Synergy-ի էլ. արդարադատության լուծումները՝ բոլոր մայրցամաքներում - Mediamax.am

exclusive
3468 դիտում

Synergy-ի էլ. արդարադատության լուծումները՝ բոլոր մայրցամաքներում


Արփինե Մաթեւոսյանը եւ Դավիթ Մկրտչյանը
Արփինե Մաթեւոսյանը եւ Դավիթ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Մաթեւոսյանը
Արփինե Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Մկրտչյանը
Դավիթ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Մաթեւոսյանը եւ Դավիթ Մկրտչյանը
Արփինե Մաթեւոսյանը եւ Դավիթ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Մկրտչյանը
Դավիթ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Մաթեւոսյանը
Արփինե Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթի եւ Արփինեի թիմերի առավոտը Synergy-ում սկսում է անգլիական ոճով. թեյ ու թերթեր՝ վերջին նորություններին ծանոթանալու համար: Դավիթ Մկրտչյանն ընկերության էլեկտրոնային արդարադատության զարգացման, իսկ Արփինե Մաթեւոսյանը՝ բիզնեսի զարգացման մենեջերն է:

Թեյի ու թերթերի նորությունների «արարողակարգից» անպակաս են էլեկտրոնային արդարադատության ոլորտում հերթական պայմանագրի վերաբերյալ քննարկումները։ Ամեն ինչ, իհարկե, ֆիլմի կադրերի պետք չէ նմանեցնել, բայց նրանց աշխատանքում շատ են գրավիչ ու հետաքրքիր կադրերը:

Synergy-ն եւս 4 երկրում թվային լուծումներ տեղադրելու նոր պայմանագրեր է կնքել: Մոլդովայում՝ դատաբժշկական գործերի կառավարման, Ջամայկայում՝ բանտերի, Եթովպիայում էլ դաշնային դատարանների կառավարման համակարգեր կստեղծեն: Այս ծրագրերին կավելանա նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի համակարգը։ Synergy-ի էլեկտրոնային արդարադատության թվայնացման լուծումներն արդեն բոլոր մայրցամաքներում են։

«Ամեն առավոտ թիմի մի մասն ուսումնասիրում է միջազգային լրահոսը: Լինում է՝ աշխատում ենք մի երկրում, հետո հանկարծ լսում, որ այդտեղ ջրհեղեղ է եղել, երկրաշարժ կամ պատերազմ: Մեր թիմում յուրաքանչյուրն աշխատում է իրեն վստահված մրցութային ծրագրի վրա և օրվա ընթացքում նաև լուրերին է պետք հետեւել ու պատրաստ լինել նոր զարգացումների, որոնք անմիջական ազդեցություն ունեն բիզնեսի վրա»,-պատմում է Արփինեն:

Բիզնեսի զարգացման թիմում աշխատում են տարբեր ոլորտներում հնարավորություններ բացահայտելու և Synergy-ի նախագծերի շարքն ընդլայնելու ուղղությամբ, մինչդեռ Դավիթի թիմը մասնագիտացած է էլեկտրոնային արդարադատության զարգացման գործում։

Դավիթ Մկրտչյանը Դավիթ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ունենք արդեն ընտրած տարածաշրջաններ, որոնց հետ աշխատանքն այս պահին առաջնահերթ է: Մենք էլ ենք նորությունները կարդում, որովհետեւ քաղաքական փոփոխություններից մինչեւ բնական աղետներ ազդում են պետությունների որոշումների վրա: Հետո սկսում ենք գտնել կոնտակտներ ու կապ հաստատել պետական կառույցների հետ, հասկանալ՝ արդյոք, ունե՞ն թվայնացման օրակարգ, երբ են ուզում անցնել այդ օրակարգին: Սովորաբար իրենց խորհուրդ ենք տալիս այցելել այն երկրներ, որ արդարադատական համակարգերի թվայնացման հաջող փորձ ունեն, որովհետեւ եթե քո հարեւանն ասում է՝ այս նոր ծրագիրն ավելի հարմար է, ավելի վստահելի է հնչում, քան ծրագիրը ստեղծած մարդու խոսքը»,- ասում է Դավիթը:

Աշխարհի 80-ից ավելի երկրի վստահությանն արժանանալու գաղտնիքը

Դավիթն ու Արփինեն ասում են՝ բիզնեսից պետություն (B2G) մոդելում ավելի շատ օգնում են փորձն ու կատարած աշխատանքի արդյունքը: Միայն այդպես են Synergy-ի բոլոր նախագծերով աշխարհի 80-ից ավելի երկրում մարդկանց վստահությունը ձեռք բերել: Հատկապես պետական կառույցների թվայնացումը մեծ ջանք ու ահռելի ծավալով աշխատանք է ենթադրում, այդ ամենի կարեւորությունը հասկանալով՝ ընկերությունը ստեղծել է բիզնեսի զարգացման (Business  development) բաժինը։

«Մեր հիմնական կապն արդարադատության նախարարությունների ու դրանց կից  կառույցների հետ է, ուստի աշխատանքը կազմակերպվում է պետական կամ միջազգային տենդերներով: Աշխատանքի արդյունքը երեւում է երկար ժամանակ անց, որովհետեւ մրցույթների արդյունքները կարող են ամփոփվել մի քանի ամսից մինչեւ մի քանի տարում»,-ասում է Synergy-ում բիզնեսի զարգացման մենեջեր Արփինեն:
Արփինե Մաթեւոսյանը Արփինե Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Տարեցտարի արդարադատական ոլորտի թվայնացման տենդերներն ավելանում են: Մենք ուսումնասիրում ենք պետությունների 5-10 տարվա ռազմավարական պլանները, միջազգային կազմակերպությունների (դոնորների) ծրագրերը տարբեր երկրներում։ Այնուհետեւ նրանց տեղեկացնում ենք, թե օրինակ՝ ինչպես են հաճախորդ դատարանները, դատախազությունը, ոստիկանությունը եւ այլ գերատեսչությունները, թվային լուծումներ օգտագործելով, խնայել տարեկան ավելի քան 30 միլիոն թուղթ: Նպատակ ունենք այդ թիվը հասցնել 100 միլիոնի: Արդյունքում կօգնենք խնայել 500 տոննա թուղթ, որը կազմում է 10 հազար ծառ եւ տարեկան ավելի քան 240 տոննա CO2-ի վերադարձ մոլորակին»,- ասում է Դավիթը, ով ծրագրերի զարգացման մենեջմենթի երկար տարիների փորձ ունի տարբեր բնագավառներում։

Ձնագնդի էֆեկտը՝ Synergy-ի տեխնոլոգիաներով

«Մենք նաեւ օգնում ենք, որ միջազգային ու պետական տարբեր կառույցների ղեկավարները հասկանան՝ ինչպես է պետք անցնել թվայնացման բարդ ճանապարհը, որոնք են մեր լուծումների նրբությունները, ինչ է պետք նման նախագիծ սկսելու համար, ինչին ուշադրություն դարձնել, ումից կարելի է լավ օրինակ վերցնել: Ստացվում է՝ մեր էլեկտրոնային արդարադատության զարգացման թիմը կապող օղակ է նոր երկրի, նոր կառույցի, նոր պլանների եւ գոյություն ունեցող լուծումների, դոնորների ու հաջողված նախագծերի միջեւ: Այսպես մենք դառնում ենք նաեւ ոլորտի փորձագետ: Եթե նախապես հաջող ծրագրեր չունենանք, կստացվի՝ օդի մեջ բաներ ենք խոստանում: Բայց ձնագնդի էֆեկտով ամեն տարի նոր տենդերներ շահելուն զուգահեռ՝ տարբեր երկրներից ստացած արձագանքով համոզվում ենք, որ մեր թվայնացման համակարգերը օգտագործվում են, մեզ վստահում են, ու կարողանում ենք մեր փոքր երկրից աշխարհում մեծ փոփոխությունների հասնել», - ասում է Դավիթը։
Արփինե Մաթեւոսյանը եւ Դավիթ Մկրտչյանը Արփինե Մաթեւոսյանը եւ Դավիթ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արփինեն ավելացնում է, որ արդարադատական համակարգերի ոլորտում մարկետինգային արշավների լայն հնարավորություն չկա, ուստի նախընտրում են տեղեկության տարածումը մարդկային շփումների միջոցով:

«Օրինակ՝ մեր գործընկեր Էսվատինիի փորձը շատ տեղին է հիշել: Նրանք ներկա էին Ռուանդայում կազմակերպած մեր կոնֆերանսին, որտեղ տասնյակ երկրներ էին մասնակցում, տեսան մեր համակարգը, կոնֆերանսից հետո բավական երկար ժամանակ մեր թիմի հետ կապի մեջ էին, որ հասկանային իրենց ցանկությունը, խոսքից գործ դարձնելու ճիշտ ճանապարհն ու ընթացակարգը: Բացի այդ, վերջին 10 տարում աշխարհը գնում է դեպի թվայնացում ու ավտոմատացում, հենց դրա շնորհիվ մեր մշակած համակարգերի պահանջը մեծանում է: Նույնն Էսվատինիի, Եթովպիայի, Մոլդովայի, Ջամայկայի եւ մյուս ծրագրերի դեպքում էր. տարածաշրջանային փորձի ու մեր պրոդուկտի շնորհիվ շահում ենք տարբեր տենդերներ: Մեր պատրաստի լուծումներն էլ օգնում են ավելի արդյունավետ աշխատել ամեն նոր գործընկերոջ հետ»,- ասում է Արփինեն:  

Արդարադատական թվային լուծումների նոր հարթակ ստեղծելու գաղափարով

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ Ռուանդայում, օրինակ, դատարան ուղարկվող գործերի քանակը չփոխվեց, որովհետեւ ունեին թվայնացված դատական համակարգ: Այնինչ Միացյալ Նահանգներում Synergy-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 50%-ով նվազել է դատարան գնացող գործերի քանակը: Այսինքն՝ նույնիսկ զարգացած երկրները, որ չէին թարմացրել իրենց համակարգերը, շատ լուրջ խնդիրներ ունեցան: Սա շուկայում նոր պատկեր է ստեղծել, նույնիսկ, զարգացած երկրների համար:
Արփինե Մաթեւոսյանը Արփինե Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մենք կարծում ենք, որ էլեկտրոնային արդարադատության թվայնացման ոլորտում մեր պահանջարկը մեծանալու է»,-ասում է Արփինեն:

Synergy-ում վստահեցնում են՝ իրենց մրցակցային առավելությունը միայն տեխնոլոգիաները չեն, նաեւ մարդիկ են․ չեն ներկայանում որպես «կոդ գրող» ՏՏ ընկերություն, այլ ունեն մասնագետների խումբ, կոնկրետ էլեկտրոնային արդարադատության բաժնում՝ մոտ 70 հոգի, որ կենտրոնացած են հենց էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակման վրա:

«Մենք օգնում ենք հատկապես այն երկրներին, որ բարեփոխումների փուլում են, այսինքն՝ թվայնացման ծրագրերը, որ գրված դրված են սեղանին, սկսում են կիրառել: Միջազգային շատ կառույցներ էլ ֆինանսապես աջակցում են այս փոփոխություններին: Մյուս կողմից՝ թվայնացումը պահանջում է օրենսդրական լուրջ փոփոխություններ, քաղաքական կամք ու կազմակերպչական աշխատանք: Շատ զարգացած երկրներում տարիներ առաջ արդեն իսկ թվայնացումներ արել էին, ու շատ դեպքերում փոփոխելն ավելի դժվար է, քան ամեն ինչ զրոյից սկսելը: Շենքը բաց տարածքում կառուցելն ավելի հեշտ է, քան եղածն արդեն հիմքից քանդել-հավաքելը»,- ասում է Դավիթը: 
Դավիթ Մկրտչյանը Դավիթ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արփինեն ու Դավիթն ասում են, որ այս հաջողությունները Synergy-ին նոր գաղափարներ են տվել: Սկսել են մասնագիտական վեբինարների շարք, որտեղ միայն նախորդ տարի 95 երկրից գրանցվել էր 300-ից ավելի մասնակից: Վեբինարների շարքը շարունակելով՝ նպատակ ունեն ստեղծել միջազգային նոր հարթակ, որ կմիավորի արդեն թվայնացման փորձ ունեցող երկրներին ու թվայնացման օրակարգ մշակողներին: Նոր հարթակում նպատակ ունեն ոչ միայն քննարկել տեխնիկական հնարավորությունները, այլեւ փորձի փոխանակման հնարավորություն տալ բոլոր երկրների ներկայացուցիչներին:

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի և Synergy-ի

 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին