«Հասկանալ քաոսը՝ լուսավորելու համար ապագան». այս կարգախոսով Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի է ունեցել անվանի քաղաքագետ, Միջին Արեւելքի եւ ժամանակակից իսլամի մասնագետ, պրոֆեսոր Ժիլ Կեպելի բաց դասախոսությունը:
Դրա ընթացքում մասնագետը խոսել է աշխարհի կարգի խաթարման մասին՝ «հոկտեմբերի 7-ից մինչեւ Դոնալդ Թրամփի ընտրություն»:
Ժիլ Կեպելի այցն ու դասախոսությունը ՀՖՀՀ-ում հնարավոր է դարձել Ֆրանսիական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ Ֆրանսիական ինստիտուտի համատեղ ջանքերով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանը՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագները:
«Հոկտեմբերի 7-ը՝ աշխարհակարգի խաթարման սկիզբ»
Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր
Իսլամիզմը շատ կարեւոր թեմա է այսօրվա աշխարհում եւ Ժիլ Կեպելն իր աշխատություններում մեծ ուշադրություն է դարձնում դրան: ՀՖՀՀ-ում կազմակերպված այս դասախոսությանը խոսելու ենք հոկտեմբերի 7-ից (2023թ. «Համաս»-ի հարձակումը Իսրայելի վրա-հեղ.) մինչեւ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրություն ընկած ժամանակահատվածի մասին: Սրանք աշխարհում տեղի ունեցած իրադարձություններ են, որոնք հետաքրքրում են նաեւ հայերին, քանի որ անդրադարձել են ոչ միայն հարեւան Թուրքիայի եւ Իրանի վրա, այլեւ՝ հանգեցրել մեզ ծանոթ աշխարհակարգի խաթարմանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
2023թ. հոկտեմբերի 7-ը հուժկու ցնցում էր, որը լուրջ ազդեցություն է թողել ոչ միայն Արեւելքի, այլեւ՝ ամբողջ արեւմտյան աշխարհի վրա:
«Հայաստանում գիրքս ներկայացվում է պաշտոնական շնորհանդսից էլ շուտ»
Ժիլ Կեպել, քաղաքագետ, Միջին Արեւելքի եւ ժամանակակից իսլամի մասնագետ
Շատ ուրախ եմ լինել Հայաստանում ու շնորհակալ եմ այս հնարավորության համար: Երբեք չէի պատկերացնի, որ նոր գրքիս համաշխարհային մեկնարկը կլինի Հայաստանում Ֆրանսիական համալսարանում: Դրա պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է Ֆրանսիայում՝ փոքր-ինչ ավելի ուշ: Ստացվում է, որ Հայաստանում գիրքս ներկայացվում է շնորհանդեսից էլ շուտ (ժպտում է - հեղ): Իսկապես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ ու նման հնարավորության համար շնորհակալ եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանին եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սա հիանալի հնարավորություն է գործընկերների հետ քննարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով նաեւ իսրայելա-ադրբեջանական դաշնակցական հարաբերություններն ու Իրանի շուրջ զարգացումները:
««Ցեղասպանություն» բառը հաճախ է շահարկվում տարբեր խմբերի ու մարդկանց կողմից»
Հոկտեմբերի 7-ը մի շարք հարցեր է բարձրացրել «ցեղասպանություն» հասկացության վերաբերյալ: Թվում է՝ այս տերմինը վաղուց գոյություն ունի պատմության մեջ, այնինչ անգլերենով «genocide» բնորոշման հիմքերը դրվել են Բեռլինում Թալեաթ փաշայի սպանությանը հետեւած դատավարության ժամանակ: Դրա ընթացքում, սակայն, դատավարության մասնակիցներից մեկի բողոքարկմամբ կիրառվել է «մարդկության դեմ հանցագործություն» հասկացությունը՝ պատճառաբանությամբ, թե «ցեղասպանություն»-ն ունի քաղաքական ենթատեքստ, իսկ «մարդկության դեմ հանցագործություն» հասկացության դեպքում կարելի է ունենալ իրական մարդ, որը պատասխանատու է եւ մեղավոր:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանում անցկացրած օրերին այցելել եմ Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան-ինստիտուտ, պատիվ ունեցել շփվել դրա տնօրենի հետ: Այսօր մենք տեսնում ենք՝ ինչպես է հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո «ցեղասպանություն» հասկացությունը շահարկվում եւ օգտագործվում տարբեր անձանց ու խմբերի կողմից՝ փորձելով առաջ տանել սեփական պայքարը: Կարելի է ասել՝ այսօր այս հասկացությունը կիրառվում է շատ անկանոն:
«Արեւելք-Արեւմուտք բաժանմանը փոխարինել է Հյուսիս-Հարավը»
Երեւան կատարած այս այցս շատ հետաքրքիր է, քանի որ Հայաստանն առանձնահատուկ աշխարհագրական դիրք ունի: Այն տեղակայված է Կովկասում, մոտ է Միջին Արեւելքին, առանձնահատուկ հարաբերություններ ունի Իրանի հետ ու գտնվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Սա կարեւոր է, քանի որ հոկտեմբերի 7-ը խաթարեց մեզ սովոր աշխարհակարգը նաեւ աշխարհագրական առումով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք մեծացել ենք՝ Երկրորդ աշխարհամարտից հետո տեսնելով Արեւելք-Արեւմուտք խզումը: Սա բաժանում էր խորհրդային եւ կապիտալիստական աշխարհների միջեւ: Մի կողմից Վարշավայի պակտն էր, մյուսից՝ ՆԱՏՕ-ն: Այս խզման պայմաններում էլ երկու կողմերը համաձայն էին մի հարցում՝ Երկրորդ աշխարհամարտը նշանավորվել է հրեաների ցեղասպանությամբ՝ «Շոայով»: «Շոա» թարգմանաբար աղետ է նշանակում: Թե' Արեւմուտքը, թե' Արեւելքը ընդունում էին՝ հրեաները բնաջնջվել են նացիստների կողմից: Հետաքրքիր է, որ կողմերն ընդունում էին այս փաստը՝ տեղի ունեցածի «մեղքը» գցելով մեկը մյուսի վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս
1989թ.-ին Բեռլինի պատի փլուզմամբ ազդարարվում է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ խզման վերացումը: Ճիշտ է, ՆԱՏՕ-ն շարունակում է գործել, բայց արդեն ոչ այնքան Վարշավայի պակտին դեմ պայքարելու, որքան կառավարելու այն աշխարհակարգը, որում գերակա է ԱՄՆ-ն:
Հոկտեմբերի 7-ից հետո աշխարհում այլեւս չկա Արեւելք-Արեւմուտք բաժանում: Այսօր այն փոխարինվել է գլոբալ Հարավի եւ Հյուսիսի «հակամարտությամբ»: Այն, ինչ Արեւմուտք էր, դարձել է Հյուսիս, իսկ «Արեւելքը» հիմա «Հարավ» է:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: