Վարդագույն Թուլուզը, հայաշատ Լիոնն ու այլ քաղաքներ կընդունեն ՀՖՀՀ 92 ուսանողի - Mediamax.am

exclusive
3787 դիտում

Վարդագույն Թուլուզը, հայաշատ Լիոնն ու այլ քաղաքներ կընդունեն ՀՖՀՀ 92 ուսանողի


Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Ստեփանյանը
Գայանե Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Հովհաննիսյանը
Մարիամ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլիվիե Դըկոտինյին
Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլիվիե Դըկոտինյին
Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլիվիե Դըկոտինյին
Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) տարեսկզբին Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա եւ Գերմանիա է ճանապարհում 92 ուսանողի: Ավարտական կուրսերի ուսանողներն այս երկրներում անցնելու են ուսումնական պրակտիկա՝ հնարավորություն ստանալով զարգացնել ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլեւ՝ գործնական ու անձնական նոր կապեր հաստատել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուսանողներից 84-ը մեկնելու են Ֆրանսիայի տարբեր քաղաքներ՝ Փարիզ, Լիոն, Մարսել, Թուլուզ, Նիցա, Ալբի, Դաքս, մյուսները՝ Բելգիա, Շվեյցարիա եւ Գերմանիա։

Մեկնումից առաջ ՀՖՀՀ ուսանողները Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել են դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, լսել խորհուրդներ ու կիսվել իրենց սպասելիքներով:

«Լիարժեք ապրեք այս փորձառությունը»

«Ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն, հաջողություն եւ բարեկեցություն։ Վստահեցնում եմ՝ այս ամենը գտնելու հարցում Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին լինել», - ողջունելով ՀՖՀՀ ուսանողներին՝ ասել է դեսպան Դըկոտինյին:
Օլիվիե Դըկոտինյին Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա նշել է՝ տարին նոր է սկսվել, բայց ներկաներն արդեն հասցրել են հաջողություն ունենալ, քանի որ առաջիկա օրերին մեկնելու են եվրոպական առաջատար ընկերություններ՝ մասնագիտական պրակտիկայի.

«Այս հաջողությունն առաջին հերթին ձեր ջանքերի եւ չորս տարվա խիստ ու հագեցած ուսումնառության ընթացքում ձեր ընտանիքների կրած զոհողությունների արդյունքն է։ Կեցցե՛ք»:

Դեսպանն ընդգծել է, որ դրանում մեծ դերակատարում ունի նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, դասախոսները, որոնք ուսանողներին փոխանցում են արդիական ու պահանջված գիտելիք:
Օլիվիե Դըկոտինյին Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ձեր հաջողությունն ապացուցում է՝ ֆրանկոֆոնիան ոչ միայն  սրտի ընտրություն է, այլ ընտրություն, որը ձեր առջեւ բազմաթիվ հնարավորություններով աշխարհ է բացում: Ըստ Financial Times-ի վերջին դասակարգման՝ Ֆրանսիան առաջինն է Եվրոպայում բիզնես դպրոցների շարքում եւ առաջատար տասնյակում տեղ գտած դպրոցներից հինգը ֆրանսիական են։ Ի վերջո, ձեր հաջողությունը հավաքական է։ Այն Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների աջակցությամբ ՀՖՀՀ-ի քսանամյա զարգացման, ՀՖՀՀ գործընկերների, հովանավորների ու համալսարանի ուժը հանդիսացող շրջանավարտների ցանցի հաջողությունն է», - ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպություններին, որոնց աջակցությամբ ուսանողները մեկնում են պրակտիկայի՝ «Հայկական բարեգործական ընդհանուր միությանը» (ՀԲԸՄ), Մարսելի հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատին, Հայկական միջազգային միջմասնագիտական խմբին (G2IA), «Կոտ դ’Ազյուրի SOS - Հայաստան» ասոցիացիային, Բուլլուքիան հիմնադրամին, Թուլուզ-Միդի-Պիրենե շրջանի հայերի ընկերությանը, Հայ-բելգիական առեւտրի պալատին եւ «Միասին» հիմնադրամին:
Օլիվիե Դըկոտինյին Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինձ միայն մնում է ձեզ հաջողություն մաղթել․ լիարժեք ապրեք մասնագիտական եւ մարդկային այս փորձառությունը», - ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:  

«Դուք մեր դեսպաններն եք Ֆրանսիայում»

«Ուրախ ենք, որ նման հնարավորություն եք ստացել, բայց մեզ համար շատ կարեւոր է, որ օրինակելի լինեք, ճիշտ ներկայացնեք Հայաստանն ու հայկական ֆրանկոֆոնիան», - ասել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին՝ ընդգծելով, որ մեկնող ուսանողների հետ մեծ հույսեր է կապում.

«Դուք մեր դեսպաններն եք Ֆրանսիայում»:
Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա նշել է, որ առաջիկա շաբաթներն ուսանողներին օգտակար կլինեն ոչ միայն մասնագիտական, այլեւ՝ անձնական տեսանկյունից.

«Այս պահից ինքնուրույն եք հաղթահարելու թե՛ մասնագիտական, թե՛ անձնական, կենցաղային դժվարությունները»:

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՖՀՀ ռեկտորն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանատանը, ինչպես նաեւ համալսարանի Զարգացման եւ համագործակցությունների գծով տնօրինության թիմին՝ ի դեմս Ասյա Մովսիսյանի:

Վարդագույն քաղաքներն ու հայաշատ Լիոնը

ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մարիամ Հովհաննիսյանն այս տարի միակ ուսանողն է, որ մեկնում է Ֆրանսիայի Թուլուզ քաղաք:

«Շատ ուրախ եմ, որ Թուլուզում ապրելու եմ հյուրընկալ ընտանիքում ու հնարավորություն եմ ստանալու շփվել տեղացիների հետ, ծանոթանալ սովորություններին ու, իհարկե, բարելավել ֆրանսերենի իմացությունը», - Մեդիամաքսին ասել է Մարիամը:
Մարիամ Հովհաննիսյանը Մարիամ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա պրակտիկան անցնելու է առաջատար իրավաբանական ընկերություններից մեկում, որը զբաղվում է երեխաների, երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ.

«Արդեն ուսումնասիրել եմ ընկերության գործունեությունը, որն ինձ շատ է հետաքրքրել: Ուրախ եմ, որ հնարավորություն ստացա պրակտիկա անցնել հենց այդտեղ ու հմտանալ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում»:

Ֆրանսիայում Մարիամը նախկինում չի եղել, կարծում է՝ 7 շաբաթը քիչ չէ այս երկիրն առավել լավ ճանաչելու համար.

«Կարդացել, տեսանյութեր եմ նայել նաեւ Թուլուզի մասին, ընտրել վայրերը, որտեղ անպայման այցելելու եմ: Հետաքրքիր է, որ քաղաքը ֆրանսերենով անվանում են «La Ville rose»` վարդագույն քաղաք: Հայաստանում էլ Երեւանն է վարդագույն քաղաք, ստացվում է՝ ես մեկից մյուսն եմ գնում (ժպտում է – հեղ.)»:

Նույն ֆակուլտետից Գայանե Ստեփանյանն ուսումնական պրակտիկան անցկացնելու է ֆրանսիական Լիոնում:  

«Աշխատելու եմ փաստաբանական ընկերություններից մեկում՝ քաղաքացիական իրավունքի ոլորտում: Իմ պրակտիկայի ղեկավարը լինելու է մեր ֆրանսիացի դասախոսներից մեկը, որն ինձ ընտրել է ՀՖՀՀ-ում դասավանդելուց հետո», - ասել է Գայանեն:
Գայանե Ստեփանյանը Գայանե Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Լիոնում նա լինելու է ՀՖՀՀ մի քանի այլ ուսանողների հետ, միասին ապրելու են «Հայկական բարեգործական ընդհանուր միության» շենքերից մեկում.

«Այս առումով եւս շատ ուրախ եմ, քանի որ կկարողանամ ծանոթանալ, կապեր ստեղծել տեղի հայ համայնքի հետ: Առհասարակ, Լիոնը հայաշատ քաղաք է: Բացի այդ, իհարկե, կծանոթանամ նաեւ տեղացիների հետ, կկարողանամ ֆրանսերենի իմացությունն ակադեմիական մակարդակից դարձնել շփման լեզու: Հուսամ՝ Լիոնից բացի, կհասցնեմ լինել նաեւ այլ քաղաքներում: Այս մի քանի շաբաթն իսկապես կարեւոր փորձառություն են կյանքի համար: Շնորհակալ եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանին այս հնարավորության համար»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին