Դասավանդելով Հայաստանում եւ Արցախում՝ համավարակի ու պատերազմի օրերին - Mediamax.am

exclusive
13718 դիտում

Դասավանդելով Հայաստանում եւ Արցախում՝ համավարակի ու պատերազմի օրերին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Մարտիրոսյանը
Արթուր Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Մարտիրոսյանը
Թամարա Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիդա Մնացականյանը
Լիդա Մնացականյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Պողոսյանը
Նարինե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Զարոյանը
Վահան Զարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն 7-րդ տարին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը հավաքագրում, վերապատրաստում եւ գյուղական համայնքներ է գործուղում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց, որոնք որպես Ուսուցիչ-առաջնորդ՝ ցանկանում են որակյալ կրթությունը հասանելի դարձնել բոլոր երեխաներին՝ անկախ բնակության վայրից։

Լուսանկարը` Մեդիամաքս


Թեեւ երկամյա ծրագրի բոլոր մասնակիցներն են ունենում դժվարություններ՝ նոր միջավայրին, կենցաղին ու աշխատանքին հարմարվելու, բայց վերջին մեկ ու կես տարին մեծ մարտահրավերների շրջան էր։

«2020-ի մարտին գրեթե ամբողջ աշխարհը փակվեց։ Մեր թիմն անընդհատ ուսումնասիրում էր՝ հասկանալու համար, թե աշխարհում ինչ է կատարվում։ Բավականին արագ հասկացանք, որ այս խնդիրը երկար է տեւելու, եւ արագ մեր ծրագրերը վերափոխեցինք օնլայնի։ Դա պահանջեց մարդկային ահռելի ռեսուրս, բայց շատ հպարտ եմ, որ մի քանի ամսում հաջողեցինք։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր էինք սկսել համակերպվել համավարակին, ու սկսվեց պատերազմ։ Նոր ընտրված մասնակիցները, որոնք Արցախ էին գործուղվել, 26 օր անցկացրեցին իրենց համայնքներում, եւ Ադրբեջանը հարձակվեց։ Մեր երիտասարդները չէին ուզում հեռանալ, բայց ստիպված էին դուրս գալ` իրենց երեխաների հետ։ Շատերը վերադարձան Հայաստան ու շարունակեցին աշխատել իրենց եւ այլ աշակերտների հետ։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդներից, Շրջանավարտ-դեսպաններից 60-ը միացան մեր «Արտակարգ կրթություն» ծրագրին, նրանք աշխատում էին գրեթե բոլոր մարզերում։ Ես խոնարհվում եմ այս մարդկանց առջեւ, որովհետեւ նրանց մեջ անբացատրելի ուժ ու սեր կա իրենց երկրի, երեխաների ու համայնքների հանդեպ»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։
Լարիսա Հովհաննիսյանը Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկամյա ծրագրի 108 շրջանավարտներին նվիրված երեկոն «Նավասարդ» են անվանել՝ հայկական տոմարի առաջին ամսվա նմանությամբ, որը հայտնի է բերքահավաքի տոնախմբություններով։ Հավատում են, որ Ուսուցիչ-առաջնորդների ցանած սերմերը տարիներ հետո առատ բերք են տալու։

«Դուք իսկապես բացառիկ առաքելություն եք իրականացրել, ու վստահ եմ, որ ինքներդ էլ գիտեք, թե դա ինչքան կարեւոր է այն երեխաների կյանքում, որոնց դասավանդել եք, և այն համայնքների կյանքում, որտեղ աշխատել եք։ Դա նաեւ ձեր՝ որպես առաջնորդ զարգացման շատ կարեւոր միջոց է. սովորեցնելով՝ դուք ինքներդ եք սովորել։
Արթուր Մարտիրոսյանը Արթուր Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դուք դառնալու եք Հայաստանում ոչ միայն կրթության, այլ, առհասարակ, պետականաշինության, հանրային կյանքի զարգացման եւ երկրի առաջընթացի ջահակիրները, առաջամարտիկները»,-ասում է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, որը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի զարգացման գծով տնօրենն է եղել։

Լիդա Մնացականյանը՝ Տավուշի Կիրանց գյուղի ռուսաց լեզվի ուսուցչուհին

6 տարի տարբեր ոլորտներում աշխատելուց հետո՝ 2 տարի առաջ վերջապես որոշեցի վերադառնալ իմ մասնագիտությանն ու դասավանդել։ Նախնական պատկերացումներս ու վերջնարդյունքը շատ տարբեր էին, բայց մի բան ընդհանուր էր՝ գաղափարի ռոմանտիզմը, որ կարող եմ թողնել Երեւանի աշխատանքս, ընտանիքս ու գնալ հեռու մի տեղ։

Շատ լավ եմ հիշում առաջին օրը դպրոցում։ Հարեւաններիցս մեկը, որի բարեկամի տղային դասավանդում էի, եկավ իմ տուն ու ասաց՝ էրեխեքը շատ են հավանել դասդ։ Այդ հետադարձ կապը շատ կարեւոր էր, որ կարողանայի հաղթահարել այդ պահին առկա կենցաղային դժվարությունները։

Շատ հետաքրքիր տարիներ էին։ Երեխաները միշտ ոգեւորված էին, միշտ հարցեր ունեին ինձ համար՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական, միշտ խորհուրդներ էին հարցնում։ Թեեւ պատերազմի, քովիդի պատճառով շատ ընդհատումները եղան, բայց ես ամեն օր զգում էի աշակերտներիս աճը ոչ միայն ակադեմիական առումով, այլեւ թե ինչպես են ընդլայնվում նրանց երազանքները, մտահորիզոնը։ Սկսեցին կրթության հետ ավելի շատ հույսեր կապել, հատկապես՝ օտար լեզուների նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ՝ ընկե՛ր Լիդա, որոշել եմ հնդկերեն սովորել, ընկե՛ր Լիդա, ես չինարեն եմ սովորելու։
Լիդա Մնացականյանը Լիդա Մնացականյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեխաներն ինձ անսահման ջերմություն են տվել, սեր, ինքնավստահություն, որովհետեւ իրենք միշտ քեզ ուզում են բարձրացնել, միշտ գովեստի խոսքեր են ասում։ Ուրախ եմ, որ ունեցել եմ այս հնարավորությունը, որ չեմ վախեցել հեռավորությունից ու դժվարությունից։ Իհարկե, երբեմն գերմարդկային ուժեր էին պահանջվում, որովհետեւ ամեն շաբաթ-կիրակի վերադարձել եմ տուն՝  կենցաղային կարիքներս հոգալու համար, ամեն շաբաթ 360 կմ կտրել-անցնել ու նաեւ կարողանալ դասավանդել, խմբակների, նոր ծրագրերի մասին մտածել, մեծ ուժ էր պահանջում։ Ուրախ եմ, որ ունեցել եմ այդ ուժը։

Վահան Զարոյանը՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի աշխարհագրության ուսուցիչը

Ինքս եմ ցանկացել դասավանդել Արցախում։ Մինչ այդ, Արցախի գյուղերից մեկի դպրոցի տնօրենին էի հանդիպել, որը պատմեց, որ իրենց դպրոցում 16 տարի աշխարհագրության ուսուցիչ չեն ունեցել։ Որպես աշխարհագրության մասնագետ՝ ինձ համար սթրես էր, թե ինչպե՞ս է հնարավոր, որ գրեթե երկու սերունդ դպրոցում աշխարհագրություն չսովորի։ Դա դարձավ մոտիվացիա, որ գնամ Արցախ, նմանօրինակ մի համայնք՝ Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղ, որտեղ երկար ժամանակ աշխարհագրության ուսուցիչ չէին ունեցել։

Քարեգահը դարձավ իմ սերը, իմ հիշողությունները, որովհետեւ, ցավոք, արդեն մեր վերահսկողությունից դուրս է, բայց Քարեգահը կմնա հավերժ իմ սերը։ Նպատակս իր տրամաբանական ավարտին չհասավ, բայց Արցախում լինելը, Արցախի համար ապրելն ինձ շատ բան տվեց։ Դա իրոք ապրել էր Արցախի համար։
Վահան Զարոյանը Վահան Զարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ սկսվեց պատերազմը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեզ վերադառնալու հնարավորություն տվեց։ Այդ պահին ես չէի պատկերացնում իրավիճակի լրջությունը. թեժ մարտեր էին, գյուղը գրեթե դատարկ էր, բայց մի միտք էր շատ տանջում՝ եթե ես այսօր գնամ էստեղից, վաղն ինչպե՞ս եմ նայելու իմ աշակերտների աչքերին։ Ցավոք, չեղավ այդ պահը, ու ես էդպես էլ չնայեցի իմ աշակերտների աչքերին, որովհետեւ դրանից հետո քչերին եմ տեսել։ Կապը կա, բայց նրանք Հայաստանի տարբեր շրջաններում, համայնքներում են ապրում։

Թամարա Մարտիրոսյանը՝ Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղի կենսաբանության ուսուցչուհին

Երկու տարի առաջ դիմեցի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին, որովհետեւ քաղաքում աշխատել չէի ուզում. քաղաքում ուսուցիչները շատ են, իսկ ես մտածում էի գնալ այնպիսի համայնք, որտեղ, իրոք, իմ կարիքը կա։ Դիմեցի, բայց չէի պատկերացնում, որ ծրագիրն այսպիսի մեծ ազդեցություն կունենա ինձ վրա։ Արժեհամակարգս է փոխվել, մասնագիտական աճ, շատ ձեռքբերումներ ունեմ։

Ես ցանկանում էի կրթության հավասարություն բերել, օրինակ ծառայել իմ տարիքի աղջիկներին, տղաներին, որոնք խուսափում են գյուղից։ Բայց այնպես ստացվեց, որ ես եզդիական համայնք ընկա, ու առաջ եկան մի շարք այլ նպատակներ։ Ես հանդիպեցի խոչընդոտների, որոնք պետք է հաղթահարեի, հետո նոր իմ առջեւ դրած նպատակներն իրագործեի։ Գյուղում կանայք նույնիսկ խանութ գնալու իրավունք չունեին, բայց քանի որ ես մենակ էի ապրում, գնում էի խանութ։ Դուրս էի գալիս բակ՝ երեխաների հետ խաղալու, ինչը համայնքի համար անընդունելի էր։ Բայց ես իմ օրինակով ցույց էի տալիս 15 տարեկան երեխային, որ դրսում խաղալն ամոթ չէ, կարող ես դու էլ խաղալ։
Թամարա Մարտիրոսյանը Թամարա Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետո հասկացա, որ այդ փոքր խնդիրները հաղթահարելով՝ ավելի շատ բան եմ տալիս երեխաներին, քան, եթե իրականացնեի այն նպատակները, որ դրել էի իմ առջեւ։ Ամենակարեւորը՝ երեխաները սկսեցին բացահայտել իրենց տաղանդը, ինքնագնահատականը բարձրացավ։ Ծնողներն էլ, երբ տեսնում են երեխաների ձեռքբերումները, հասկանում են, որ նրանք կարող են ինչ-որ բան փոխել, ինքնուրույն ինչ-որ բանի հասնել։ Առաջին տարվա ավարտին, երբ զգացի իմ ազդեցությունը դպրոցում ու համայնքում, դա ամենամեծ հաղթանակն էր։

Ցավոք, աղջիկները չունեն կրթությունը շարունակելու, ամենատարրական հարցերում որոշում կայացնելու իրավունք։ Բայց գիտելիքը թեւ է տալիս, հնարավորություն է տալիս մտքով ճախրելու, իսկ եթե մտքով ճախրում ես, հաստատ կգա մի պահ, որ քայլ կանես առաջ գնալու։

Նարինե Պողոսյանը՝  Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի ռուսերենի ուսուցչուհին

29 տարեկանում հասկացել էի, որ սիրում եմ դասավանդել, եւ շատ-շատ էի ցանկանում դասավանդել հենց գյուղական համայնքում, որովհետեւ Երեւանում կամ հարակից քաղաքներում այլընտրանքը շատ է, իսկ գյուղում որոշ առարկաներ տարիներով չեն անցնում։ Այդ միտքը վաղուց կար, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրագործելու հնարավորություն տվեց։

Դա իմ կյանքի ամենակարեւոր փորձառություններից էր։ Երբեւիցե չէի ապրել գյուղում, եւ ինձ համար կարեւոր էր լինել գյուղի մի մասը, լինել գյուղացի, հասկանալ՝ ինչպես են ապրում մարդիկ։ Այդ ընթացքում սկսեցի շատ կարեւորել ջուրը, որովհետեւ համայնքում ջուր չունեինք, ջուր բերելու համար 20 րոպե գնում, 20 րոպե գալիս էի։ Նույնիսկ բաժակի տակ մնացած մի քիչ ջուրը, որ նախկինում կարող էի թափել, սկսեցի հավաքել շշի մեջ։ Հիմա արդեն բնավորություն է դարձել։
Նարինե Պողոսյանը Նարինե Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես էլ գյուղի համար տարօրինակ մեկն էի՝ այն ժամանակ կարմիր մազերով, դաջվածքով, անհասկանալի մարդ, որին ի սկզբանե մի քիչ կասկածամտությամբ ընդունեցին, բայց հետո շատ սիրեցինք իրար։ Բլրակի վրա մի փոքրիկ տնակ ունեինք՝ կավից ու դեզից պատրաստված։ Շաբաթ-կիրակի հաճախ էինք բարձրանում, ընթերցում, ստեղծագործում, զրուցում էինք։ Ու երբ ինձ հարցնում էին, թե Երեւանի ակտիվ կյանքից հետո գյուղում ձանձրալի չէ՞, պատասխանում էի՝ բացարձակ, էրեխեքի հետ ո՞նց կարող ես ձանձրանալ։ Այս աշխատանքն ուրիշ ձեւ չգիտի, պիտի կարողանաս էրեխեքին սիրել։ Ինչքան գիտելիք ուզում ես՝ ունեցիր, եթե չես սիրում, չես կարող աշխատել դպրոցում, կդառնա տանջանք։

Այդ երկու տարին ինձ համար շատ կարեւոր շրջան էր։ Այսօր, երբ պատերազմից էին խոսում, մի պահ ականջներս փակել էի, որ չլսեմ։ Սարսափելի է, որ գիտես՝ չես կարող վերադառնալ գյուղ։ Ես դեռ ոչինչ, ընդամենը երկու տարի եմ ապրել Այգեհովիտում, իսկ այդ երեխաների ամբողջ մանկությունն է անցել այնտեղ, այնքան ծրագրեր ունեինք, մեծ արվեստանոց պիտի ստեղծեցինք։

Այս սեպտեմբերին 168 ուսուցիչներ մեկնելու են Հայաստանի ու Արցախի համայնքներ՝ 146 դպրոցում իրականացնելու իրենց առաքելությունը։ Այս տարի առաջին անգամ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները նաեւ Սյունիք են գործուղվելու։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին