«Առողջ հասարակության հիմքն առողջ կինն է». «Ուիգմոր»-ում հոգ են տանում կնոջ առողջության մասին - Mediamax.am

exclusive
3874 դիտում

«Առողջ հասարակության հիմքն առողջ կինն է». «Ուիգմոր»-ում հոգ են տանում կնոջ առողջության մասին


Ներսես Բերբերյանը
Ներսես Բերբերյանը

Լուսանկարը` «Ուիգմոր»

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Բադալյանը
Սամվել Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պրոֆեսոր Ս․ Բադալյանը՝ «Ուիգմոր»-ում ոլորտի փորձագետների հետ հերթական այցի ընթացքում
Պրոֆեսոր Ս․ Բադալյանը՝ «Ուիգմոր»-ում ոլորտի փորձագետների հետ հերթական այցի ընթացքում

Լուսանկարը` «Ուիգմոր»

Լուսանկարը` «Ուիգմոր»

Սամվել Բադալյանը եւ Զարուհի Գրիգորյանը
Սամվել Բադալյանը եւ Զարուհի Գրիգորյանը

Լուսանկարը` «Ուիգմոր»

Լուսանկարը` «Ուիգմոր»

Զարուհի Գրիգորյանը
Զարուհի Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցը» մատուցում է կանանց առողջության ծառայությունների ողջ սպեկտրը՝ կառուցելով բոլոր ծառայությունները կնոջ շուրջ։ Թիմը նշում է, որ առաջնորդվում են աշխարհում ընդունված՝ առողջ կին, առողջ երեխա, առողջ ընտանիք, առողջ հասարակություն սկզբունքով՝ չտարանջատելով կնոջ եւ երեխայի առողջությունը։

Մեդիամաքսի հետ զրույցում Նյու Յորքի «Bassett Medical Center» հիվանդանոցի կանանց առողջության բաժանմունքի ղեկավար, ուրոգինեկոլոգ, պրոֆեսոր Սամվել Բադալյանը «Ուիգմոր» հիվանդանոցի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու Զարուհի Գրիգորյանն ու մամոլոգիայի ծառայության պատասխանատու Ներսես Բերբերյանը պատմել են կնոջ առողջության համար անհրաժեշտ հետազոտությունների ու կանանց՝ սեփական առողջությանը հետեւելու կարեւորության մասին:

Քանի որ հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս, զրուցակիցներն անդրադարձել են հիվանդության հետ կապված ամենատարածված միֆերին:

«Վատ առողջապահությունն ավելի վատ է, քան առողջապահության բացակայությունը»

Ուրոգինեկոլոգ, կանանց կոնքի բժշկության եւ վերականգնողական վիրաբուժության պրոֆեսոր Սամվել Բադալյանը Նյու Յորքի «Bassett Medical Center» հիվանդանոցի կանանց առողջության բաժանմունքի ղեկավարն է։ Պրոֆեսոր Բադալյանն այն մարդն էր, ում ջանքերով Հայաստան «եկավ» ուրոգինեկոլոգի նոր մասնագիտացումը:

Ուրոգինեկոլոգիան որպես առանձին մասնագիտացում աշխարհում ձեւավորվել է 1980-ականներին եւ լայն տարածում գտել 2000-ականներից: Նպատակը մեկն էր՝ միավորել ուրոլոգի եւ  գինեկոլոգի գործառույթները, որպեսզի փոքր կոնքի հատակի բոլոր գանգատներով կինը դիմի մեկ մասնագետի:

Սամվել Բադալյանը Սամվել Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«2014 թ․-ից պարբերաբար գալիս էի Հայաստան, կատարում վիրահատություններ, բայց գիտակցում էի՝ մասնագիտացումը զարգացնելու համար սա բավարար չէ: Նախ պետք էր հասկանալ՝ որքանով է այն անհրաժեշտ: Այդպիսով, 2019 թ.-ին Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի մոտ 600 կնոջ շրջանում իրականացրեցինք հետազոտություն: Արդյունքում պարզեցինք, թե կանանց շրջանում ինչ մեծ տոկոս է կազմում անմիզապահությունը: Ուշագրավ է, որ այս առումով ՀՀ ցուցանիշներն ավելի բարձր են, քան Միացյալ Նահանգներինը: Բայց ամենաանհավանական ցուցանիշը հետեւյալն էր՝ կոնքի խոռոչի եւ հատակի հիվանդությունների պատճառով վիրահատված կանայք ունեն կյանքի ավելի վատ որակ, քան նրանք, որոնք չեն վիրահատվել: Սա նշանակում է՝ կանանց ճիշտ չեն վիրահատում, իսկ փաստ է, որ  վատ առողջապահությունն ավելի վատ է, քան առողջապահության բացակայությունը: Այնպես որ, պետք էր փոխել իրավիճակը», - հիշում է Սամվել Բադալյանը:

Նա ուրոգինեկոլոգների վերապատրաստման ծրագիր է կազմում եւ դիմելով ԱՄՆ պետդեպարտամնետ՝ ֆինանսավորում ստանում  «Fullbright» ծրագրով: Սկսվում է աշխատանքն ընտրված 5 գինեկոլոգի եւ ուրոլոգի հետ.

«Ուրախ եմ ասել, որ այսօր հայ ուրոգինեկոլոգներն ունեն համապարփակ գիտելիք եւ նրանց փորձը կիրառելի է նաեւ ամբողջ աշխարհում»:
Պրոֆեսոր Ս․ Բադալյանը՝ «Ուիգմոր»-ում ոլորտի փորձագետների հետ հերթական այցի ընթացքում Պրոֆեսոր Ս․ Բադալյանը՝ «Ուիգմոր»-ում ոլորտի փորձագետների հետ հերթական այցի ընթացքում

Լուսանկարը` «Ուիգմոր»


«Կնոջ առողջությունն ամենակարեւորն է»

2023թ․-ից «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում Հայաստանում առաջին անգամ գործում է մասնագիտացված ուրոգինեկոլոգիական ծառայություն, որի թիմը «Fullbright» ծրագրով վերապատրաստված, Հայաստանում ուրոգինեկոլոգիական համայնքը ձեւավորող մասնագետներն են:

Լուսանկարը` «Ուիգմոր»


«Երբ առաջին անգամ դեռ վերանորոգման փուլում այցելեցի «Ուիգմոր», հանդիպեցի անձնակազմին, հասկացա՝ մեծ ներուժ կա այստեղ: Առաջարկեցի ստեղծել կանանց եւ երեխաների կենտրոն, որտեղ կինը կկարողանա գալ թե՛ ուրոգինեկոլոգիական հարցերով, թե՛ ծննդաբերելու, թե՛ հետագայում իր եւ երեխայի առողջության պահպանման համար: Այսօր «Ուիգմոր»-ը մի վայր է, որտեղ կնոջ առողջությունը վերահսկվում է կյանքի տարբեր փուլերում: Պետք է գիտակցենք՝ կնոջ առողջությունն աշխարհում ամենակարեւորն է, որովհետեւ, եթե նա առողջ է, առողջ է նաեւ ընտանիքը․ կնոջ առողջությունն առողջ հասարակության հիմքն է», - ասում է Սամվել Բադալյանը:

2024թ.-ին «Ուիգմոր հիվանդանոցը համագործակցության հուշագիր է կնքում Նյու-Յորքի «Bassett Medical Center»-ի հետ: Այսօր պարբերաբար իրականացվում են համատեղ կրթական եւ վերապատրաստման ծրագրեր:

Պրոֆեսոր Բադալյանը կարեւորում է կնոջ իրազեկվածությունը սեփական առողջության վերաբերյալ.

«Ուիգմոր»-ում կանանց սովորեցնում ենք՝ ինչպես առողջ կյանք ապրել, հետեւել սեփական առողջությանը, կատարել անհրաժեշտ ստուգումները: Շատ կարեւոր է, որ հիմնվում ենք միայն ապացուցողական բժշկության վրա: Այսինքն, երբեք չենք պարտադրում, որ կինն անցնի ավելորդ հետազոտություն. ցանկացած նշանակված ստուգում ունի հիմնավորում»:

Կանխարգելիչ սքրինինգային փաթեթներ

«Ուիգմոր»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու, գինեկոլոգ/ուրոգինեկոլոգ Զարուհի Գրիգորյանը պրոֆեսոր Բադալյանի սաներից է: Այսօր արդեն, բացի մասնագիտական ծառայություն ղեկավարելուց, գործընկերների հետ հաճախ մեկնում է մարզային պոլիկլինիկաներ ու վերապատրաստում տեղի մասնագետներին:
Սամվել Բադալյանը եւ Զարուհի Գրիգորյանը Սամվել Բադալյանը եւ Զարուհի Գրիգորյանը

Լուսանկարը` «Ուիգմոր»


«Կարեւոր է, որ առողջության պահպանման առաջնային օղակում կանանց ճիշտ բուժեն», - ասում է:

Կնոջ առողջության պահպանումն առավել պատասխանատու եւ ճիշտ հիմքի վրա դնելու համար «Ուիգմոր»-ում մշակել են կանխարգելիչ սքրինինգային հետազոտությունների հատուկ փաթեթներ: Կինը կարող է զանգահարել բժշկական կենտրոն, նշել տարիքն ու նրան կառաջարկեն անհրաժեշտ ստուգման փաթեթը՝ ներառյալ գինեկոլոգի, ուրոգինեկոլոգի, մամոլոգի եւ էնդոկրինոլոգի խորհրդատվությունը:

«Մեր ջանքերի առաջնային նպատակը մեկն է՝ կինը պետք է հետազոտվի ոչ միայն սուր ցավերի կամ ակնհայտ ախտանշանների դեպքում, այլ առնվազն տարին մեկ անգամ ստուգվելով՝ կանխարգելի հիվանդությունների առաջացումն ու զարգացումը: Հատուկ մշակված սքրինինգային փաթեթներն ազատում են կնոջը տարատեսակ մասնագետների դիմելու անհրաժեշտությունից: Նա գալիս է մեզ մոտ, մտնում հատուկ բաժին, որտեղ համալիր հետազոտություն է իրականացվում: Կարեւոր է նշել, որ մեր սքրինինգային փաթեթներում ներառել ենք նաեւ շատ կարեւոր երկու հետազոտություն՝ քլամիդիա եւ գոնորեա ինֆեկցիաների ստուգումը: Դրանք հաճախ առանց սիմպտոմների են ընթանում, բայց հետագայում կարող են անպտղության հանգեցնել», - ասում է Զարուհի Գրիգորյանն ու նշում՝ ստուգումներին զուգահեռ հետեւում են նաեւ վիճակագրությանը.

«Ցանկանում ենք 5 տարի անց հասկանալ՝ անպտղության ինչ ցուցանիշներ կլինեն, եթե գոնե մեզ մոտ ստուգվող կանայք անպայման քլամիդիայի եւ գոնորեայի հետազոտություն անցնեն: Գուցե, հետագայում հասնենք նրան, որ այս հետազոտությունները Հայաստանում ներառվեն անվճարների ցանկում, ինչպես օրինակ, արգանդի վզիկի Պապ-թեստը»:

«Գինեկոլոգի այցելող կինը պետք է իրեն ապահով եւ հանգիստ զգա»

Զարուհի Գրիգորյանը նշում է՝ հաճախ կանայք խուսափում են կանխարգելիչ հետազոտություններից, քանի որ դրանք հոգեբանորեն անհանգստություն, վախ ու նաեւ որոշակի անհարմարություն են առաջացնում.

«Այս միտումն անհրաժեշտ է փոխել: Գինեկոլոգի մոտ այցելող կինը պետք է իրեն ապահով ու հանգիստ զգա: «Ուիգմոր»-ում, երբ կինը մտնում է բժշկի սենյակ, դուռն անպայման կողպվում է, վարագույրով առանձնացված հատվածում նա հագնում է հատուկ՝ մեկանգամյա օգտագործման համազգեստ եւ անցնում բոլոր անհրաժեշտ զննումները»:  
Զարուհի Գրիգորյանը Զարուհի Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Զարուհի Գրիգորյանը կանանց հորդորում է հետազոտվել առնվազն տարին մեկ անգամ՝ հիմնավորելով՝ «այդ ստուգումների միջեւ ընկած ժամանակահատվածում չի կարող առաջանալ ու զարգանալ անլուծելի առողջական խնդիր»:

«Ապացուցված է՝ արգանդի պարանոցի քաղցկեղը հնարավոր է լիովին կանխարգելել տարեկան ստուգումներով: Այն վիրուսային ծագում ունի եւ զարգանում է դանդաղ՝ միջինում տասը տարվա ընթացքում: Իհարկե, խիստ կարեւոր է նաեւ տեղեկատվության տարածումը: Սա է պատճառը, որ մեր թիմը պարբերաբար այցելում է Հայաստանի մարզեր, հանդիպում տեղի բժշկական թիմերի հետ: Մարզային հանդիպումների ընթացքում զրուցում ենք նաեւ ուսուցիչների հետ, քանի որ նրանք են երիտասարդների հետ շփման ու ճիշտ տեղեկատվության տարածման առաջնային օղակը», - ասում է Զարուհի Գրիգորյանը:

Կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու առումով կա դրական տեղաշարժ

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, համարվում է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Քաղցկեղի այս տեսակը քաղցկեղային հիվանդությունների շրջանում տարածվածությամբ առաջին տեղում է՝ շրջանցելով նույնիսկ թոքերի քաղցկեղին:

«Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի» մամոլոգիայի ծառայության պատասխանատու Ներսես Բերբերյանը մեջբերում է ԱՀԿ վիճակագրությունը՝ «յուրաքանչյուր ութ կնոջից մեկի մոտ կյանքի ընթացքում կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջանալ»:

«Միեւնույն ժամանակ, պետք է անպայման շեշտել, որ այն վաղ փուլում հայտնաբերելու դեպքում հնարավոր է բուժել գրեթե 100 տոկոսով, ընդ որում՝ խուսափելով բարդ միջամտություններից ու պահպանելով կուրծքը: Սա է պատճառը, որ «Ուիգմոր»-ում այսքան մեծ նշանակություն ենք տալիս կանոնավոր սքրինինգների մշակույթին եւ մեծ աշխատանք տանում դրանք ապրելակերպի մաս դարձնելու ուղղությամբ», - ասում է Ներսես Բերբերյանը:
Ներսես Բերբերյանը Ներսես Բերբերյանը

Լուսանկարը` «Ուիգմոր»


Նրա խոսքով՝ վաղ հայտնաբերելիության առումով Հայաստանում նկատվում է որոշակի դրական տեղաշարժ.

«Եթե 5 տարի առաջ վերջին՝ չորրորդ փուլում հայտնաբերվող դեպքերը կազմում էին մոտ 30 տոկոս, այսօր ցուցանիշը նվազել է՝ հասնելով 12-13 տոկոսի: Սա շատ կարեւոր քայլ է»:

Բժիշկը նշում է՝ այս ամենում մեծ դեր ունի նաեւ կնոջ իրազեկվածությունը: Պետք է ոչ թե խուսափել ստուգումներից, այլ՝ գնալ դրանց ընդառաջ՝ զարգացող «չարիքը» հնարավորինս շուտ հայտնաբերելու եւ դրանից ազատվելու համար:

«Պետք է գիտակցել՝ եթե կրծքագեղձում ուռուցքն արդեն շոշափվում է, ուրեմն հիվանդությունն անցել է առաջին փուլը: Այսինքն, եթե կինն ասում է՝ «պարբերաբար շոշափում եմ, ոչինչ չկա», չի նշանակում, որ մասնագետի այցելել պետք չէ: Կան հստակ ժամկետներ ու տարիքից կախված անհրաժեշտ հետազոտություններ: Տարին մեկ դրանք կատարելով՝ կինը պաշտպանում է ինքն իրեն ու իր հարազատներին», - ասում է Ներսես Բերբերյանը:

Անհրաժեշտ ստուգումներն ու դրանց շուրջ տարածված միֆերը

Բժշկի խոսքով՝ կան հստակ ցուցումներ, որոնք յուրաքանչյուր տարիքի կնոջ օգնում են ճիշտ հետեւել սեփական առողջությանը.

«Սեռահասուն տարիքից կինը պետք է կատարի ինքնազննումներ՝ ժամանակ առ ժամանակ անցնելով նաեւ ուլտրաձայնային (սոնոգրաֆիկ) հետազոտություն: 30 տարեկանից հետո ՈՒՁՀ-ն պարտադիր է անցնել տարին մեկ անգամ: 40 տարեկանից հետո անցկացնում ենք մամոգրաֆիկ հետազոտություն: «Ուիգմոր»-ում կիրառվող նորագույն սարքավորումները թույլ են տալիս մամոգրաֆիայի արդյունքում ոչ միայն հայտնաբերել արդեն իսկ ձեւավորված, այլեւ նկատել նույնիսկ նախաքաղցկեղային գոյացությունները: Հետեւաբար, ճիշտ պահին արված մամոգրաֆիայի շնորհիվ կարողանում ենք ոչ միայն վաղ փուլում հայտնաբերել եւ բուժել գոյացությունը, այլեւ կանխարգելել նույնիսկ դրա ձեւավորումը»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հասկանալով, որ շատ կանայք կրծքագեղձի ստուգման են գալիս տարատեսակ վախերով ու անհանգստություններով, «Ուիգմոր»-ում փորձել են հետազոտությունների գործընթացը դարձնել առավել հանգիստ ու բացառել անհարմարությունները եւ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կինն իրեն հարմարավետ ու ապահով կզգա:

«Մենք ունենք հատուկ «Breast Unit» բաժին, որտեղ կատարվում են կրծքագեղձի առողջության հետ կապված բոլոր հետազոտություններն ու միջամտությունները: Կինն այլեւս կարիք չունի գնալու մեկ սենյակից մյուսը, սպասելու հերթերի մեջ: Նա ներս է մտնում մեկ դռնով, ստանում հետազոտությանը հարմարեցված հատուկ հագուստ եւ անցնում բոլոր անհրաժեշտ ստուգումները», - ասում է Ներսես Բերբերյանը:

Նա հատուկ անդրադառնում է նաեւ հանրության շրջանում տարածված միֆերին՝ հետազոտությունների ընթացքում ցավի, քաղցկեղին «զայրացնելու» մասին.

«Ամենից տարածված միֆը՝ մամոգրաֆիան խիստ ցավոտ է, դրա ընթացքում «կոտրում են» կուրծքն, ինչն էլ քաղցկեղ է առաջացնում: Բնականաբար, նման բան չկա, իսկ նոր սարքավորումների կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել տհաճ զգացողությունները:

Լուսանկարը` «Ուիգմոր»


Մյուս միֆը ուլտրաձայնային հետազոտությանն է վերաբերում. ասում են՝ այդ ճառագայթումն է հանգեցնում գոյացությունների ձեւավորմանը: Իրականում հետազոտության ընթացքում ճառագայթման ինդեքսը նույնիսկ ինքնաթիռում եղած ցուցանիշից էլ ցածր է:

Միֆական վախեր կան նաեւ բիոպսիայի հետ կապված: Շատերին վախեցնում է այս տերմինը, քանի որ կարծում են, որ գոյացությանը «ձեռք տալով»՝ կարող ենք «զայրացնել» նրան ու հանգեցնել տարածմանը: Սա եւս որեւէ աղերս չունի իրականության հետ, իսկ բիոպսիան ճիշտ բուժման բանալին է, քանի որ դրա շնորհիվ ենք հասկանում՝ ինչի հետ գործ ունենք եւ կարողանում ենք մշակել լավագույն մարտավարությունը:

Միֆերից մյուսը վերաբերում է բուժմանը: Շատերին այսօր էլ վախեցնում է քիմիաթերապիան, դրա հետ կան բացասական ասոցիացիաներ: Սակայն պետք է հասկանալ, որ այսօր քաղցկեղի բուժումը մուլտիդիսցիպլինար է: Այնպես որ, եթե նշանակվել է քիմիաթերապիա, չի նշանակում, որ ամեն ինչ վատ է, նշանակում է՝ բուժման ճանապարհին ենք»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին