Թումո Կապան. նորարարական կրթական կենտրոն Սյունիքի համար - Mediamax.am

exclusive
801 դիտում

Թումո Կապան. նորարարական կրթական կենտրոն Սյունիքի համար


Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Արինե Իսրայելյանը
Արինե Իսրայելյանը

Լուսանկարը` TUMO

Շուշանիկ Ղազարյանը (ձախից)
Շուշանիկ Ղազարյանը (ձախից)

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO

Լուսանկարը` TUMO


Սյունիքի երիտասարդները նորարարության, տեխնոլոգիաների եւ ստեղծարարության նոր հարթակ ունեն. պաշտոնապես բացվել է Թումո Կապանի հիմնական  շենքը։

Կապանում  Թումո կենտրոնի հիմնումը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության, որն իրականացվում է Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի, Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի եւ Շվեյցարիայի համատեղ  ջանքերով։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Լուսանկարը` TUMO


Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, Ֆրանսիայի Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիյոն, պետական կառույցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։

Լուսանկարը` TUMO


Թումո Կապանի գործունեությունը Սյունիքի երիտասարդներին ընձեռում է այնպիսի հնարավորություններ, որոնք համապատասխանում են ուսումնառության համաշխարհային չափանիշներին՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին եւ տեղում իրենց ապագան կառուցելու հնարավորությանը։

ԵՄ-ի աջակցությունը Սյունիքի երիտասարդությանը

«Թումո Կապանը Եվրամիության՝ Հայաստանում նորարարությանը եւ մարզային զարգացմանն աջակցելու հանձնառության դրսեւորումն է։ Այն ԵՄ համագործակցության ընդարձակ ծրագրի կարեւոր մասն է, որն ուղղված է մարդկային կապիտալի զարգացմանը՝ միտված ներդրումներին, տեղական տնտեսությունների ամրապնդմանը, նորարար ու ձեռներեց երիտասարդների պատրաստմանը, ովքեր կձեւավորեն Հայաստանի ապագան։ Կենտրոնը ոչ միայն կօգնի երիտասարդներին ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են տեղում հաջողության հասնելու համար, այլեւ կնպաստի Սյունիքի մարզի կայուն տնտեսական զարգացմանը եւ դիմակայունության ամրապնդմանը»,- իր ողջույնի խոսքում ընդգծեց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Լուսանկարը` TUMO


Թումո Կապանը ստեղծվել է Կապանի համայնքապետարանի եւ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից՝ ԵՄ-ի «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման տարածաշրջանային նախաձեռնության» ներքո պիլոտային ծրագրերի իրականացման համար հատկացված համաֆինանսավորմամբ: Կենտրոնի կառուցման համար նվիրատվություն են կատարել նաեւ բարերարներ Ջուդիթ Սարյանը եւ Վիկտոր Զարուգյանը։ Կենտրոնի գաղափարն իրականություն դարձնելու համար, Սիմոնյան կրթական հիմնադրամը ձեռք է բերել Կապանի 1932 թվականին կառուցված երկաթուղային կայարանի շենքը, որը վերանորոգվել է՝ պահպանելով իր պատմական դիմագիծը, բայց՝ միաժամանակ վերածվելով նորարարական կրթական միջավայրի։

Լուսանկարը` TUMO


Թումո Կապանի կրթական տարածքը չի սահմանափակվի միայն մեկ շենքով։  Շինարարությունը շարունակվում է, եւ շուտով ուսանողների համար կգործարկվեն նախագծով նախատեսված նորակառույց մասնաշենքերը։ Մինչ այդ կրթական գործընթացը կշարունակվի նաեւ շենքի հարեւանությամբ գործող ժամանակավոր կենտրոն-տուփերում։

Լուսանկարը` TUMO


Թումո Կապանը հատուկ փորձառություն կստեղծի ոչ միայն պատանիների, այլեւ ամբողջ համայնքի համար։ Այստեղ կգործի նաեւ Թումո լաբեր ծրագիրը, որը նույնպես իրականացվում է ԵՄ-ի հետ համագործակցությամբ։ 18-ից բարձր անձանց համար ծրագրի շրջանակում առաջարկվում են գործնական նախագծեր տեխնոլոգիաների, գիտության եւ ճարտարագիտության ոլորտներում: Կապանում առաջին հերթին կմեկնարկի Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը, որի օգնությամբ ուսանողները կարող են 0-ից անվճար սովորել մեքենայական ուսուցում, Python կամ JavaScript ծրագրավորման լեզուները` առցանց գրանցվելով Թումո լաբերի կայքում՝ tumolabs.am-ում: Ավելին, շենքում կգործեն նաեւ միջոցառումների, համատեղ աշխատանքի եւ ուսուցման համար հարմարեցված տարածքներ։

Թումոյի կրթական ցանցը Սյունիքում

Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը կենտրոնի բացման ելույթում կիսվեց մարզի մյուս համայնքներում Թումոյի տուփեր տեղադրելու մասին լուրով։ «Սյունիքում Թումոյի կյանքեր վերափոխող կրթական ցանցի ստեղծումն սկսվեց 2021 թվականին՝ Կապանում առաջին տուփի տեղադրումով:

Լուսանկարը` TUMO


Հետագայում ցանցին միացան Մեղրիի ու Քաջարանի Թումո տուփերը, իսկ հիմա արդեն բացում ենք Թումո Կապանի հիմնական շենքը: Հատկանշական է նաեւ, որ հենց այսօր հայտնում ենք նաեւ երկար սպասված նորությունը Գորիսի Թումո տուփի մասին, որը գործարկվում է «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության հետ համագործակցությամբ։ Այսպիսով, Թումո Կապանը 2500 ուսանողների հնարավորություն կտա տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում ձեռք բերել ապագային միտված գիտելիքներ։ Սյունիքում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնելու համար մեզ մնում է միայն հիմնել Սիսիանի կենտրոնը։ Հույս ունենք, որ այդ մարտահրավերն էլ կհաղթահարենք՝ հուսալի գործընկերներ գտնելով»,- ասաց Թումոյի գործադիր տնօրենը։

Լուսանկարը` TUMO


Թումոյի հանրային կապերի ղեկավար Զառա Բուդաղյանը հավելեց, որ Կապանի կենտրոնի ստեղծումը երկարաժամկետ նպատակի մի մասն է։ «2021թվականից սկսած մենք ջանք չէինք խնայում, որ Թումոյի կրթությունը հասանելի դարձնենք Սյունիքի մարզի երիտասարդներին։ Այս կրթական եռանկյունին մի հիանալի հանգույց է, որը կլինի մարզկենտրոնում ու հնարավորություն կտա ոչ միայն այն պատանիներին, ովքեր Թումոյում են սովորում, այլ բաց կլինի ողջ համայնքի համար։ Այսօր, երբ կենտրոնը գործում է, մենք վստահ ենք, որ այն մեծ դրական ազդեցություն կունենա մարզի կրթական եւ տեխնոլոգիական դաշտի վրա», – նշեց նա։

Լուսանկարը` TUMO


Թումոյի կրթական ծրագիրն ուսանողներին առաջարկում է տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում ապագային միտված հմտություններ, որոնք պատանիներին դարձնում են ճկուն, նախաձեռնող եւ մրցունակ` թե՛ տեղական եւ թե՛ միջազգային մասնագիտական ասպարեզներում: Թումոյի առաջարկած կրթությունը հատկապես կարեւոր է Հայաստանի հեռավոր համայնքներում բնակվող պատանիների համար, որոնք, շնորհիվ Հայաստանի ամբողջ տարածքում սփռված Թումոյի կրթական ցանցի, կարող են առանց իրենց համայնքներից հեռանալու ստանալ ժամանակակից կրթություն, ներգրավվել համաշխարհային աշխատաշուկայում եւ արդյունքում զարգացնել սեփական համայնքի կարողությունները:

Լուսանկարը` TUMO


Կապանի մասնաճյուղի տնօրեն Անուշ Մեժլումյանը նշում է. «Այսօր մենք արդեն ունենք 12-18 տարեկան ավելի քան 830 ուսանող, ովքեր հնարավորություն են ստանում զարգացնել իրենց հմտությունները ժամանակակից տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում։ Սա հիանալի հնարավորություն է Կապանի երիտասարդների համար՝ բացահայտելու իրենց ներուժը եւ պատրաստվելու մասնագիտական ապագային»։

16-ամյա Արինե Իսրայելյանը, որն արդեն երեք տարի հաճախում է Թումո, պատմեց, որ Կենտրոնն օգնել է իրեն ոչ միայն ձեռք բերել նոր հմտություններ, այլեւ փոխել մտածելակերպը։

Լուսանկարը` TUMO


«Սկզբում հետաքրքրված էի միայն տեխնոլոգիաներով, բայց հետո հասկացա, որ Թումոն տալիս է ավելին՝ ստեղծագործական զարգացում, նոր գաղափարների փորձարկում եւ արվեստի մեջ խորանալու հնարավորություն։ Ինձ համար ամենատպավորիչը ստեղծագրությունն է, որն ինձ համար բացեց նոր ուղիներ եւ ես արդեն ունեմ իմ ստեղծագործությունները», – պատմեց Արինեն։
Արինե Իսրայելյանը Արինե Իսրայելյանը

Լուսանկարը` TUMO


Դասախոս Լիլիթ Վարդանյանի խոսքով՝ «ստեղծագրություն» տերմինը հենց Թումոյում է ստեղծվել, այդ դասի ընթացքում նա օգնում է ուսանողներին գրել այնպիսի բովանդակությամբ պատմվածքներ, որոնք կգրավեն ընթերցողներին։

Իսկ թվային երաժշտության մասնագետ Շուշանիկ Ղազարյանը նշում է, որ ուսանողները հաճախ սկզբում թերահավատորեն են մոտենում իրենց կարողություններին, սակայն մի քանի դասից հետո հայտնաբերում են, որ կարող են ստեղծել սեփական երաժշտությունը եւ վերածել իրենց գաղափարներն իրական նախագծերի։
Շուշանիկ Ղազարյանը (ձախից) Շուշանիկ Ղազարյանը (ձախից)

Լուսանկարը` TUMO


Պաշտոնական բացումից հետո հյուրերը շրջեցին շենքում։ «Թումո ստուդիաների» մաղատպագրության աշխատարանի ընթացքում նրանք գնացքի խորհրդանշական տոմսեր տպեցին ու ծանոթացան այս հետաքրքիր տպագրական տեխնիկայի նրբություններին։

Զուգահեռաբար Թումոն ներկայացավ իր հայկական պատմամշակութային ժառանգության թվայնացման ծրագրով՝ առաջարկելով Apple Vision Pro հեդսեթի միջոցով հիանալ Սյունիքի պատմական հուշարձաններին։

Համայնքի ներուժի զարգացման նոր հեռանկարները

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն իր ողջույնի խոսքում կարեւորեց վայրի ընտրությունը՝ նշելով, որ այս վայրը ժամանակին եղել է ոչ միայն տրանսպորտային հանգույց, այլեւ ծառայել է որպես ամբողջ տարածաշրջանի տնտեսության եւ մշակույթի վերելքի հնարավորություն։ Նրա խոսքով՝ Կապանը ձգտում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, զարգացնել տեխնոլոգիական եւ գիտելիքահեն ոլորտները՝ դուրս գալով հանքարդյունաբերության գերակայությունից։

Լուսանկարը` TUMO


«Այս արագ փոփոխվող աշխարհում հատկապես կարեւորում ենք գիտելիքահեն տնտեսության եւ տեղական տեխնոլոգիաների զարգացումը՝ որպես տնտեսության զարգացման ճյուղ։ Եվ մեր բոլորիս ջանքերի շնորհիվ այսօր ունենք այս կենտրոնը։  Հույս ունեմ, որ մեր պատանիները ու երիտասարդները կօգտագործեն հնարավորությունը բացահայտելու Կապանի ներուժն այդ ոլորտում, որը հնարավորություն կտա կերտելու մեր համայնքի վաղվա օրը»,- շեշտեց համայնքի ղեկավարը։

Լուսանկարը` TUMO


ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Մեդիամաքսի հետ զրույցում ընդգծեց, որ Թումո Կապանի հիմնադրումը մարդկային կապիտալին ուղղված խոշոր ներդրում է, որպեսզի տարածաշրջանը դառնա ավելի դիմակայուն, անվտանգ եւ տնտեսական առումով կենսունակ։ Այն մարզի զարգացմանն ուղղված «Դիմակայուն Սյունիք Թիմ եվրոպա» նախաձեռնության մի մասիկն է, որը միտված է կայունության եւ սոցիալ-տնտսական զարգացման ապահովմանը։

Անահիտ Բաղդասարյան

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին