Հայաստանն ընդդեմ տեռորի - Mediamax.am

8648 դիտում

Հայաստանն ընդդեմ տեռորի


Հայ խաղաղապահները Կոսովոյում
Հայ խաղաղապահները Կոսովոյում

Սպառնալիքների գիտակցում, միջուկային անվտանգություն, խաղաղապահություն, պայքար փողերի լվացման դեմ:

2011 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ վրա ահաբեկչական գրոհից մի քանի օր անց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմմոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց միջազգային ահաբեկչության սպառնալիքի վերացման ուղղված ջանքերին աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին:

“Կոմերսանտ” թերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասում էր. “Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում պետք է ողջ միջազգային հանրության ակտիվ համագործակցությունը: Ստեղծվել է նոր իրավիճակ. մենք դա հասկանում ենք: Իսկ թե ի՞նչ անել. մենք բոլորս հիմա դրա մասին մտածում ենք”:

Սեպտեմբերի 21-ին, ելույթ ունենալով Հայաստանի անկախության 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահն ասում էր.

“Սեպտեմբերի 11-ի իրադարձություններն ԱՄՆ-ում ցնցեցին աշխարհն իրենց դաժանությամբ: Մենք սգում ենք Ամերիկայի հետ միասին եւ գտնում ենք, որ չարը պետք է պատժվի: Մենք պատրաստ ենք աջակցել մեր համեստ հնարավորությունների սահմաններում: Տեռորը գաղափարախոսություն է դառնում իր ամենաայլանդակ դրսեւորումներով: Հայաստանն իր վրա է զգացել դրա հետեւանքները: Մենք համոզված ենք, որ այդ չարիքի հետ պայքարում համաշխարհային հանրությանը պետք են համատեղ համակարգված գործողություններ”:

Ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը գերակայում էր 2001 թվականի մայիսին Երեւանում կայացած` Հավաքական անվտանգության կազմակերպությունների երկրների ղեկավարների գագաթնաժողովում: ՀԱՊԿ մասնակից-երկրների ղեկավարների հայտարարությունում հայտնվում էր «լուրջ մտահոգություն միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության աճող սպառնալիքի կապակցությամբ, որը համակարգված բնույթ է ստանում»:

2001թ. սեպտեմբերին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը CAN գործակալությանը տված հարցազրույցում ասում էր.

«Պետք չէ մոռանալ, որ Ուսամա բեն Լադենը եւ Կովկասյան տարածաշրջանում նրա կողմնակիցները բազմիցս հիշատակել են Լեռնային Ղարաբաղը որպես թիրախներից մեկը: Նրանք դիտարկում են Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որպես ոչնչացման ենթակա առարկա` հետագայում այնտեղ մահմեդական օրենքներ հաստատելու նպատակով: Այս տեսակետից մենք, անկասկած, ակնկալում ենք, որ այն մարտահրավերները, որոնք կարող են դրսեւորվել նաեւ Լեռնային Ղարաբաղում, պետք է չեզոքացվեն: Մենք ամեն կերպ աջակցում ենք այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»:

ԱՄՆ-ում ահաբեկչություններից մեկ տարի անց, 2002 թվականի հոկտեմբերին Երեւանում անցկացվեց Եվրատլանտյան Գործընկերության Խորհրդի (ԵԱԳԽ) “Պայքար միջազգային ահաբեկչության դեմ. Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հեռանկարները” սեմինարը: Ելույթ ունենալով սեմինարում, Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը խոստովանեց, որ «Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա է միջազգային ահաբեկչության սպառնալիքը»:

Հաջորդած տարիներին Հայաստանը մի շարք քայլեր ձեռնարկեց, որոնք վկայում էին նրա մտադրությունների լրջության մասին` հնարավորությունների սահմաններում մասնակցել ահաբեկչության ամենատարբեր դրսեւորումների դեմ պայքարին: Ահա դրանցից մի քանիսը միայն`

•    2005 թվականի փետրվարին Հայաստանը միացավ Իրաքի գործողությանը` այնտեղ  ուղարկելով ոչ մարտական ստորաբաժանում: Հայ զինվորականների առաքելությունն Իրաքում ավարտված է, եւ այսօր հայ խաղաղապահների հիմնական ուժերը (չհաշված Կոսովոն) կենտրոնացած են Աֆղանստանում: Այս տարի Հայաստանի իշխանությունները որոշեցին եռապատկել ISAF-ի կազմում գերմանական հրամանատարության ներքո ծառայություն տանող հայ խաղաղապահների թիվը: Ի տարբերություն Իրաքի, Աֆղանստանում Հայաստանը ներկայացված է մարտական ստորաբաժանումներով:

•    2007 թվականին Հայաստանի կառավարությունը հայտարարեց Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան գլոբալ նախաձեռնության գործընկեր-երկիր դառնալու իր որոշման մասին, իսկ 2008 թվականի հուլիսին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Վաշինգտոնում ստորագրեցին միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի համատեղ գործողությունների պլանը:

•    2007 թվականի ամռանը Հայաստանի կենտրոնական բանկի ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը դարձավ Էգմոնտ խմբի լիիրավ անդամն, որն իր մեջ ներառում է աշխարհի ավելի քան 100 երկրների ֆինանսական հետախուզությունները` անօրինական եկամուտների լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ համատեղ պայքարի համար:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին