Մեդիամաքսի հատուկ նախագիծը պատմում է 1915 թվականին Վանում կազմակերպված հայերի ինքնապաշտպանության մասին: Հոդվածաշարը պատմում է, թե Վանի հայերն ինչպես էին կռվում իրենց ինքնության ու սեփական տանն ապրելու իրավունքի համար:
«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:
1915թ. ապրիլի 16
1915թ. ապրիլի 16-ին թուրքական գրոհը նոր թափ է ստանում: Հակառակորդը համալրվում է թարմ ուժերով, Բիթլիսից թնդանոթներ ու ռազմամթերք է ստանում: Լրացնելով նյութական ու մարդկային պակասը` թշնամին լայնածավալ գրոհների է դիմում: Ամբողջ օրը թուրքերը կրակի տակ են պահում Սահակ բեյ դիրքը: Հայ պաշտպանները` մոտ 10 մարդ, կարողանում են ամբողջ օրը դիմակայել:
Ապրիլի 16-ին կռվի 10-օրյակն է լրանում: Զինվորական մարմինն ամփոփելով այդ օրերը, կոչ է արձակում, որում նշվում է, որ «սա ազգային ազատագրության ամենանվիրական պայքարն է»:
«Թշնամին՝ դարանակալ ու դաւադիր. ջարդարար ու բարբարոս. արիւնկզակ ու վայրենի. կուզէ վերջ դնել մեր գոյութեան ազգային ու անհատական։ Բայց մենք որոշեցինք կռւել. կռւել մեր կեանքին համար, մեր ինչքին համար, մեր կրօնին համար, մեր պատւին համար, բռնաբարւած, առեւանգւած մեր մայրերուն ու քոյրերուն համար, ամբողջ ազգային գոյութեան համար։ Մեր կռիւը ոճրագործ. մարդկային ու քաղաքական բոլոր իրաւունքենրու. թշնամի Ճէւդէտներու դէմն է, որոնք ծարաւ են հայ արեան ու արցունքին՝ ճիհատ քարոզեցին արտաքին թշնամիներու դեմ. բայց սկսան ջարդել բոլոր քրիստոնեանը. կին թէ երեխայ. մանուկ թէ ծեր. երիտասարդ թէ անդամալոյծ»,- ասված է ազդագրում:
1915թ. ապրիլի 17
Ապրիլի 17-ի առավոտյան թշնամին բերդի վրա դրված թնդանոթներից երկու ժամ կրակ է բացում Քաղաքամեջի վրա:
Լուսանկարը` Սերգեյ Վարդանյանի արխիվից
Սահակ բեյ դիրքը շարունակում է հարձակումների ենթարկվել: Հայերն այստեղ գործի են դնում ինքնաշեն նռնակներ եւ կարողանում են դիմակայել: Միաժամանակ թշնամին հրետակոծում է նաեւ Արարաք թաղամասի հայկական դիրքերը: Թուրքերը փորձում են 200 հոգուց բաղկացած հեծելազորով ճեղքել Շուշանցի եւ Վարագի հայկական պաշտպանությունը, սակայն այստեղ էլ են անհաջողության մատնվում:
1915թ. ապրիլի 18
Զին. Մարմինը տեղեկացնում է, որ արդեն մի քանի օր է թշնամին թնդանոթներով ակտիվ գնդակոծում է Սահակ բեյ եւ Թովմազյան դիրքերը, ինչի հետեւանքով 400-ից ավելի գնդակ է վատնել: Այգեստանի տարբեր հատվածներում ընկած գնդակների հետեւանքով մի քանի հայ է վիրավորվում: Զին. մարմինը նկատում է, որ այս թնդանոթները նպատակ ունեն խփելու ամերիկյան եւ գերմանական շենքերին, ու մի քանիսը հաջողել են:
Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից
Գիշերը թշնամին նորից ակտիվ գնդակոծում է հայկական դիրքերը, սակայն գնդակները որեւէ վնաս չեն տալիս:
1915թ. ապրիլի 19
Ապրիլի 19-ին Վանի կուսակալ Ջեւդեթը վերադառնում է Վան եւ վաղ առավոտից վերսկսում հարձակումը Խաչ-փողոցի դիրքերի վրա: 200-ից ավելի հեծյալ հարձակվում է, պատասխան գնդակից ավելի քան 10 զոհ է տալիս, հայերից միայն մեկ մարդ է վիրավորվում: Քաղաքամեջը թշնամին շարունակում է թնդանոթների գնդակների տակ պահել:
Լուսանկարը` Վան-Van-Ван ֆեյսբուքյան էջից
Թուրքական զորքը հրդեհում է Վարագա վանքը եւ Արտամետ գյուղը, զոհվում է 50 հայ: Դրությունը գնալով լրջանում է եւ Զին. մարմնի ղեկավար Արմենակ Երկանյանը հրամայում է զինագործներին նիզակներ պատրաստել ու բաժանել անզեն գյուղացիներին՝ հնարավոր ճեղքման դեպքում պաշտպանվելու համար:
Ռ. Դե Նոգալեսն իր հուշերում գրում է.
«Ես հազվադեպ եմ հանդիպել կամ ենթադրել, թե երբեւիցե կրկին ականատես կլինեմ այդպիսի կատաղի կռվի, որին ես ականատես եղա պաշարման ժամանակ: Կռվի թափն այնպիսին էր, որ դեպքեր եղան, երբ ստիպված էի հրետանին տեղադրել տներում, քանդելու համար մեր հարեւան շենքերը բաժանող տները, այդ շենքերը գրավելով, անմիջապես հրդեհվում էին, որպեսզի հակառակորդը չփորձեր գիշերը վերագրավել դրանք: Խանձված մազերով, վառոդից սեւացած դեմքերով եւ գնդացիրների ճարճատյունների ու հրազենի պայթյուններից խլացած ականջներով հաջողվեց շարունակել մեր առաջխաղացումը, դանդաղորեն եւ անլուր զոհերի գնով, մինչեւ սիրտը կամակոր քաղաքի»:
1915թ. ապրիլի 20
Թուրքական հրետանին հրետակոծում է հայկական թաղամասը: Ուժգին հարձակման է ենթարկվում Թովմազյան դիրքը:
Առավոտյան ժամերին փորձ է արվում հարձակում գործել հայկական դիրքերի վրա, սակայն 4-6 զոհ տալով, թուրքերը հետ են քաշվում:
Լուսանկարը` Ս. Վարդանյանի արխիվից
Մոտ 30 քուրդ փորձում են ներխուժել Լավանդ-օղլիի դիրք, հայկական դիրքերից բացված կրակի հետեւանքով 3 զոհ են տալիս ու նահանջում:
Գիշերը եկեղեցու գերեզմանատան մոտ է ռմբակոծություն սկսում, պատասխան կրակից թուրքերը լռում են: Քիչ անց բուռն հրաձգություն է սկսում հայկական բոլոր դիրքերի վրա: Այս հատվածում հայերը միայն մեկ վիրավոր են տալիս:
Ջեւդեթի զինվորականի այցը
Կրակի թեժ օրերին էլ՝ ապրիլի 20-ի կեսօրին թշնամու ձեռքն անցած Թելոյի դիրքից Տեր-Պողոսյանի դիրքի տղաներին բանակցելու նշան է տրվում: Ընդառաջ է գնում Ավոն:
-Ես ուղարկված եմ Ջեւդեթի կողմից, - հակառակ դիրքից այս խոսքերով է Ավոյին դիմում մի զինվորական: Նա ավելացնում է, որ Ջեւդեթը կամենում է վերջ տալ կռիվներին ու հաշտություն կնքել: Ուստի ցանկանում է, որ հայերը պայմաններ առաջարկեն:
-Մենք առաջնորդ ունենք, Արամ փաշա ունենք: Ջեւդեթը թող նրանց դիմի, մենք ինչացո՞ւ ենք. որ պայման առաջարկենք,- պատասխանում է Ավոն։
-Առաջնորդն իր տեղը, Արամ փաշան իր տեղը. դու էլ, որպես խմբապետ, քո պայմանն առաջարկիր,- պնդում է Ջեւդեթի ուղարկած զինվորականը:
- Ես մեկ կոպիտ կռվող եմ, շատ բան չեմ հասկանում: Եթե իմ պայմանը կուզես իմանալ, այս է՝ բերեք ինձ Ջեւդեթի գլուխը: Այն ժամանակ մենք կհաշտվենք:
Վրդովված զինվորականը հեռանում է:
Ոստիկանատան հրդեհումը. Տիգրան Աբրահամյան
Այս օրերին ամենաուշագրավ դեպքը, որ տեղի է ունենում, Արարոց հրապարակի ոստիկանատան հրդեհումն էր: Այստեղ կառավարությունը մեծ ուժ էր հավաքել. բացի ուժերը ոստիկանության շենքում կենտրոնացնելուց, օգտագործվել էր նաեւ Արարոց դպրոցը, որը գտնվում էր եկեղեցու բակում, զորքերի ձեռքին էին հրապարակի վրայի մի շարք խանութներ: Այս բոլոր կետերից շարունակ կրակ էր բացվում հայկական թաղամասի ուղղությամբ:
Ոստիկանատունը գրոհով դժվար էր գրավել, միակ տարբերակը հրդեհելն էր, ինչն իրագործելու համար խիզախ մեկն էր պետք:
Դեմքի մեղմ արտահայտությամբ Տիգրան Աբրահամյանը կամ Տիգրան վարժապետը մի ժամանակ ուսուցիչ էր եղել: Թուրքական իշխանությունները նրան հալածել էին, զրկել սիրելի գործից: Խաղաղ բնավորությամբ ուսուցիչը թողել էր ընտանիքն ու թափառաշրջիկ դարձել:
«Ես պիտի հրդեհեմ»,- կառավարությունից իր վրեժն այսպես է որոշում հանել ըմբոստ ուսուցիչը: Կեսօրին նա հանգստանում է, իսկ գիշերները՝ պատրաստում հրաձգության համար անհրաժեշտ գործիքները: Կանեփը թաթախում էր նավթի մեջ, երբ մուրը թանձրանում էր, շալակում էր կանեփն ու անհետանում: Նման գիշերային արշավանք Տիգրան վարժապետը չորս անգամ է կատարում՝ ապրիլի 16-ից 19-ը: Փորձերն անհաջող էին անցնում, նա ոստիկանատունը հրդեհում էր մաս-մաս: Վերջին ու մեծ հրդեհումը տեղի է ունենում ապրիլի 19-ին:
Այս օրը նա մոտենում է խիստ զգուշությամբ, քրքրում նավթոտ կանփեի խուրձը, դիզում խանութների երկու դռների առաջ եւ լուցկին մոտեցնում: Կանեփը վայրկենապես բռնկվում է, հրապարակը՝ լուսավորվում: Վարժապետը թաքնվելու հնարավորություն չի ունենում եւ անմիջապես նետվում է հրապարակի կենտրոն: Հանկարծակի սկսում է երգել ու փախչել: Չորս կողմից կրակոցնեւր են արձակվում:
Ոստիկանատունն ամբողջությամբ այրվում է: Ոստիկանատան հրդեհումը վերջ է դնում այն ահեղ կրակին. որին ենթարկվում էր Այգեստանն այդ օրը։
«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:
Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան
Վանի հերոսամարտին նվիրված Մեդիամաքսի հատուկ նախագիծն իրագործվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Նախագծի խորհրդատուներն են՝
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը;
Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Սահակյանը;
ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Անուշ Ամսեյանը:
Նախագծում օգտագործված աղբյուրներն են՝ Մխիթարյան Օ., «Վանի հերոսամարտը», Սոֆիա, 1960թ., Սահակյան Ռ., «Արեւմտահայության ցեղասպանությունը եւ ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին», Ե., 2005թ., Ա-Դո, «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին», Երեւան, 1917թ., Հայաստանի մայրաքաղաքները. Գիրք I, Վան (Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու), Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2013թ., Վան-Վասպուրականի հերոսամարտը-75, Երեւան, 1990թ., Հայկական հարց հանրագիտարան, Երեւան, 1996թ.:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: