Մանկական էպիլեպսիան ախտորոշում է, որի հաստատումից հետո շատ ընտանիքներ կանգնում են փակուղու առջեւ: Սկզբում ժխտման փուլն է, իրականությունից փախչելու ցանկությունը, հետո՝ հնարավոր ելքերի փնտրտուքը: Երբ պարզ է դառնում, որ էպիլեպսիան նաեւ դեղակայուն է, այսինքն՝ դեղորայքն անզոր է ցնցումների դեմ, կարող է «հաղթել» հուսահատությունը: Այստեղ է, որ ժամանակակից բժշկությունը հորդորում է շարունակել պայքարը՝ առաջարկելով մանկական դեղակայուն էպիլեպսիայի վիրահատական բուժում: Դրա արդյունքում հնարավոր է կա՛մ լիովին ազատվել ցնցումներից, կա՛մ խիստ նվազեցնել դրանց պարբերականությունը՝ երեխային տալով հնարավորություն հասնելու իր զարգացման ներուժին:
Վերջին շաբաթներին «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում հյուրընկալում էին գործընկեր, ամերիկյան լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ Valley Children’s Healthcare-ի (ԱՄՆ, Ֆրեզնո) մասնագետներին՝ մանկական նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժիշկ Սեզար Սանթոսին եւ մանկական վերակենդանացման բաժանմունքի մասնագիտացված բուժքույր Հեդըր Թրիփին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նրանց մենտորությամբ եւ նախորդած երկարատեւ նախապատրաստական աշխատանքի շնորհիվ «Ուիգմոր»-ի նյարդավիրաբույժների կողմից հաջողությամբ վիրահատվել է մանկական դեղակայուն էպիլեպսիա ունեցող երեք երեխա, որոնցից ամենափոքրը՝ 1,5 տարեկան: Ըստ տարբեր ցուցանիշների՝ ՀՀ-ում ախտորոշված մանկական էպիլեպսիա ունի մոտ 4000 երեխա: Իրականում թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ շատ ընտանիքներ շարունակում են թաքցնել խնդիրը կամ խուսափում դիմել մասնագետներին:
Մեդիամաքսի հետ զրույցում Valley Children’s Healthcare-ից ժամանած մասնագետներն ու «Ուիգմոր»-ի թիմը կիսվել են երկու շաբաթվա ընթացքում կատարված ինտենսիվ աշխատանքով, տպավորություններով ու համոզմամբ՝ մանկական դեղակայուն էպիլեպսիա ունեցող ցանկացած երեխա պետք է ունենա վիրահատության հնարավորություն:
«Կարեւոր քայլ ոչ միայն «Ուիգմոր»-ի, այլեւ՝ երկրի առողջապահական համակարգի զարգացման տեսանկյունից»
Տաթեւիկ Քոլոյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի»-ի զարգացման գծով փոխտնօրեն
Valley Children’s Healthcare-ի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռ 2023թ.-ին՝ երկկողմ հուշագրի ստորագրմամբ։ Դրա նպատակն է զարգացնել մանկական առողջապահությունը Հայաստանում։ Համագործակցության թիրախում բոլոր այն ուղղություններն են, որոնք մեր երկրի առողջապահության զարգացման տեսանկյունից համարել ենք առաջնահերթ: Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ նման համագործակցությունների հիմքում լինեն երկրի կարիքները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Valley Children’s Healthcare-ի հետ աշխատանքը ենթադրում է փորձի փոխանակում, շարունակական վերապատրաստումներ եւ մասնագիտական խմբերի փոխադարձ այցելություններ: Առաջիկայում մեր հիվանդանոցից մասնագետների արդեն հինգերորդ խումբը կմեկնի Ֆրեզնո՝ վերեպատրաստման: Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, ապա մասնագիտական խմբի առաջին այցը տեղի է ունեցել անցյալ տարի՝ կրելով առավել ճանաչողական բնույթ:
Երկրորդ՝ վերջին շաբաթներին տեղի ունեցած այցի թիրախում մանկական էպիլեպսիան էր՝ դրա նյարդահոգեբանական գնահատումից մինչեւ բուժման ժամանակակից մեթոդներ ու վիրահատական բուժում։ Մեր թիմն այս այցին երկար է պատրաստվել: Նախապես ընտրվել են բուժառուներ, որոնց մոտ էպիլեպսիան դեղակայուն է եւ վիրահատությունը կարող է տալ առավել լավ արդյունքներ: Այս օրերին նրանք հաջողությամբ վիրահատվել են: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր քայլ է ոչ միայն «Ուիգմոր»-ի, այլեւ՝ ամբողջ երկրի առողջապահական կարողությունների զարգացման տեսանկյունից։

Լուսանկարը` «Ուիգմոր»
Հաճախ Հայաստան է գալիս հմուտ մասնագետների խումբ, անցկացնում խորհրդատվություններ, կատարում վիրահատություններ եւ հեռանում։ Իհարկե, սա եւս կարեւոր է, բայց մեզ համար սկզբունքային է նման այցելություններից ու գործակցությունից քաղել առավելագույնը՝ հմուտ մասնագետների թիմ կրթելով ու ձեւավորելով հենց երկրում:
Valley Children’s Healthcare-ի հետ համագործակցությունը լինելու է շարունակական եւ առաջիկա այցերի ուղղվածությունը կորոշվի՝ հիմնվելով մանկական առողջապահության ոլորտում եղած մեր առաջնահերթությունների վրա։ Օրինակ՝ շատ կարեւոր է երկրում մանկական անհետաձգելի բուժօգնության զարգացումը։
Փոխադարձ այցելություններից բացի, մեր ամերիկյան գործընկերների հետ տարվա ընթացքում մշտապես ունենք հեռավար ուսուցման եւ առանձին դեպքեր քննարկելու հնարավորություն:
«Հույս՝ փակուղու փոխարեն»
Էդուարդ Ասատրյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու, մանկական նյարդավիրաբույժ, բ․գ․թ․
Վիրահատության հնարավորությունը լուսավոր կետ եւ հույս է այն ընտանիքների համար, որոնք «մանկական էպիլեպսիա» ախտորոշումից հետո, ասես, կանգնել են փակուղու առջեւ:
Ֆրեզնո կատարած մեր առաջին մասնագիտական այցի ընթացքում տեղում ծանթացել ենք՝ ինչպես է պետք նախապատրաստվել այս վիրահատություններին, ինչպես է տեղի ունենում բուն գործընթացն ու ինչ հետվիրահատական բարդություններ են հնարավոր: 2024թ.-ի ամռանն արդեն Valley Children’s Healthcare-ի թիմն այցելեց «Ուիգմոր»՝ տեղում գնահատելու մեր տեխնիկական ու կադրային կարողությունները: Դրան հաջորդեցին ամիսներ տեւող քննարկումները տեսակապով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Արդյունքում, օրեր առաջ Սեզար Սանթոսի մենտորությամբ «Ուիգմոր»-ում վիրահատեցինք առաջին եւ տարիքով ամենափոքր բուժառուին (1,5 տ.): Կարող եմ ասել՝ վիրահատությունը հաջող էր, հետվիրահատական բարդացումներ կամ ցնցումներ չեն արձանագրվել (ժպտում – հեղ.): Շատ կարեւոր է ընդգծել, որ դեղակայուն էպիլեպսիայի դեպքում վիրահատությունը պետք է կատարել հնարավորինս շուտ, երեխային պետք է ազատել ցնցումներից, քանի որ այդ փուլում տեղի է ունենում նրա հոգեշարժական ակտիվ զարգացումը:
Շատ եմ կարեւորում մեր գործընկերների աջակցությունը, քանի որ նման վիրահատություններ սկսելու դեպքում հմուտ մենտորի առկայությունը պարտադիր է:
Վաղ հետվիրահատական փուլում հնարավոր են անսպասելի դրսեւորումներ, բայց երբ կողքիդ են առավել փորձառու գործընկերները, գործողություններիդ մեջ առավել վստահ ես լինում։

Լուսանկարը` «Ուիգմոր»
Այս կարճ ժամանակահատվածում ստացել ենք բազմաթիվ դիմումներ ծնողներից, որոնց երեխաներն ունեն այս ախտորոշումն ու նրանք ցանկանում են դիմել վիրահատության: Կարող եմ ասել՝ բազմաթիվ ընտանիքներ ու բուժառուներ սպասում են Valley Children’s Healthcare-ի գործընկերների հաջորդ այցին։
«Ցանկանում ենք Հայաստանում կրթել եւ ունենալ սեփական մասնագետներին»
Նունե Կույումջյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու, մանկական նյարդաբան
Ցավոք, մեր հասարակությունում դեռ կան ընտանիքներ, որոնք ամեն կերպ փորձում են թաքցնել կամ ժխտել երեխայի մոտ ախտորոշված էպիլեպսիան։ Առաջին հերթին հենց այս երեխաների ծնողները պետք է առավել իրազեկված լինեն՝ ինչ է էպիլեպսիան, ինչպես է այն դրսեւորվում ու իրավիճակի բարելավման ինչ տարբերակներ կան։ Շատերը կարծում են, որ այս ախտորոշումը ենթադրում է երեխայի բնականոն կյանքի անհնարինություն, բայց սա չի համապատասխանում իրականությանը:

Լուսանկարը` «Ուիգմոր»
Կան էպիլեպսիայի տեսակներ, որոնց դեպքում ցնցումների պարբերականությունը շատ փոքր է եւ ինչ-որ պահից դրանք լիովին վերանում են՝ առանց որեւէ միջամտության: Իհարկե, այլ դեպքերում այս ախտորոշումը ենթադրում է դեղորայքի մշտական օգտագործում, իսկ իրավիճակում, երբ դեղերն այլեւս չեն օգնում եւ էպիլեպսիան դարձել է դեղակայուն, լուծման հնարավոր տարբերակը վիրահատությունն է։
«Ուիգմոր»-ում արդեն իսկ սկսել ենք աշխատել ծնողների հետ՝ կիսելով այս տեղեկատվությունը մեր «Էպիլեպսիայի դպրոց»-ի շրջանակում, նաեւ բացատրելով՝ ինչպես օգնել երեխային ցնցումների ժամանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Շատ ընտանիքների «էպիլեպսիա» ախտորոշումը հասցնում է հուսահատության։ Նրանք փնտրում են հնարավոր բոլոր ճանապարհներն այն ժխտելու, խուսափելու, հաճախ դիմում են ոչ ապացուցողական բժշկությանը, մինչեւ գիտակցում են՝ երեխան իրական օգնության կարիք ունի: «Էպիլեպսիայի դպրոց»-ի շնորհիվ, մենք ոչ միայն մասնագիտական տեղեկատվություն ենք փոխանցում ծնողներին, այլեւ փորձում ենք ձեւավորել ջերմ, վստահելի ու աջակցող համայնք, որտեղ ծնողները կզգան՝ իրենց վախերի եւ ապրումների հետ մենակ չեն:
Հայաստանում մանկական էպիլեպսիայի դեպքերը, ցավոք, բավականին շատ են։ Ըստ Էպիլեպսիայի բուժման համալիր կենտրոնի տվյալների՝ այս ախտորոշումն ունի մոտ 4000 երեխա: Եթե հաշվի առնենք նաեւ, որ շատ ընտանիքներ չեն դիմում բուժօգնության, թաքցնելով խնդիրը, թիվն իսկապես բավականին մեծ է։ Ինչպես բժիշկ Սեզար Սանթոսն է նշել իր նախորդ այցի ընթացքում՝ էպիլեպսիա ունեցող բուժառուների 65 տոկոսին հնարավոր է օգնել դեղորայքի միջոցով, բայց 35 տոկոսի դեպքում գործ ունենք դեղակայուն էպիլեպսիայի հետ ու այն պահանջում է վիրահատական միջամտություն:

Լուսանկարը` «Ուիգմոր»
Մինչեւ հիմա դա հնարավոր էր միայն, եթե բուժառուն մեկներ արտասահման կամ այստեղ ժամաներ մասնագետների խումբ, որը որոշակի թվով վիրահատություններ կկատարեր: «Ուիգմոր»-ում ցանկանում ենք կրթել եւ ունենալ մեր սեփական մասնագետներին, որպեսզի ամբողջ երկիրն իրեն առավել վստահ զգա էպիլեպսիայի դեմ պայքարում, եւ տեղում կարողանանք օգտակար լինել առավել մեծ թվով բուժառուների։ Կարծում եմ՝ սա կնպաստի նաեւ հանրությունում «էպիլեպսիա» ախտորոշման հանդեպ եղած մոտեցումների փոփոխությանը։
«Վիրահատված երեխաներից մեկի հոր խոսքը երբեք չեմ մոռանա. սա հենց այն է, ինչի համար աշխատում ենք»
Սեզար Սանթոս, «Valley Children’s Healthcare»-ի մանկական նյարդաբանության ղեկավար, բժիշկ
Սա երկրորդ այցս է Հայաստան եւ զգացողություններս չեն փոխվել (ժպտում է – հեղ.)։ Դեռ առաջին այցի ընթացքում շատ տպավորված էի երկրի գեղեցկությամբ եւ այս հիվանդանոցում տեսածով։ Կարծում եմ՝ «Ուիգմոր»-ի հիմքում հեռատես մարդիկ են, որոնք փորձում են արձանագրել հանրության կարիքներն առողջապահության ոլորտում եւ զարգացնել դրանք ոչ միայն սեփական հիվանդանոցում, այլեւ՝ ամբողջ երկրի առողջապահական համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար։ Սա շատ կարեւոր մոտեցում է, եւ այն մեծ ջանքեր է պահանջում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ինչպես նշեցին գործընկերներս, այս այցի ընթացքում հաջողությամբ վիրահատել ենք դեղակայուն էպիլեպսիա ունեցող երեք երեխայի, բայց կարեւոր է շեշտել, որ այս վիրահատությունների հիմքում ամիսներ տեւող նախապատրաստական աշխատանքն էր. տեղեկատվության փոխանակում, տեսակապով քննարկումներ, բազմաթիվ հետազոտություններ:
Հայաստանում անցկացրած այս օրերի ընթացքում ինձ մոտ տպավորություն է, թե «Ուիգմոր»-ի գործընկերների հետ աշխատում ենք արդեն երկար տարիներ: Նրանց մոտ նկատում եմ մեծ հարգանք ու սովորելու պատրաստակամություն, երբ կիսվում եմ որեւէ տեղեկատվությամբ: Հիշում եմ՝ հիվանդանոցի աշխատակիցներից մեկը մի օր տեսավ ինձ միջանցքում եւ շնորհակալություն հայտնեց, նշելով՝ «գիտե՞ք, Հայաստանը փոքր երկիր է եւ այս օրերին ինձ շատերն են հարցնում՝ մեր հիվանդանոցում իսկապե՞ս վիրահատում են էպիլեպսիա ունեցող երեխաներին»: Նա ավելացրեց՝ «բոլորս շատ ենք գնահատում այն, ինչ անում եք ոչ միայն «Ուիգմոր»-ի, այլեւ՝ Հայաստանի հանրության համար»:

Լուսանկարը` «Ուիգմոր»
Հայաստանում մանկական էպիլեպսիայի վիճակագրությանը ծանոթացել էի առաջին այցիցս առաջ: Եթե այս ախտորոշումն ունեցողների թիվը դիտարկենք Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների համատեքստում, այն իսկապես ցավալի է: Համեմատության համար նշեմ, որ Միացյալ Նահանգներում տարեկան կատարվում է մանկական էպիլեպսիայի մոտ 5000 վիրահատություն։ Ստացվում է՝ եթե նույնիսկ կարողանանք Հայաստան բերել ամերիկյան բոլոր մասնագետներին, կպահանջվի մոտ մեկ տարի Հայաստանի բուժառուներին հանդիպելու եւ օգնել փորձելու համար։
Իրավիճակը փոքր-ինչ բարելավելու համար պետք է սկսել այդ թվում՝ մարդկանց մտածողությունից։ Նրանք պետք է հասկանան, որ էպիլեպսիան պետք չէ թաքցնել, ամաչել այս ախտորոշումից։ Այն ընդմիշտ չէ։ Այո՛, եթե դրան պատշաճ ուշադրություն չդարձվի, այն կարող է խաթարել բնականոն կյանքը, բայց կա նաեւ վիրահատական լուծում։ Մարդիկ պետք է իմանան սա:
Այսօր, երբ հարցնում եք այցի տպավորությունների մասին, առաջին հերթին մտաբերում եմ վիրահատված երեխաներից մեկի հոր հետ զրույցը:
Նա խաղաղապահ է եւ լավ գիտի՝ ինչ է նշանակում ծառայել երկրին: Վիրահատությունից հետո մեզ հանդիպելով՝ նա ասաց՝ «շնորհակալ եմ իմ ընտանիքին աջակցելու համար»։ Ես էլ այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուիգմոր»-ի գործընկերներիս՝ Հայաստանի հանրությանը ծառայելու համար: Երեխայի հոր խոսքը երբեք չեմ մոռանա եւ հիշելիս շատ էմոցիոնալ եմ դառնում։ Սա հենց այն է, ինչի համար աշխատում ենք:
«Ակնհայտ է, որ «Ուիգմոր»-ում կա ամուր թիմ, որը կիսում է նույն նպատակներն ու արժեքները»
Հեդըր Թրիփ, «Valley Children’s Healthcare»-ի մանկական վերակենդանացման բաժանմունքի մասնագիտացված բուժքույր
Սա իմ առաջին այցն է Հայաստան եւ այս ճամփորդությունն ուղղակի հրաշալի էր՝ երկիրը, մարդիկ, հյուրասիրությունը։ Մինչ այս «Ուիգմոր»-ի թիմից մի քանի բժշկի հետ համագործակցել էի, երբ նրանք այցելել էին Ֆրեզնո։ Այստեղ հնարավորություն ունեցա տեսնել «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ը: Գիտեմ, որ այն ընդամենը երեք տարեկան է եւ այս կարճ ժամանակահատվածում կատարվել է պարզապես հիանալի աշխատանք։ Սա չափազանց տպավորիչ է։
Շատ հետաքրքիր էր տեղում աշխատել բուժքույրերի թիմի հետ, ծանոթանալ նրանց տեսլականին, քննարկել իրավիճակներ ու աշխատել անմիջապես բուժառուների հետ։ Ես սիրում եմ կիսվել մեր հիվանդանոցում ունեցած փորձառությամբ եւ սա հենց այն էր, ինչ անում էի այստեղ։ Կարեւոր չէ՝ ոլորտում աշխատում ես 16 տարի, թե՝ 6 ամիս, բոլորս սովորելու բան ունենք (ժպտում է – հեղ.):

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր այցի ողջ ընթացքում ակնհայտ էր, որ «Ուիգմոր»-ում բոլորը բուժառուներին վերաբերվում են մեծ հոգատարությամբ, այստեղ նրանք միշտ առաջին տեղում են: Եթե առաջարկում էինք որեւէ մոտեցում, որն առավել դրական կլինի բուժառուների համար, բոլորը միանգամից ներառվում էին այդ բարելավման գործընթացքում (ժպտում է – հեղ.)։ Սա դիրքորոշում է, որ բնորոշ է հանրության մասին հոգ տանող բուժհաստատությանը: Այս դեպքում առավել քան կարեւոր է ունենալ ամուր թիմ, որը կիսում է նույն նպատակներն ու արժեքները։ «Ուիգմոր»-ում նման թիմի առկայությունն ինձ համար ակնհայտ էր։
«Հմուտ բուժքույրը պետք է կարողանա հոգեբանորեն ճիշտ աշխատել բուժառուի հետ»
Սոնա Վարդանյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի վերակենդանացման բաժանմունքի ցերեկային բուժքույր
Valley Children’s Healthcare-ի մասնագետների այցը շատ տպավորիչ էր եւ ինֆորմատիվ։ Հատկապես էպիլեպսիա ունեցող երեխաների վիրահատությունից հետո բուժքույրական խնամքը շատ մեծ դեր ունի․ յուրաքանչյուր առավոտ բուժքույր Հեդըր Թրիփի հետ կատարում էինք համայց, քննարկում եղած իրավիճակը։
Այցի ընթացքում նա մեզ համար անցկացրել է նաեւ համապարփակ դասընթաց՝ ծանոթացնելով էպիլեպսիա հիվանդության ընթացքին, ընդգծելով՝ ինչին առավել ուշադրություն դարձնել հետվիրահատական փուլում։ Շատ կարեւոր է իմանալ այն ազդակները, որոնց դեպքում պետք է շատ արագ արձագանքել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Առհասարակ Հեդըր Թրիփը շատ համագործակցող եւ պատրաստակամ անձնավորություն է, եւ ամեն օր մենք մոտ 1,5 ժամ վայելում էինք նրա դասընթացը (ժպտում է – հեղ.): Մեր գործընկերն իր հետ բերել էր նաեւ խաղալիքների ու զարգացնող խաղերի մի մեծ փաթեթ, որպեսզի որոշ ցավոտ միջամտությունների ժամանակ խաղի միջոցով կարողանանք շեղել երեխայի ուշադրությունը։ Դրանց կիրառումն, իհարկե, օգտակար է նաեւ առողջացման փուլում։ Առհասարակ, շատ կարեւոր է բուժառուի հետ նաեւ հոգեբանորեն ճիշտ աշխատել, մոտեցում գտնել, եւ հմուտ բուժքույրը պետք է կարողանա սա անել։
Կարծում եմ՝ մեր մասնագիտության դեպքում շարունակական կրթությունը չափազանց կարեւոր է, քանի որ այս ոլորտն ամբողջ աշխարհում շատ արագ է զարգանում, եւ մենք էլ փորձում ենք հետ չմնալ (ժպտում է - հեղ)։ «Ուիգմոր»-ը մեզ տալիս է դրա հնարավորությունը, ինչը շատ ենք գնահատում։
«Երազանք է, որ դեղակայուն էպիլեպսիա ունեցող յուրաքանչյուր երեխա ստանա վիրահատության հնարավորություն»
Հրաչուհի Ղազարյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ բ․գ․թ․
Էպիլեպսիայի վարումը բազմաթիմային է եւ պահանջում է մուլտիդիսցիպլինար աշխատանք։ Այս վիրահատություններին նախորդած նախապատրաստական աշխատանքներին ներգրավվել են ոչ միայն նյարդաբաններն ու նյարդավիրաբույժները, այլեւ՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ներկայացուցիչները, հոգեբանները, զարգացման մանկաբույժները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Սա հսկայածավալ աշխատանք էր, որում ցանկանում եմ առանձին ընդգծել գործընթացի անտեսանելի եւ շատ կարեւոր օղակները՝ էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ) կատարող մեր թիմին եւ ինժեներներին․ նրանց շնորհիվ էր, որ այս ամբողջ «շղթան» գործում էր ճիշտ:
Կատարված վիրահատություններից հետո «Ուիգմոր»-ի ամբողջ թիմը շատ ոգեւորված է, նաեւ՝ հպարտ (ժպտում է – հեղ.), որ կարողացել ենք սկսել նման կարեւորագույն գործընթաց։
Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել նույնիսկ այն ծնողներից, որոնց երեխաները չունեն էպիլեպսիա, բայց նրանք շնորհակալ են, որ «Ուիգմորում» մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը դարձել է հասանելի:
Ընդամենը երկու շաբաթում քննարկումների, դասընթացների, տեղում համատեղ աշխատանքի շնորհիվ հսկայածավալ առաջընթաց ունենք: Կարողացել ենք չափազանց մեծ եւ կարեւոր քայլ առաջ կատարել․ այս փորձը պահպանելու ենք, կիրառելու, զարգացնելու եւ դարձնելու ենք շարունակական:

Լուսանկարը` «Ուիգմոր»
Այսօր ավելի շատ քննարկեցինք մանկական էպիլեպսիայի դեմ պայքարող բժիշկների, բուժքույրերի աշխատանքը, բայց այստեղ կարեւորագույն դեր ունեն նաեւ այս երեխաների ծնողները։ Նրանք մեր ամերիկյան գործընկերների այցին սպասել են մեծ անհամբերությամբ, իսկ վիրահատված երեք երեխայի ծնողներից ամեն օր լսում ենք շնորհակալական խոսքեր։
Կարող եմ ասել՝ երազանք է, որ դեղակայուն էպիլեպսիա ունեցող յուրաքանչյուր երեխա ստանա վիրահատության հնարավորություն։ Այստեղ կարեւոր է նաեւ պետության դերը։ Այս վիրահատությունը թանկ է, բազմաթիվ հետազոտություններ պահանջող, եւ կատարված երեք վիրահատության դեպքում պետությունը հոգացել է բոլոր ծախսերը՝ ազատելով այս ընտանիքներին ֆինանսական բեռից։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: