Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի է ունենում վերջին երեք տասնամյակների ամենաարմատական փոփոխությունը։ 90-ականներից գործող եւ հանրության մեջ «Փարոս» անունով հայտնի համակարգը, որը տասնամյակներ շարունակ եղել է սոցիալական աջակցության հիմնական մեխանիզմը, տեղը զիջում է նոր՝ անապահովության գնահատման համակարգին։
Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի երեք գործակալությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի եւ Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագիրը նպատակ ունի ոչ միայն թվայնացնել գործընթացը, այլեւ փոխել սոցիալական քաղաքականության տրամաբանությունը։
Այս փոփոխության առանցքային բաղադրիչներից մեկը սոցիալական աջակցության տրամադրման համակարգի վերանայումն էր՝ նպատակ ունենալով վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ կրճատել աղքատությունը, այդ թվում մանկական, փոխել ընտանիքի անապահովության գնահատման ու աջակցության փիլիսոփայությունը՝ նպաստ ստանալուց անցում կատարելով դեպի ինքնաբավություն եւ զբաղվածություն։
Արդյունքում մշակվել եւ ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգը։ 2025 թվականի մարտի 17-ից գնահատման նոր համակարգը փորձնական գործարկվել է ՀՀ Կոտայքի, Սյունիքի մարզերում եւ նախատեսվում է 2026 թվականին ներդնել ամբողջ հանրապետությունում։
Միջազգային փորձ եւ օրենսդրական հենասյուներ
Նման մոդելի ընտրությունը պատահական չէր. այն երկարատեւ ուսումնասիրությունների՝ այդ թվում միջազգային լավագույն փորձի վերլուծությունների արդյունք է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը մանրամասնում է, որ գործընթացը սկսվել է դեռեւս 2019-20 թվականներին՝ սոցիալական պաշտպանության համակարգի համապարփակ «ախտորոշմամբ»։
Արմենուհի ՀովակիմյանըԼուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի եւ նախարարության համագործակցությամբ ուսումնասիրվել են 14-ից ավելի երկրների մոդելներ։ Հաշվի առնելով Հայաստանի իրավիճակը, մասնավորապես՝ գյուղատնտեսական եւ ոչ ֆորմալ եկամուտների առկայությունը, որը մասնաբաժինը չի գերազանցում սակայն 50%-ը, ընտրվել է գնահատման հիբրիդային մեթոդը։ Այն ենթադրում է միավորել եկամտային եւ ակտիվային տվյալները (օրինակ՝ ՊԵԿ-ից ստացվող պաշտոնական տեղեկատվությունը) եւ կատարել դժվար ստուգելի եկամտի վերագրում»,- նշում է Արմենուհի Հովակիմյանը։
Ծրագրի կարեւորագույն ձեռքբերումներից է իրավական դաշտի ամբողջական արդիականացումը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մշակվել եւ ընդունվել են ոլորտը կարգավորող առանցքային փաստաթղթեր։
«2024թ. տարվա նոյեմբերին ընդունվեց «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը, որը փոխարինեց 2014 թվականից գործող հին օրենքին։ Սա թույլ տվեց օրենսդրությունը համապատասխանեցնել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամաբանությանը՝ ընդլայնելով ծառայությունների տեսակները, բերելով որակի ստանդարտներ, հստակեցնելով դերերը եւ լիազորությունները, բարձրացնելով դիմակայունությունը եւ զարգացնելով պրոֆեսիոնալ սոցիալական աշխատանքը։ Նույն օրն ընդունվեցին նաեւ Պետական նպաստների մասին օրենքում փոփոխությունները, որոնք հիմք դրեցին անապահովության գնահատման նոր համակարգին»,- պատմում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ
Բացի այդ, 2025 թվականի հոկտեմբերին ընդունվել է «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության մասին» նոր օրենքը, որը հեղափոխական է երեխայի լավագույն շահի պաշտպանության տեսանկյունից։ «Մենք աջակցում ենք նախարարությանը նաեւ շուրջ 50 ենթաօրենսդրական ակտերի մշակման գործում, որպեսզի օրենքը դառնա կիրառելի մեխանիզմ»,- հավելում է Հովակիմյանը։
Ամփոփելով ծրագրի ընթացքը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանն ընդգծում է միջազգային գործընկերների դերը․
Արտակ ՀարությունյանըԼուսանկարը` ՀՀ ԱՍՀՆ
«Նման մասշտաբի ռեֆորմները պահանջում են մեծ ռեսուրսներ։ Շատ կարեւոր է, որ նախարարությունը միայնակ չէ այս ճանապարհին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը, միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ նրանց կողմից իրականացվող փոխլրացնող քայլերը հնարավորություն են տալիս ստեղծել մի համակարգ, որն ավելի կայուն է եւ հասցեական»։
Սոցիալական նոր տրամաբանություն. իրական կարիք եւ հասցեականություն
Արտակ Հարությունյանը նշում է, որ հին համակարգը, որը ձեւավորվել էր դեռեւս 90-ականներին, ժամանակի ընթացքում կորցրել էր իր հասցեականությունը։
«Նախկին համակարգը փաստացի անուղղակի մեթոդ էր։ Մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ նպաստ ստացող ընտանիքների միայն 55 տոկոսն էր իրականում համապատասխանում թիրախին, իսկ շուրջ 45 տոկոսը, ըստ վիճակագրության, գտնվում էին ոչ աղքատ խմբերում։ Բացի այդ, հին համակարգում նպաստի չափը գրեթե տարբերություն չէր դնում տարբեր միավորներ ունեցող ընտանիքների միջեւ. արդյունքում՝ անգամ նպաստ ստանալուց հետո ընտանիքը շարունակում էր մնալ աղքատության մեջ»,- փաստում է վարչության պետը։
Նոր համակարգն անցում է կատարում «հիբրիդային մեթոդի», որն ուղղակիորեն կապված է պարենային զամբյուղի արժեքի հետ։ Եթե ընտանիքի մեկ չափահասին հավասարեցված եկամուտը պակաս է պարենային զամբյուղի արժեքից, ապա ընտանիքը ստանում է նպաստ։ 2025 թվականի համար հիմք է ընդունվել 34 581 դրամը։ Այս թիվը պատահական չէ․ դրա համար հիմք են հանդիսացել նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Նրա խոսքով՝ նախկինում գործում էր յուրօրինակ «թակարդ». մարդիկ ստիպված էին լինում արհեստականորեն ցածր պահել իրենց կենսամակարդակը, որպեսզի չզրկվեն «Փարոսի» միավորներից եւ դրան կից առողջապահական, կրթական եւ այլ արտոնություններից։
«Նոր համակարգը լուծում է այս խնդիրը՝ ներդնելով անապահովության չորս տարբերակված շեմեր։ Առաջինը խիստ անապահով խումբն է, որը ստանում է դրամական աջակցություն։ Սակայն հեղափոխականն այն է, որ երկրորդ շեմում հայտնված ընտանիքները, թեեւ դուրս են մնում դրամական նպաստից, շարունակում են օգտվել պետական բոլոր մյուս արտոնություններից։ Սա վերացնում է արտոնությունները կորցնելու վախը»,- ընդգծում է Արտակ Հարությունյանը։
Կրկնակի եկամուտ. աշխատելն այլեւս չի զրկում նպաստից
Նոր համակարգի ամենակարեւոր հաղթաթուղթը զբաղվածության խթանումն է։
Գործում է հստակ պայման. նպաստ ստանալու համար դիմող ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամները պարտավոր են գրանցվել որպես աշխատանք փնտրող։ Պետությունը նաեւ ներդրել է աննախադեպ խթան.եթե նպաստառուն աշխատանք է գտնում, նա չի զրկվում նպաստից։ Մեկ տարի շարունակ քաղաքացին ստանում է եւ՛ աշխատավարձը, եւ՛ նպաստը։
Սակայն խնդիրը միայն ֆինանսական չէ, այլեւ հոգեբանական։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը նկատում է, որ տարիներ շարունակ համակարգում գտնվող մարդկանց համար անցումը բարդ է։
«Այն ընտանիքները, որոնք տարիներ շարունակ ապրել են նպաստի հաշվին, հաճախ կարիք ունեն ոչ միայն ֆինանսական, այլեւ սոցիալ-հոգեբանական աջակցության՝ սովորելու, որ կարող են ու պետք է աշխատեն, կարող են դուրս գալ համակարգից, ոչ թե կախված մնան նրանից։ Սա արդեն դեպքի վարում եւ երկարաժամկետ սոցիալական աշխատանք պահանջող գործընթաց է»,- նշում է Արմենուհի Հովակիմյանը։
Գործնականում այս խնդիրներին ամեն օր բախվում են Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) աշխատակիցները։ ՄՍԾ Սիսիանի տարածքային կենտրոնի տնօրեն Արուս Պողոսյանը փաստում է, որ իրենք ակտիվորեն աշխատում են գործատուների հետ․
Արուս Պողոսյանը Լուսանկարը` Մեդիամաքս
«Մենք մշտապես ուսումնասիրում ենք թափուր աշխատատեղերը եւ քաղաքացիներին առաջարկում նրանց համապատասխանող տարբերակներ, սակայն երբեմն բարդությունների ենք բախվում։ Քաղաքացիները հաճախ դժկամությամբ են մոտենում աշխատելու հեռանկարին։ Լինում են դեպքեր, երբ անգամ մոտակա գյուղերի բնակիչները տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են գալ քաղաք եւ աշխատել»,- պատմում է նա։
Այդուհանդերձ, օբյեկտիվ խնդիրները եւս քիչ չեն. գյուղական բնակավայրերում աշխատատեղերի բացակայությունը, գյուղից քաղաք կանոնավոր գործող հանրային տրանսպորտի բայցակայությունը եւ մի շարք այլ հանգամանքներ:
Սիսիանի Գորհայք գյուղից Գայանե Գրիգորյանը, ով միայնակ է մեծացնում երկու երեխաներին, նոր համակարգից շատ գոհ է. նպաստի չափը նոր համակարգի շնորհիվ գրեթե եռակի ավելացել է։ Մասնագիտությամբ բուժքույր Գայանեն զբաղվում է նաեւ գյուղատնտեսությամբ, սակայն մասնագիտական աշխատանք գտնել չի կարողանում։
«Նոր համակարգն էական ազդեցություն է թողնում մեր ընտանիքի սոցիալական վիճակի վրա, բայց ամենակարեւորը՝ այն մեզ ազատել է նախկին քաշքշուկից։ Հիմա ամեն ինչ հիմնականում առցանց է. համակարգն ինքնաշխատ տեսնում է տվյալները, եւ թղթերի կարիք այլեւս չկա։ Նպաստին դիմելուն զուգահեռ գրանցվել եմ նաեւ որպես աշխատանք փնտրող։ Մասնագիտությամբ բուժքույր եմ, բայց Գորհայքում միայն դպրոցում կա հաստիք, որն արդեն զբաղված է։ Երեխաներս էլ փոքր են, չեմ կարող նրանց ամեն օր միայնակ թողնել ու հասնել Սիսիան։ Եթե գյուղում աշխատանք լիներ, մեծ հաճույքով կաշխատեի, ոչ թե կսպասեի միայն նպաստին»,- ասում է Գայանեն։
Արագ սպասարկում եւ նոր հնարավորություններ․ թվայնացումը՝ գործնականում
Տեխնիկական եւ օրենսդրական աջակցությունից զատ, ծրագրի առանցքային բաղադրիչներից է մարդկային կապիտալի հզորացումը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ ուշադրություն է դարձնում կարողությունների զարգացմանը՝ աջակցելով սոցիալական աշխատողների շարունակական վերապատրաստմանը։
Այս պատրաստվածությունը փաստում է նաեւ ՄՍԾ Սիսիանի տարածքային կենտրոնի տնօրեն Արուս Պողոսյանը։ Նրա խոսքով՝ ցանկացած փոփոխությունից առաջ անձնակազմը մասնակցում է վերապատրաստումների, ինչի շնորհիվ տարածքային կենտրոնները լիովին պատրաստ էին անցում կատարելու նոր համակարգին։
Չնայած համակարգը դեռեւս պիլոտային փուլում է, «առաջնագծում» աշխատող մասնագետներն արդեն տեսնում են փոփոխությունը։
«Քաղաքացիների շրջանում էլեկտրոնային համակարգերից օգտվելու հմտությունների պակաս կա, այդ իսկ պատճառով մենք ոչ ոքի մենակ չենք թողնում։ Մեր կենտրոններում օգնում ենք բացել օգտահաշիվ, լրացնել դիմումները, ցույց տալ հետագա քայլերը։ Մարդիկ նույնիսկ գոհունակություն են հայտնում, որ նրանց աջակցում ենք առցանց համակարգից օգտվելու ողջ ընթացքում»,- ասում է Արուս Պողոսյանը։
Ռեֆորմի իրական ազդեցությունը լավագույնս երեւում է շահառուների պատմություններում։ Հարթաշեն գյուղի բնակիչ, երեք երեխաների մայր Աննա Սարգսյանը խոսում է ոչ միայն ֆինանսական աջակցության շոշափելի աճի, այլեւ սպասարկման որակի մասին։
«Նախկինում ստանում էի 36 500 դրամ։ Երեք երեխա ունեմ, ու հիմա նոր ծրագրով ստացել եմ 114 000 դրամ։ Գումարը էապես ավելացել է, ինչի շնորհիվ կարողացել եմ փոքր աղջկաս տանել Երեւան՝ աչքերի բուժման։
Բացի այդ, այժմ գործընթացն ավելի արագ է լինում։ Ճիշտ է, համակարգը սկզբում անծանոթ էր, բայց աշխատակազմի պատրաստակամության եւ օգնության շնորհիվ ես ծանոթացա դրան, հասկացա՝ ինչպես է աշխատում։ Անհրաժեշտության դեպքում մյուս անգամ ինքս ինքնուրույն կանցնեմ դիմելու գործընթացը»,- պատմում է Աննան։
Թվայնացման բարդությունները. ինչո՞ւ են դեռ թղթեր պետք
Թեեւ նպատակը թվայնացումն է, անցումը հարթ չէ, եւ համակարգը ներկայումս գտնվում է շտկումների փուլում։ Արտակ Հարությունյանը նշում է, որ հիմնական խնդիրը պետական տարբեր գերատեսչությունների տվյալների բազաների (շտեմարանների) ինտեգրումն է։
Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ
«Կան տեխնիկական դժվարություններ՝ տարբեր շտեմարաններից տեղեկատվությունը լիարժեք եւ ավտոմատ ստանալու հարցում։ Դրա հետեւանքով որոշ փաստաթղթեր դեռեւս կցվում են ձեռքով։ Սակայն մեր նպատակն է հասնել այն մակարդակին, որ համակարգը ստանա բոլոր անհրաժեշտ տվյալներն ինքնաշխատ եղանակով»,- պարզաբանում է Արտակ Հարությունյանը։
Պիլոտային ծրագրի ավարտից, անհրաժեշտ շտկումներից եւ տեխնիկական խնդիրների լուծումից հետո նոր համակարգը կներդրվի եւ կտարածվի Հայաստանի բոլոր մարզերում։
Նոր համակարգը դեռ կատարելագործման փուլում է, բայց ուղղությունը հստակ է՝ դեպի ավելի հասցեական եւ զարգացմանը միտված սոցիալական պաշտպանություն։
Ինչպես եզրափակում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը. «Սոցպաշտպանության համակարգը բարդ համակարգ է։ Խնդիրներից ազատվելու միակ ճանապարհը ինչ-որ պահի սկսելն էր, եւ կարծում եմ՝ ճիշտ էր, որ այդ «մի օրը» եկավ հիմա»։
Անահիտ Բաղդասարյան














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: