«Ես Կարապետի թոռն եմ: Ես հիշում եմ» - Mediamax.am

exclusive
12010 դիտում

«Ես Կարապետի թոռն եմ: Ես հիշում եմ»


Կարապետ եւ Սաթենիկ Մանուկյանների ամուսնական լուսանկարը
Կարապետ եւ Սաթենիկ Մանուկյանների ամուսնական լուսանկարը

Լուսանկարը` Մարգարեթ Մանուկյանի արխիվից

Մարգարեթ Մանուկյանը Անիում 2014թ.` նայելով Հայաստանին Թուրքիայից
Մարգարեթ Մանուկյանը Անիում 2014թ.` նայելով Հայաստանին Թուրքիայից

Լուսանկարը` Մարգարեթ Մանուկյանի արխիվից


2015 թվականի ապրիլին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, The Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր  ընթերցողներին առաջարկեց պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունը իրենց ընտանիքների վրա:

New East Network-ի կողմից տարվող այս նախագծին արձագանքեց ավելի քան 500 մարդ՝ ուղարկելով նամակներ, լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասը ներկայացվել էր կայքում:

Մեկ տարի անց, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին, Մեդիամաքսը եւ The Guardian-ը որոշեցին համատեղ ներկայացնել չհրապարակված նյութերի մի մասը:



Մարգարեթ Մանուկյան

Ես Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ եմ: Իմ որբացած պապը, մի խումբ պատանիների հետ բազմաթիվ փորձերից հետո, ի վերջո հաջողացրել է հայտնվել հունական շոգենավում եւ տեղափոխվել Կանադա: Իսկ տատիկս Միացյալ նահանգներ է եկել իր քրոջ հետ՝ այնտեղ միանալով եղբորը: Նրա հորը սպանել են իրենց տան մեջ, իսկ մայրը` իմ մեծ տատիկը, մահացել է աքսորի ճանապարհին անապատում:

Ցեղասպանության վիշտը մեծ հետք էր թողել հորս վրա եւ պատել էր մեր տունը. նա կարծես դատարկվել էր եւ հուզական կապ չէր կարողանում ստեղծել իմ եւ քույրիկիս հետ: Ցեղասպանությունից փրկվածների ժառանգները շատ են տառապել: Ես դա նույնպես զգում եմ:

Մոտ մեկ տարի առաջ ես բացահայտեցի, որ ընտանեկան նամակներ ունենք, որոնք  իմ մեծ տատն ու պապը  ուղարկել էին Միացյալ Նահանգներում գտնվող տատիկիս եւ նրա քրոջը: Վերջին նամակը ուղարկվել էր 1915թ.: Այդ տարի նրանք սպանվել էին: Այս նամակները (98 էջ) դեռ պետք է թարգմանվեն, բայց դրանց բովանդակությունն ինձ միավորեց Սփյուռքում ապրող մի խումբ հայերի հետ, եւ 2014թ. ամռանը մենք միասին ճամփորդության մեկնեցինք:

Մենք այցելեցինք հայերի համար մեծ նշանակություն ունեցող վայրեր, եւ ես վերջապես կանգնեցի այն հողի վրա, որտեղ ապրել եւ նահատակվել էր պապիկիս ընտանիքը:

Այս ճամփորդության յուրաքանչյուր ժամն իր հետ մի նոր արկած էր բերում: Մենք քաղաքից քաղաք էինք շարժվում, որոնելով այն «գանձերը», որոնք այս տարածքի վրա  հայկական ներկայության վկայություններ են: Վկայություններ փնտրելիս անչափ ոգեւորվում էի, բայց ամեն ինչ ավարտվում էր խորը մելամաղձությամբ:

«Մենք դեռ այստեղ ենք», շշնջում էի ես: Իմ պապիկիս քաղաքում ժայռերի արանքում եւ հայկական եկեղեցու կիսաքանդ պատերի մեջ նոթեր թողեցի պապիկիս բոլոր զավակների, թոռների եւ ծոռների անուններով, որոնք նրա ջանասիրության եւ խիզախության պտուղներն են:

«Ես հիշում եմ: Կարապետի թոռ` Մարգարեթ»:

Լուսանկարները` Մարգարեթ Մանուկյանի արխիվից




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին