Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀՀ) է այցելել Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի պատվիրակությունը՝ խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված 30 ընկերությունների ներկայացուցիչները ծանոթացել են համալսարանի ուսումնական ծրագրերին, քննարկել տարբեր ոլորտներում համագործակցելու հնարավորությունները:
Այցի արդյունքում ՀՖՀՀ-ի, Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի եւ Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:
«Մարսելում մեր ուսանողներին ընդունում են մայրաբար»
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ողջունել է պատվիրակության անդամներին ու ներկայացրել նրանց ՀՖՀՀ ֆակուլտետներն ու դասավանդվող մասնագիտությունները.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ֆրանսիական համալսարանը հրաշք է, բայց պետք է ասեմ ձեզ՝ այս հրաշքի հիմքում ոչ թե հաստատությունն է, այլ հենց երկիրը՝ Հայաստանը»:
ՀՖՀՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել դեպարտամենտի ներկայացուցիչներին ամեն տարի բուհի ուսանող-պրակտիկատներին Մարսելում շատ ջերմ ընդունելու համար:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կարող եմ վստահ ասել՝ Մարսելում մեր երիտասարդներին շատ լավ, նույնիսկ մայրաբար են ընդունում: Հետաքրքիր միտում եմ նկատել՝ այս տարի մեր պրակտիկանտների մի մասն աշխատել է կազմակերպություններում, որոնք որեւէ կապ չունեն հայերի կամ Հայաստանի հետ, այսինքն՝ բուն ֆրանսիական են», - ասել է Սալվա Նակուզին՝ ընդգծելով, որ Ֆրանսիական համալսարանի ուսանողները ստանում են գիտելիք, որը պահանջված է ամբողջ աշխարհում:
«Մեր ուսանողները ստիպված են շատ աշխատել, բայց միայն այսպես է հնարավոր որակյալ եւ պահանջված մասնագետ դառնալ», - ասել է ՀՖՀՀ ռեկտորը:
Սալվա Նակուզին նշել է՝ շատ ուրախ է, որ համագործակցության հուշագրի ստորագրմամբ առավել կարժեւորվի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի, Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի եւ Ֆրանսիական համալսարանի համագործակցությունը:
«Հայաստանն օտարերկրյա ձեռներեցներին գրավում է նաեւ իր ջերմությամբ»
Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Արմեն Մնացականյանը նշել է, որ համագործակցությունը ՀՖՀՀ-ի հետ ամենակարեւորներից է պալատի համար.
«Այս բուհում դասավանդումը շատ որակյալ է: Շրջանավարտները ձեր հարստությունն են: Այսօր նրանցից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում տարբեր կազմակերպություններում, աշխատում են նախարարություններում»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Արմեն Մնացականյանի խոսքով՝ որակյալ մասնագետների առկայությունը բարձրացնում է Հայաստանի գրավչությունը նաեւ օտարերկրյա ձեռներեցների, ներդրողների համար.
«Բայց կարեւոր է ասել, որ Հայաստանն այստեղ եկող ձեռներեցներին գրավում է ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլեւ՝ իր ջերմությամբ»:
«Հայերից պետք է դասեր քաղել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու հարցում»
Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհդրի նախագահ Մարտին Վասալը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար.
«Շատ ուրախ եմ լինել այս հրաշալի համալսարանում, որին ծանոթ եմ արդեն երկար տարիներ»:
Նա նշել է՝ դեպարտամենտի համար մեծ պատիվ է ստորագրել համաձայնագիր, որը կվերահաստատի գոյություն ունեցող երկարամյա կապերը:
«Կարծում ենք՝ նման համագործակցությունները կարեւոր են ոչ միայն ֆրանկոֆոնիայի, այլեւ՝ տարածաշրջանի զարգացման համար», - ասել է Մարտին Վասալը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դեպարտամենտի խորհդրի նախագահը բարձր է գնահատել ՀՖՀՀ-ից Մարսել պրակտիկայի մեկնող ուսանողների գիտելիքներն ու կատակել՝ «պետք է միայն պահպանել հավասարությունը, պրակտիկանտների թվում աղջիկները շատ են, տղաները՝ քիչ».
«Մեզ մոտ ՀՖՀՀ ուսանող երկու տղա էր եկել, որոնք բանակում ծառայությունից էին վերադարձել: Հուսով եմ՝ շատ լավ կարիերա կկառուցեն Հայաստանում: Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու հարցում մենք պետք է դասեր քաղենք հայերից եւ Հայաստանից»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի պատվիրակությունն այցն ավարտել է՝ հարգանքի տուրք մատուցելով ՀՖՀՀ զոհված ուսանողներին:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: