«Կրթել լավ մասնագետ եւ ուժեղ անհատ». ՀՖՀՀ շրջանավարտների գալա ընթրիքը - Mediamax.am

exclusive
601 դիտում

«Կրթել լավ մասնագետ եւ ուժեղ անհատ». ՀՖՀՀ շրջանավարտների գալա ընթրիքը


Լուսանկարը` ՀՖՀՀ

Նարեկ Անտոնյանը
Նարեկ Անտոնյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Զառա Օհանյանը
Զառա Օհանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` ՀՖՀՀ

Մհեր Ղազարյանը
Մհեր Ղազարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` ՀՖՀՀ

Մերի Սարգսյանը
Մերի Սարգսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` ՀՖՀՀ

Արաքս Մանուչարյանը
Արաքս Մանուչարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) տոնում է հիմնադրման 25-ամյակը։ Այս տարիների ընթացքում ՀՖՀՀ-ն դարձել է ոչ միայն որակյալ գիտելիք եւ պահանջված հմտություններ փոխանցող բուհ, այլեւ վայր, որտեղ ձեւավորվում են նախաձեռնող, լուծումներ փնտրող ու սեփական ուղին հարթող անհատներ։ 

Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՖՀՀ-ն կազմակերպել է գալա ընթրիք՝ տարբեր տարիների եւ ֆակուլտետների շրջանավարտների մասնակցությամբ։ Հենց նրանց հաջողության պատմություններն են բուհի կրթության որակի ամենավառ ցուցիչը։ 

Լուսանկարը` ՀՖՀՀ


Մեդիամաքսի հետ զրույցում ՀՖՀՀ հինգ շրջանավարտ կիսվել են իրենց պատմություններով, հիշել ուսանողական տարիները, խոսել ձեռքբերումների մասին ու նշել՝ ինչ տեղ ունի այս ամենում հարազատ «Ֆրանսիականը»։  

«Ընտրելով ՀՖՀՀ-ն՝ արդեն իսկ կայացրել եք կյանքի լավագույն որոշումներից մեկը»

Ակբա բանկի ներդրողների հետ հարաբերությունների բաժնի պետ Նարեկ Անտոնյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան ավարտել է 2015թ.-ին։ Հիշում է՝ ուսանողական տարիները բարդ էին, բայց դրանք «ստիպել են» դառնալ ոչ միայն որակյալ մասնագետ, այլեւ՝ ուժեղ անհատ. 

«Հայաստանում ֆրանսիական համալսարանում ուսանողի առջեւ դրված նշաձողը շատ բարձր է, եւ կրթությունն ավարտին հասցնելու համար պահանջվում է հետեւողական մոտեցում եւ կայունություն: Սրանք հատկանիշներ են, որոնք կարեւոր դեր են խաղում նաեւ հետագա կյանքում։ Բուն գիտելիքից բացի, ՀՖՀՀ-ում ուսանողի մեջ սերմանում են հիմնարար արժեքներ՝ կարգապահություն, ազնվություն, պատասխանատվություն ու հարգանք։ Վստահ եմ՝ շրջանավարտների մեծ մասն աշխատավայրում, ընկերության մեջ, ընտանիքում հիմա էլ է առաջնորդվում դրանցով»։ 
Նարեկ Անտոնյանը Նարեկ Անտոնյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Նարեկ Անտոնյանի խոսքով՝ որակյալ, արդիական գիտելիք փոխանցելուց բացի, ՀՖՀՀ-ն իր ուսանողին տալիս է նաեւ համարձակություն՝ մշտապես աճելու, նորը փորձելու։ 

«Ինքս վառ օրինակ եմ։ Ակբա բանկի իրավաբանական բլոկում աշխատում էի դեռ ուսանողական տարիներից։ Ինչ-որ փուլից հասկացա, որ կարող եմ նոր ուղղության մեջ էլ հմտանալ, զարգացնել գիտելիքս։ Արդյունքում հիմա տեղափոխվել եմ ֆինանսական բլոկ, աշխատում եմ ներդրումների ոլորտում», - ասում է Նարեկ Անտոնյանը։ 

Շրջանավարտը նաեւ դասավանդում է հարազատ բուհում՝ փոխանցելով ստացած գիտելիքն ու հմտություններն այսօրվա ուսանողներին. 

«ՀՖՀՀ ներկա ուսանողներին խորհուրդ եմ տալիս առավել արդյունավետ օգտագործել այս տարիները։ Իմացե՛ք, կրթության համար ՀՖՀՀ-ն ընտրելով՝ արդեն իսկ կայացրել եք ձեր կյանքի լավագույն որոշումներից մեկը (ժպտում է – հեղ.)։ 25-ամյակի կապակցությամբ իմ համալսարանին ցանկանում եմ մշտապես բարձր պահել սահմանված նշաձողն ու մի օր անպայման հայտնվել աշխարհի լավագույն բուհերի ցանկում»։ 

«Կրթությանս տարիներին սովորել եմ գործել ցանկացած պայմաններում»

ՀՖՀՀ կառավարման ֆակուլտետի 2007թ. շրջանավարտ Զառա Օհանյանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) ղեկավարում է «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագիրը։ 
Զառա Օհանյանը Զառա Օհանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


ՀՖՀՀ ընդունվելու որոշումը կայացրել է դպրոցական ավարտական տարին FLEX ծրագրով Միացյալ Նահանգներում անցկացնելուց հետո. 

«Ընդ որում, նման որոշում կայացրեցին ինձ հետ ուսումնական տարին ԱՄՆ-ում անցկացրած աշակերտներից շատերը»։  

Նա հիշում է՝ Ֆրանսիական համալսարանում կրթության տարիները շատ հետաքրքր էին.

«Նախկին դասընկերներս սովորում էին այլ բուհերում, եւ զրույցների ընթացքում հասկանում էի՝ ՀՖՀՀ-ում մոտեցումը շատ է տարբերվում: Կարեւոր է, որ մեզ մոտ մեծ շեշտ էին դնում «փափուկ հմտությունների» զարգացման վրա: Դրանք առ այսօր ինձ օգնում են աշխատանքի ընթացքում։ ՀՖՀՀ-ում ուսանելը դժվար է։ Դեռ այն տարիներին էին կատակում, որ «Ֆրանսիական» ընդունվելն ավելի հեշտ է, քան՝ ավարտելը։ Մեր կուրսում բազմաթիվ խելացի, լուրջ ուսանողներ կային, եւ այս դրական մրցակցությունը ստիպում էր ուսմանը մոտենալ առավել պատասխանատու»։ 

Լուսանկարը` ՀՖՀՀ


Զառա Օհանյանի խոսքով՝ որակյալ գիտելիքից բացի, Ֆրանսիական համալսարանն իրեն դարձրել է սթրեսակայուն, ինչն առավել քան կարեւոր է այսօրվա կյանքի պայմաններում։ 

«Կրթությանս տարիների ընթացքում սովորել եմ գործել ցանկացած պայմաններում։ Դրանից բացի, սովորելով ՀՖՀՀ-ում, դարձել եմ այս բուհի շրջանավարտների մեծ ցանցի անդամ։ Առ այսօր իմ աշխատանքային կամ անձնական հարաբերություններում մեծամասամբ ՀՖՀՀ շրջանավարտներ են: Լինում է՝ հանդիպում ես անծանոթ մեկին, զգում, որ «քո մարդն է» ու դեպքերի 99 տոկոսում պարզվում է՝ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ է», - ժպտում է Զառա Օհանյանը։ 

«Ստեղծել ՀՖՀՀ շրջանավարտների ֆոնդ՝ նպաստելով հարազատ համալսարանի զարգացմանը» 

ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 2013թ. շրջանավարտ Մհեր Ղազարյանը «Սպայկա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, իրավաբանական դեպարտամենտի տնօրեն։ 

Ասում է՝ ՀՖՀՀ-ում իրեն ոչ միայն գիտելիք են փոխանցել, այլեւ՝ կերտել մտածողություն. 

«Մեզ սովորեցրել են հարցեր տալ, չբավարարվել պատրաստի պատասխաններով, ունենալ քննադատական մտածողություն, այսպիսով փնտրել եւ գտնել օբյեկտիվ ճշմարտությունը։ Կարծում եմ՝ անձնային հատկանիշների կերտման տեսանկյունից ՀՖՀՀ ներդրումն ակնհայտ է համալսարանի ցանկացած ուսանողի կամ շրջանավարտի կյանքում»։ 
Մհեր Ղազարյանը Մհեր Ղազարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Մհեր Ղազարյանի խոսքով՝ Ֆրանսիական համալսարանում սովորեցնում են ամեն օր գերազանցել ինքդ քեզ, աճել եւ սահմանել նոր նշաձողեր.

«Կարեւոր է, որ գիտելիքը գնահատվում է արդար, եւ սուբյեկտիվ որեւէ մոտեցում չի կարող լինել։ Բոլոր գործընկերներիս պատմում եմ՝ դեռ իմ ուսանողնության տարիներին ՀՖՀՀ-ում գործում էր գրավոր քննական աշխատանքների գնահատման անանուն համակարգ։ Դասախոսը չգիտեր՝ ում աշխատանքն է ստուգում։ Կարծում եմ՝ նույնիսկ այսօր Հայաստանի բոլոր բուհերում չէ, որ նման մոտեցում կա»։ 

ՀՖՀՀ շրջանավարտը նշում է՝ հաճելի է մասնակցել համալսարանի 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված գալա ընթրիքին։ Նա ողջունում է նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների համար առցանց հարթակի ստեղծումն ու անում իր առաջարկը. 

Լուսանկարը` ՀՖՀՀ


«Կարծում եմ՝ կարող ենք ընդլայնել այս գաղափարը եւ ակտիվ շրջանավարտների ներգրավմամբ ստեղծել ՀՖՀՀ շրջանավարտների ֆոնդ, որում յուրաքանչյուրս կկարողանա կատարել իր ներդրումը՝ նպաստելով համալսարանի հետագա զարգացմանը։ Այսպիսով մենք կկարողանանք շնորհակալություն հայտնել ստացած որակյալ կրթության համար»։  

«Բուհից աշխատաշուկա եմ եկել շատ վստահ»

Մերի Սարգսյանը ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետն ավարտել է 2020թ.-ին։ Այժմ աշխատում է ՏՏ ոլորտում՝ DataArt Հայաստան ընկերության արհեստական բանականության բաժնում մարքեթինգի ղեկավարն է։ 

«Մասնագիտության հարցում կողմնորոշվել էի ի սկզբանե։ Ընտրեցի Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ մտածելով, որ այստեղ կստանամ մարքեթինգի ոլորտում լավագույն կրթությունը։ Չսխալվեցի (ժպտում է – հեղ.)։ 
Մերի Սարգսյանը Մերի Սարգսյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Բացի բուն գիտելիքից, ՀՖՀՀ-ն մեզ տվել է մի շարք մրցակցայն առավելություններ՝ Ֆրանսիայում պրակտիկայի հնարավորություն, համագործակցություններ ոլորտի լավագույն ընկերությունների հետ, նախագծերի իրականացում։ Վստահ կարող եմ ասել՝ հենց համալսարանի մոտեցումներն են ինձ այսօր դարձրել ճկուն մասնագետ, ինչը չափազանց կարեւոր է հատկապես ՏՏ ոլորտում»։ 

Մերի Սարգսյանը հիշում է՝ մարքեթինգի բաժնում սովորում էին նաեւ վիճակագրություն, տվյալների վերլուծություն, տնտեսագիտություն, հաշվապահություն եւ իրավաբանություն։ Տարբեր ոլորտներում ունեցած գիտելիքն այսօր թույլ է տալիս լուծում գտնել եւ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում. 

«Սրա շնորհիվ է, որ ՀՖՀՀ-ից աշխատաշուկա եմ եկել շատ վստահ։ Համալասրանում դրել են շատ լավ հիմք՝ ցանկացած իրավիճակում սովորել նոր հմտություններ եւ կիրառել դրանք»։ 

Լուսանկարը` ՀՖՀՀ


Ֆրանսիական համալսարանի ներկա ուսանողներին շրջանավարտը խորհուրդ է տալիս սովորել հնարավորինս շատ։ 

«Կլանե՛ք ամբողջ գիտելիքը, բոլոր հմտությունները, որ տալիս է համալսարանը։ Հիմա կարող է թվալ՝ դրանց մի մասը կարեւոր չէ, բայց հավատացեք՝ այդ ամենը մի օր անպայման կիրառելու եք», - ասում է Մերի Սարգսյանը։ 

«Ֆրանսիականի փոխանցած «գենետիկան»՝ ուժ, ինքնավստահություն, սեր եւ հոգատարություն»

Արաքս Մանուչարյանը ֆինանսական կրթության փորձագետ է, ղեկավարում է ՀՀ Կենտրոնական բանկի համապաստասխան բաժինը: Հայաստանում ֆրանսիական համալսարանի Կառավարման ֆակուլտետն ավարտել է 2013թ.-ին: Ասում է՝ ՀՖՀՀ-ում ուսանողական տարիները բարդ էին, միաժամանակ՝ շատ հետաքրքիր. 

«Հատկապես բարդ էր մշակութային փոփոխությունը: Ես Սեւանից եմ ու այնտեղ մեծացել էի Վարդան Մամիկոնյանի մասին պատմություններով, «Վարդանանք», «Գեւորգ Մարզպետունի» կարդալով: Գալով Երեւան եւ դառնալով ՀՖՀՀ ուսանող՝ իմացա, որ իմ սերնդակիցների մոտ այլ հետաքրքրություններ էլ կան, կա «Հարրի Փոթեր», «Մատանիների տիրակալ», երաժշտություն, որը նախկինում չէի լսել: Ֆրանսիական համալսարանի գեղեցկությունը հենց դրանում է՝ մենք միանգամից դարձանք ընտանիք, եւ ընկերներս ինձ հետ կիսվեցին իրենց նախասիրություններով, իսկ ես նրանց փոխանցեցի իմը»: 

Արաքս Մանուչարյանը հիշում է՝ ինչպես առաջին անգամ հենց Ֆրանսիական համալսարանի ընկերների հետ բացահայտեց «Pink Floyd»-ի երաժշտությունը. 

«Ընկերների այդ խմբով առ այսօր տարված ենք այդ երաժշտությամբ ու դրա փիլիսոփայությամբ»: 
Արաքս Մանուչարյանը Արաքս Մանուչարյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Մյուս բարդությունն, իհարկե, դասերն էին: Արաքս Մանուչարյանի խոսքով՝ լինում էին շրջաններ, երբ քննությունները գրեթե ամեն օր էին: 

«Ես ՀՖՀՀ էի ընդունվել՝ հանձնելով գերմաներեն, բայց ուսանողական տարիներին ինձանից հավասար պահանջում էին նաեւ ֆրանսերենի եւ անգլերենի իմացություն: Հենց այս փուլում սովորեցի հաղթահարել դժվարությունները՝օգտագործելով տրված ռեսուրսները, իսկ համալսարանն իսկապես շատ բան էր տալիս մեզ: Հրաշալի էր, որ բոլոր դասախոսներն իրենց ոլորտում կայացած, փորձառու մասնագետներ էին: Այսօր Ֆրանսիական համալսարանում ձեւավորված հատկանիշներս կիսում եմ գործընկերներիս, աշակերտներիս եւ ուսանողներիս հետ: Դրանցից առաջինը պրոֆեսիոնալիզմն է, երբեք չխոսելը մի բանի մասին, որի վերաբերյալ չունես գիտելիք: Ֆրանսիական համալսարանն ինձ տվել է վստահություն ինքս իմ նկատմամբ եւ ունակություն հիշելու՝ ամեն ինչ կարող եմ, որովհետեւ արդեն իսկ հաղթահարել եմ շատ բարդություններ», - ասում է Արաքս Մանուչարյանն՝ ավելացնելով. 

«Համալսարանն ինձ դարձրել է դիմացկուն: Ֆրանսիականի փոխանցած «գենետիկան» ուժն է, ինքնավստահությունը, սերն ու հոգատարությունը»: 

Արաքս Մանուչարյանը նշում է՝ այսօր իր բաժնի յոթ աշխատակցից երկուսը ՀՖՀՀ շրջանավարտ են , եւ սա միտումնավոր կայացրած ընտրություն չէ, պարզապես նրանք եղել են ամենաարժանի թեկնածուները:  

«Ֆրանսիական համալսարանիս մաղթում եմ, որ այն ինձ նման սիրող ու գնահատող շատ շրջանավարտներ ունենա եւ վայելի տարիների վաստակած, արդար համբավը», - ժպտում է Արաքս Մանուչարյանը: 

Յանա Շախրամանյան 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին