«Նեմեսիս»-ի «թուրք» գործակալ Հրաչ Փափազյանը - Mediamax.am

exclusive
31409 դիտում

«Նեմեսիս»-ի «թուրք» գործակալ Հրաչ Փափազյանը


Հրաչ Փափազյանը եւ Դրաստամատ Կանայանը 1955 թվականին Կահիրեում
Հրաչ Փափազյանը եւ Դրաստամատ Կանայանը 1955 թվականին Կահիրեում
Հրաչ Փափազյանը
Հրաչ Փափազյանը
Հրաչ Փափազյանը
Հրաչ Փափազյանը
Էքմելը (աջից)՝ որդու հետ
Էքմելը (աջից)՝ որդու հետ
Թալեաթի թաղումը
Թալեաթի թաղումը
Վարդգես Փափազյանը (ձախից), Օհան Թապաքյանը (աջից)
Վարդգես Փափազյանը (ձախից), Օհան Թապաքյանը (աջից)
Շաքիրի ու Ազմիի կանայք նրանց մարմինների մոտ
Շաքիրի ու Ազմիի կանայք նրանց մարմինների մոտ

«Հատուկ գործ»-ում չբացահայտված փաստերը շատ են եւ մարդիկ հիմնականում ճանաչում են նրանց, ովքեր իրականացրել են երիտթուրք հանցագործների մահապատիժները։

«Նեմեսիս»-ի ամենաառեղծվածային ու քիչ հայտնի կերպաներից է Հրաչ Փափազյանը, որը մտել էր թուրքերի շրջանակ, մտերմացել նրանց հետ ու մեծագույն նպաստ բերել գործի հաջողությանը։ Փափազյանին բացահայտելուն մեզ օգնել են բժիշկ Օհան Թապաքյանը, ով դեռ Հալեպից է ճանաչել նրան եւ Սողոմոն Թեհլիրյանի հուշերի անգլերեն թարգմանիչ, «Նեմեսիս»-ն ուսումնասիրած Պետո Դեմիրճյանը։

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողը խուսափում է ցեղասպանությունից

«Վայելչակազմ ու կենցաղագէտ. սալոնի տղայ, որուն հոգիին խորը սակայն ցեղին վրէժխնդրութեան կրակը կը վառէր․․․ մեր ընկերական շրջանակներուն մէջ ծանօթ Հրաչ ծածկանունով, որ բուն անունն էր մեր Մեծ Նահատակներէն մէկուն, ընդունած էր Մեհմէտ Ալի թրքական անունը եւ ան ալ անբաւական նկատելով, թլպատուած էր, որպէսզի մեր ճամբան ապահով կերպով յարդարէ», - այսպես է նկարագրում Փափազյանին Արշավիր Շիրակյանը:

Կարապետ Փափազյանը, որին հետագայում բոլորը Հրաչ էին կոչում, ծնվել է Յոզղատում 1892-ի հունիսի 19-ին։ Հետագայում տեղափոխվում է Սեբաստիա, իսկ 1904-ին ընտանիքը նրան ուղարկում է Կ. Պոլիս ազգականների մոտ, որտեղ էլ կրթություն է ստանում:

Փափազյանն ընդունվում է Կ. Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ եւ դառնում «թուրքի մը չափ սահուն» թուրքերեն իմացող ու նրանց բարքերին լավատեղյակ  անձնավորություն։

Վրա է հասնում Առաջին համաշխարհային պատերազմը։ Ինչպես շատերին, Փափազյանին եւս երիտթուրք ղեկավարներն ուղարկում են զինվորական վարժարան՝ պահեստազորի սպա դառնալու համար:

Ուշիմ ու բանիմաց երիտասարդը հասկանում է, որ հայ տղամարդիկ ոչ թե միանալու են բանակին, այլ կոտորածի են ենթարկվելու։ Կարճ ժամանակ անց նա փախչում ու թաքնվում է Կ. Պոլսում, ապա թուրք սպայի անցագիր հանելով՝ անցնում Հալեպ ու կորցնում հետքը։

1919-ին Փափազյանը վերադառնում է Պոլիս, այցելում «Ճակատամարտ»-ի խմբագրություն ու կապվում ՀՅԴ պատասխանատու մարմնի հետ։ 1919-ի վերջերին «Հատուկ գործ»-ն արդեն ակտիվ գործունեություն էր ծավալում՝ փնտրելով տարբեր երկրներում թաքնված Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։

Արշավիր Շիրակյանի հուշերից իմանում ենք, որ Փափազյանի հետ նա ծանոթացել է Պոլսում, երբ վերջինս Կենտրոնական կոմիտեի վստահելի գործավարն էր ու «որմէ հրահանգներ ալ ստացած էի Վ. Իհսանի (մատնիչ Վահե Եսայան-խմբ.) ահաբեկման շրջանին»։

Հրաչ Փափազյանը եւ Դրաստամատ Կանայանը 1955 թվականին Կահիրեում Հրաչ Փափազյանը եւ Դրաստամատ Կանայանը 1955 թվականին Կահիրեում


««Նեմեսիս»-ում նրա ծավալած գործունեության ամբողջական պատկերը, ցավոք, չունենք։ Կարծում եմ, որ այլ մարտիկների պես Հրաչն էլ մանրակրկիտ ուսումնասիրվել ու ներառվել է գործում։ Արմեն Գարոն հիանալի աշխատանք է կատարել, ճիշտ է, «Նեմեսիս»-ը նա ղեկավարում էր Բոստոնից, բայց Պոլսի «Ճակատամարտ»-ը դարձել էր կենտրոններից մեկը։ Դժբախտաբար չգիտենք, թե ուր են Պոլսի Կենտրոնական կոմիտեի ատենագրությունները, սակայն դրանց լինելու դեպքում էլ կասկածում եմ, որ «Նեմեսիս»-ի կամ Փափազյանի մասին շատ մանրամասներ կհայտնաբերվեին»,- կարծում է Պետո Դեմիրճյանը։

Մուտք թուրքական շրջանակներ

Եվրոպայում «Հատուկ գործ»-ի ղեկավարներից Շահան Նաթալին ստեղծել էր հետախույզների ցանց։ Նա կաշառել էր մի շարք օտարազգի սահմանապահների, ովքեր տեղեկություններ էին տալիս երիտթուրքերի տեղաշարժի մասին։ Սակայն վերջիններս կերպարանափոխվել էին, կրում էին այլ անուններ, անընդհատ փոխում էին բնակության վայրն ու նեղացրել էին շփման շրջանակը։ Հարկավոր էր նրանց մեջ ունենալ սեփական մարդուն։ Այդ դերը ստանձնում է իսլամին եւ թուրքական սովորույթներին հիանալի տիրապետող Հրաչ Փափազյանը:

Դա նուրբ եւ դժվարին առաջադրանք էր, որը պահանջում էր շրջահայացություն, խելացիություն ու հմայք՝ շահելու իր նահատակ ժողովրդի ամենամեծ թշնամու բարեհաճությունը եւ աստիճանաբար դառնալու նրա վստահելին:

«Երիտասարդ մը, նրբակազմ, շագանակագոյն մազերով, միջահասակ, Կեսարիայի շրջաններէն, թուրքերէն լեզուն օրօրոցեն իրեն ընտանի, եւ շեշտը իրաւ թրքական, եւ տէր այնպիսի յատկանիշներու, որոնք լեզուն իր հետ անխուսափելիօրէն կը բերէ ու կը նստեցնէ ենթակայի ձեւերուն, շարժումներուն, մտածելու ու գործելու կերպարուն վրայ, նոյնիսկ եավաշ-եավաշութիւնը «այսօր չըլլայ վաղն ըլլայ»-ի ճակատագրապաշտութեան։ Դերին տիպը»,- ահա Նաթալիի խոսքերը Փափազյանի մասին։

Որպեսզի Փափազյանի մուսուլման լինելն ավելի հավաստի լինի, թլպատվում է: Դա հետագայում հնարավորություն տվեց նրան Բեռլինում հաճախակի գնալ բաղնիք (համամ), շփվել տարագրության մեջ գտնվող թուրքերի հետ եւ իմանալ կարեւոր տեղեկություններ։

Փափազյանի ներգրավվածությունը Թալեաթի մահապատժի գործում

Փափազյանի համար Կեսարիայի թաղապետից ձեռք են բերվում փաստաթղթեր եւ նա Մեհմեդ Ալի անվամբ ճանապարհ է ընկնում դեպի Բեռլին:

Թալեաթ փաշայի մահապատժի գործողության մեջ Փափազյանի կատարած աշխատանքի մասին շատ բան հայտնի չէ ։ Սակայն այն, որ նա ներգրավված է եղել ու Բեռլինում կարեւոր գործ է կատարել, իմանում ենք Թեհլիրյանի ու Նաթալու հուշերից։

«Հազօրը (Հակոբ Զորյանը-խմբ.) յայտնեց լսած տեղեկութիւնները Հրափից (Հրաչ Փափազյանից- խմբ.), որ առ ի զգուշութիւն, ուրիշ մէկի հետ չէր տեսնըւում»,-գրում է Թեհլիրյանը։

«Վստահաբար, Հրաչը Սողոմոնից առաջ է մեկնել Բեռլին, որտեղ արդեն գտնվում էր Նաթալին։ Թեհլիրյանի հուշերից հասկանում ենք, որ նա գործողության ընթացքում անձամբ չի ճանաչել Փափազյանին, չեմ կարծում, որ Բեռլինում նրանք հանդիպած լինեն։ Թերեւս միայն Նաթալին էր, որ գիտեր գործի յուրաքանչյուր անդամի ու շփվում էր նրանց հետ»,-ասում է Դեմիրճյանը։
Թալեաթի թաղումը Թալեաթի թաղումը


Փափազյանը բացառիկ հմայքի շնորհիվ հեշտությամբ ընդգրկվում է թուրք ուսանողների շրջանակներ եւ աստիճանաբար իմանում կարեւոր լուրեր։

«Փետրուարի երկրորդ կէսին (1921 թ․-խմբ․) մի օր Հրափը յայտնեց, որ սպասւում է իթթիհատական առաջնորդների համագումար․․․տարակոյս չկար, որ Թալէաթը կը յայտնուէր Բերլինում կամ Հռոմում»,-հիշում է Թեհլիրյանը։

Փափազյանն ամենայն հավանականությամբ Թալեաթի մահապատժից հետո չի մնացել Բեռլինում ու որոշ ժամանակով վերադարձել է Կոստանդնուպոլիս։ Այդ ընթացքում նա շարունակում է նպաստել այլ մահապատիժների կատարմանը։

«Հետապնդումի մեր աշխատանքներուն սկզբնական շրջանին, մեզի օգնեց նաեւ Հրաչ Փափազեան»,- սա Միսաք Թորլաքյանի հուշերից է, ով 1921-ի հուլիսի 17-ին մահապատժի էր ենթարկել Բաքվի հայերի կոտորածի կազմակերպիչ Բեհբութ խան Ջիվանշիրին:


Բացի այդ, նույն 1921-ին Փափազյանը կրկին Պոլսում այցելում է Արշավիր Շիրակյանին ու հայտնում, որ վերջինս մեկնելու է Հռոմ, որտեղ ի կատար է ածելու Օսմանյան կայսրության նախկին վարչապետ, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Սայիդ Հալիմի մահապատիժը:

«Շատ հավանական է, որ նա անընդհատ նույն տեղը չի մնացել: Երեւի Թալեաթի գործողությունից հետո Պոլիս է մեկնել աշխատանքի մասին զեկուցելու, նոր առաջադրանք ստանալու, կարծում եմ նաեւ մի փոքր հանգստանալու համար: Ճանապարհորդելը դժվարություն չէր լինի, քանի որ, ի տարբերություն «Նեմեսիս»-ի այլ մարտիկների, ովքեր անընդհատ անցագրեր էին փոխում, նա ուներ Մեհմեդ Ալի անունը եւ ավելի հանգիստ կարող էր մուտք գործել ինչպես Պոլիս, այնպես էլ եվրոպական այլ քաղաքներ»,- նշում է Դեմիրճյանը։

Մեհմեդ Ալիի ծնունդը եւ մուտքը երիտթուրք շրջանակներ

Ո՞վ է Մեհմեդ Ալին։ Ըստ գծած պլանի՝ մեռած թուրք մեծահարուստ վաճառականի զավակ։ Որպես խայծ նա եվրոպաբնակ թուրքերին ներկայացնում է, որ իրենց ընտանիքն ավելի է հարստացել 1915-ին հայերի գույքը բռնագրավելուց հետո։ Երիտասարդը շվայտ կյանքով ապրելու արդյունքում քայքայել է առողջությունը եւ հորեղբայրն ուղարկել է Բեռլին՝ «հանճար բժիշկներու երկիրը»։ Թուրք մեհմեդներ ու ալիներ շատ կան, բայց «այս մէկի ճակատին միւռոն կայ։ Հայ քրիստոնեայ» (Շահան Նաթալի)։
Հրաչ Փափազյանը Հրաչ Փափազյանը


Մեհմեդ Ալին 1921-ի դեկտեմբերի սկզբին իտալական նավով Կ․ Պոլսից ճանապարհվում է դեպի Բրինդիզի։ «Նեմեսիս»-ը սկսում էր հայերի տեղահանությունը եւ կոտորածը կազմակերպած «Թեշքիլաթը մահսուսե»-ի ղեկավար, դոկտոր Բեհաեդդին Շաքիրի եւ Տրապիզոնի հայերի կոտորածի կազմակերպիչ Ջեմալ Ազմիի մահապատիժների ծրագիրը։

Այդ նույն նավում էր նաեւ Արամ Երկանյանը, որը Նաթալուց ստացել էր Բեռլին հասնելու ու Շաքիրի հարցերը լուծելու հրամանը։ Փափազյանն ու Երկանյանը պատահաբար տեսնելով միմյանց՝ իրենց պահում են անծանոթների պես, խուսափելով կրկին հանդիպելուց։

Բրինդիզիից Հռոմ նրանք մեկնում են առանձին։ Իտալական ոստիկանությունն իրականացնում էր ուժեղացված հսկողություն, քանի որ Հռոմում Շիրակյանն արդեն սպանել էր Սայիդ Հալիմին։ Հռոմից Փափազյանն ուղեւորվում է Բեռլին, երկու ամիս անց այնտեղ էին նաեւ Երկանյանն ու Շիրակյանը։

Բեռլինում Մեհմեդ Ալին «պատահմամբ» փողոցում տեսնում է Ջեմալ Ազմիի ծխախոտի «Հիլալ» խանութը, որը «Հատուկ գործ»-ի անդամների ուշադրության կենտրոնում էր դեռ Թալեաթին հետապնդելու ժամանակներից։

Խանութում նա հանդիպում է Ազմիի որդուն՝ Էքմելին ու կարճ ժամանակ անց դառնում նրա մտերիմ «ընկերը», որի հետ ամեն երեկո այցելում է գիշերային ակումբներ։ Բոլոր զվարճանքների ծախսերը հոգում է մեծահարուստ Մեհմեդը՝ շահելով «ընկերոջ» վստահությունը։

Արամ Երկանյանը հիշում է, որ Էքմելը «թուրք մըն էր ամբողջ արիւնով»: 1915-ին, երբ դեռ 14 տարեկան «լակոտ» էր, հայրը Տրապիզոնի 8-10 տարեկան հայ աղջիկներից նրա համար հարեմ էր ստեղծել:
Էքմելը (աջից)՝ որդու հետ Էքմելը (աջից)՝ որդու հետ


Շուտով Մեհմեդը դառնում է Ազմիի ընտանիքի սիրելի «զավակն» ու մտերմանում Տրապիզոնի նախկին վալիի, ապա նաեւ Իթթիհադի մյուս ղեկավարների հետ: Մի երեկո «Տրապիզոնի հրեշ» անունն ստացած Ազմին պատմում է, թե ինչպես է հայ երեխաներին լցրել ծովը։ «Այդ տարի ձկները լավ քեֆ արեցին»,- գոհունակությամբ ավելացրել է նա։  Ինչպես բոլոր հավաքվածները, Փափազյանը եւս պարտավոր էր ծիծաղել այս «կատակի» վրա:  

«Արտաքնապէս անխռով, սրտին քար դրած.  Օրերով մտիկ կ'ըներ ջարդարարներուն անմարդկային պատմութիւններուն, հայկական կոտորածի անլուր դէպքերուն եւ գազանավայել մանրամասնութիւններուն․․․ Ջիղերը քայքայուած էին, ինչպէս կը զգայի ու կը տեսնեի ամէն հանդիպումիս»,- հիշել է Շիրակյանը:

Փափազյանը կարճ ժամանակում դառնում է թուրքերի սիրելին: Նա նույնիսկ մի քանի անգամ լինում է Թալեաթի կնոջ «քավալիէ»-ն:

«Վստահաբար, Հրաչի գործոնը մտահոգություն էր առաջացնում «Հատուկ գործ»-ի ղեկավարների մոտ, բայց նրանք ռիսկի դիմեցին, այլընտրանք չկար։ Շատ սիրելով ու հարգելով գործողության մյուս անդամներին՝ կարծում եմ, որ ամենախիզախը Փափազյանն էր, ով մեծագույն վտանգների ենթարկվելով, մտել էր նման գործի մեջ։ Նա հոգեկան ու մտային մեծ ուժ է ունեցել, որ կարողացել է դիմանալ բոլոր այդ պատմություններին ու չբացահայտվել»,-գտնում է Դեմիրճյանը։
 
Կարեւոր տեղեկություններ Իթթիհադ-Քեմալ կապից

Մեհմեդ Ալին իմանում է Իթթիհադի ղեկավարների ու Մուստաֆա Քեմալի կապերի մասին: Նա տեղեկանում է, որ Բեհաեդդին Շաքիրը Քեմալին զենք մատակարարելու համար մեկնել է Բուլղարիա, իսկ Ջեմալը՝ հատուկ հանձնարարականով Փարիզ: Իմանում է նաեւ, որ Էնվերը ակտիվ գործունեություն է ծավալում Մոսկվա - Բուխարա հատվածում։

Հրաչի ինքնությունը կարող էր բացահայտվել ու գործողությունը տապալվել, երբ Մեհմեդ Ալին եւ Էքմելը հանդիպում են մեկ այլ թուրք երիտասարդի, ով Փափազյանի հետ տարիներ առաջ սովորելիս է եղել Կոստանդնապոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Նա Էքմելին ասում է, որ Մեհմեդը շատ նման է իր ուսանող հայ ընկեր Կարապետին։ Ազմիի որդին օրեր անց ներողություն է խնդրել Հրաչից, որ կասկածել է «քու թուրք արիւնին ու մեր բարեկամութեան դէմ»՝ արդարանալով, որ իրենց տեղեկություններով`ԱՄՆ-ում գործող հայ կազմակերպություններից մեկը Թալեաթին սպանելուց հետո նոր խումբ է ուղարկել Բեռլին Շաքիրին ու Ազմիին վերացնելու համար։

«Ես կը վախնամ որ այս կասկածը կրնայ առաջնորդել մահապարտները, եթէ Էքմէլ իր հոր յայտնած ըլլայ զայն, գրել Պոլիս իրենցներուն թէ իրա՞ւ Կեսարիայի շրջանները գոյութիւն ունի Րիզա անունով վաճառական մը․․․ այդ պարագային կրնայ բացուիլ իմ կեղծ թրքութիւնը»,-Նաթալուն ասել է Փափազյանը։

Օրեր անց նրան Ազմիի տանը կրկին հարազատ որդու պես են ընդունում ու Հրաչը համոզվում է, որ ոչ մի կասկած իր նկատմամբ չկա։

«Ես վստահ եմ, որ ամեն րոպե, երբ ինքը շփվում էր թուրքերի հետ, վախ ունեցել է: Սակայն Հրաչն այնքան էր հավատում «Նեմեսիս»-ի հաջողությանը, որ իր կյանքը վտանգի տակ էր դնում: Հրաչը մտքի ու նվիրվածության անձնազոհ կերպար է»,- ավելացնում է Դեմիրճյանը:

Իմանում է Շաքիրի հասցեն, ապա «սգում» նրա ու Ազմիի մահը

1922-ի մարտի 15-ին «Թալեաթի սատակումին տարեդարձն է» եւ երիտթուրքերի վերնախավը հավաքվում է նրա այրու տանը։  Փափազյանը, որը մասնակցում է միջոցառմանը, չի հասցնում լուրը ժամանակին ընկերներին հասցնել՝ հարուցելով  Նաթալու բարկությունը։

«․․․Մեհմէտ Ալին ալ տխուր էր. ծանր ու ճնշող պարտականութիւն մը ստանձնած էր ու տակաւին քանի մը փոքր ջարդարարներ միայն յաջողած էր ճանչնալ...պէտք էր դիմանալ հոգեկան տառապանքներուն»,- գրում է Շիրակյանը:

Երկար տանջանքներից հետո նրան հաջողվում է գտնել Բեհաեդդին Շաքիրի հասցեն ու ճաշարանի զուգարանում տեղեկությունը փոխանցել խմբի ղեկավարին՝ Նաթալուն: Շիրակյանը եւ Երկանյանն անցնում են գործի։

1922-ի ապրիլի 17-ին Սուրբ Զատիկին հաջորդող մեռելոցի օրը Շիրակյանը եւ Երկանյանն ի կատար են ածում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած Իթթիհադի երկու կարկառուն ներկայացուցչի մահապատիժը։ Շիրակյանի արձակած գնդակը վերջ է տալիս Ազմիի, իսկ Երկանյանինը՝ Շաքիրի կյանքին։

Հետագայում Հրաչը պատմել է, որ այդ նույն պահին Էքմելի հետ կրկին գիշերային խնջույքների մեջ էին։ Առավոտյան ժամը 6-ին, երբ նոր էր քուն մտել, արթնանում է մտերիմ «ընկերոջ» զանգից. «Թալէաթը սպաննողները վերջապէս կերան նաեւ հօրս գլուխը...»: Մեհմեդ Ալին «պապա»-յի տան մեջ «տան տղա» էր։ Զսպում է ներքին ուրախությունն ու շտապում «ողբալու», քանի որ ինքն էլ է «հայր կորցրել»։
Շաքիրի ու Ազմիի կանայք նրանց մարմինների մոտ Շաքիրի ու Ազմիի կանայք նրանց մարմինների մոտ


Այն ժամանակ, երբ Շիրակյանն ու Երկանյանը սպասում էին Բեռլինը լքելու հարմար առիթի, իսկ Նաթալին արդեն հեռացել էր, Փափազյանը պատրաստվում էր թաղման արարողակարգին՝ Էքմելի առաջարկով դառնալով նաեւ Ջեմալ Ազմիի դագաղը տանողներից մեկը։  

Արշավիր Շիրակյանը խոստովանել է, որ գործը միգուցե չկարողանային գլուխ բերել, եթե չլիներ Փափազյանը․ «... Պերլինի մէջ, Հրաչը, շատ նուրբ եւ անթերի կերպով կատարեց իր դերը եւ շատ օգտակար եղաւ մեզի․․․»:

Մեհմեդը կրկին դառնում է Հրաչ ու հաստատվում Սիրիայում

«Եւ շուտով կը հասնի օրը, որ Գերմանիայի սահմաններուն մէջ ձգած տաճիկ ձորձերը դէպի Վիէննա ու Պոլիս յարութիւն կառնէ հայ քրիստոնեան» (Շահան Նաթալի)։

Թե ինչպես է Փափազյանը դուրս եկել թուրքական շրջանակներից ու լքել Բեռլինը, հայտնի չէ։ Գիտենք միայն, որ դեպքից մի քանի օր անց նա ուղեւորվում է Վիենա, որտեղ հիվանդանոցում ենթարկվում է «թեթեւ գործողութեան մը»։ 1922-ի հուլիսի 1-ին Շիրակյանի հետ ուղեւորվում է Բուլղարիա։ Նրանք Արամ Երկանյանի եւ Արշակ Մուշեղյանի (Արշակը Բեռլինում պետք է մասնակցեր գործողությանը, սակայն կազմակերպիչների որոշմամբ նա չընդգրկվեց ու հեռացավ Գերմանիայից-խմբ․) հետ որոշ ժամանակ հանգստանում ու վերականգնվում են։ Դրանից հետո Հրաչ Փափազյանն ուղեւորվում է Կոստանդնուպոլիս։

«Կարծում եմ, որ առանց որեւէ բան ասելու մի երեկո ցտեսություն է ասել իր թուրք «ընկերներին» ու լքել Գերմանիան։ Չգիտենք՝ նա որպես Մեհմեդ Ալի է հեռացել երկրից, թե՞ արդեն այլ փաստաթղթերով է մուտք գործել Թուրքիա։ Ամեն դեպքում, հետագայում հաստատվելով Սիրիայում` նա հանդես է եկել որպես Հրաչ Փափազյան»,-ասում է Պետո Դեմիրճյանը։

1922-ին Փափազյանը Պոլսից անցնում է Հունաստան, իսկ 1926-ից  հաստատվում Սիրիայում։ Նա ՀՅԴ բյուրոյի անդամ էր, 1932 եւ 1943 թվականներին Հալեպից ընտրվում է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր։

Նա մեծ աշխատանք է ծավալում հայկական համայնքի կյանքում, հիմնադրում է «Արեւելք» օրաթերթը, ներդրում ունենում Հալեպի Համազգային վարժարանի կյանքում, նպաստում Կարեն Եփփե ազգային ճեմարանի բացմանը։ Մտերմ էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Զարեհ Ա-ի, ինչպես նաեւ սիրիացի բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչների հետ։

«Փափազյանին առաջին անգամ տեսել եմ Հալեպի Հոմենեթմեն ակումբում։ Ես փոքր տղա էի, բայց բոլորն ասում էին, որ նա շատ կարեւոր անձնավորություն է։ Հետագայում արդեն շատ եմ հանդիպել իրենց տանը, ծխախոտն անընդհատ բերանին էր։ Հայրս՝ Հարություն Թաբակյանը, եւս պատգամավոր էր, բացի այդ Հալեպի Ազգային Առաջնորդարանի մեջ նրա խորհրդակիցներից էր։ Հորիցս եմ լսել, թե Փափազյանը որքան պարզ, սակավախոս, քաղաքական մեծ հասունություն ու դիվանագիտական բացառիկ ձիրք ունեցող անձ էր։ Նա միշտ մասնակցում էր ազգային միջոցառումներին, բայց մերժում էր առաջին շարքում նստելու առաջարկներից ու միշտ նախընտրում տեղ գտնել վերջին շարքում։ Չէր սիրում լինել ուշադրության կենտրոնում, ճառեր կարդալ, շատ համեստ մարդ էր»,- հիշում է դոկտոր Օհան Թապաքյանը։

Սիրիայում պետական գործիչների կողմից բարձր հարգանք ու ընդունելության արժանացող Փափազյանն իր դիվանագիտական նուրբ մոտեցումների շնորհիվ մեծագույն օգնություն է ցուցաբերում ցեղասպանության հետեւանքով Սիրիայում հաստատված հայերին։

Ի տարբերություն «Հատուկ գործ»-ի այլ անդամների, Փափազյանն այդպես էլ չի լքում Միջին Արեւելքը։ Չնայած հստակ պարզ չէ, թե ինչու, սակայն փորձենք բացահայտել նրա գաղտնի կյանքի եւս մեկ կարեւոր պահ։

Օգնություն քրդերի ապստամբությանն՝ ընդդեմ թուրքերի

1926-30 թվականներին քրդերը պայքարում էին անկախության համար, իսկ շարժումն առաջնորդում էր ազգային կուսակցությունը՝ «Խոյբուն»-ը։ Քեմալական Թուրքիայի դեմ տեղի ունեցող ապստամբությունում հայերի ու քրդերի շահերը համընկնում էին, եւ քուրդ գործիչները կապեր են հաստատում ՀՅԴ-ի հետ:

Կարճ ժամանակ անց «Խոյբուն»-ը սկսում է ծավալվել Սիրիայի Ջազիրա շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանին։ 1927-1930 թվականներին «Խոյբուն»-ի առաջնորդ Ջելադեթ Ալի Բեդիրխանը, ՀՅԴ պատվիրակ Վահան Փափազյանը եւ Հալեպում հայկական կուսակցության ներկայացուցիչ Հրաչ Փափազյանը հաճախ են լինում Ջազիրայում՝ կազմակերպելով կարեւոր հանդիպումներ։

Որոշվում է խմբեր ուղարկել Արարատյան շրջան՝ մարտական գործողություններում աջակցելու քրդերին։ Մեկնողների թվում ներառված էին նաեւ 30 հայ, որոնց սակայն սահմանն անցնել չի հաջողվում։ Այս դեպքից հետո Սիրիայի մանդատին տիրող Ֆրանսիան արգելում է մի շարք քուրդ եւ հայ առաջնորդների, այդ թվում Հրաչ Փափազյանի մուտքը Եփրատից արեւելք ընկած տարածքներ։

 
«Հատուկ ֆոնդ»-ի ղեկավար Ահարոն Սաչակլյանի արխիվներում 1926-ին թվագրված նամակը, որտեղ նա ԱՄՆ-ի զենքի ընկերություններից մեկի տնօրենի հետ բանակցում է զենք գնելու եւ Լեւանտի շրջան փոխադրելու մասին, կարելի է ենթադրել, որ կապ է ունեցել Թուրքիայի դեմ աճող շարժմանն աջակցելու հարցում։ Ինչպես տեսնում ենք Փափազյանն ակտիվ ներգրավված էր հակաթուրքական այդ շարժման մեջ։

«Փափազյանն իր պայքարը թուրքերի դեմ երեւի դեռ ավարտած չէր համարում։ Նա մասնակցություն ունեցավ քրդերի հեղափոխության մեջ, ՀՅԴ-ում նրան վստահեցին այս դերը միգուցե նաեւ այն պատճառով, որ հիանալի գիտեր մուսուլմանական նիստ ու կացը, լավ դիվանագետ էր ու բանակցող»,-նշում է Դեմիրճյանը։

Գործին նվիրված գաղտնապահ ու սակավախոս Փափազյանը

Փափազյանն ամուսանցել է մեծ տարիքում, որդեգրել Այնճարցի մի հայ ընտանիքի զավակի՝ Վարդգեսին, որի հետ Օհան Թապաքյանը սովորել է Հալեպի Հայկազյան վարժարանում։

«Ես չգիտեի, որ Վարդգեսը որդեգիր է, որովհետեւ շատ սիրված զավակ էր։ Ամառները նրան Փափազյանը թույլ էր տալիս մի քանի շաբաթով մեկնել Այնճար իր բուն ծնողների մոտ։ Վարդգեսն ուսումը շարունակեց Հալեպի Ազգային Կարեն Եփփե ճեմարանում, իսկ ես՝ Ֆրանսիական լիցեյում։ Հաճախ էի իրենց տուն գնում, որը Հալեպի Բաբ ալ Ֆարաջ  հրապարակի մոտ էր։
Վարդգես Փափազյանը (ձախից), Օհան Թապաքյանը (աջից) Վարդգես Փափազյանը (ձախից), Օհան Թապաքյանը (աջից)


Երբ ընդունվեցի Բեյրութի Բժշկական համալսարան, ապա տեղափոխվեցի Մոնրեալ, մեր կապը կտրվեց։ Մոտ 1975-ին Վարդգեսը եկավ Մոնրեալ ու մենք կրկին սկսեցինք ընկերություն անել։ Նա գրական ձիրք ուներ ու «Հորիզոն»-ում լավ հոդվածներ էր գրում։ Ամուսնացել էր Թագուհի Մալոյանի հետ եւ երկու զավակ ունեցել։ Ցավոք, մոտ 10 տարի առաջ Վարդգեսը հրաժեշտ տվեց կյանքին»,-պատմում է դոկտոր Թապաքյանը։

1957-ին Հրաչ Փափազյանը տեղափոխվում է Բեյրութ, երբ արդեն տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Թապաքյանը հիշում է, որ Սիրիայում Հաֆեզ ալ Ասադի իշխանության գալուց հետո սկսվել էին հետապնդումներ ազգային գործիչների նկատմամբ։ Այդ տարիներին ձերբակալվեցին նաեւ բազմաթիվ հայեր, շատերը հեռացան երկրից։ Մեկնողների մեջ էր նաեւ Փափազյանը, որը, մնալու պարագայում, հետապնդվելու էր ու մեծ հավանականությամբ հայտնվեր բանտում։

Կյանքի վերջին տարիները նա նույն հայապահպան գործունեությունը ծավալում էր Լիբանանում։ 1920-ին Փափազյանն ու Թեհլիրյանն ուղեւորվել էին դեպի Բեռլին, իսկ 1960-ին մեկը մյուսի հետեւից բռնեցին հավիտենականության ճամփան:
Հրաչ Փափազյանը Հրաչ Փափազյանը


Փափազյանը վախճանվում է օգոստոսի 16-ին։ Բեյրութում հայկական համայնքը կազմակերպում է ազգային հուղարկավորություն, մահախոսականը կարդում է Զավեն Ա-ն, Փափազյանի մարմինն ամփոփվում է Լիբանանի Ֆըրն Շըբբաքի ազգային գերեզմանատանը։

Մեր հոդվածն ավարտենք լրագրող ու նրա մտերիմ Զավեն Սապունճյանի խոսքով․

«Շրջահայեաց էր, գաղտնապահ, սակաւախօս եւ համեստ: Այլեւ վճռական, փորձառու եւ իրատես: Չէր գիտեր յոգնիլ ու յուսահատիլ: Չէր սիրեր երեւիլ կամ գովեստ ու գնահատանք լսել իր անձին մասին: Խօսքերը արժէք չունէին իրեն համար: Կարեւորը, ամէն բանէ առաջ, գործն էր եւ գործի վերածուելիք մտածումները կամ կարծիքի փոփոխականութիւնները»:

Գոհար Նալբանդյան

Լուսանկարները տրամադրել են Պետո Դեմիրճյանը, Օհան Թապաքյանը ու ՀՅԴ թանգարան-հիմնադրամը։

Հոդվածում մեջբերումներ են արվել Զավեն Սապունճյանի «Հրաչ Փափազեան Յեղափոխական եւ ազգային մեծ գործիչ», Ժակ Դեռոժիի «Opération Némésis», Շահան Նաթալիի «Գիրք մատուցման եւ հատուցման, Յաւելուած», Արշավիր Շիրակյանի «Կտակն էր նահատակներուն», Սողոմոն Թեհլիրյանի «Վերհիշումներ», Արամ Երկանյանի «Գիրք մատուցման եւ հատուցման, Այսպէս սպաննեցինք», Միսաք Թորլաքյանի «Օրերուս հետ», Վահե Թաշճյանի «Սուրիական Ճեզիրէն եւ հայերը 1920ականներուն. ֆրանսական հոգատարութեան գաղութատիրական դրուագ մը» եւ Արամ Սայիյանի «Արարատի 1926-1930 թթ․ ապստամբությունը» գրքերից։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին