Սյունիքի մարզում գյուղատնտեսական կրթության զարգացման նոր ուղի է բացվել դուալ կրթության համակարգի ներդրմամբ։ Այս մոտեցումը, որը համատեղում է տեսական ուսուցումն ու գործնական աշխատանքը, հնարավորություն է տալիս ուսանողներին իրական փորձ ձեռք բերել իրենց մասնագիտության ոլորտում՝ միաժամանակ աշխատելով գործընկեր կազմակերպություններում։
Սյունիքում իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության մաս է, որն իրականացվում է Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի և Շվեյցարիայի համատեղ ջանքերով։ Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։
Մասնագիտական փորձ՝ դեռ ուսանողական տարիներից
ՄԱՎԵՏԱ ծրագիրը միավորում է կրթական հաստատություններին, գործատուներին և պետական կառույցներին՝ նպատակ ունենալով զարգացնել գյուղատնտեսական ոլորտում միջին մասնագիտական կրթությունը։ Ծրագրի շրջանակում ներդրվել է դուալ կրթության համակարգ, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն տեսական գիտելիքներ ստանալ, այլև իրական աշխատանքային փորձ ձեռք բերել՝ պայմանագրային հիմունքներով և վարձատրությամբ։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման համագործակցությունը (ADC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս պահին այն իրականացվում է վեց մասնագիտություններով, որոնցից հինգն արդեն ներդրված են։ Դրանք են՝ կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, անասնաբուժություն, ֆերմերային տնտեսության կառավարում, կաթնաֆերմերային տնտեսության կազմակերպում, գյուղատնտեսության մեքենայացում և այգեգործություն։
Սյունիքի մարզում ՄԱՎԵՏԱ-ն համարվում է նորարարական լուծում՝ գյուղատնտեսական ոլորտի խնդիրների համատեքստում։ Այստեղ ծրագրի շահառուներն են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը։ Դուալ համակարգով սովորող ուսանողների թիվը 352 է, որից 115-ը՝ 250 ուսանող ունեցող Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջից։ 75-ն աշխատում է տարածաշրջանի 25 գործատուի մոտ՝ պայմանագրային հիմունքներով։
Դուալ կրթության համակարգի ներդրումը վերափոխում է կրթության որակը՝ նպաստելով երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը և գյուղատնտեսական ոլորտի արդիականացմանը։ «ՄԱՎԵՏԱ ծրագիրն ուսանողին կապում է աշխատանքի իրական դաշտի հետ։ Նրանք ավարտում են արդեն որպես փորձ ունեցող մասնագետներ»,- նշում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ներկայացուցիչ, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։
«Շվեյցարիայում մենք ունենք մասնագիտական կրթության երկարատև ավանդույթ, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում, և ուրախ ենք կիսվել այս փորձով՝ մեր հայ գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով: MAVETA-ն չի վերաբերում որևէ ֆիքսված մոդելի կիրառմանը, այլ համատեղ աշխատանքին՝ տեղական մակարդակով համապատասխան լուծումներ գտնելու համար, որոնք կարող են աջակցել երիտասարդներին և ամրապնդել տարածաշրջանային զարգացումը»,- ասում է Ուրսուլա Լոյբլին՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ, Շվեյցարական համագործակցության Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի տեղակալը:
Դասերից՝ աշխատանքի. արդյունքներն արդեն տեսանելի են
ՄԱՎԵՏԱ-ն ոչ միայն կրթական ծրագիր է, այլև տնտեսական զարգացման գործիք։ Այն օգնում է հաղթահարել տարիներով ձգվող մի կարևոր խնդիր՝ աշխատաշուկայում միջին մասնագիտական կազմի լուրջ պակասը։ Անասնաբույժներ, կաթի տեխնոլոգներ, տրակտորիստներ․ այս և մի շարք այլ մասնագիտություններ այսօր մեծ պահանջարկ ունեն, բայց կրթական համակարգը դեռ բավարար մասնագետներ չի պատրաստում։ Դուալ կրթությունն այս բացը լրացնելու լավագույն ճանապարհներից է։
«Սյունիքի մարզում ունենք նաև խոշոր ֆերմերներ, որոնք ունեն որակյալ անասնաբույժների կարիք։ Հենց այս կարիքներից ելնելով է, որ երբ սկսեցինք համագործակցել Սյունիքի ուսումնական հաստատությունների հետ, ներդրեցինք նաև «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունը։ Դրա պահանջարկը բարձր է։ 2016 թվականին, երբ ոլորտը նոր էր զարգանում, գործատուներն անգամ պատրաստ էին Երևանից մասնագետներ հրավիրել ու բարձր աշխատավարձ վճարել՝ միայն թե ունենային որակյալ կադրեր։ Իսկ այսօր Սյունիքի գործատուների մոտ աշխատող երիտասարդների զգալի մասը հենց տեղի քոլեջների շրջանավարտներ են»,- ասում է ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավարը։
Դուալ կրթության հիմքում գործնական փորձն է։ Ուսանողներն աշխատում են գործատուի մոտ ուսումնական ծրագրի առնվազն 50-60%-ի չափով։ Բացի գիտելիքների ամրապնդումից սա թույլ է տալիս հենց ուսանողական տարիներից ունենալ առաջին աշխատանքային փորձը։
«Սկզբում սովորում էի տեսականը միայն լսարանում, հետո սկսեցի գործնականի ժամերին աշխատել գործարանում։ Տեսան՝ կարողանում եմ՝ ընդունեցին աշխատանքի։ Գործնական փորձը փոխեց իմ պատկերացումները»,- պատմում է Մարտունը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հիմա ուսանողը շաբաթը հինգ օր աշխատում է մեզ մոտ, գտնվում է մենթորի հսկողության ներքո, ստանում է աշխատավարձ։ Դա լուրջ պատասխանատվություն է թե՛ իր, թե՛ մեր կողմից։ Բայց այսօր մենք արդեն ունենք ուսանող, ով իրեն այլ տեղ չի պատկերացնում։ Սա ամենալավ ցուցանիշն է»,- նշում է «Էլոլա» ընկերության տնօրեն Հարություն Ծատրյանը։
Այս ընկերությունում աշխատում են տասնյակ աշխատակիցներ, որոնց մեծ մասը հենց Գորիսի գյուղատնտեսական քոլեջի շրջանավարտներ են։ Նա հավելում է, որ «աշխատաշուկայում որակյալ միջին մասնագետ գտնելը շատ դժվար է, մեծ մասը միջին և բարձր տարիքի է, հատկապես անասնաբույժների պարագայում՝ շատերն արդեն 60 տարեկանից բարձր են։ Եթե այսօր չկարողանանք ներգրավել երիտասարդներին՝ մոտիվացնելով և ճիշտ կրթական համակարգ առաջարկելով, ապագայում բախվելու ենք կադրային լուրջ ճգնաժամի։ Այդ դեպքում արդեն ստիպված կլինենք ծառայություններ ներմուծել այլ մարզերից կամ երկրներից, ինչը ժամանակատար է, թանկ և հաճախ արդյունավետ չէ»,- ասում է ընկերության տնօրենը։
Այս գործընթացը նաև օգնում է ուսանողներին բացի մասնագիտական գիտելիքներից հասկանալ նաև աշխատանքի իրական միջավայրը։ Նրանք մասնակցում են արտադրական գործընթացներին, հետևում հիգիենայի կանոններին, կատարում տարբեր պարտականություններ՝ ինչպես մյուս աշխատողները։
Գործատուների հետ գործընկերությունը՝ վստահության և պատասխանատվության նոր մակարդակ
Դուալ կրթության հաջողությունը մեծապես պայմանավորված է գործատուների ակտիվ մասնակցությամբ։ Սյունիքում այսօր կան ընկերություններ, որոնք ոչ միայն պատրաստ են ուսանողներին տրամադրել փորձի հարթակ, այլև ներդրումներ են անում նրանց ապագայի մեջ։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Գործատուն մեր գործընկերն է ոչ միայն ուսուցման, այլև կրթական միջավայրի ձևավորման գործընթացում։ Մենք նրանց հետ մշակում ենք ուսումնական պլանները, հստակեցում ենք պահանջվող հմտությունները։ Գործատուների հետ մշտական կապն ու երկխոսությունը թույլ են տալիս ապահովել ուսանողների իրական, արդի գիտելիքներով հագեցած կրթություն»,- ընդգծում է ՄԱՎԵՏԱ ծրագրի դուալ համակարգի պատասխանատու Հասմիկ Խաչունցը։
Այսօր ծրագրին միացել են խոշոր և միջին գյուղատնտեսական տնտեսություններ, վերամշակող ընկերություններ, անասնաբուժական կլինիկաներ ու գյուղմթերքի արտադրողներ։ Այս գործընկերությունը ոչ միայն ձևավորում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետ, այլև նպաստում է երիտասարդների տեղում մնալուն։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում աշխատանքի 58 տարվա փորձ ունեցող դասախոս, անասնաբուժության մասնագետ Արտավազդ Հայրապետյանի խոսքով՝ գիտելիքն ամրապնդվում է միայն գործնական կիրառմամբ։ «Օրինակ, երբ դասավանդում եմ կճղակների հիվանդությունները, ուսանողին միայն նկարով կամ գործիքներով ցույց տալը բավարար չէ։ Եթե նա գոնե մեկ անգամ գործիքն ինքն է վերցնում ու կճղակ մաքրում, այդ փորձը մնում է իր հիշողության մեջ։ Հենց սա է դուալ կրթության առավելությունը։ Ուսանողը գնում, տեղում աշխատում է՝ կենդանու հետ շփվում, գործիքները ձեռքով օգտագործում։ Ես տալիս եմ տեսական մասը, ցույց եմ տալիս գործիքները, բայց կենդանու վրա գործողություններ չենք կատարում այստեղ։ Դա հենց գործատուի մոտ է տեղի ունենում ու դա է դառնում ուսման ամենաարդյունավետ հատվածը»,- նշում է նա։
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Աննա Տոռոզյանի խոսքով, նկատելի է նաև դիմորդների թվի աճ, որը կապված է դուալ կրթության համակարգի ներդրման և պետական աջակցության՝ օրինակ, անասնաբուժություն, ֆերմերային տնտեսության կազմակերպում, գյուղատնտեսության մեքենայացում, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում մասնագիտությունները սովորող գյուղաբնակ ուսանողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հետ։ «ՄԱՎԵՏԱ-ն մեզ հնարավորություն է տալիս ուսումնական գործընթացը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր նպատակն է՝ համապատասխանեցնելով միջին մասնագիտական կրթությունը միջազգային ստանդարտներին, զարգացնել ժամանակակից գյուղատնտեսական կրթություն՝ տարածաշրջանի կարիքներին համահունչ»,- ասում է Աննա Տոռոզյանը։
Քոլեջների ինստիտուցիոնալ զարգացումը՝ ամուր հիմք ապագայի համար
Դուալ կրթության համակարգի արդյունավետությունը հնարավոր չէ պատկերացնել առանց կրթական հաստատությունների, մասնավորապես՝ քոլեջների հզորացման։ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը ծրագրի շրջանակում ստացել է լաբորատոր և տեխնիկական նոր սարքավորումներ՝ ապահովելով ուսումնական գործընթացի համապատասխանությունը ժամանակակից պահանջներին։
Ստեղծվել են միկրոկենսաբանական, կաթի վերամշակման և սառնարանային տեխնիկայով հագեցած լաբորատորիաներ։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ուսանողների շարժունակության հարցին՝ տրամադրվել է նոր միկրոավտոբուս, որով հնարավոր է ապահովել ուսանողների անվտանգ և հարմարավետ տեղափոխումը գյուղերից դեպի գործընկեր կազմակերպություններ։

Լուսանկարը` Մեդիամաքս
ՄԱՎԵՏԱ-ն իր համապարփակ մոտեցմամբ ընդգրկում է ոչ միայն ուսանողներին, այլև դասախոսներին ու քոլեջի ղեկավար կազմը։ Կազմակերպվում են պարբերական վերապատրաստումներ՝ թե մասնագիտական, թե հմտությունների մակարդակով։ Դասախոսները մասնակցել են դասընթացների անասնաբուժության, կաթի տեխնոլոգիայի, ֆերմերային տնտեսության կառավարման ուղղություններով։ Վերապատրաստումներն ընդգրկել են նաև կոնֆլիկտների կառավարում, խոցելի խմբերի հետ աշխատանք և ուսանողների մասնագիտական կողմնորոշում։ Այս տարվա գարնանը կազմակերպվել էր նաև փորձի փոխանակման այց Շվեյցարիա։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունում (GIZ) մենք փորձում ենք ինտեգրել միջազգային լավագույն փորձը Հայաստանի մասնագիտական և կրթական դաշտում, և MAVETA-ն հիանալի հնարավորություն է տալիս վերջինիս իրագործման համար։ Դուալ կրթական համակարգն օգնում է երիտասարդներին՝ ապահովելով նրանց թե՛ տեսական գիտելիքներով, թե՛ գործնական հմտություններով, որոնք անմիջապես կիրառելի են աշխատաշուկայում։ Դա ոչ միայն մեծացնում է նրանց աշխատանք գտնելու հնարավորությունը, այլև ուժեղացնում է տեղական գյուղատնտեսական համակարգերը՝ արձագանքելով իրական աշխատաշուկայի պահանջարկին», - նշում է GIZ-ում ծրագրի ղեկավար Սվենյա Վայրաուխը և ավելացնում, որ «այս ուղղությամբ կարևոր ձեռքբերումներից է GIZ-ի ներդրումը նոր՝ հիմնովին վերանայված ՄԿՈւ (մասնագիտական կրթության ու ուսուցման) օրենքի մշակման գործում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս նորարար օրենսդրությունը հիմք է դնում Հայաստանում ժամանակակից մասնագիտական կրթական համակարգի ձևավորմանը, որը խարսխված է աշխատանքի վրա հիմնված և դուալ ուսումնառության սկզբունքների վրա։ Այն նոր հնարավորություններ է բացում կրթության և մասնավոր հատվածի միջև ավելի սերտ համագործակցության համար՝ ապահովելով, որ մասնագիտական կրթությունը լինի և՛ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, և՛ ապագային միտված»։
Դուալ կրթության բազմաշերտ առավելությունները
Դուալ կրթական համակարգի պատասխանատու Հասմիկ Խաչունցն ընդգծում է, որ համակարգը կոտրում է այն կարծրատիպը, թե քոլեջի շրջանավարտը չունի փորձ։ Ուսանողներն ավարտելու պահին արդեն ունեն գործատուի հետ կնքված պայմանագիր, աշխատանքի փորձ և ստացած վարձատրություն։ Այսինքն՝ նրանք անմիջապես կարող են մտնել աշխատաշուկա՝ առանց հավելյալ փորձաշրջանի անհրաժեշտության։ Նա կարևորում է նաև ուսանողների անհատական մոտեցմամբ գործատուների հետ աշխատանքի կազմակերպումը։ «Փորձում ենք ընտրել այն գործատուին, որն ուսանողի բնակավայրին առավել մոտ է, բայց, միաժամանակ, ապահովում ենք շրջանառություն, որպեսզի ուսանողը տեսնի տարբեր աշխատատեղեր, տարբեր պրակտիկ միջավայրեր։ Այս մոտեցումը մեծացնում է նրանց փորձը և մասնագիտական ընդգրկվածությունը»,- շեշտում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծրագրի մեկ այլ կարևոր բաղադրիչ է ուսանողների սոցիալական աջակցությունը։ Գորիսի քոլեջում, օրինակ, ՄԱՎԵՏԱ-ի աջակցությամբ ուսման վարձի փոխհատուցում են ստացել նաև խոցելի խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներ։
«ՄԱՎԵՏԱ-ն պարզապես ծրագիր չէ․ դա կրթության, աշխատանքի ու համայնքի վերաիմաստավորումն է՝ հատկապես գյուղական բնակավայրերում։ Գյուղատնտեսական ոլորտում անելիք դեռ շատ կա։ Բայց եթե այսօր կան մարդիկ, ովքեր իրենց գործը տեսնում են հենց Սյունիքում, հենց իրենց գյուղում, հենց այս մասնագիտությամբ, ապա ծրագիրն իր գործն արդեն արել է»,- հավելում է ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։
Անահիտ Բաղդասարյան
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: