Մեդիամաքսի հատուկ նախագիծը պատմում է 1915 թվականին Վանում կազմակերպված հայերի ինքնապաշտպանության մասին: Հոդվածաշարը պատմում է, թե Վանի հայերն ինչպես էին կռվում իրենց ինքնության ու սեփական տանն ապրելու իրավունքի համար:
«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:
1915թ. ապրիլի 9
Վանի ինքնապաշտպանության համար ստեղծված Զինվորական մարմինը կռվի արդեն երրորդ օրը խնդիր էր դնում ոչնչացնել Համուդ աղայի զորանոցը, որը 120 զինվորով սարսափի տակ էր պահում հայկական մի քանի թաղամաս. հրդեհում եւ ռմբակոծում էին հայերի տները:
Զորանոցը ոչնչացնելու գործը հանձն են առնում Զին. մարմնի մի անդամ եւ Բուլղարացի Գրիգորը:
Նա երեք օր շարունակ չի քնում, արդյունքում գլխում միտք է ծագում. հիմքի գետնափոր անցքից ամրացված պայթուցիկը պիտի վերջ դներ զորանոցին:
Առավոտյան Բուլղարացի Գրիգորը ձեռնամուխ է լինում իր ծրագրի իրագործմանը, ինչին զուգահեռ չեն հանդարտվում թնդանոթների զարկերը:
Գրիգորը գործի է անցնում եւ զորանոցի հիմքի տակ խնամքով տեղավորում պայթուցիկ մեքենան, չափում ու ձեւում է պատրույգի երկարությունը: Երբ ամեն բան պատրաստ էր, նայում է ժամացույցին. ուղիղ ժամը 4-ն էր, պատրույգը վառում է եւ արագ հեռանում: 10 րոպե անց խուլ որոտ է լսվում, զինվորներն իրար են անցնում, սակայն զորանոցը կանգուն է մնում: Զորանոցը պայթեցնելու առաջին փորձն անհաջողությամբ է ավարտում:
Գրիգորը գնում է տուն ու նոր ծրագիր մշակում: Գիշերը՝ ժամը 3-ին, Այգեստանը միանգամից լուսավորվում է, դիրքերից ու տներից երեւում է կրակի մեջ հայտնված Համուդ աղայի զորանոցը: Թերլեմեզյանն իր հուշերում գրում է, որ այս օրը մի մեծ մղձավանջից ազատվեցին: Միաժամանակ այգեստանցի մարտիկները գրավում են զորանոցի մոտ գտնվող երեք շինությունները եւ այնտեղ գտնվող ամբողջ գույքը տեղափոխում են Այգեստան: Որպեսզի թշնամին այլեւս չվերադառնա այդ դիրքը, բոլոր շինությունները հրդեհվում են: Քանի որ թուրքական հրետանու կրակը զգալիորեն վնասել էր հայկական դիրքերը, Զինվորական մարմինը հրամայում է ձեռնամուխ լինել երկրորդ պաշարական գծի կառուցման աշխատանքներին:
Այս օրը հրապարակված ազդերը խստորեն պահանջում էին փամփուշտները միայն նպատակային օգտագործել, խստիվ արգելվում է օղու եւ գինու օգտագործումը:
1915թ. ապրիլի 10
«Համուդ աղայի ղշլան այրվում է. կեցցէ Բօլգարացին». այս ավետումով բացվում է չորրորդ առավոտը: Զորանոցի հետ ընկել էին նաեւ մոտակայքում գտնվող տաճկական երեք տներ-դիրքերը։
Այս օրը Զին. մարմինը մի քանի ազդ է հրապարակում, որով դիմում է ժողովրդին եւ որոշ կարգադրություններ անում: Զին. մարմինը խստիվ արգելում է տներ մտնել եւ թալանել: Հակառակ դեպքում, ինչպես նշվում է ազդում, «մահվան պատժի կենթարկվեն»: Զին. մարմնի մեկ այլ ազդում կոչ է արվում բոլոր խմբերին խմիչք չգործածել. «Եթէ շրջակայ տուներէն գինի կամ օղի առած էք. կամ գիտէք որ կայ, անմիջապէս գրեցէք Հայթայթիչ Յանձնախումբին»:
Այս օրը թշնամին մի շարք գրոհներ է ձեռնարկում Այգեստանի զանազան դիրքերի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվում: Հայերին հաջողվում է հրդեհել թուրքական մի շարք ամրություններ:
«Ֆանֆար» նվագախումբը
Խաչատուր Պուճիկանյանի գլխավորությամբ ստեղծվում է պատանիների փողային նվագախումբ՝ «Ֆանֆարը», որը կռվի հենց առաջին օրն անցնում է գործի ու մեծ ոգի հաղորդում հայ մարտիկներին: Այս նվագախումբը հայրենասիրական երգեր էր երգում դիրքերում եւ քաջալերում կռվող տղերքին:
Լուսանկարը` «Վան-Վասպուրականի հերոսամարտը-75» գրքից
Երբեմն, դիրքերից սուրհանդակներ էին իջնում քաղաք` խնդրելով որ նվագախումբն իրենց էլ այցելի, սա յուրօրինակ ոգի փոխանցելու ձեւ էր, որ հայ փոքրիկները հրաշալի էին կատարում:
1915թ. ապրիլի 11
Կռվի 5-րդ օրը նշանավորվում է թշնամու՝ երկրորդ շրջանում գտնվող գլխավոր հենակետի հրդեհումով: Ամփոփելով վերջին երեք-չորս օրերը, Զին. մարմինը հայտարարության մեջ ասում է, որ «թշնամու հազարավոր թնդանոթների, գնդակների, բարբարոս խուժանի հուսահատ զինվորների դիմաց անսասան են մնացել»:
Այս օրը երեկոյան երեք նոր դիրք են գրավում հայերը, սպանվում է 4 թշնամի եւ այրում են նրանց դիրքերը: Կամուրջի վրա տեղի ունեցած փոքր կռվի արդյունքում հայերն 8 սնդուկ ռազմամթերք են վերցնում:
«Այլեւս անհաշւելի կը մնայ թշնամիին կորուստը ինկած մեր հատ հատ գնդակենրուն տակ։ Այլեւս որոշ կը դառնայ մանաւանդ լքումն ու յուսահատութիւնը անոր՝ երբ անիկա տեսաւ իր դահճապետ Ջէւդէտի ծրագիրը եւ 24 ժամւան մէջ սպանդանոցի վերածելու մեր հայրենիքը եւ լոկ ցնորք մը եղաւ ու զառանցանք:
Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից
Օրէ օր մեր զինւորները կը քալեն յաղթանակէ յաղթանակ։ Իրենց հոգիին մէջ կեռայ հայրենիքի պաշտպանութեան աստւածային կրակը աւելի ու աւելի. եւ անոնք որոշած են մեռնել քու կեանքի. քու պաշտպաութեան ու քու վերջնական ազատութեան համար»,- ասված է Զին մարմնի ազդում:
Քաղաքում հորդառատ անձրեւներ են սկսվում, ինչի պատճառով թուրքական հրամանատարությունը ակտիվ գործողությունները դադարեցնում է: Ամերիկյան օգնության կոմիտեի բժշկական գործի վարիչ Քլարենս Տ. Աշըրին ուղղված նամակում Վանի կուսակալ Ջեւդեթը սպառնում է, որ եթե հայերը օգտագործեն ամերիկյան հաստատությունների շենքերը, ապա ինքը կհրամայի դրանք էլ ռմբակոծել:
Թնդանոթի ձուլարանը. Բուլղարացի Գրիգոր
Բուլղարացի Գրիգորի նախաձեռնությամբ հերոսամարտի ընթացքում հայ զինագործները 2 թնդանոթ են ձուլում, որոնք, ցավոք, վառոդի սակավության պատճառով հաճախ չէ, որ գործի են դրվում:
***
Բուլղարացի Գրիգորը կամ Գրգոր Գեզյանը (Կյոզեյան) ծնվել է Կարինում: Ծննդյան թիվն անհայտ է:
Փոքր տարիքում Գրիգորը ծնողների հետ գաղթել է Բուլղարիա: Երիտասարդ տարիներին Ալեքսանդրապոլում, Հառիճում եւ Գանձակում զինագործությամբ է զբաղվել:
Ցարական իշխանությունները Գրիգորին հետապնդել են, ինչի հետեւանքով նա տեղափոխվել է Արցախ, այնտեղից էլ՝ Վան:
Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից
Վանի հերոսամարտի ժամանակ Զինվորական մարմնի անդամ է եղել: Վանի երկու՝ 1915 եւ 1916թթ. գաղթերի ժամանակ չի հեռացել քաղաքից: Նշանակվել է զինվորական կոմիսար, ապա՝ ոստիկանապետ: 1918թ. մարտի 21-ին, որպես զինվորական մարմնի ներկայացուցիչ, ստորագրել է Վանից հայերի վերջնական գաղթի հրամանը: Բուլղարացի Գրիգորը գաղթականների հետո տեղափոխվել է Թիֆլիս, ապա Երեւան: Այստեղից էլ մեկնել է Պոլիս, որտեղ 1922թ. կնքել է իր մահկանացուն:
***
Թնդանոթի ձուլարանը սովորական դարբնոց էր, որտեղ կուտակել էին դեղին պղնձյա գործիքներ ու առարկաներ: Սկզբում սարքում են թնդանոթի կաղապարը եւ այդ կաղապարի վրա երկու շաբաթվա ջանքերից հետո ձուլում են հայկական թնդանոթն ու բավականաչափ ռումբեր:
Բուլղարացի Գրիգորը բազմաթիվ ջանքեր է թափում թնդանոթ ձուլելու համար: Իր ըմբոստ մտադրությունը հաջողությամբ է պսակում եւ ապրիլի 21-ին արդեն հայկական նորաձույլ պղնձյա թնդանոթը բերվում է վեցերորդ շրջանը, դրվում Տեր-Խաչատրյանի դիրքում: Թնդանոթն ուղղվում է Հաջի-բեքրի զորանոցին եւ առաջին ռումբը որոտումով նետվում է: Այն, սակայն, պայթում է ընդամենը 400-500 քայլ հեռավորության վրա՝ առանց տեղ հասնելու: Բուլղարացին չի վհատվում եւ շուտով երկրորդն է ձուլվում: Ճիշտ է՝ մեծ արդյունքներ չեն արձանագրում, բայց այս թնդանոթի ձուլումը դառնում է հայերի ռազմական ոգու խորհրդանիշը:
Լուսանկարը` Սերգեյ Վարդանյանի արխիվից
Հայ վարպետները նաեւ կոշիկի արհեստանոց են հիմնում քաղաքում: Մոտ 30 վարպետներ ամեն օր ավելի քան 40-50 կոշիկ էին կարում մարտիկների համար: Գործում էր նաեւ զինարանը, որտեղ փչացած զենքերն էին նորոգում:
Փամփուշտարանում, ուր փոքրիկ տղաներ ու պատանիներ էին աշխատում, մաքրում էին դատարկ գիլզաները. լցնում էին վառոդը, ամրացնում գնդակները ու դասավորում արկղերի մեջ։ Վառոդատունը կատարյալ քիմիական կաբինետ էր հիշեցնում. այստեղ հավաքում էին մեծ քանակությամբ ծծումբ, ածուխ եւ բորակ: Այստեղ էր աշխատում քիմիկոս, պրոֆեսոր Մինասյանը, ինչպես նաեւ նախկին որսորդներ Մանուկն ու Մկրտիչ Բաղեշցյանը: Պատրաստում էին ծխավոր ու անծուխ վառող։ Վառոդատունը գերագույն ճիգեր էր թափում վառոդ մատակարարելու համար:
«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:
Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան
Վանի հերոսամարտին նվիրված Մեդիամաքսի հատուկ նախագիծն իրագործվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Նախագծի խորհրդատուներն են՝
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը;
Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Սահակյանը;
ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Անուշ Ամսեյանը:
Նախագծում օգտագործված աղբյուրներն են՝ Մխիթարյան Օ., «Վանի հերոսամարտը», Սոֆիա, 1960թ., Սահակյան Ռ., «Արեւմտահայության ցեղասպանությունը եւ ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին», Ե., 2005թ., Ա-Դո, «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին», Երեւան, 1917թ., Հայաստանի մայրաքաղաքները. Գիրք I, Վան (Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու), Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2013թ., Վան-Վասպուրականի հերոսամարտը-75, Երեւան, 1990թ., Հայկական հարց հանրագիտարան, Երեւան, 1996թ.:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: