Երեք տարի առաջ բացված «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ն այսօր դարձել է ոչ միայն Ուիգմոր Գրուփի նշանակալի ձեռքբերումն, այլեւ՝ հայաստանյան առողջապահական համակարգի կարեւոր դերակատար։
Ուիգմոր Գրուփի հիմնադիր տնօրեն, ողնաշարի վիրաբույժ Զավեն Քոլոյանն ասում է՝ այս տարիներին հաջողվել է ձեւավորել ոչ միայն զարգացած ենթակառուցվածք եւ կարեւոր միջազգային համագործակցություններ, այլեւ՝ միջավայր, որում իրենց վստահ, պաշտպանված ու լսված են զգում թե՛ թիմի անդամները, թե՛ բուժառուները։
Մեդիամաքսի հետ զրույցում նա ամփոփել է «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի գործունեության երեք տարին եւ կիսվել դրան նախորդած ծավալուն աշխատանքով, որն էլ հիմք է դարձել հիվանդանոցի ստեղծման համար։
- Եթե ամփոփենք «Ուիգմոր»-ի գործունեության ողջ ընթացքը, որո՞նք են Ձեր կարծիքով ամենաէական ձեռքբերումները։
- Իմ գնահատմամբ «Ուիգմոր»-ի ամենամեծ ձեռքբերումը մեր ստեղծած միջավայրն է։ Դրանում ամրապնդված են փոխվստահությունը, թիմային մտածողությունը, մասնագիտական աճի անհագուրդ ձգտումը, արժանապատիվ աշխատանքային պայմանները, անվտանգության զգացումը, գործընթացների թափանցիկությունն ու մշտական մոտիվացիան։
Զավեն Քոլոյանը եւ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն Հրաչուհի ՂազարյանըԼուսանկարը` «Ուիգմոր»
Այսպիսի միջավայրում հնարավոր է սիրով ու բարձր արդյունավետությամբ բժշկել, զարգանալ, զարգացնել եւ երբեք չճահճանալ։
- Ի՞նչն էր ամենաբարդը «Ուիգմոր»-ի ձեւավորման եւ զարգացման ճանապարհին։ Ի՞նչ դժվարությունների ու մարտահրավերների եք բախվել։
- Ամենաբարդը եղել է սովորել որակումներ չտալ երեւույթներին: Երբ իրավիճակը դասակարգում ես «բարդ» կամ «հեշտ», դրա նկատմամբ ձեւավորում ես վերաբերմունք, իսկ սա հաճախ խանգարում է։ Բոլոր խնդիրներն ընթացիկ հարցեր են, բոլոր հարցերն՝ ընդամենը իրավիճակներ, որոնցում պետք է կողմորոշվել։ Կարծում եմ՝ արդյունավետ կողմնորոշվելու համար նախեւառաջ խնդրից պետք է հանել հուզականությունը եւ փորձել մեկանձնյա որոշումներ չկայացնել։
Այս հարցում երջանիկ ղեկավար եմ, քանի որ «Ուիգմոր»-ի ղեկավար կազմում հատընտիր մասնագետներ են, որոնց շնորհիվ «մարտահրավեր» բառը լարվածություն չի առաջացնում։
- Կա՞ դեպք կամ իրավիճակ, որը շրջադարձային է եղել «Ուիգմոր»-ի կյանքում։
- Շրջադարձային պահերը շատ են։ Առաջնահերթ շրջադարձային է եղել մեր օտարերկրյա գործընկերների որոշումը Հայաստանի առողջապահության ոլորտում ներդրում կատարելու վերաբերյալ, հավատը, վստահությունը մեր տեսլականի հանդեպ եւ շարունակական աջակցությունը «Ուիգմոր»-ի զարգացմանը։
«Ուիգմոր»-ի եւ ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի հետ համագործակցության երկրորդ փուլի հուշագրի ստորագրում 2025թ., սեպտեմբերԼուսանկարը` «Ուիգմոր»
Շրջադարձային էր նաեւ մի շարք անհատների միանալը մեր թիմին: Այս մարդիկ կիսել են մեր արժեքները, սիրել միջավայրը, բերել նոր էներգիա, մտածողություն ու ոգեշնչում։ Այս իրողությունն առավել լավ պատկերացնելու համար պարզապես նշեմ, որ 8 տարի առաջ աշխատանքը սկսել ենք 35 թիմակցով, իսկ այժմ «Ուիգմոր»-ն ունի ավելի քան 900 աշխատակից։ Այնպես որ, ամեն նոր աշխատակցի հետ շրջադարձվել ենք (ժպտում է – հեղ.):
- Կհիշե՞ք հատկանշական պատմություններ հիվանդանոցի գործունեության ընթացքից :
- Հիվանդանոցային կյանքը յուրահատուկ է: Այստեղ տեսնում ես անպատմելի դեպքեր, գերլարված հույզեր, բազմատեսակ ճակատագրեր, անմարդկային իրավիճակներ եւ մարդկային կորուստներ։
Զավեն Քոլոյանը եւ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի մանկական անեսթեզիոլոգիական ծառայության պատասխանատու Աղավնի ՀամբարձումյանըԼուսանկարը` «Ուիգմոր»
Վստահ եմ՝ «Ուիգմոր»-ի շենքերում պահված են բազում անձնական պատմություններ, որոնք ուժ են տալիս բուժանձնակազմին շարունակելու իրենց աշխատանքը նույնիսկ ամենածանր օրերին։ Այդ պատմություններում մարդու լավագույն դրսեւորումներն են, անմար հույսը, փրկված կյանքերը, շնորհակալական հայացքները, կոկորդը խեղդող դրական հույզերը, անխոս ձեռքսեղմումներն ու երջանկության արցունքներ։
Լուսանկարը` «Ուիգմոր»
Հենց այս կենդանի պատմությունների շնորհիվ է բժշկական համայնքը մնում համառ, մարդասեր եւ անսահման նվիրված՝ կրկին ու կրկին ընտրելով օգնելու ճանապարհը։
- «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ն արդեն երեք տարեկան է։ Հիմնադրման մեկամյակի հարցազրույցում նշել էիք, որ ձեր նպատակն է ոչ թե հավաքել սեփական պատմություններն, այլ՝ «Ուիգմոր»-ում ունեցած անձնական փորձը դրական հիշողություն դարձնել բուժառուների եւ նրանց ընտանիքների համար: Ինչպե՞ս եք կարողանում ապահովել բուժառուների բարձր գոհունակությունն ու որակի շարունակական վերահսկումը։
- «Ուիգմոր»-ի մասնաճյուղերում ամեն օր սպասարկվում է շուրջ 450 բուժառու, եւ նրանցից յուրաքանչյուրի փորձառությունը մեզ համար խիստ կարեւոր է:
Այս ոլորտը յուրահատուկ է, քանի որ բացի կանխարգելիչ ստուգումներից կամ «առողջ» այցերից, որեւէ մեկը հիվանդանոց չի գալիս լավ առիթով։ Այստեղ մարդիկ հաճախ անհանգիստ են, ընկճված, նյարդային եւ սպասարկման նկատմամբ խիստ պահանջատեր։
«Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի գործառնական գծով փոխտնօրեն Շահանե ՄնացականյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Բուժառուի եւ նրա հարազատի գոհունակությունն ապահովելը բարդ գործընթաց է, որը պահանջում է եւ՛ մասնագիտական բարձր հմտություններ, եւ՛ մեծածավալ կազմակերպչական աշխատանք։ Այս նպատակով ստեղծել ենք որակի վերահսկման եւ բուժառուների գոհունակության մշտական մոնիթորինգ իրականացնող թիմ, որը գործում է պրոակտիվ մոտեցմամբ՝ ուշադիր հետեւելով բոլոր կարեւոր գործընթացներին։
- Ի՞նչ ազդեցություն են ունեցել միջազգային համագործակցությունները հիվանդանոցի կայացման եւ զարգացման վրա։
- Մեր գործունեության ոլորտում՝ լինի դա բժշկություն, թե՝ առողջապահության կազմակերպում, առանց շարունակական մասնագիտական զարգացման ճահճացումն անխուսափելի է։ Իսկ արագ ու կայուն առաջխաղացումը մեր երկրում հնարավոր է, թերեւս, միայն առաջատար երկրների հեղինակավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ։
Զավեն Քոլոյանը եւ «Valley Children’s Healthcare»-ի բժշկական հարցերով եւ բժիշկների առողջության գծով փոխնախագահ Քերըն Դալը 2024 թ․, հունիս«Ուիգմոր»-ի առաջընթացին մեծ խթան տվեցին մեր արտերկրյա գործընկերների հետ համագործակցությունները, նրանց աջակցությամբ իրականացվող ինտենսիվ մասնագիտական փոխանակման ծրագրերը, ինչպես նաեւ՝ կառավարման, որակի չափորոշիչների ու գործելակարգերի ներդրումն ու մի շարք այլ նախաձեռնություններ։ Այս համագործակցություններից սովորում եւ զարգանում է «Ուիգմոր»-ի թիմի յուրաքանչյուր անդամ, եւ մեր ռազմավարական նպատակներից մեկը դրանց շարունակականության ապահովումն է։
Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի եւ Valley Children’s Healthcare-ի համագործակցության հուշատախտակի բացում 2024 թ․, հունիսԼուսանկարը` «Ուիգմոր»
- Ի՞նչ ուղղություններով եք նախատեսում «Ուիգմոր»-ի զարգացումն առաջիկա տարիներին։ Որո՞նք են Ձեր կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակները։
- Ժամանակին ապագա ծրագրերի մասին բարձրաձայնելիս շատ հաճախ նկատում էինք անհավատ հայացքներ, երբեմն՝ նույնիսկ քմծիծաղ: Այս երեւույթը սովորեցրեց խոսել միայն արդեն իսկ իրականացրած ծրագրեր մասին:
Միայն կասեմ, որ 2026թ․-ին նախատեսվում է առնվազն 3 մեծ նախագծի իրականացում։
- 2025թ․-ին «Ուիգմոր»-ում տեղի ունեցավ կարեւոր զարգացում․ հիմնեցիք «Ուիգմորի ընտանիքի առողջության կենտրոնները»: Ինչպե՞ս կմեկնաբանեք առաջնային օղակում ձեր գործունեությունը։
- Հայաստանում առողջապահությունը զարգանում է առաջնային օղակին առաջնահերթություն տալու ճանապարհով։ Այս ոլորտում եւս «Ուիգմոր»-ը պրոակտիվ է, քանի որ մենք էլ ենք հավատացած՝ առողջապահությունը սկսվում է առաջնային օղակից։
Այդ նպատակով առայժմ չորս հասցեում ստեղծվեց Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնների ցանցը։
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնի» Էրեբունու մասնաճյուղի ղեկավար Սոնա Տերմենջյանը, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի բուժական գծով փոխտնօրեն Լիլիթ Մարությանը եւ Նոր Նորքի մասնաճյուղի ղեկավար Գոհար Պետրոսյանը (ձախից՝ աջ)Լուսանկարը` Մեդիամաքս
Դրանք գործում են նույն սկզբունքներով, ինչ հիվանդանոցը՝ միասնական արժեքներ, որակի նույն չափորոշիչներ եւ թիմային աշխատանք։ Առաջնային օղակում մեր ներկայությունը հնարավորություն է տալիս ավելի մոտ լինել համայնքներին, ստեղծել կանխարգելիչ ծրագրեր եւ զարգացնել կրթական նախաձեռնություններ։ Սա մեր համակարգային փոփոխության տեսլականի տրամաբանական շարունակությունն է։
- Ո՞րն է «Ուիգմոր»-ի ստեղծման եւ զարգացման ճանապարհին Ձեր ամենամեծ անձնական հաղթանակը։
- Ամենամեծ անձնական հաղթանակը, հավանաբար, գիտակցումն էր, որ մեկ մարդ ի վիճակի չէ նվագել մի ամբողջ նվագախմբի գործիքներով։ Այսօր թիմային արդյունավետ աշխատանքն է որոշիչ դեր խաղում կազմակերպությունների զարգացման գործում։ Հակառակում համոզվել ենք բազմաթիվ օրինակներով։
- Ութ տարի առաջ՝ «Ուիգմոր Քլինիք»-ի հիմնադրման պահին, սպասո՞ւմ էիք, որ կազմակերպությունը կհասնի այսօրվա արդյունքներին։
- Երբ բացում էինք «Ուիգմոր»-ի առաջին մասնաճյուղը, անկեղծորեն անգամ պատկերացում չունեի, որ ութ տարի անց կհասնենք այս կետին։
Մեր նպատակները երբեք չեն եղել կարծրացած, իսկ գործողություններն՝ ինքնանպատակ։ Մշտապես փորձել ենք լինել ճկուն, արձագանքել ժամանակի պահանջներին ու փոփոխություններին։ Ութ տարի առաջ ունեցած պատկերացումները, ռեսուրսներն ու նաեւ անձնական որակները, բնականաբար, այսօր նույնը չեն։ Այդ ամենի փոփոխության հետ մեկտեղ փոփոխվում են մեր նպատակները, կարողությունները. փոխվում ենք մենք։
Զավեն Քոլոյանը Լուսանկարը` Մեդիամաքս
Այնուամենայնիվ, կա մի բան, որ չենք զիջել մեր գործունեության ողջ ընթացքում եւ նույնիսկ ամրապնդել ենք․ մեր աշխատանքի հիմնասյունը միշտ եղել է եւ մնում է որակը։
- Եթե հնարավորություն տրվեր երեք տարի առաջ խորհուրդ տալ ինքներդ Ձեզ, ի՞նչ կասեիք։
- Հետադարձ հայացք գցելով «Ուիգմոր»-ի անցած ուղուն՝ եւ՛ զարմանում եմ, եւ՛ հպարտանում մեր թիմի ներուժով, որ այս կարճ ժամանակահատվածում կատարեց նման մեծածավալ աշխատանք։ Մշակեցինք, ստեղծեցինք ու գործարկեցինք մի նոր համակարգ, որն այսօր անխափան աշխատում է շնորհիվ ներդրված ճիշտ մեխանիզմների։ Տեսնելով այս կարողությունը, գուցե, 3 տարի առաջ ինքս ինձ խորհուրդ տայի մտածել ավելի լայն եւ համարձակ։
Յանա Շախրամանյան












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: