Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Դիմակայուն Սյունիք ԹԻՄ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում այցելել էր Սյունիքի մարզ՝ Հայաստանում Չեխիայի, Գերմանիայի, Լատվիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի դեսպանների, Ֆրանսիայի և Նիդերլանդների առաքելությունների ղեկավարների տեղակալների, ինչպես նաև եվրոպական զարգացման գործակալությունների ղեկավարների և ԶԼՄ ներկայացուցիչների ուղեկցությամբ։
Այցի նպատակն էր ընդգծել, թե ինչպես են ԵՄ-ն, ԵՄ անդամ պետությունները և գործընկերներ կառույցները միասին աշխատում` նպաստելու Սյունիքի մարզի ներառական ու կայուն առաջընթացին։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Բալաք գյուղ. կայուն գյուղատնտեսության նոր մոդել
Առավոտյան պատվիրակությունը մեկնել էր Սիսիանի Բալաք գյուղ, որտեղ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «ECOserve» ծրագրի շրջանակում ստեղծվել է «Բալաքի սերմարտադրողների և արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվը։ Այն oժանդակություն է ստանալու նաև Շվեյցարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» ծրագրի շրջանակներում։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Կերարտադրության ցուցադրական գյուղում զբաղվում են բնական խոտհարքերի բարելավմամբ, չօգտագործվող վարելահողերի վերաօգտագործմամբ և կայուն արոտօգտագործմամբ։ Այս նախաձեռնությունը օգնում է գյուղացիներին ստանալ լրացուցիչ եկամուտներ՝ միաժամանակ նվազեցնելով բնապահպանական ռիսկերը։ 2025 թվականին կոոպերատիվը մշակել է 113 հա վարելահող։ Բալաքի օրինակն այն համոզիչ ապացույցներից է, թե ինչպես կարող են միջազգային գործընկերների աջակցությամբ ձևավորվել գյուղատնտեսության նոր մշակույթներ՝ համատեղելով ավանդական փորձը և ժամանակակից մոտեցումները։
Սիսիանի ագրարային քոլեջ. գիտելիք, որ դառնում է հմտություն
Այցի հաջորդ կանգառը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի տարածաշրջանային քոլեջն էր՝ գյուղատնտեսական կրթության կենտրոններից մեկը։ Այստեղ իրականացվում է դուալ ուսուցման մոդել՝ համատեղելով տեսական կրթությունն ու գործնական փորձառությունը։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Քոլեջը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով՝ Շվեյցարիայի, Գերմանիայի և Ավստրիայի ֆինանսական աջակցությամբ։ Ուսանողները պրակտիկան անցնում են տեղական ֆերմաներում ու վերամշակման ձեռնարկություններում՝ ձեռք բերելով շուկայում պահանջված հմտություններ։
Այցին մասնակցող՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը նշել է, որ «մասնագիտական կրթությունը պետք է լինի ոչ թե միայն դասասենյակային, այլև իրական կյանքի փորձառությամբ հագեցած։ Սյունիքի երիտասարդները պետք է դառնան իրենց համայնքների զարգացման շարժիչ ուժը»։
«Սիսիանում իրականացվող ծրագրերը վառ օրինակ են, թե ինչպես է Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակներում Շվեյցարիան իր փորձը ներդնում մասնագիտական կրթության և գյուղատնտեսության ոլորտներում։ Մենք հարուստ փորձ ունենք կիրառական կրթության մոդելներում, որտեղ ուսանողները ոչ միայն ստանում են տեսական գիտելիքներ, այլև ձեռք են բերում գործնական հմտություններ՝ աշխատելով իրական պայմաններում։ Այդ ձևաչափը թույլ է տալիս նրանց ավելի արագ ինտեգրվել աշխատաշուկայում և ծառայել համայնքների զարգացմանը։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Մենք շարունակելու ենք համագործակցել միջազգային գործընկերների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների և մասնավոր հատվածի հետ, որպեսզի նման ծրագրերը դառնան քաղաքական բարեփոխումների և երկարաժամկետ զարգացման հիմք։ Շվեյցարիան կմնա հավատարիմ իր հանձնառությանը՝ լինել հայ ժողովրդի կողքին՝ համատեղ ջանքերով ստեղծելով ավելի ներառական և կայուն ապագա»,- հավելել է դեսպանը։
Գորիս. արժանապատիվ ծերություն և համերաշխության կենտրոն
Գորիսում տեղի է ունեցել «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված Ավագ սերնդի ակտիվ կենտրոնի բացումը, որը հիմնվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Գերմանիայի դեսպանության, Գորիսի համայնքապետարանի, ինչպես նաև մի շարք միջազգային և տեղական գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ Ամարյան բարեգործական հիմնադրամի, ֆրանսիական Secours populaire-ի, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR ) և ACTED կազմակերպության աջակցությամբ ։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի խոսքով՝ այն պետք է լինի ցերեկային ժամանցի և հոգածության կենտրոն, որտեղ տարեցները պետք է միմյանց հետ փորձ փոխանակեն, ժամանակ անցկացնեն, օգտվեն տարբեր տեսակի ծառայություններից։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
«Կենտրոնը ստեղծվել է՝ ապահովելու թե տեղացի, թե տեղահանված տարեցների արժանապատիվ ծերությունը։ Այստեղ նրանք կարող են մասնակցել ձեռարվեստի և խոհարարական ակումբների, ժամանցային միջոցառումների, ստանալ տարբեր ծառայություններ։ Սա պարզապես տարածք չէ, այլ մեր սիրո երաշխիքը»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը բացման արարողության իր ելույթում կարևորել է, որ կենտրոնը ձևավորվել է համագործակցության արդյունքում. «Շատ հաճելի է լինել այստեղ՝ տեսնելու, թե ինչպես է իրականացել մարդկանց փոքր, բայց շատ մարդկային երազանքը։ Եվրոպական միությունը միշտ եղել է և կմնա Հայաստանի հուսալի գործընկերը՝ խաղաղության և առաջընթացի ճանապարհին։ Սյունիքում մեր նախաձեռնությունները վկայում են Եվրոպայի ժողովրդի համերաշխության և Հայաստանի նկատմամբ վստահության մասին»։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն իր խոսքում նշել է. «Շատ կարևոր է լինել այստեղ և տեսնել, թե ինչպես են մեր ծրագրերը իրական փոփոխություններ բերում մարդկանց կյանքում։ Մենք աջակցում ենք ծրագրերի, որոնք ուղղված են մարդկանց արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Գորիսի այս կենտրոնը շատ մոտ է իմ սրտին։ Ցանկանում եմ, որ այն դառնա մի վայր, որտեղ մարդիկ կհանդիպեն, կզարգացնեն իրենց կարողություններն ու գաղափարները, կզբաղվեն ձեռքի աշխատանքով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կկարողանան լուծումներ գտնել առողջապահական հարցերի համար։
Սա օրինակ է, թե ինչպես են ԵՄ-ն, Գերմանիան և մեր հայ գործընկերները միասին ստեղծում միջավայր, որտեղ տարեցները կարող են զգալ ուշադրություն ու խնամք»։
Ֆրանսիայի պատվո հյուպատոսարան. Եվրոպայի նոր հասցեն Գորիսում
Այցի հաջորդ կետը Գորիսում 2025թ. հունիսին բացված Ֆրանսիայի պատվո հյուպատոսարանն էր։ Պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը ներկայացրել է կառույցի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն դառնալու է Ֆրանսիայի և Սյունիքի միջև համագործակցության կամուրջ։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան Ժուլի Ֆորտը հանդիպման ընթացքում նշել է , որ պատվո հյուպատոսարանի բացումն առանձնակի նշանակություն ունի.
«Գորիսում պատվո հյուպատոսություն բացելը մեր աջակցության կարևոր խորհրդանիշն է ոչ միայն այսօրվա իրադարձությունների համատեքստում, այլև պատմական պատճառներով։ Գորիսի հետ մենք ունենք առանձնահատուկ պատմական կապեր և կարելի է ասել, որ Գորիսը շատ «ֆրանսիական» քաղաք է։ Տասնամյակներ շարունակ, դեռ խորհրդային տարիներից այստեղի աշակերտներն ու ուսանողները ֆրանսերեն են սովորել, և այդ ավանդույթը պահպանվել է մինչ այսօր»,- նշել է փոխդեսպանը։
Վերականգնողական կենտրոն և սոցիալական ներառման ծառայություններ
Գորիսում դեսպաններն այցելել էին նաև «Սանտե Արմենի» ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոն, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ 2021-ին բացված կենտրոնը մինչ օրս բուժել է ավելի քան 460 հիվանդի՝ տրամադրելով անվճար նեյրո-օրթոպեդիկ և հոգեբանական ծառայություններ։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Գորիս, Տեղ, Տաթև խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից բուժառուները
կենտրոն են այցելում առաջին հարմարեցված սոցիալական տաքսի ծառայության միջոցով։ «Տարիներ շարունակ տեղաշարժվելը ինձ համար խնդիր էր։ Տաքսու վարորդների մեծամասնությունը հրաժարվում էր ինձ տնից տեղափոխել մեկ այլ տեղ.սոցիալական տաքսու շնորհիվ վերջին մեկ տարում դա այլևս խնդիր չէ։ Ամենակարևորն առանց անհանգստանալու, ժամանակին հասնում եմ վերականգնողական կենտրոն ու ստանում ինձ անհրաժեշտ ծառայությունները»,- նշում է Քրիստինե Խաչունցը։
Սոցիալական տաքսին գործում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ «Գործընկերություն հանուն Սյունիքի» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը, «Հայկական Կարիտասը» և «Վիննեթ Գորիս» հիմնադրամը։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ նախագահ Վարդուհի Դադունցը նշել է, որ ծրագիրը դարձել է Սյունիքում սոցիալական ծառայությունների համակարգի զարգացման հիմնաքարը.
«Ծրագրի շրջանակում աշխատել ենք 20 հասարակական կազմակերպությունների հետ և տրամադրել առնվազն 730 հազար եվրոյի դրամաշնորհ՝ սոցիալական ծառայությունների մատուցման համար։ Մարզում այժմ գործում է վեց նոր տեսակի սոցիալական ծառայություն, որոնցից հինգն արդեն անցել է հավաստագրման գործընթաց։ Դրանք ներառում են սոցիալական տաքսի, երեխաների և տարեցների տնային խնամք, ժամանակավոր կացարանների տրամադրում, նախկին դատապարտյալների ինտեգրում, ինչպես նաև տարածքների բարեկարգում հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս ծառայությունները Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակներում Եվրամիության ֆինանսական աջակցությամբ փորձարկվել են հենց Սյունիքում և այսօր արդեն կայուն հիմքերի վրա են՝ շարունակվելու առաջիկա տարիներին»,- իր խոսքում ասաց Վարդուհի Դադունցը։ Նրա խոսքով՝ ծրագրի ամենակարևոր արդյունքը համայնքային մակարդակով կարողությունների ձևավորումն է, ինչի շնորհիվ տեղական կառույցները կարող են շարունակել ծառայությունները նաև ծրագրի ավարտից հետո։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Գորիսի ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոնի համակարգող Շուշան Միրումյանը հանդիպման ընթացքում կարևորել է սոցիալական տաքսու առկայությունը համայնքում. «Սոցիալական տաքսին մեր բուժառուների համար պարզապես տրանսպորտ չէ. այն հավասարության և ներառման խորհրդանիշ է։ Մարդիկ հասկանում են, որ իրենք մենակ չեն»,- նշել է նա։
Համայնքային ենթակառուցվածքներ և նոր հնարավորություններ
Այցի երկրորդ օրը պատվիրակությունն այցելել էր Տաթև համայնքի Շինուհայր գյուղ, որտեղ ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) շրջանակում վերականգնել է համայնքի ոռոգման համակարգը։ Նոր համակարգի շնորհիվ այժմ ջուր է մատակարարվում ավելի քան 3000 բնակչի և շուրջ 50 հեկտար գյուղատնտեսական հողատարածքի, ինչը խթանելու է գյուղատնտեսության զարգացումը և ամրապնդելու համայնքի ֆերմերների պարենային անվտանգությունը։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Ոռոգման նոր համակարգի կառուցումը Սյունիքի խոշորացված համայնքներում իրականացվող 19 փոքր ենթակառուցվածքային ծրագրերից մեկն է, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը և բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը։
Նույն օրը պատվիրակությունը այցելեք էր նաև Կապան, որտեղ ԵՄ-ի «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) նախաձեռնության շրջանակում՝ տևական աշխատանք է կատարվել Կապանի համայնքապետարանի հետ ՝ նպատակ ունենալով բազմազանեցնել համայնքային տնտեսությունը և բարձրացնել համայնքի բարեկեցության մակարդակը։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Այս տեսլականին հասնելու նպատակով Կապանի համայնքապետարանը կիրառել է «պորտֆելային» մոտեցում. քաղաքում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը վերազինվել է՝ հագեցվելով փայտագործության, ասեղնագործության և գորգագործության արհեստանոցներով, օգնելու երիտասարդներին ձեռք բերել նոր հմտություններ և խթանելու ստեղծարար ոլորտների զարգացումը՝ որպես հնարավոր ձեռնարկատիրական գործունեության աղբյուր։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Դեսպանները այցելել են նաև ԵՄ-ի ֆինանսավորմամբ ստեղծված սոցիալական ձեռնարկություն՝ տպագրատուն, որը նույնպես գործում է «Գործընկերություն հանուն Սյունիքի» ծրագրի շրջանակում՝ որպես սոցիալական ծառայության նոր տեսակ։ Այն նպաստում է խոցելի խմբերի, հատկապես նախկին դատապարտյալների, զբաղվածության և համայնքային վերաինտեգրման հնարավորություններին։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Ամփոփելով այցը՝ Կապանում դեսպանները հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ քննարկելու «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության ընթացիկ և ապագա համագործակցությունը։ Քննարկման առանցքում մարզային զարգացման առաջնահերթություններն էին, համայնքներին ուղղված աջակցությունը և ԵՄ-ի, ԵՄ անդամ պետությունների, Շվեյցարիայի ներդրումային ծրագրերի շարունակականությունը։
ԵՄ-ն՝ Հայաստանի հուսալի գործընկերը
Խոսելով «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության մասին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է. «Մենք այստեղ չենք եկել պարզապես օգնություն ցուցաբերելու համար։ Մենք այստեղ ենք՝ ուս ուսի տված ձեր կողքին կանգնելու՝ հանուն ավելի անկախ և ինքնիշխան Հայաստանի։ Թիմ Եվրոպան պատրաստ է օգտագործել իր բոլոր գործիքները՝ աջակցելու Սյունիքի համայնքներին։ Մենք հավատում ենք, որ խաղաղությունն ու զարգացումը պետք է ընթանան միասին, և այս մարզը դրա լավագույն օրինակներից մեկն է»։
Լուսանկարը` ԵՄ Պատվիրակություն
Նրա խոսքով՝ «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ավելի քան 200 միլիոն եվրոյի ներդրում։ «Մենք ցանկանում ենք, որ այս տարածաշրջանի բնակիչները զարգացնեն իրենց հմտությունները, դառնան ավելի մրցունակ և դիմակայուն»,- ասել է ԵՄ դեսպանն իր խոսքում։
Երկօրյա այցը ոչ միայն ծրագրերի դիտարկում էր, այլև վստահության նոր հաստատում՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև։ Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը Սյունիքում դարձել է կենդանի օրինակ, թե ինչպես է հնարավոր միավորել ռեսուրսները, փորձն ու արժեքները՝ հանուն մարդկանց, համայնքների և տարածաշրջանի խաղաղ ապագայի։
Անահիտ Բաղդասարյան
Լուսանկարները՝ Մեդիամաքսի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: