Synergy Ամառային դպրոցը՝ ամուր հիմք ՏՏ մասնագետի կարիերայում - Mediamax.am

exclusive
6186 դիտում

Synergy Ամառային դպրոցը՝ ամուր հիմք ՏՏ մասնագետի կարիերայում


Հիլդա Կարախանյանը
Հիլդա Կարախանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Կարապետյանը
Աշոտ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Կարապետյանը, Հիլդա Կարախանյանը, Դավիթ Մանուկյանը
Աշոտ Կարապետյանը, Հիլդա Կարախանյանը, Դավիթ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Կարապետյանը
Աշոտ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Մանուկյանը
Դավիթ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Կարապետյանը, Հիլդա Կարախանյանը, Դավիթ Մանուկյանը
Աշոտ Կարապետյանը, Հիլդա Կարախանյանը, Դավիթ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2005թ․-ին, երբ Հայաստանում ՏՏ ոլորտը դեռ մեծ «բում» չէր ապրել, իսկ ծրագրավորող լինելը նոր-նոր էր սկսում թրենդային դառնալ, Synergy-ն մեկնարկեց իր Ամառային դպրոցը, որտեղ ընդունվեցին բուհերի լավագույն ուսանողները, իսկ երկամսյա հագեցած դասընթացից հետո աշխատանքի ընդունվածներն այժմ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Synergy-ում։  

Synergy-ի Ամառային դպրոցը սկսեց գործել, երբ ընկերությունը լայն թափով ընդլայնվում էր եւ որակյալ մասնագետների կարիք ուներ։ Դպրոցը հիմնադրվում էր այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ծրագրավորման ընկերությունները, ինչպես նաեւ մասնագիտական պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորությունները շատ քիչ էին։

Ամառային դպրոցի նպատակն էր ուսանողներին տալ այն ուղղությունների պրակտիկ գիտելիքը, որոնցով զբաղվում էր Synergy-ն։  Ուսանողներն ակադեմիական առումով լավ գիտելիք էին ստանում բուհում, բայց որոշակի պրակտիկ գիտելիքի եւ հմտությունների բաց կար, որոնք անհրաժեշտ էին, որ ունենար ընկերության յուրաքանչյուր աշխատակիցը։

Ամառային դպրոցը շատ մեծ ներդրում է ունեցել հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման մեջ, տարիներ շարունակ եղել է եզակի կրթական հարթակներից մեկը, որտեղ ընդունվելը բարդ էր, բայց ստացած գիտելիքները կարող էին թույլ տալ աշխատանք ունենալ ՏՏ լավագույն ընկերություններում։

Բոլորովին վերջերս Synergy-ն որոշեց ընդլայնել սահմանները եւ այս տարիներին կուտակված հարուստ փորձն ու գիտելիքը ծառայեցնել ավելի լայն եւ ընդգրկուն կրթական ծրագրերին։ Ծրագրավորման ոլորտում երիտասարդների կրթության մեջ ունենալով տարիների մեծ ներդրում՝ ընկերությունը հիմնեց Synergy Ակադեմիա, որտեղ տարվա ընթացքում կազմակերպելու են դասընթացներ՝ տարբեր ուղղություններով։ Synergy-ի հայտնի Ամառային դպրոցն այսուհետ գործելու է Synergy Ակադեմիայի կազմում՝ որպես «Ծրագրավորման դասընթաց»։

Synergy Ակադեմիայի Ծրագրավորման դասընթացի մասին (նախկին Ամառային դպրոց)

Դասընթացին ընդգրկվելու համար՝ հարկավոր է Մաթեմատիկա (բուլյան հանրահաշիվ, կոմբինատորիկա, դիսկրետ մաթեմատիկա, հավանականության տեսություն) առարկաներից լավ գիտելիք եւ որեւէ ծրագրավորման լեզվի տարրական իմացություն։ Եթե ուսանողները համալսարանում լավ սովորեն, վստահաբար կկարողանան հաջողել այստեղ։  Synergy-ում խրախուսում են, որ դասընթացներին դիմեն բուհի 2-րդ կուրսից հետո։ Սահմանափակումը միայն մեկնարկային տարիքին է վերաբերում, դպրոցականների ընդունել չեն կարող, քանի որ սկզբնական նպատակն ուսանողներին հետագայում Synergy-ում աշխատանքի ընդունելն է:


Ընդունելության համար նախ հարկավոր է լրացնել առցանց հայտը, ինչից հետո բոլոր դիմորդները հրավիրվում են քննությունների։ Դիմորդները 2 գրավոր քննություն են հանձնում եւ հաղթահարում հարցազրույցի փուլը։ Առաջին փուլում համակարգչային թեստ են հանձնում, երկրորդում՝ ավելի բարդանում է թեստը, իսկ 3-րդ՝ հարցազրույցի փուլին հասնում են ուժեղագույնները։ Դասընթացը նախատեսված է հուլիս եւ օգոստոս ամիսներին։ Դասերը 4 առարկայից են՝ MSSQL, Java, UI, Javascript։ Սա այն նվազագույնն է, որ հարկավոր է մասնագետին սկսել կարիերան Synergy-ում (որպես full stack developer)։

Դասընթացները վարում են փորձառու մասնագետները, տեսական եւ պրակտիկ դասերը հաջորդում են իրար՝ օրումեջ գրաֆիկով։ Կես օրը ուսանողներն անցկացնում են Synergy-ում, ապա տնային հանձնարարություններ են ստանում, եւ ամեն օր պետք է որոշակի աշխատանք կատարեն, քանի որ գնահատականները նշանակվում են ամենօրյա սկզբունքով։ Այստեղ անգամ ներկայությունը գնահատվում է։

Դասընթացի ավարտին ուսանողները գնահատվում են բոլոր առարկաներից, իսկ ավարտական ամփոփիչ ակորդը դնում են «հեքըթոնով»։ Այս մրցույթի ընթացքում ուսանողները խմբային աշխատանք են կատարում եւ ամբողջ օրվա ընթացքում կոնկրետ տրված խնդրով հավելված են գրում։ Աշխատանքը ներկայացվում է ժյուրիին, որը եզրակացություն է տալիս բոլորի աշխատանքներին եւ հաղթող թիմ ընտրում։

«Հեքըթոնը» բոլոր ուսանողների ամենասիրելի հատվածն է, երբ նրանք կարողանում են օգտագործել ստացած գիտելիքները, ինքնուրույն որոշումներ կայացնել, նաեւ այսկերպ ցուցադրել սեղմ ժամկետներում եւ լարված իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակությունները, թիմային աշխատանք կատարելու հմտությունները։

Դասախոսները մեծ հոգատարությամբ եւ պատասխանատվությամբ են վերաբերում ուսանողներին, ամեն կերպ աջակցում են, որ նրանք կարողանան լավագույնս դրսեւորվել։ Իհարկե, ավարտելուց անմիջապես հետո ուսանողները չեն սկսում բարդ խնդիրների վրա աշխատել, դեռ որոշ ժամանակ ավագ մասնագետների հսկողությամբ են պրակտիկ շրջան անցնում, որոշակիորեն հղկվում, հետո միայն սկսում ինքնուրույն աշխատել։  
Աշոտ Կարապետյանը, Հիլդա Կարախանյանը, Դավիթ Մանուկյանը Աշոտ Կարապետյանը, Հիլդա Կարախանյանը, Դավիթ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընդունելությունը բավական դժվար է, մրցակցությունը շատ բարձր է։ Եղել է տարի, երբ ունեցել են մինչեւ 800 դիմորդ։ Նրանց մեծ մասը մեկ տարի պարապում է ընդունվելու համար, ստացվում է, որ եթե անգամ չեն ընդունվում, միեւնույնն է՝ այդ գիտելիքը մնում է իրենց հետ ամբողջ կյանքի ընթացքում։ Տարիներ շարունակ Սիներջիի Ամառային դպրոցն այս կերպ նաեւ սովորելու համար մոտիվացիոն դեր է խաղացել։  

Դասընթացին միանում են ավելի շատ ուսանողներ, քան Synergy-ում առկա թափուր հաստիքներն են։ Դասընթացի ավարտին մեծ մասն աշխատանքի են անցնում ընկերությունում։ Ինչպես Synergy-ում են ասում՝ հաճախ տարբեր ընկերություններից HR-ները խնդրում են շրջանավարտների կոնտակտներ տալ՝ նրանց աշխատանքի ընդունելու համար։ Ստացվում է, որ Synergy-ն որակյալ մասնագետներ է պատրաստում ոչ միայն իր, այլեւ ընդհանուր ոլորտի համար։

Մեդիամաքսը Synergy-ի Ամառային դպրոցի տարբեր ժամանակների երեք սերնդի հետ փորձել է կազմել Ամառային դպրոցի պատկեր, որն այս տարվանից որպես դասընթաց ընդգրկված է լինելու Synergy Ակադեմիայի կրթական ծրագրերում։

Աշոտ Կարապետյան, R&D ավագ ղեկավարներից, 2010թ․-ի շրջանավարտ

Synergy-ի ամառային դպրոց ընդունվել եմ, երբ համալսարանի 3-րդ կուրս էի փոխադրվում: Այդ շրջանում այդպիսի ծրագրերն արդեն տարածված էին, բայց Synergy-ի մասին չգիտեի: Մի քանի այլ տեղեր էի դիմել եւ, պատահաբար, Synergy-ում ամառային դպրոցի մասին իմացա: Թեստ լրացրեցի, որում համալսարանում մեր սովորած թեմաներն էին: Միավորներս բավականացրեց եւ ընդունվեցի Ամառային դպրոց:

Յուրաքանչյուր օրվա համար մեզ կարդալու, պարապելու մեծ քանակությամբ նյութեր էին տալիս: Կուրսերը շատ ինտենսիվ էին, ինչ սովորեցինք այդ ընթացքում ինձ համար բոլորովին նոր էին, եւ Ամառային դպրոցը 2 ամսում համալսարանի 2 կիսամյակի գիտելիք տվեց:
Աշոտ Կարապետյանը Աշոտ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամառային դպրոցն ավարտելուց հետո սկսեցի թիմում աշխատանքը: Առաջին մեկ տարին համատեղում էի համալսարանի դասերի հետ: Synergy-ի առավելություններից մեկն էլ դա է, որ գրաֆիկ չի թելադրում եւ կարողանում ես աշխատանքային ժամերդ հարմարեցնել կրթության հետ: Այս համատեղումը ինձ նաեւ օգնեց տեսնել կապը  համալսարանում ստացած տեսական գիտելիքի եւ դրա գործածության միջեւ: Ավելի հասկանալի էր, թե մենք ինչ ենք սովորում համալսարանում եւ ինչպես է դա կիրառվելու։

Թիմում աշխատանքը շատ լավ սկսվեց, քանի որ ձեւավորված, կայացած թիմ էր, այսինքն` մեզ նորեկներով չէին հավաքել այնտեղ, մենք ինտեգրվեցինք ու սկսեցինք քիչ-քիչ օգնել թիմին: Սկզբում անում էինք գործ, որը չուներ վերջնաժամկետ, հետագայում կամաց-կամաց առաջադրանքներն ավելի լրջացան, պետք էր ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին, բայց հաջողվեց այնպես անել, որ համալսարանական առաջադիմությունը չտուժի:

Ընթացքում կրտսեր աշխատողից դարձա միջին մակարդակի աշխատող, հետո՝ ավագ, որին էլ արդեն հաջորդեց ինձ՝ 5-6 հոգանոց թիմի ղեկավարումը վստահելը: Հետո ինձ վստահեցին մեր պլատֆորմի նախագծումը, խնդիրների լուծման եղանակների ընտրությունը: Գործին որոշակի նոր հետաքրքրություն հաղորդեց նաեւ ընդունվող ուսանողների հետ աշխատանքը:
Աշոտ Կարապետյանը Աշոտ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Synergy-ի տվածն ինձ համար անգնահատելի է: Մասնագիտական տեսանկյունից ինչի հասել եմ, հասել եմ շնորհիվ այս ընկերության ու այնտեղ աշխատող մարդկանց, ովքեր միշտ օգնել են իրենց խորհուրդներով եւ առաջ գնալու ճանապարհ են ցույց տվել:

Հիլդա Կարախանյան, ծրագրավորող (software developer), 2017թ․-ի շրջանավարտ

Ամերիկյան համալսարանում բոլորը խոսում էին ընկերության մասին ու Synergy ընդունվելը երազանք էր դարձել բոլորիս համար: Synergy-ում հայտնվելու հարցում մեզ ավելի էր մոտիվացնում ընկերությունում աշխատող մեր ավագ ընկերների կարծիքները, թե ինչքան գոհ են ու ինչքան բան են սովորում:

Ամառային դպրոցում ամեն առաջադրանք, պրակտիկա, ավելի պարզ էր դարձնում համալսարանում սովորած գիտելիքները: Եվ, չնայած, ամառային դպրոցում սովորող մյուս ուսանողների հետ մրցակցություն կար, բայց դա չէր խանգարում միմյանց օգնելուն: Այս մտերմությունը մեզ նաև օգնեց թիմային աշխատանքում:

«Հեքըթոնից» հետո սկսվեց փորձաշրջանի փուլը։ Մեզ կցված էին մենթորներ, ովքեր օգնում էին գործի մեջ առաջին քայլերն անել: Այսինքն՝ մեր սովորելու շրջանը ամառային դպրոցով չէր ավարտվել, առաջին մի քանի ամիսը մեզ դեռ սովորեցնում էին, դրանից հետո նոր սկսեցինք արդյունք տալ գործի մեջ:
Հիլդա Կարախանյանը Հիլդա Կարախանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամառային դպրոցում շատ գիտելիքներ ենք ստանում, բայց երբ սկսում ես աշխատել իրական նախագծերի վրա, ամեն ինչ խորթ է թվում։ Ծրագրավորումն այնքան մեծ ու բազմազան գործիքներ ունի, որ սկզբում շատ դժվար է լինում։ Ամենամեծ մարտահրավերը առաջին քայլն է, առաջին առաջադրանքը։ Մյուս մարտահրավերները դասերի հետ համատեղելն է, որովհետեւ շրջաններ էին լինում, որ դասերը տուժում էին։ Սկզբում, երբ աշխատանքը նոր է լինում, դժվար է լինում օրը ճիշտ կազմակերպել, բայց Synergy-ում աշխատանքի մեջ մտնելու պրոցեսը շատ լավ է կազմակերպված, շատ խնդիրներ չեն առաջանում, որ կառաջանային այլ կազմակերպություններում։

Աշխատանքային ուղու ընթացքում Synergy-ն չի թողնում, որ հոգնես կամ լճանաս: Մեր առջեւ դրված խնդիրները բարդանում են եւ դա էլ ավելի է հետաքրքիր դարձնում աշխատանքը։ Բացի բուն ծրագրավորումից, Synergy-ում խրախուսում են նաեւ դասավանդումը, շփումը սկսնակների հետ։ Մենք չենք հասցնում հոգնել կամ ձանձրանալ։

Դավիթ Մանուկյան, ծրագրավորող , 2019թ․-ի շրջանավարտ

Ես ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետից եմ, իրականում ՏՏ ոլորտի հետ կապ չունեի, Ամառային դպրոցի մասին իմացել եմ ծանոթներիցս։ Դիմելու համար խթան էր այն համոզմունքը, որ եթե կարողանամ դպրոցում լավ սովորել, քննությունները լավ հանձնել, այսինքն՝ անել այն ամենը, ինչ ինձանից է կախված, կգնահատվի եւ լավ սկիզբ կդառնա իմ կարիերային։

Որոշակի բազա ունեի, պարապել էի, թեստերի փուլն ավելի հեշտությամբ անցա, բայց իրականում՝ հարցազրույցն էլ թեթեւ եւ մտերմիկ միջավայրում էր։

Ամառային դպրոցն ինձ խորությամբ ծանոթացրեց ՏՏ ոլորտին եւ դպրոցից ստացա այն, ինչ ակնկալում էի։ Ամենակարեւորն այն է, որ կարողացա Ամառային դպրոցում իմ մասնագիտության սկիզբը դնել։ Հենց սկզբից էլ նպատակ ունեի աշխատանքի ընդունվել Synergy-ում։
Դավիթ Մանուկյանը Դավիթ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մասնագիտական աճի առումով սահմանափակումներ չեմ դնում իմ առաջ, շատ եմ կարեւորում շարունակական ու հնարավորինս ընդլայնված մասնագիտական զարգացումը՝ ցանկացած ծրագրավորողի համար կարեւոր է համաշխարհային թրենդերին եւ նոր տեխնոլոգիաներին ծանոթ լինել, անընդհատ հետազոտել, այլապես մրցակցությանը չի դիմանա։

Այն  ուսանողներին, ովքեր այս տարի կցանկանան դիմել Սիներջիի ծրագրավորման դասընթացին, խորհուրդ եմ տալիս շատ պարապել եւ ջանքեր չխնայել ընդունվելու համար, որովհետեւ հետագայում արդյունքները երկար սպասեցնել չեն տա։ Շատ կարեւոր է մաթեմատիկական բազան, որովհետեւ այն ճիշտ մտածելակերպ է ձեւավորում, թույլ է տալիս ճկուն եւ տրամաբանորեն մոտենալ խնդիրներին։ Ծրագրավորումը մաթեմատիկայի շնորհիվ ավելի հեշտ է թվում։ Եթե աշխատասեր լինես, վստահաբար, կկարողանաս հաջողության հասնել։

Ամառային դպրոցում դասախոսում են հրաշալի մասնագետներ, ովքեր ոչինչ չեն խնայում, որ ուսանողները հաջողության հասնեն։ Այսինքն՝ մնում է միայն լավ պատրաստվել, դիմել, անցնել  ու համոզված լինել, որ ՏՏ ոլորտում լավ կարիերայի առաջին քայլերն արված են։  

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին