Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի է ունեցել Իրավաբանական կլինիկայի պաշտոնական բացումը: Այն գործում է այս տարվա մարտից՝ անվճար իրավաբանական աջակցություն տրամադրելով բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
Կլինիկայի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի եւ Եգիպտոսի դեսպանները, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ՀՖՀՀ-ի գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանն ու դասախոսներն, ինչպես նաեւ՝ ՀՀ Փաստաբանների պալատի, Փաստաբանական ակադեմիայի, ՄԻՊ գրասենյակի ու Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Լուսանկարը` ՀՖՀՀ
Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանն՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագները:
Սալվա Նակուզի, ՀՖՀՀ ռեկտոր
Իրավաբանական կլինիկայի գործունեությունը շատ կարեւոր է, քանի որ այն ոչ միայն ուսուցողական է եւ թույլ է տալիս մեր ուսանողներին զարգացնել գործնական հմտություններն, այլեւ՝ օգտակար է համայնքի, հանրության համար: Սա պրակտիկայի հիանալի հնարավորություն է ապագա իրավաբանների համար եւ անվճար աջակցություն՝ մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Չեմ ցանկանում երկար խոսել՝ խոսքը փոխանցելով մարդկանց, որոնք կատարում են կլինիկայի հետ կապված ամբողջ աշխատանքը (ժպտում է – հեղ.):
Կարին Յովսէփեան, ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան
Իրավաբանական կլինիկայի նպատակն է կապ ստեղծել իրավական տեսության ու պրակտիկայի միջեւ, ինչպես նաեւ՝ ծառայել համայնքին՝ առավել հասանելի դարձնելով արդարադատությունը: Իրավաբանական կլինիկայի ստեղծման մեջ մեծ դեր ունի ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին: Մենք՝ իրավաբաններս, հիմնականում շատ զգուշավոր ենք (ժպտում է – հեղ.), բայց ռեկտորի աջակցությունն էր, որ խթան դարձավ եւ օգնեց գաղափարը դարձնել իրականություն:

Լուսանկարը` Մեդիամաքս
ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկայի աշխատանքը սկսել ենք Երեւանից, բայց մեր նպատակն է դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից՝ կլինիկան հասանելի դարձնելով նախ Աշտարակ եւ Հրազդան քաղաքներում, հետո՝ նաեւ այլ մարզերում: Սա կարեւոր է, քանի որ կարծում ենք, որ Երեւանից դուրս կան բազմաթիվ խոցելի խմբեր, որոնք իրավաբանական առաջին օգնության կարիք ունեն:
Օլիվիե Գու, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկան
Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Սա առաջին այցս է Հայաստան եւ ցանկանում եմ կիսվել՝ ինչքան հպարտ եմ, որ ՀՖՀՀ ուսանողներին կարող եմ համարել նաեւ մեր ուսանողները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես մասնակցել եմ այս հիանալի նախագծի իրականացմանն ու լավ գիտեմ՝ ինչ ծավալի աշխատանք է նախորդել կլինիկայի բացմանը: Մեր կողմից տրամադրել ենք ֆինանսավորում, կիսվել փորձով ու այսօր հպարտությամբ փաստում եմ՝ այս ամենն ու ՀՖՀՀ-ի ջանքերը տվել են ցանկալի արդյունք:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ մեր հիմնական առաքելությունն ուսանողներին կրթելն ու վերապատրաստելն է: Մենք ցանկանում ենք փոխանցել իսկապես պահանջված գիտելիք՝ հարթելով նրանց ճանապարհը դեպի աշխատաշուկա: Սրան հասնելու համար կիրառվում է լայն գործիքակազմ՝ տեսական ուսուցման ու պրակտիկայի հնարավորության համադրությամբ:

Իրավաբանական կլինիկայի բացումը հիանալի հնարավորություն է ստեղծում հենց գործնական հմտությունների բարելավման համար: Դրա նպատակն է ուսանողներին առերեսել իրականությանն ու ներգրավել իրական խնդիրների լուծման մեջ: Շատ ուրախ եմ, որ այսօր պաշտոնապես բացում ենք ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկան եւ մեծ հույս ունեմ, որ շուտով այն կմիանա միջազգային իրավաբանական կլինիկաների համայնքին:
Օլիվիե Դըկոտինյի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան
Ցանկանում եմ ողջունել այն հիանալի աշխատանքը, որն Իրավաբանական կլինիկայի ստեղծման համար կատարվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոսների եւ ուսանողների կողմից։ Ձեզ ուզում եմ մի գաղտնիք բացել, երբ տիկին ռեկտորն առաջարկեց գալ կլինիկայի բացմանը, փոքր-ինչ անհանգստացա (ժպտում է – հեղ.), բայց բոլորիդ տեսնելով խնամողի, բուժողի հագուստով՝(բացման արարողությանը կլինիկայի աշխատանքներում ներգրավված ուսանողները կրում էին հատուկ հագուստ – հեղ.) այդ զգացումը լիովին անցավ։

Լուսանկարը` ՀՖՀՀ
Բժիշկները բուժում են մարդու ֆիզիկական մարմինը, իրավաբանները՝ բուժում են մարդուն սոցիալական տեսանկյունից։ Ինչպես բժիշկներն, այնպես էլ՝ իրավաբանները, տալի սեն մասնագիտական երդում եւ գործում դրան հավատարիմ։ Մասնագիտական աշխատանքին զուգահեռ իրավաբաններն իրականացնում են նաեւ քաղաքացիական եւ սոցիալական աշխատանք, ինչը շատ կարեւոր է։ Հավատացած եմ՝ աշխատանքը, որ կատարում եք ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկայում լիովին արտացոլում է այս երեք պատասխանատվությունները։ Նետվե՛ք այս գործի մեջ եւ քաղեք դրանից առավելագույնը։
Անահիտ-Աննա Մկրտչյան, ծրագրի օգնական
Իրավաբանական կլինիկայի աշխատանքների մեկնարկին նախորդել է նախապատրաստական լայնածավալ աշխատանք: Անցկացրել ենք դասընթաց, որի հիմնական նպատակը գործնական հմտությունների զարգացումն էր: Դրա ընթացքում կազմակերպել ենք դերախաղ՝ «բեմադրելով» շահառու-իրավաբան շփումը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Զարգացրել ենք նաեւ տեսական գիտելիքը՝ առավել մանրակրկիտ ծանոթանալով իրավունքի այն ճյուղերին, որոնք, ըստ մեզ, ամենից պահանջվածն են լինելու կլինիկայի աշխատանքի ընթացքում:
Ալեքսանդր Հարությունյան , ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկայի տնօրեն
Մեծ պատիվ եւ պատասխանատվություն է լինել նման կազմակերպության տնօրեն:
Այսօր ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկան համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Հանրային պաշտպանի գրասենյակի եւ Փաստաբանների պալատի:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կլինիկայում մեր ուսանողների գործունեությունը շատ մոտ է հանրային պաշտպանի գաղափարին, քանի որ երկու դեպքում էլ նպատակն անհատույց իրավաբանական աջակցության տրամադրումն է: Համագործակցում ենք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարելի է ասել՝ Իրավաբանական կլինիկան անուղղակիորեն աջակցում է պաշտպանի գրասենյակին, քանի որ մեր ողջ գործունեությունն ուղղված է խոցելի խավի պաշտպանությանն ու արդարադատությունն առավել հասանելի դարձնելուն: Համագործակցում ենք նաեւ մի քանի փաստաբանական գրասենյակի, այլ կազմակերպությունների հետ, ինչի համար վերջիններին շատ շնորհակալ ենք: Հենց այս համագործակցությունների շնորհիվ է հնարավոր դառնում հասնել սահմանված բարձր նշաձողին:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: