«1991 ստորաբաժանման» նախապատրաստական 2-րդ դասընթացը՝ հուլիսին - Mediamax.am

exclusive
8049 դիտում

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական 2-րդ դասընթացը՝ հուլիսին


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

David Sarkisyan_2 Դավիդ Սարկիսյանը
David Sarkisyan_2 Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացը Հայաստանի բոլոր մարզերում։ Մասնակցության հայտերի ընդունման գործընթացը սկսվել է ապրիլի 3-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 8-ը։ Դասընթացը կմեկնարկի 2020թ․ հուլիսին։



Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաները (նախապատվությունը կտրվի 2020 թ․ ձմեռային զորակոչի ենթակա երիտասարդներին), ինչպես նաեւ աղջիկները, ովքեր STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտում ունեն առնվազն բակալավրի աստիճան եւ դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են կամավոր կամ պայմանագրային հիմունքներով ներգրավվել ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում։

 

FAST-ի հեռանկարային հետազոտական նախաձեռնությունների գծով փոխնախագահ Դավիդ Սարկիսյանը Մեդիամաքսին պատմել է նախապատրաստական երկրորդ դասընթացի առանձնահատկությունների մասին։

 

«Մեր կայքում տեղադրված է դիմումների բավական պարզ ձեւանմուշը, որը ցանկացողները կարող են լրացնել մինչեւ հունիսի 8-ը ներառյալ։ Հայտերն ընդունելուց հետո՝ մի քանի շաբաթվա ընթացքում, կվերլուծենք դրանք եւ կկազմակերպենք թեստավորման առաջին փուլը։ Չի բացառվում, որ առաջին փուլը լինի առցանց՝ կախված համավարակային իրավիճակից։ Երկրորդ փուլում՝ հարցազրույցների հիման վրա, վերջնական ընտրություն կկատարենք»,- ասել է Դավիդ Սարկիսյանը։

 

 

Դիմորդների գիտելիքների մակարդակը

 

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դասընթացի դեպքում տեղերի սահմանափակում չի լինի։ 

 

«Մենք փորձում ենք սահմանել միայն գիտելիքների այն նվազագույն շեմը, որը մեր կարծիքով պարտադիր է դասընթացին մասնակցելու համար: Քանի որ նպատակը երիտասարդներին «1991 ստորաբաժանում»-ում ծառայության պատրաստելն է կարճ ժամանակահատվածում, դասընթացը շատ ինտենսիվ է»,-  պատմում է Դավիդ Սարկիսյանը։

 

Առաջին դասընթացի մասնակիցների մեկ երրորդն ավագ դպրոցի աշակերտներ են, մնացածը՝ բուհերի ուսանողներ: Կազմակերպիչներն ակնկալում են, որ երկրորդ դասընթացի դիմորդների մեջ կավելանան ավագ դպրոցի աշակերտները, քանի որ ուսանողների համար վերացվել է ուսման տարկետման իրավունքը: 

 

Ավագ դպրոցի աշակերտներից ակնկալում են ուժեղ տրամաբանական կարողություններ, մաթեմատիկայի լավ իմացություն՝ ածանցյալներ, ֆունկցիաներ, հավանականությունների տեսության որոշակի տարրեր եւ ծրագրավորման հմտություններ:

Դավիդ Սարկիսյանը Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ընտրական հարցաշարերում փորձում ենք չընդգրկել բուհական ծրագրերում առկա հարցերը, որպեսզի դպրոցականները հավասար մրցակցության հնարավորություններ ունենան»,- ընդգծում է Դավիդ Սարկիսյանը:

 

Ընդլայնված աշխարհագրությունը  

 

FAST-ը ու Հայաստանի ամերիկյան համալսարանը (American University of Armenia) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝  Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժնի հետ Դիլիջանում եւ Վանաձորում նախապատրաստական երկրորդ դասընթացը կազմակերպելու մասին: 

 

«Երբ մեկնարկում էինք առաջին դասընթացը, բազմաթիվ դիմումներ էինք ստանում մարզերում բնակվող երիտասարդներից, որոնք խնդրում էին դասեր կազմակերպել նաեւ մարզերում, քանի որ շատերի համար դժվար է Երեւան ժամանել: Այդուհանդերձ, առաջին դասընթացի մասնակիցների մեջ ունենք տղաներ մարզերից, որոնք կարողացել են հաղթահարել տարածությունը: Քանի որ հիմա դասերն առցանց ենք անցկացնում, բոլորը նույն պայմաններում են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի սկզբանե մեր մոտեցումն ու փիլիսոփայությունն այն էր, որ այս դասընթացը պետք է անվճար հասանելի լինի ամբողջ Հայաստանում՝ անկախ երիտասարդների բնակության վայրից: Հիմա փորձում ենք այս փիլիսոփայությունը քայլ առ քայլ կյանքի կոչել. առաջին դասընթացը նաեւ Գյումրիում եւ Ագարակում կարողացանք ապահովել, հիմա ընդլայնվում ենք՝ հասնելով Դիլիջան եւ Վանաձոր»,- ասել է Դավիդ Սարկիսյանը: 

 

Այս քաղաքներում դասավանդելու համար այժմ FAST-ը փնտրում է դասընթացավարներ կրթական երեք մոդուլների դասավանդման համար: Դիմելու հայտերը բաց կլինեն մինչեւ մայիսի 25-ը:

 

Ընտրությունը կատարվելու է մի քանի չափանիշներով՝ հիմնվելով մասնագիտական կրթության եւ աշխատանքային փորձի վրա: Ընտրված մասնակիցները մեկամսյա վերապատրաստում կանցնեն, մանրամասն կծանոթանան մոդուլներին: Անհրաժեշտության դեպքում կարող ենք նաեւ վերապրոֆիլավորում եւ վերամասնագիտացում անցնել:   

 

FAST-ն ընտրված դասընթացավարների համար կկազմակերպի վերապատրաստման ինտենսիվ դասընթացը, իսկ «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացում դասախոսելու վարձատրությունը կապահովի Հայաստանի Ամերիկյան համալսարանը: 

David Sarkisyan_2 Դավիդ Սարկիսյանը David Sarkisyan_2 Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ընդլայնվելով դեպի մարզեր՝ պահպանելու ենք դասավանդման որակը: Մասնակիցների շրջանում մեր առաջին հարցումները ցույց են տվել, որ մեծ մասը շատ բարձր է գնահատել կրթության որակը: Հիմա ցանկանում ենք որոշակի ստանդարտացում ապահովել՝ բոլոր թեմաները հավասարաչափ «ծածկել» եւ սինքրոնացված արագությամբ առաջ ընթանալ բոլոր կրթական կենտրոններում»,- ասել է Դավիդ Սարկիսյանը: 

 

Երկրորդ փուլի այն մասնակիցները, որոնք ապրում են հեռավոր բնակավայրերում եւ կենտրոններ այցելել չեն կարողանա, դասընթացին առցանց մասնակցելու հնարավորություն կստանան:  

 

FAST-ը բաց է մարզերում դասընթացների կազմակերպմամբ հետաքրքրված

մասնավոր ընկերությունների եւ բուհերի հետ համագործակցության համար, եւ արդեն մի քանի կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում։  

 

Աղջիկներին տրված հնարավորությունը

 

«Շատ կանայք եւ աղջիկներ ցանկություն էին հայտնել անցնել «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը եւ հետագայում ներգրավվել ՀՀ պաշտպանության նախարարության նախագծերում։ Այդպես որոշեցինք դասընթացի մասնակցությունը բացել նաեւ կանանց եւ աղջիկների համար։ Ի տարբերություն տղաների, աղջիկների համար STEM ոլորտում բակալավրի աստիճան ունենալ պարտադիր պայման է: Դասընթացին մասնակցելու արդեն մի քանի հարյուր հայտ է ստացվել, որից մի քանի տասնյակը՝ կանանցից եւ աղջիկներից։ 

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին