիտեինք էլ, որ, օրինակ, այստեղ է գտնվում Երվանդ Քոչարի՝ մոռացության մատնված քանդակներից մեկը:

Իսահակյան, 28 շենքի հատկապես ճակատային ապակեպատ մասի սենյակներում ամռանը շատ շոգ, իսկ ձմռանը շատ ցուրտ էր: Շոգից որոշ չափով փրկում էին Բաքվում արտադրված դռդռացող կոնդիցիոներները, որոնք, սակայն, շուտ էին փչանում ու վերանորոգումից հետո ավելի ուժեղ ձայն հանում ու դժվարությամբ էին կատարում իրենց առաքելությունը:

...Անցել են տարիներ: Չկա այլեւս շրջկոմն ու ամենազոր ԽՄԿԿ-ն, Արմենպրեսը տեղափոխվել է այլ վայր, փոխվել են մարդիկ ու դարաշրջանը, կյանքը սրընթաց առաջ է սլանում, սակայն, շարունակ աչքիս առաջ է առավոտյան արարողակարգը, երբ շրջկոմի առաջին քարտուղարը դանդաղ բարձրանում է գործի:

Լուսանկարը` Ֆ. Հակոբյանի արխիվից


Այս տողերի «հերոս» Իսահակյան 28 շենքի պատմությունից անբաժան է դիմացի «Պոպլավոկը»: Այդ սրճարանի մասին շատ է գրվել. դա մեր շենքի շատ ու շատ աշխատողների սիրելի վայրն էր, որտեղ կարելի էր սուրճ խմել (կիսակոտրած բաժակներով), ժամադրվել, ուղղակի ժամանակ սպանել: Խմիչքի նկատմամբ թուլություն ունեցող մեր գործընկերներն այստեղ մտնում էին մեկ-երկու րոպեով` էժանագին պորտվեյնի մեկ բաժակ պարպելու համար: Այստեղ կարելի էր հանդիպել դրամատիկական թատրոնի հայտնի եւ անհայտ դերասանների, որոնք ոգեւորված քննարկում էին բեմական արվեստի գաղտնիքները, գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղեցկուհիներին, որոնք երազում էին իրենց ապագայի մասին: Այստեղ էին լինում Դավիթ Հովհաննեսը, Սլավիկ Չիլոյանը, Վլադիմիր Մսրյանը, Վանո Սիրադեղյանը, Արմեն Խանդիկյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արմեն Շեկոյանը։ Իրենք իրենց հանճար համարողներն այստեղ կիսվում էին իրենց սեւեռուն մտքերով, այստեղ մեր հայտնի ու անհայտ բանաստեղծները կարդում էին նորագիր պոեմները։ Այստեղ էր... Այստեղ են ընդմիշտ մնացել մեր անցած ջահելության անուշ եւ անմոռանալի ակնթարթները…

«Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյան

Երեւան-Տերյան-Նաիրի

Երբ ֆրանսիացի ընկերներս հարցնում էին՝ ինչպիսի քաղաք է Երեւանը, հիշում եմ՝ միշտ դժվարանում էի պատասխանել. քաղաքի դեմքը փախչում էր, մնում էին միայն զգացողություններ, ցաքուցրիվ պատկերներ: Վերջում միշտ ասում էի. «Իսկական, մեծ քաղաք է՝ լայն փողոցներով, ու շատ ծառեր կան»: Ու կանգ էի առնում՝ ամեն անգամ ինքս ինձ համար արձանագրելով, որ մանկության քաղաքի դիմագիծն անբաժան է յուրաքանչյուրի կենսապրումից, ներքին օրագրությունից, ու իրականում հարցին պատասխանելու համար պիտի խոսեի շատ երկար, պատմեի բլուրներին թրթռացող լույսերի զգացողությունն ամեն անգամ ծնողներիս հետ Այգեստանից Ավան վերադառնալիս, կամ հավերժական ամռան պատկերը հոսուն, ապահով փողոցներում, ծառերի ալիքվող, խաղաղ սանրվածքներում: Անցնող տարիները երբեմն կողոպտում են քաղաքի դեմքը, մնում են հատուկենտ վայրեր, որտեղ թվում է՝ մի պահ խլրտում է ծանոթ քարտեզագրությունը, հետո՝ նորից անցնում խորք:

Տերյանը. փողոցի մի ծայրին այն տունն է, որի առջեւով անցնելիս Լենա տատիկս միշտ մի պահ կանգ էր առնում. «Ի՜նչ հոյակապ բակ ունեինք: Երեխաները փողոցն անցնում էին ու միանգամից դպրոցում էին»: Այդտեղ է անցել հորս եւ հորեղբայրներիս մանկությունը, իսկ ավելի վեր՝ փողոցի մյուս ծայրին, այն շենքն է, որի առջեւ երբեմն գնում ենք հայրիկիս սպասելու: «Նաիրի». միանգամից տրվում եմ անվան կախարդանքին, մտքումս կապույտ է ու ոսկի: Երկար ժամանակ «հրատարակչություն» բառը խորհրդավոր է հնչում. գիտեմ, որ կապված է գրքերի հետ: Սիրում եմ հնաոճ, սյունազարդ ճեմանցումը՝ խունացած գույներով. ինձ թագուհի եմ զգում: Ավելի ուշ, երբ ավելի մեծ եմ, հպարտանալու մի ուրիշ պատճառ կա. Չարենցի հուշատախտակը. «1928-1935 թթ. այստեղ աշխատել է Եղիշե Չարենցը»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մտնելիս հայացքս ամեն անգամ ինքնաբերաբար կանգ է առնում գրության վրա, ու անսովոր ապահովություն ու խաղաղություն եմ զգում: Սիրում եմ նախամուտքի մարմարյա սանդուղքն ու բարձր առաստաղը, որից մշտապես խոնավության ու թղթի հոտ է գալիս: Բարձրանում եմ անշտապ՝ աստիճանները հաշվելով, անձնատուր ստվերոտ պատերից ներս սկսվող մյուս, թանձր ժամանակին: Ներսում անսահման ազատ, մեծ այդ աշխարհն է՝ հարուստ, համապարփակ, երբեմն բարդ, անհասկանալի համադրություններով, նոր, անծանոթ գույներով:

Ներսում կյանքն է, գրքերի, տառերի թաքուն կյանքը, տառատեսակների, գույների ու շարվածքների խորհրդավոր, ինքնաբավ շարժումը, անձանձիր անցուդարձը գետնահարկում տեղակայված տպարանից հրատարակչություն: Ու ապահովության, ազատության այդ զգացումն էլ ինձ համար դժվար է տարանջատել հայրիկիս կապույտ ու անհուն հայացքից, հարազատ դեմքերից, Մարգարիտ Արիստակեսյանի նուրբ, փխրուն ուրվագծից, Սասունիկ Թորոսյանի ժպիտներից, Վալյայի կիսադեմից՝ Ձյունե թագուհու արծաթափայլ մազերով, թղթի, տպագրական ներկի հոտից, հայրիկիս գրասեղանին՝ իրար վրա շարված գրքերից, անվերջանալի զրույցներից, սրախոսություններից ու բանավեճերից, որ ալիք-ալիք լցնում էին աշխատասենյակը, գծում օդեղեն մի քարտեզագրություն, մինչ անկյունում՝ բազմոցին, ես ինչ-որ բանի էի սպասում կամ որեւէ գիրք թերթում:

Խոսքը թեւածում էր բարձր ու ազատ, շարունակվում էր պատերից դուրս, փարվում ծառերին, ճակատամասերին, քաղաքի մայթերին, թրթռուն կամուրջներ հյուսում մեզ համար իննսունականների՝ հանկարծ կենդանություն առած քաղաքում, որտեղ մի պահ ջնջվել էին սահմանները, սկսվել էր նոր ժամանակ, նոր աշխարհագրություն: Այդ կամուրջներն ինձ համար հյուսված էին տառերից եւ սիրելի գրքերի կազմերից, պատմում էին նոր աշխարհների, նոր հայացքների, նոր սահմանների, նոր ցնծությունների մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիշում եմ՝ մի օր հայրիկս բերեց Բորիս Վիանի «Օրերի փրփուրը»՝ անհավանական նոր, զարմանալի, տարբեր: Իսկապես, մեծ ցնծություն էր: Ես ու քույրերս հերթով կարդացինք: Հետո մի օր ընդունարանում հանդիպեցի երիտասարդ թարգմանչին՝ Աշոտ Ալեքսանյանին, որը նման էր Վիանի հերոսներին: Լինում էին վառ, անմոռանալի հանդիպումներ. երիտասարդ գրողներ, բանաստեղծներ, թարգմանիչներ, ընթերցասերներ, որոնց անհայտ մի ուժ կանչում, բերում էր Նաիրի՝ ազատության շնչով բռնկված այդ քաղաքում: Խոսքի հրեշտակը չէր լքում Նաիրիի ընդունարանը: Այդպես, մի օր գունատ, նուրբ դեմքով բարձրահասակ մի մարդ «Ագռավն» էր արտասանում՝ ասես բոլոր փոթորիկներն ու ընդվզումները պարփակած իր ձայնի մեջ: Գրիգոր Բաբայանն էր՝ «տաղանդավոր գրող ու թարգմանիչ». հետո իմացա հայրիկից:

Եվ մի անգամ էլ ամառ է, մտնում եմ հրատարակչություն՝ թարգմանական գրքերից մեկի հետ կապված մի բան ճշտելու: Ժամանակ է անցել, մի քանի տարի է՝ Ֆրանսիայում եմ սովորում, համալսարանական արձակուրդներին վերադարձել եմ մի քանի շաբաթով: Բարեւում եմ, ներողություն խնդրում ու մինչ խոսում եմ հայրիկիս հետ, զգում եմ ինձ անծանոթ խաժ աչքերի հայացքը՝ վճիտ, համառ, որ սեղանի մյուս ծայրից հառված են դեմքիս: Փորձում եմ թաքցնել հուզմունքս ու շարունակում նախադասությունս կեղծ անբռնազբոսիկ տոնով՝ աչքի պոչով զննելով անծանոթի գունատ, նիհար դեմքը՝ ոգեշունչ, սթափ:

-Չե՞ս ճանաչում,- երբ լռել եմ, իր պատանեկան, պայծառ ժպիտով ասում է հայրս,-Լեւոնն է: Լեւոն Խեչոյանը, նոր է Ղարաբաղից վերադարձել:

-Ճանաչում եմ. անունը:

Եվ երեքով սկսում ենք խոսել ժամանակակից ֆրանսիական պոեզիայի, թարգմանության մասին, դրսում ստվերները սկսում են թանձրանալ, եւ նորից մեզ հետ է Խոսքի հրեշտակը:

Մեդիամաքսի եւ «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության համագործակցության արդյունքում վերահրատարակված «Երեւան. XX դար» գիրքը կարող եք ձեռքբերել «Բուկինիստ» գրախանութների ցանցում: Գրքի արժեքն է 5 900 դրամ, իսկ վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Երեւանում մշակութային նախագծերի իրականացմանը:

Գիրքը կարելի է գնել «Բուկինիստ» ցանցի հետեւյալ կետերում.

•    Մաշտոցի 20 (գլխամաս)
•    Տաշիր Սթրիթ  (Հյուսիսային պողոտա 6/2)
•    Դալմա Գարդեն Մոլ (Ծիծեռնակաբերդի խճ. 3)
•    Երեւան Մոլ (Արշակունյաց 34)
•    Ռոսսիա Մոլ (Տիգրան Մեծ 16)
•    Մետրոնոմ, գրախանութ եւ տաղավարներ (Իսահակյան 22/10)
•    Տաշիր առեւտրի կենտրոն (Խորենացի 33)
•    Երեւան Տոնավաճառ (Սմբատ Զորավար 11/1)

Նախագծի վրա աշխատել են` Արա Թադեւոսյանը, Սիրանուշ Եղիազարյանը, Էմին Արիստակեսյանը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին