Իմ նոր հայկական ընտանիքը - Mediamax.am

exclusive
9603 դիտում

Իմ նոր հայկական ընտանիքը


Նուրը
Նուրը

Լուսանկարը` UWC Dilijan քոլեջ

Նուրը՝ ընկերոջ հետ
Նուրը՝ ընկերոջ հետ

Լուսանկարը` UWC Dilijan քոլեջ


Մեդիամաքսը եւ UWC Դիլիջան քոլեջը «Դիլիջանում՝ ինչպես տանը» համատեղ նախագծում ներկայացնում են տարբեր երկրներից ժամանած ուսանողների պատմությունները՝ Դիլիջանի եւ Հայաստանի մասին:

Նուր, Լիբանան, UWC Դիլիջան ’18

Նուրը երկրորդ կուրսի ուսանող է UWC Դիլիջանում։ Նա ծնվել եւ մեծացել է Սուդանում, սակայն քաղաքացիական պատերազմի պատճառով ընտանիքի հետ ստիպված էր լքել երկիրը։ Մի քանի տարի երկրից երկիր տեղափոխվելուց հետո նրանք ի վերջո տեղավորվեցին Լիբանանում։ Որպես իր CAS պարապմունքներից մեկը Նուրն ընտրել է Փոխակերպումը թենիսի միջոցով, ուր նա սովորում է թենիս խաղալ Դիլիջանի ու շրջակա գյուղերի անապահով ընտանիքների երեխաների հետ։ Նուրը նաեւ մեծ հաճույքով տեղի երեխաներին սովորեցնում է նկարել։

Առաջին անգամ իմ ձմեռային արձակուրդներն անցկացրեցի Ալավերդիում՝ Նեպալից, Թայլանդից ու Մալավիից իմ ընկերների հետ։ Երբ ժամանեցինք, մեզ դիմավորեցին ընտանիքի մայրն ու նրա որդին՝ Տարոնը, ով մի փոքր անգլերեն էր խոսում ու դարձավ մեր թարգմանիչը։ Ես նրանց հայերեն բարեւեցի ու շնորհավորեցի ամանորը։ Ճաշի ընթացքում Լիլիթն ինձ սովորեցնում էր հայկական ուտեստների անունները, ես էլ հասկացա, որ հայկական խոհանոցի հիմնական բաղադրիչը միսն է։

Ընտանիքի հայրը՝ Հրանտը մեզ իր մեքենայով շրջակա գյուղերով պտտվելու տարավ, այդ թվում՝ Հաղպատ եւ Սանահին։ Մենք բազմաթիվ վանքեր, մեծ ու տպավորիչ եկեղեցիներ մտանք։ Եկեղեցիներից մեկում շատ փոսեր կային, եւ ըստ լեգենդի, եթե կարողանաս մի կողմից մյուսն անցնել առանց ընկնելու, երազանքդ իրականություն կդառնա։ Անկեղծ ասած՝ չեմ հիշում, թե ինչ երազանք պահեցի, բայց երազանքների ճանապարհով քայլելիս ես չընկա։

***

UWC Dilijan-ում իմ առաջին տարվա ավարտին ուզում էի ամառային արձակուրդներն անցկացնել Լիբանանում։ Դիմեցի վիզայի համար եւ սպասում էի Լիբանանի դեսպանատան զանգին, երբ իմացա, որ իմ Ալավերդիի ընտանիքն ուզում է նորից ինձ հյուրընկալել։ Հանդիպեցի իմ հին ընկերներ Լիլիթին ու Տարոնին, որոնք ինձ ողջունեցին լայն ժպիտով։ Քայլում էի տանը ու թվում էր, որ իմ հարազատ տանն եմ։ Չնայած, որ բուսակեր էի դարձել, Լիլիթի համար դա խնդիր չէր՝ նա շարունակում էր ինձ համար շատ համեղ ուտելիքներ պատրաստել։

Երբ իմացա, որ վիզայի դիմումս մերժվել է, շատ տխրեցի։ Ու միայն իմ հյուրընկալ տան դրական միջավայրն էր, որ փարատում էր տխրությունս։ Չգիտեմ՝ ինչ հրաշքով դա նրանց հաջողվեց, բայց շուտով ես նորից ժպտում էի։ Սանահին գյուղում ծանոթացա Հրանտի բարեկամներին, ովքեր անասնապահությամբ ու հողագործությամբ էին զբաղվում։ Պտտվեցի գյուղի շրջակայքում, ու երբ հասա ժայռի գագաթին ու նայեցի ոտքերիս տակ փռված սքանչելի տեսարանին, ինձ իսկական նվաճող զգացի։

Մի օր Տարոնի եւ իր եղբոր Գարիկի հետ գնացինք մի շատ գեղեցիկ վայր, ուր լքված տանը գտանք վառարան ու սուրճ պատրաստեցինք։ Նստած էինք այնտեղ, նայում էինք մեր շուրջ, ու ես մտածում էի, թե արդյո՞ք իմ կյանքն ավելի պարզ ու խաղաղ կլիներ, եթե ես ապրեի նման միջավայրում՝ բնության գրկում։

Դիլիջան վերադառնալիս Լիլիթն ինձ ասաց, որ ես հիմա նրանց որդին եմ, եւ նրանց տունը նաեւ իմ տունն է: Նա նույնիսկ ինձ առաջարկեց ծննդյանս տոնը Ալավերդիում նշել։ Չկարողացա ծննդյանս օրը Ալավերդի գնալ, բայց փոխարենը իմ ընտանիքը եկավ քոլեջ։ Տարոնը գունավոր մատիտներով շնորհավորանքի խոսքեր էր գրել, եւ այդ պաստառը մինչեւ հիմա կախված է իմ մահճակալի մոտ։ Նրանք ինձ համար շոկոլադ եւ տաք շարֆ էին բերել․երբեմն մտածում եմ՝ արդյոք ես դրան արժանի՞ էի։

***

Նուրը՝ ընկերոջ հետ Նուրը՝ ընկերոջ հետ

Լուսանկարը` UWC Dilijan քոլեջ


Երբ երրորդ կիսամյակը մոտենում էր ավարտին, զգում էի, որ ձմեռային արձակուրդը պետք է անպայման անցկացնեմ իմ տանը՝ Ալավերդիում։

Ավտոբուսով ճանապարհը բավականին երկար էր եւ, անկեղծ ասած, ինչ-որ պահի մտածեցի, որ կորել եմ, մինչեւ չտեսա այն գունավոր աստիճանները, որոնցով մի ժամանակ Տարոնի հետ բարձրացել էինք Դեբեդ գետի մոտ գնալիս։

«Բարի վերադարձ տուն», - ասաց մայրս՝ Լիլիթը։

Հպարտությամբ էի տեսնում, թե որքան ավելի լավ էին մայրս ու եղբայրս խոսում անգլերեն՝ ի տարբերություն ինձ, ում հայերենը դեռ շատ վատ վիճակում էր, չնայած ես փորձում էի օրական մի քանի նոր բառեր ու արտահայտություններ հիշել։ Ամանորից առաջ նրանք ինձ համար մի զույգ նոր գուլպա էին գնել եւ աֆրիկյան մոտիվներով գեղեցիկ վերնաշապիկ։ Ամանորի գիշերը միասին նշելուց հետո գնացինք բարեկամներին շնորհավորելու։ Հաջորդ օրը բարեկամներն ու հարեւանները եկան մեզ հյուր։ Նրանց համար ես մի անծանոթ էի, որ հայերեն չգիտեր, բայց ես փորձում էի նրանց հայերենով «շնորհավոր» ասել եւ ողջունել ամեն եկողին։

Դիլիջան ճանապարհելիս ինձ տվեցին երկու մուրաբա, մեղր, տաք բաճկոն ու մի զույգ նոր ձեռնոցներ, քանի որ մայրս մտածել էր, որ իմ ձեռնոցները բավականաչափ տաք չէին։ Համոզված եմ՝ ինչ էլ ես նրանց համար անեմ, երբեք համեմատելի չի լինի այն ամենի հետ, ինչ նրանք ինձ տվել են։

Մինչ օրս մայրս նամակներ է գրում է ինձ՝ իմանալու, թե ինչպես եմ։

Ես նրան շատ եմ սիրում ։

Թարգմանությունը անգլերենից՝ Շուշանիկ, Արցախի հանրապետություն, UWC Դիլիջան ‘19




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին