«Կերտել Հայաստանի եւ աշխարհի լավագույն ապագան». ՀՖՀՀ-ն ճանապարհել է շրջանավարտներին - Mediamax.am

exclusive
1516 դիտում

«Կերտել Հայաստանի եւ աշխարհի լավագույն ապագան». ՀՖՀՀ-ն ճանապարհել է շրջանավարտներին


Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Մարտիրոսյանը
Արթուր Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ոսկանյանը
Հայկ Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլիվիե Դըկոտինյին
Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարույր Հովհաննիսյանը
Պարույր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Դանիելյանը
Թամարա Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2023թ. եւ 2024թ. ուսումնական տարիների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Նախորդ տարի բուհը հետաձգել էր հանդիսավոր արարողությունը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի ու դրան հաջորդող իրադարձությունների հետեւանքով:   

Ֆրանսիական համալսարանում ընդունված սովորույթով՝ յուրաքանչյուր տարվա շրջանավարտները կրում են կրթամշակութային, գիտական կամ հանրային կյանքում նշանակալի ներդրում ունեցած անձանց անունները։ Այսպիսով, 2023թ. շրջանավարտների հոսքը կրում է Մարի Կյուրիի, իսկ 2024թ.-ինը՝ Շառլ Ազնավուրի անունը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը ներկա է եղել արարողությանն ու առանձնացրել դրա հետաքրքիր դրվագները։

«Պետք է կյանքը երազ դարձնել, իսկ երազն՝ իրականություն»

«Անցյալ տարվա իրադարձությունների համատեքստում դժվար էր տոնել անձնական հաջողությունները, երբ ժողովուրդը համընդհանուր ողբերգություն էր ապրում», - միջոցառման մեկնարկին ասել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին՝ բացատրելով՝ ինչու են միանգամից երկու տարվա շրջանավարտների շնորհավորում.

«Կարծում եմ՝ նման փորձություններն են մեզ սովորեցնում սահմանել առաջնահերթություններ, կարեւորել ոչ միայն անձնական, այլեւ՝ մյուսների երջանկությունը։ Հիշել՝ մենք մենակ չենք։ Երբեք մի՛ մոռացեք, որ դուք քաղաքացիներ եք, որոնք պետք է մտահոգվեն համայնքով։ Այն նաեւ ձեր կյանքի մի մասն է»։

Անդրադառնալով շրջանավարտների հոսքերի համար ընտրված անուններին՝ ՀՖՀՀ ռեկտորը մեջբերել է Մարի Կյուրիի կարգախոսը՝ «կյանքում պետք չէ ոչնչից վախենալ, պետք է հասկանալ. պետք է կյանքը երազ դարձնել, իսկ երազն՝ իրականություն».
Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նա ընդհանուրից տարբերվող կին էր ու հուսամ՝ այս խոսքերը կոգեշնչեն ձեզ ողջ կյանքի ընթացքում։ Ինչ վերաբերում է 2024թ. հոսքին, այն կրում է մեծն Շառլ Ազնավուրի անունը, որը երգում էր երիտասարդության ու հույսի մասին»։

Սալվա Նակուզին շնորհավորել է ՀՖՀՀ շրջանավարտներին՝ մաղթելով լինել հետաքրքրասեր, ամեն օր սովորել ու հանձն առնել Հայաստանի եւ աշխարհի լավագույն ապագան կերտելու պարտավորությունը.

«Ճիշտ է, ձեզ ոչ այնքան լավ վիճակում գտնվող աշխարհ ենք փոխանցում։ Ծանր աշխատանք է սպասվում՝ հաղթահարելու անարդարությունները, նպաստելու ժողովրդավարությանն ու բուժելու մեր մոլորակի «վերքերը»։ Մի՛ մոռացեք, որ այսուհետ ՀՖՀՀ մեծ ընտանիքի մի մասն եք»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռեկտորը շնորհակալություն է հայտնել բուհի գործընկեր Ժան Մուլեն Լիոն 3 եւ Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարաններին, ՀՖՀՀ վարչական ու դասախոսական անձնակազմին, բոլոր մասնավոր ու պետական ընկերություններին մշտական աջակցության համար։ Նա առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել Fastex-ին եւ Ինեկոբանկին, որոնք աջակցել են միջոցառման կազմակերպմանը։  

«Ի վերջո, հատուկ շնորհակալություն ծնողներին, որոնք զոհողություններով լի տարիներից հետո, այսօր հպարտանում են իրենց երեխաներով», - ասել է ՀՖՀՀ ռեկտորը։

«Ֆրանսիական համալսարանը Հայաստանի ամենամրցունակ բուհերից է»

«Հայաստանում ֆրանսիական համալսարանը դարձել է մեր երկրի կարեւորագույն հաստատություններից մեկը։ Սա ապացուցում են ձեր շրջանավարտների գրանցած հաջողությունները թե՛ աշխատաշուկայում, թե՛ Հայաստանի հանրային կյանքի բոլոր ոլորտներում», - ասել է միջոցառմանը ներկա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Արթուր Մարտիրոսյանը Արթուր Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Շնորհավորելով շրջանավարտներին՝ նա հույս է հայտնել, որ շատերը կշարունակեն իրենց գործունեությունը գիտության ոլորտում։   

«Ձեր գիտելիքով կարեւոր ներդրում կունենանք մեր երկրի զարգացման, միջազգային համագործակցությունների ընդլայնման եւ ձեր ընտրած մասնագիտական ոլորտի զարգացման մեջ։ Այսօր բազում մարտահրավերներով լի մեր երկրում ձեր գիտելիքն ու եռանդը կարեւոր են առավել, քան երբեւէ», - ասել է Արթուր Մարտիրոսյանը։

ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՖՀՀ-ն այսօր դինամիկ զարգացող, որակյալ կրթությամբ ամենամրցունակ բուհերից մեկն է։
Պարույր Հովհաննիսյանը Պարույր Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Լիահույս եմ, որ ստացած գիտելիքները, հմտությունները եւ ունակությունները կնպաստեն ոչ միայն ձեր մասնագիտական զարգացմանը, այլեւ՝ դրանք կծառայեցնեք մեր երկրի բարգավաճմանը», - դիմելով շրջանավարտներին՝ ասել է նա։

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ նպաստել հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։

«Հիշում ենք բոլորին, ովքեր զոհվել են՝ պաշտպանելով անկախությունը»

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր ելույթը սկսել է՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության օրը.

«Այսօր մենք տոնում ենք ազատ եւ ժողովրդավար Հայաստանը։ Ֆրանսիան հստակ դիրքորոշումն ունի, որով ցանկանում է, որ Հայաստանը մնա ազատ, անկախ ու ժողովրդավար։ Իհարկե, շատ լավ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են պահպանելու ու պաշտպանելու այս անկախությունը։ Հատկապես՝ ՀՖՀՀ այն ուսանողներին, որոնք իրենց կյանքն են զոհել այս անկախության ու ազատության համար»։
Օլիվիե Դըկոտինյին Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեսպանը նշել է, որ շրջանավարտների այսօրվա հաջողությունները նրանց համառ ու քրտնաջան աշխատանքի արդյունքն են։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ձեր ծնողներին, որոնք վստահել են Հայաստանում ֆրանսիական համալսարանին եւ թույլ են տվել ձեզ սովորել այստեղ՝ երբեմն զոհողությունների ու դժվարությունների գնով։ Այսուհետ դուք ՀՖՀՀ դեսպաններ եք եւ մշտապես ներկայացնելու եք հայ-ֆրանսիական գործընկերությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Սա կարեւոր հնարավորություն է, նաեւ՝ մեծ պատասխանատվություն։ Ձեր առջեւ այսօրվանից հնարավորությունների մեծ աշխարհ է բացվում ու կրթությունը տալիս է այդ հնարավորություններից առավել լավ օգտվելու տարբերակը։ Եղե՛ք նպատակասլաց, մաղթում եմ ձեզ լավագույնը», - ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։

«Գտնենք ինքներս մեզ ու հպարտորեն լինենք նա, ով կանք»

Միջոցառման ընթացքում ներկայացվել են երկու ուստարվա լավագույն դասախոսներն ու ուսանողները։ Վերջինների համար ՀՖՀՀ գործընկեր Ինեկոբանկը հատուկ մրցանակներ էր պատրաստել։ Ողջունելով շրջանավարտներին՝ բանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը հորդորել է շարունակել սովորել.
Հայկ Ոսկանյանը Հայկ Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կարող եմ հստակ ասել՝ երկարաժամկետ հաջողության կարեւորագույն նախապայմանը շարունակական կրթությունն է։ Այսօր կան շատ հեշտ ճանապարհներ որեւէ արդյունքի հասնելու համար, բայց, ինչպես փորձն է ցույց տալիս, կարեւորը ոչ թե արագ, այլ՝ երկարաժամկետ ձեռքբերումներն են կյանքի ցանկացած ոլորտում։ Մենք խոսում ենք մարաթոնի, ոչ սպրինտի մասին։ Քայլ առ քայլ կրթվելով ու կատարելագործվելով՝ կարող եք հասնել ամենին, ինչին ձգտում եք»։

Լավագույն շրջանավարտներից մեկը Թամարա Դանիելյանն է, որի հետ Մեդիամաքսը զրուցել էր նաեւ 2023թ. հունվարին՝ Նիցցա ուսումնական պրակտիկայի մեկնելուց առաջ։

«Այսօր այստեղ ենք, քանի որ շատ ենք աշխատել։ Հնարավոր չէ ավարտել համալսարանը՝ մնալով սեփական կոմֆորտի գոտում։ Այստեղ ենք, քանի որ սովորել ենք դուրս գալ դրանից ու ճիշտ օգտագործել մեր ներուժը», - ասել է Թամարան՝ ընդգծելով, որ ուսանողության տարիները դժվար է մեկ բառով բնորոշել.  
Թամարա Դանիելյանը Թամարա Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս տարիների ընթացքում շատ հույզեր եղան։ Մեր ուսման ժամանակ էր, որ պատերազմ սկսվեց եւ պետք է հետեւեինք՝ ինչպես են մեր ընկերները ծառայում ու իրենց զոհաբերում երկրի համար։ Մեր ուսման ժամանակ էր, երբ ստիպված էինք հետեւել՝ ինչպես է ամբողջ աշխարհը փակվում կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մյուս կողմից, հենց այդ ժամանակ էր, որ այսքան լավ ընկերներ գտանք, սովորեցինք ու հասկացանք, որ երկրին մեզ նման երիտասարդ, խելացի ու հզոր անհատներ են պետք։ Հենց մեր ուսման ժամանակ հասկացանք՝ կարող ենք քայլ առ քայլ փոխել աշխարհը»։

Թամարան շնորհակալություն է հայտնել ՀՖՀՀ դասախոսական ու վարչական անձնակազմին եւ ընտանիքին.

«Վերջում մի փոքրիկ խորհուրդ ձեզ ու ինքս ինձ։ Ուզում եմ՝ գտնենք մեզ ու հպարտորեն լինենք նա, ով կանք։ Լինենք բավականին խիզախ, որ փորձենք մեզ տարբեր ոլորտներում՝ գտնելու այն, ինչ իսկապես մերն է»։

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին