Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտները հանդիպել են ՀՖՀՀ ռեկտորի, ֆակուլտետի դեկանի, համադեկանի ու դասախոսների հետ:
Ֆրանսիական համալսարանում սովորելու փորձի, հետագա մասնագիտական ճանապարհի մասին քննարկումից, եւ ԻԿՄ ֆակուլտետի «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրի ներկայացումից բացի, շրջանավարտներին են հանձնվել նաեւ նրանց ավարտական դիպլոմները:
Մեդիամաքսը ներկա է եղել հանդիպմանն ու հետեւել այսօր արդեն հայաստանյան ու միջազգային առաջատար ընկերություններում աշխատող ՀՖՀՀ շրջանավարտների վերադարձին «Ալմա մատեր»:
«ՀՖՀՀ դռները միշտ բաց են շրջանավարտների համար»
ՀՖՀՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը կարեւորել է պարբերական հանդիպումները նախկին ուսանողների հետ:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայաստանում ֆրանսիական համալսարանում ուսանողների, շրջանավարտների հետ կապը շարունակական է: Այսօր ինձ շատ հաճելի էր շփվել նախկին ուսանողներիս հետ, զգալ նրանց տրամադրվածությունը, թե ինչ աչքերով են նորից՝ մեկ տարի անց, տեսնում համալսարանը, ինչ փոփոխություններ են նկատում: Առհասարակ, մենք հետեւում ենք մեր շրջանավարտների մասնագիտական ճանապարհին, անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ ենք աջակցել, պատասխանել հետաքրքրող հարցերին: ՀՖՀՀ դռները նրանց առջեւ միշտ բաց են», - Մեդիամաքսի հետ զրույցում ասել է դեկան Սարգսյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նա նշել է՝ չնայած ֆակուլտետը ձեւավորվել է ընդամենը 5 տարի առաջ ու առաջին տարում ունեցել է 6 շրջանավարտ, այսօր արդեն շրջանավարտները 20-ն էին, իսկ ներկա պահին ֆակուլտետի ուսանողների թիվը՝ 360-ից ավելի.
«Աճն ակնհայտ է, ու կարեւոր է, որ այն ոչ միայն քանակի մասին է, այլեւ՝ պարտադիր որակի պահպանման»:
Նա նշել է՝ ի դեմս ԻԿՄ ֆակուլտետի ցածր կուրսերի ուսանողների տեսնում է արագ աճող ծառերի ծիլեր.
«Ծիլեր, որոնք ճիշտ խնամքի դեպքում հետո սկսելու են կտրուկ աճել՝ օրական միանգամից մի քանի սանտիմետրով՝ դառնալով ամուր ու հաստաբուն ծառեր»:
Արհեստական բանականության հետ կապված հմտությունները պահանջված են
ԻԿՄ դեկան Քրիստինա Սարգսյանը ներկայացրել է նաեւ ֆակուլտետի մագիստրոսական ծրագիրը, որի ուսումնասիրության հիմանական առարկան արհեստական բանականությունն է:
«Մեր գործընկեր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանում մագիստրոսական ծրագրերն առաջարկում են մի քանի մասնագիտացում, ՀՖՀՀ-ի դեպքում նախընտրեցինք ծրագիրը կազմել արհեստական բանականության ուղղվածությամբ, քանի որ դրա հետ աշխատելու հմտություններն այսօր շատ պահանջված են ինչպես Հայաստանում, այնպես է՝ ամբողջ աշխարհում: Այսօր ԱԲ-ն լուրջ ազդեցություն ունի ամենուր եւ լինելով համակարգչային գիտության մեջ՝ մեր ուսանողներին պետք է օժտենք ժամանակակից ու պահանջված գիտելիքով», - ասել է Քրիստինա Սարգսյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նա նշել է, որ ծրագրի մեկնարկը մեծ ոգեւորություն է առաջացրել նաեւ ուսանողների մոտ եւ շրջանավարտներից շատերն են նախընտրել մագիստրոսական կրթությունը շարունակել ՀՖՀՀ-ում՝ արհեստական բանականության ծրագրով:
Նրանցից մեկն ԻԿՄ ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հովհաննես Սիրունյանն է:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ընտրեցի մագիստրոսական այս ծրագիրը, քանի որ այսօրվա աշխարհում արհեստական բանականության դերը շատ մեծ: Այն թե՛ անհատներին, թե՛ ընկերություններին լուրջ ձեռքբերումներ ունենալու հնարավորություն է տալիս: Ուսումնառության ընթացքում մենք հնարավորություն ենք ստանում ծանոթանալ ու կիրառել նորագույն տեխնոլոգիաները՝ այդպիսով մեծ ազդեցություն ունենալով մեզ շրջապատող աշխարհի վրա», - Մեդիամաքսին ասել է Հովհաննեսը:
Նա կարեւորել է նաեւ, որ ՀՖՀՀ-ն հնարավորություն է տալիս ոչ միայն գործնականում, առօրյա աշխատանքում կիրառել ստացված գիտելիքն, այլեւ՝ մասնակցել տարատեսակ հետազոտությունների.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բակալավրիատի չորրորդ կուրսում պրակտիկա անցանք Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի առաջատար հետազոտական կենտրոններից մեկում, որտեղ աշխատում էինք նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գիտական ծրագրերի մշակման վրա: Սա հիանալի հնարավորություն էր գիտությանն ավելի մոտ կանգնելու, ինչը շատ կարեւոր է, քանի որ մեր ոլորտում եղած բոլոր առաջխաղացումներն առաջին հերթին գիտության վրա են հիմնված»:
Սեպտեմբերին չեղարկված հանդիսավոր արարողությունն ու «նոր սկիզբը»
«Այսօր այստեղ հավաքված շրջանավարտների դիպլոմները պետք է հանձնվեին դեռ անցյալ սեպտեմբերին, սակայն հանդիսավոր արարողությունը չեղարկեցինք տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետեւանքով», - ներկաներին ասել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին.
«Օգտվելով առիթից, որ մեզ հետ են նաեւ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի գործընկերները, իսկ դուք նաեւ այս համալսարանի շրջանավարտներ եք, որոշեցինք ձեր երկու՝ հայկական եւ ֆրանսիական դիպլոմները հանձնել այսօր»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այնուամենայնիվ, Սալվա Նակուզին խոստացել է, որ առաջիկայում շրջանավարտների համար կանցկացվի հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն նաեւ նրանց հարազատները:
«Սա կարեւոր է, քանի որ այս դիպլոմներում ներդրում ունեն նաեւ ընտանիքները, որոնք ձեր կողքին էին ուսումնառության ողջ ընթացքում», - ասել է ՀՖՀՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համադեկան Ալեն Կրուզիլը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նա նշել է՝ շատ ուրախ է շրջանավարտների կողքին լինել այս կարեւոր օրը.
«Սա նույնքան կարեւոր օր է նաեւ մեզ համար: Քանի որ այս կետին հասնելու համար աշխատել ենք բոլորով՝ երկու համալսարանների դասախոսներով ու ողջ անձնակազմով: Ուզում եմ մի բան ընդգծել՝ այս դիպլոմներն ազդարարում են ձեր ուսումնառության ավարտը, բայց սա նաեւ նոր սկիզբ է: Իմ խորհուրդը ձեզ՝ միշտ շարունակեք սովորել: Եթե ուզում եք ձեր ոլորտում լավագույնը լինել, մի՛ բավարարվեք ունեցած գիտելիքով»:
Յանա Շախրամանյան
Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: