Եվրոպական միության աջակցությամբ Կապանում 2025 թվականի մարտին բացված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը դարձել է նոր հարթակ՝ հարավային Հայաստանի պատանիների համար։ Կենտրոնը ոչ միայն տեխնոլոգիական և ստեղծագործական կրթության նոր հնարավորություն է ստեղծում Սյունիքի մարզում, այլև յուրօրինակ կամուրջ է՝ նպաստելու տարածաշրջանի զարգացմանն ու համայնքային ինտեգրմանը։
Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի քաղաքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի բարերարներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի, Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի եւ Շվեյցարիայի համատեղ ջանքերով։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Լուսանկարը` Թումո
ԵՄ-ի աջակցությամբ այս նախաձեռնությունը ոչ միայն լուծում է տեղում տեխնոլոգիական ու ստեղծարար կրթության հասանելիության խնդիրները, այլև խթանում է մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։ Գործնականում այս կենտրոնը մաս է կազմում ԵՄ-ի ավելի լայնածավալ ծրագրերի, որոնք ուղղված են սահմանամերձ համայնքներում երիտասարդների հզորացմանը և տարածաշրջանային զարգացման խթանմանը։
Թումո Կապանը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է որպես նորարարական հանգույց։ Կենտրոնը, Մեղրիի, Քաջարանի և Գորիսի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, անվճար կրթություն է տրամադրում մարզի պատանիներին։ Այս տարածքային ընդգրկվածությունն առավել կարևոր է՝ հաշվի առնելով մարզերում կրթական ռեսուրսների անհավասար բաշխվածությունը։
Կենտրոնը մտածելակերպ է փոխում
Թումոյի առաքելությունն է ստեղծել կյանքեր վերափոխող ուսումնական փորձառություններ՝ լայն մասշտաբով: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելն առաջարկում է տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտների ուսումնառություն՝ համատեղելով ինքնուսուցումը գործնական դասընթացների և աշխատարանների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանում Թումոն նպատակ ունի նորարարական կրթությամբ ապահովելու բոլոր պատանիներին՝ անկախ նրանց բնակության վայրից։ Թումո կենտրոնների և տուփերի կրթական ցանցի միջոցով ծրագիրը հասանելի է դառնում նույնիսկ ամենահեռավոր և փոքր համայնքներում։ Թումո տուփերը մինի-կենտրոններ են, որտեղ ուսանողներն անցնում են ինքնուսուցման վարժանքները, իսկ ոլորտի տեղացի և միջազգային մասնագետների հետ գործնական դասընթացների և աշխատարանների համար, նրանք հատուկ տրանսպորտով մեկնում են Թումո հանգույց-կենտրոններ։
ԵՄ-ի աջակցությունը՝ ներդրում պատանիների ապագայի մեջ
Եվրոպական միության աջակցությունն այս նախագծին ոչ միայն ֆինանսական է, այլև արժեքային. այն կրում է կրթության հասանելիության, մարդու ներուժի զարգացման և համայնքային կայունության գաղափարը։ Այս համատեղ ծրագիրը միաժամանակ ամրապնդում է նաև ԵՄ-Հայաստան գործընկերությունը՝ հատկապես մարզերում:
Թումո Կապանը օրինակ է, թե ինչպես կարելի է բարձր տեխնոլոգիաները և կրթական նորարարությունը հասցնել Հայաստանի ամենահեռավոր շրջաններ՝ ստեղծելով իրական փոփոխություն մարդկանց կյանքում։
Հենց այս մասին զրուցել ենք ուսանողների և մարզիչների, ինչպես նաև կենտրոնի ղեկավարի հետ: Թումոցիները պատմում են, որ երբ լսեցին Կապանում կենտրոնի բացման մասին, պատկերացնում էին, որ ունենալու են ժամանակակից, մայրաքաղաքայինին համահունչ կահավորմամբ և պայմաններով կենտրոն, և ոգևորված արդեն իսկ խորհուրդներ էին տալիս նաև ընկերներին` միանալու և թումոցի դառնալու:

Լուսանկարը` Մեդիամաքս
17 տարեկան Սյունե Ջհանգիրյանը առաջին անգամ Թումո Կապանի մասին տեղեկացել է սոցցանցերից։ Երբ 2022 թվականին Կապանում բացվեց առաջին Թումո տուփը, (Թումո տուփը մինի Թումո է, որտեղ ուսանողներն անցնում են ինքնուսուցման վարժանքներ, իսկ դասընթացների ու աշխատարանների համար Թումոյի տրամադրած անվճար տրանսպորտով տեղափոխվում են մոտակա կենտրոն): Նա առաջին գրանցվողներից էր: «Հստակ նպատակ ունեի` դառնալ դիզայներ, և քանի որ Թումոյի կրթական ոլորտների մեկը գրաֆիկական դիզայնն է, առանց վարանելու դարձա թումոյական»,- պատմում է նա: Զարդակիրառական արվեստ և կավագործություն՝ սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնցով Սյունեն զբաղվում է ոգևորությամբ:
Վստահ է, որ հենց Թումոյի ընձեռնած հնարավորությունների շնորհիվ կկարողանա իր նպատակներն իրագործել: Այստեղ օգնության է գալիս նաև ազատ շփումը հասակակիցների, դասընթացավարների հետ, որ ժամանում են մայրաքաղաքից։
Բազմաթիվ դասընթացներից և աշխատարաններից Սյունեն ընդգծում է «Կապանի հիշողություններ» թեմայով աշխատարանի մասին, որը մյուսներից առավել շատ է տպավորել: Այն Կապանի մասին պատմող նկարների և լուսանկարների միքս էր, որի հիմքը անձնական հետաքրքրաշարժ պատմություններն էին, ոչ թե լսված և շատ քննարկված թեմաները:
«Հարկավոր էր ընտրել քաղաքի թաղամասերից մեկը, նոր պատմություններ պեղել այդ մասին և պատկերազարդել: Ընտրեցի Կապանի Կայարան կոչվող թաղամասը, որտեղ այժմ տեղակայված է Թումո կենտրոնը: Տատիկիցս հարցի` ինչպիսի՞ն էր Կապանի կայարանը ձեր ժամանակ, ի՞նչ կհիշես,- ասում է Սյունեն,- պատասխանեց, որ վայրը կոլորիտային կենցաղային է եղել ոչ միայն ժամանման և մեկնման համար, այստեղ գյուղատնտեսական բազում բարիքներ էին վաճառում, և հենց կայարանում ամենահամեղ լիմոնադը կար»: Սյունեն ամենը պատկերել է իր երևակայությամբ, ստացել հետաքրքիր, հին կոլորիտը բնութագրող տեսարան:
«Եվ այդպես, մեր պեղած տեղեկությունների հիման վրա մի ամբողջական գիրք ստացանք: Դա օգնեց բավական նոր ինֆորմացիա յուրացնել մեր հարազատ քաղաքի մասին, որը հասանելի չէ համացանցային հարթակում»,- ամփոփում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա հասակակից Արինե Իսրաելյանը պատմում է, որ մինչ Թումոյի բացվելը մայրը հաճախ էր կրկնում՝ եթե Երևանում ապրեինք` անպայման Թումո կհաճախեիր: «Դա դեռ տարիներ առաջ էր, երբ չէինք պատկերացնում` Թումոն հասանելի կլինի նաև Կապանում»,- նշում է Արինեն: «Ինձ առհասարակ ծրագրավորումն է հետաքրքրում, առավել շատ` կիբեռանվտանգության ոլորտը: Անմիջապես գրանցվեցի, երբ իմացանք հնարավորության մասին, և կենտրոնի բացվելուց մեկ ամիս անց ես արդեն թումոցի էի: Իմ սիրելի զբաղմունքներից է լուսանկարչությունը, նաև սիրում եմ նոթեր գրել»։
Արինեն ծրագրավորմամբ վաղուց է հետաքրքրված, հասցրել է հասկանալ հիմնական նրբությունները. «Սկզբում, երբ Թումոն Կապանում ընդամենը մեկ տուփ ուներ, ես այնտեղ հաճախում էի, բայց չեմ կարող ասել, որ ոգևորությունս մեծ էր: Հիմնականում ինքնուսուցմամբ էինք զբաղվում, դասերն առցանց էին: Նոր տուփերի և հիմնական կենտրոնի բացման հետ ամեն ինչ փոխվել է, մեր ոգևորությունը մեծացել է և հիմա Թումոն իմ կյանքի անբաժանելի մասն է»,- պատմում է նա: «Չլիներ Թումոն, երևի այնքան էլ հետաքրքիր չէին անցնի մեր օրերը, այն մասնագիտական կողմնորոշման առումով մեր հասակակիցների կյանքում շատ բան է փոխում: Թումոյում ծանոթացել եմ տվյալագիտությանը և երկու անգամ մասնակցել կլիմայական փոփոխությունների վերաբերյալ տվյալագիտության աշխատարաններին, որը վարում էր ԱՄՆ-ից ժամանած մասնագետ»:
Արինեն ընդգծում է՝ Թումոյի շնորհիվ վերջին տարիներին ավելի անկաշկանդ և ազատ է շփվում հասակակիցների հետ, այստեղ է սովորել բազմակողմանի քննարկել երևույթները և բացատրություններ գտնել, զարգացնել վերլուծական մտածելակերպը:
«Թումոն ինձ լավ ընկերներ է տվել, նոր շրջապատ ու բազում հետաքրքրություններ, որոնց մասին չէի մտածում անգամ: Այն մեզ համար մի մեծ ընտանիք է` միավորված ու համերաշխ անդամներով»,- ավելացնում է նա: «Թումոցիներին քաղաքում լավ են ճանաչում, մեզ հաճախ կարելի է տեսնել քաղաքի փողոցներում լուսանկարչական սարքերով` հանձնարարական կատարելիս, կամ, եթե հանդիպում եք ակտիվ երիտասարդների` մեկ գաղափարի շուրջ միավորված` հաստատ Թումոյից են...»։
Բարձրորակ կրթության հնարավորություն
Թումո Կապանի ղեկավար Անուշ Մեժլումյանը նշում է, որ կենտրոնի բացումից ի վեր պատանիների ակտիվությունը բարձր է, նրանք մեծ ոգևորությամբ են մասնակցում ինքնուսուցման վարժանքներին, դասընթացներին ու աշխատարաններին, և արդեն նկատելի է որոշակի աճ՝ ինչպես ինքնավստահության, այնպես էլ ստեղծագործական հմտությունների առումով:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Թումոն ապահովում է բարձրորակ կրթության հնարավորություն՝ հասնելով, անգամ, մարզի ամենահեռավոր համայնքների պատանիներին և նպաստում է ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը»,- ասում է նա։
12-18 տարեկան պատանիների համար գրանցումը Թումոյում միշտ բաց է,, հաճախման առաջին ամիսը կողմնորոշիչ փուլ է, ընթացքում հնարավորություն է տրվում ուսանողին ընտրել տեխնոլոգիաների և դիզայնի 14 ոլորտներից չորսը ու սկսել կրթական ուղին:

Լուսանկարը` Թումո
Անուշ Մեժլումյանն ավելացնում է, որ թումոցիներին բնորոշ են հաջողությունները թե դպրոցում, թե մասնագիտական ընտրության և առհասարակ կայացման հարցում: Որպես կանոն, Թումոն Կապանի բնակչության կողմից ընկալվում էր որպես ծրագրավորման ուղղությունն ընտրած երեխաների ավելի խորը կողմնորոշման կենտրոն, այժմ պատկերացումները փոխվում են, ծնողներն էլ` զարմանում, որ, օրինակ, ծրագրավորմամբ հետաքրքրված պատանին կարող է բոլորովին այլ ոլորտով ևս տարվել, խորանալ, ուսումնասիրել, շփման և ինքնադրսևորման հմտություններ զարգացնել:
Թումո Կապանի կրթական տարածքը չի սահմանափակվի միայն մեկ շենքով։ Շինարարությունը շարունակվում է, և շուտով ուսանողների համար կգործարկվեն նախագծով նախատեսված նորակառույց մասնաշենքերը։ Մինչ այդ կրթական գործընթացը շարունակվում է շենքի հարևանությամբ գործող ժամանակավոր կենտրոն-տուփերում։
Թումոն նաեւ հատուկ միջավայր է
Կապանի Թումո լաբերում ծրագրի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը, իր հերթին, պատմում է, որ Թումո Կապանը հատուկ փորձառություն է ստեղծում ոչ միայն պատանիների, այլև ամբողջ համայնքի համար։ Այստեղ արդեն գործում է նաև Թումո լաբեր ծրագիրը, որը նույնպես իրականացվում է ԵՄ-ի հետ համագործակցությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս
18-ից բարձր անձանց համար ծրագրի շրջանակում առաջարկվում են գործնական նախագծեր տեխնոլոգիաների, գիտության և ճարտարագիտության ոլորտներում: Կապանում առաջին հերթին մեկնարկել է Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը, որի օգնությամբ ուսանողները կարող են 0-ից անվճար սովորել մեքենայական ուսուցում, Python կամ JavaScript ծրագրավորման լեզուները` առցանց գրանցվելով Թումո լաբերի կայքում՝ tumolabs.am: Ավելին, շենքում գործում են նաև միջոցառումների, համատեղ աշխատանքի և ուսուցման համար հարմարեցված տարածքներ։
Լիլիթ Իսրայելյան
Լուսանկարները՝ Ալեքսան Գրիգորյանի
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: