«Վրեժի ֆոնդ»-ի գաղտնի ղեկավար Ահարոն Սաչակլյանը. «Կարող էի ավելին անել» - Mediamax.am

exclusive
4513 դիտում

«Վրեժի ֆոնդ»-ի գաղտնի ղեկավար Ահարոն Սաչակլյանը. «Կարող էի ավելին անել»


Ահարոն Սաչակլյանը երկրորդ շարքում աջից երկրորդն է
Ահարոն Սաչակլյանը երկրորդ շարքում աջից երկրորդն է

Լուսանկարը` Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի արխիվից

Մեջտեղում Արմեն Գարոն, ձախից՝ Վաղարշ Բարսեղյանը, աջից՝ Ահարոն Սաչակլյանը, կանգնած՝ Զավեն Նալբանդյանը
Մեջտեղում Արմեն Գարոն, ձախից՝ Վաղարշ Բարսեղյանը, աջից՝ Ահարոն Սաչակլյանը, կանգնած՝ Զավեն Նալբանդյանը

Լուսանկարը` Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի արխիվից

Ահարոն Սաչակլյանը վերեւի աջից առաջինն է
Ահարոն Սաչակլյանը վերեւի աջից առաջինն է

Լուսանկարը` Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի արխիվից

Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդին
Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդին
Դրոն եւ Ահարոն Սաչակլյանը
Դրոն եւ Ահարոն Սաչակլյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Սաչակլյանը կնոջ և երեխաների հետ
Սաչակլյանը կնոջ և երեխաների հետ

Լուսանկարը` ՝«Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis» գրքից

Սաչակլյանն ու Սեպուհը
Սաչակլյանն ու Սեպուհը

Լուսանկարը` ՝«Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis» գրքից

Լուսանկարը` Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի արխիվից


«Հատուկ գործ»-ի փաստացի ղեկավարները երեքն էին՝ Արմեն Գարո, Շահան Նաթալի եւ Ահարոն Սաչակլյան: Այս երրորդ կարեւոր դեմքի «Նեմեսիս»-ի անդամ լինելու մասին հայտնի է դարձել միայն 1990-ին, նրա մահից տարիներ անց:

 

«Հատուկ գործ» շարքի այս հոդվածի համար զրուցել ենք Սաչակլյանի թոռ՝ Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի հետ: Պրոֆեսոր Մեսրոբյան-ՄաքՔարդին Իթաքայի քոլեջի գրական բաժնի ղեկավարն է, Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարանի անգլերենի բաժնի հրավիրված պրոֆեսոր է եւ Մասաչուսեթսի համալսարանի միջդիսցիպլինար ուսումնասիրությունների ինստիտուտի խորհրդի անդամ:

Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդին Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդին

 

Նա մի շարք ուսումնասիրությունների եւ գրքերի, այդ թվում «Սրբազան արդարադատություն. Հայկական «Նեմեսիս» գործողության ձայներն ու ժառանգությունը» գրքի հեղինակն է: Այժմ աշխատում է գրքի երկրորդ՝ լրամշակված հրատարակության վրա, որ լույս կտեսնի Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի կողմից:  

 

Հրապարակել ճշմարտությունը հանուն հայության

 

Ահարոն Սաչակլյանի արխիվները նրա հարազատները գտել են 1990-ին կնոջ՝ Էլիզայի մահից հետո: «Նեմեսիս»-ին վերաբերող տարբեր փաստաթղթերով, նամակներով ու նկարներով լի այդ գործն անչափ հուզել է նրա երեխաներին ու թոռներին:

 

«Սկզբում ցնցված էի, հետո հմայված, ապա հպարտորեն ինքս ինձ ասացի․այո, վերջապես ես գիտեմ, ով էր նա իրականում: Պապս մեծ ռիսկի էր դիմել ներգրավվելով «Նեմեսիս»-ի մեջ, վտանգելով իր եւ իր ընտանիքի կյանքը:

 

Այս գործը մայրիկիս ու ինձ միմյանց այնպես կապեց, ինչպես ոչ մի ուրիշ բան։ Նա երկմտում էր արխիվը հրապարակելու շուրջ. մտածում էր, որ հայրն ամենայն հավանականությամբ չէր ուզի դա անել, բայց նաեւ գիտեր, որ ինձ համար ճշմարտությունն ամեն ինչից վեր է։ Կարծում եմ, որ այս պատմությունը պետք է հրապարակվեր հանուն մեր ժողովրդի եւ հանուն նրանց, ում կոտորել էին: Այն ցույց է տալիս աշխարհին, որ երբ իշխանությունները արդարադատություն չեն իրականացնում, զոհերն են դա անում եւ ապացուցում, որ չարի հաղթանակն անթույլատրելի է»,-պատմում է Մեսրոբյան-ՄաքՔարդին:

 

Մալաթիայից դեպի ԱՄՆ

 

Ահարոն Սաչակլյանը ծնվել է Մալաթիայում 1879-ի սեպտեմբերի 9-ին: 3 տարեկան էր, երբ մահացավ հայրը՝ Օսմանյան կայսրությունում հայտնի ճարտարապետ Հարություն Սաչակլյանը: Մեծ եղբայրը մեկնել էր ԱՄՆ, որին 16 տարեկանում հետեւել էր Ահարոնը՝ հայրենիքում թողնելով մորն ու կրտսեր եղբորը:

 

ԱՄՆ մեկնելու ճանապարհին նա Մարսելում հանդիպում է Արմենական կուսակցության հիմնադիր, պրոֆեսոր Մկրտիչ Փորթուգալյանին: Վերջինս նրան ասում է.

 

«Տեսնում եմ, որ պայծառ ապագա ես ունենալու, որովհետեւ դու բարեկիրթ ես ու խելացի: Տղա՛ս, անպայման կրթություն կստանաս: Այդ երկրներն անմիջապես ձուլում են օտարներին, թույլ չտաս, որ քեզ հետ էլ դա պատահի: Երբեք չմոռանաս ազգությունդ ու կրոնդ: Գնա, Աստված քեզ հետ: Կրկնում եմ, չմոռանաս քո լեզուն»:

 

Տարիներ անց Ահարոնը խոստովանել է, որ երբեք չի մոռացել այս խորհուրդը:

Լուսանկարը` Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի արխիվից

ԱՄՆ-ում նա տեղավորվում է եղբոր մոտ՝ Հարթֆորդ, մի քանի ամսում սովորում է անգլերեն, ընդունվում Huntsinger’s Business Collage եւ դառնում հաշվապահ:

 

Ազգային գվարդիայում որպես հաշվապահ աշխատելու ժամանակ արժանանում է ղեկավար-սպայի ուշադրությանը եւ վերջինիս խորհրդով ընդունվում Չարլսթոնի ծովային ուժեր: Բոստոնում Ահարոնը հանդիպում է մի քանի հայ տղամարդկանց եւ 1902-ին այնտեղ ձեւավորում ՀՅԴ կոմիտեն: Որոշ ժամանակ անց որպես հաշվապահ մեկնում է Մանիլա, Ֆիլիպիններ:

 

Վերադարձ հայրենիք եւ ներդրում Մուսա լեռան ինքնապաշտպանությանը

 

Հեռավոր Արեւելքում որոշ ժամանակ ապրելուց հետո Սաչակլյանը վերադառնում է հայրենիք ու ճանապարհին կանգ առնում Բեյրութում, որտեղ պատահաբար հանդիպում է մի հայ վաճառականի, ու մինչ նրա խանութում էր, մի խումբ հայ ուսանողներ են մտնում։ Նրանք Մուսա լեռից, Քեսաբից ու հարակից շրջաններից էին: Տղաները Սաչակլյանին ասում են, որ հայրենիքի պաշտպանության համար զենքով լի ուղեբեռ են ստանալու ծովով: Սակայն բեռի պարունակությունը չպետք է բացահայտվի թուրք մաքսավորների կողմից: Քանի որ Սաչակլյանը ԱՄՆ-ի քաղաքացի էր, օգնում է երիտասարդներին առանց խոչընդոտների ստանալ բեռը՝ այն ներկայացնելով որպես անձնական գրքերով լի կապոց:

 

«Մայրիկս պատմում էր, որ հետագայում Սաչակլյանը մի տեսակ բավարարված էր զգում իրեն, որ գոնե ինչ-որ բանով կարողացել էր օգտակար լինել մուսալեռցիների պայքարին եւ նրանց մեծ մասի փրկությանը: Ահարոնը կնոջը պատմել է, որ ինքը մի քանի տարի կապ է պահել այդ ուսանող տղաներից մեկի՝ Անանիայի հետ»,-գրքում հիշել է տիկին Մարիանը:

 

Բեյրութում Սաչակլյանը հանդիպում է Միջին Արեւելքում ՀՅԴ-ի ղեկավար Արշակ Վռամյանին: Վերջինս նրան ծանոթացնում է Վահան Զաքարյանցի հետ, որը տարիներ անց դառնում է «Հատուկ գործ»-ի կարեւոր դեմքերից մեկը:

 

Վերջապես Սաչակլյանը մեկնում է մոր ու եղբոր մոտ: Այստեղ նա համոզվում է, որ պետք չէ հավատալ թուրքերի հռչակած Սահմանադրությանը: Զատկի տոներից հետո զենք հայթայթելու համար եղբոր հետ ուղեւորվում է Ալեքսանդրեթ ու Բեյրութ: Ճանապարհին իմանում են, որ սկսվել են Ադանայի կոտորածները:

 

Ալեքսանդրեթում այցելում է ԱՄՆ-ի հյուպատոսարան ու տեղյակ պահում, թե ինչ է տեղի ունենում հայերի հետ, նույնն անում է նաեւ Բեյրութում: Միջազգային ճնշումների շնորհիվ թուրքերը դադարեցնում են կոտորածները:

 

Ապա Ահարոնը ամուսնանում է Էլիզայի հետ ու կրկին մեկնում ԱՄՆ:

 

«Շատ եմ մտածել, թե ինչպես է Ահարոնը թաքցրել կնոջից «Նեմեսիս»-ի անդամ լինելու փաստը: Արդյո՞ք Էլիզան ինչ-որ բան գիտեր այդ ամենի մասին, չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ պապիկս Էլիզայից ավելի արժանի մեկին չէր կարող գտնել իր համար: Նա անկախ, ուժեղ, խելացի, վճռական եւ վստահելի կին էր»,- ավելացնում է Մարիանը:

 

ԱՄՆ-ում ՀՀ փոխհյուպատոսի գլխավոր թեկնածուն

 

1915-ին, երբ թուրքերը սկսում են Հայոց ցեղասպանությունը, Սաչակլյանը կրկին լծվում է հայրենակիցներին օգնության: Անընդհատ դիմում է ԱՄՆ-ի տարբեր կազմակերպություններին, Կարմիր Խաչին, բարձրաձայնում թուրքերի բարբարոսությունների մասին:

 

Սաչակլյանը «Հայրենիք»-ի գլխավոր անդամներից էր, այստեղ էլ կայանում է նրա ծանոթությունները բազմաթիվ հայերի հետ: 1919-ի վերջին ավարտում է աշխատանքը «Հայրենիք»-ում ու մեկնում Սիրակուզ՝ անցնելով մասնավոր աշխատանքի: Սակայն շարունակում է կապ պահել ընկերների հետ, որի արդյունքում էլ ի վերջո դառնում է «Հատուկ գործ»-ի ղեկավարներից մեկը:

 

Հայաստանի Հանրապետության անկախությունը հույսի եւ ոգեւորության զգացում է առաջացնում հայերի մոտ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն Սաչակլյանին առաջարկում է դառնալ փոխհյուպատոս, սակայն վերջինս մերժում է առաջարկը՝ իր ընտանիքի անվտանգությունից ելնելով:

 

«Նեմեսիս»-ին պետք էր Ահարոն Սաչակլյանի պես մեկը

 

«Նեմեսիս»-ի երեք առաջնորդները՝ Գարոն, Նաթալին եւ Սաչակլյանը, լավ կրթություն էին ստացել, տիրապետում էին մի քանի լեզուների եւ կարողանում էին ճիշտ վերլուծություններ կատարել: Նրանք ունեցել են նույն նպատակները եւ վստահում էին իրար:

 

«Փողը եւ ուղեղը գտնվում էին ԱՄՆ-ում, որը համեմատաբար ապահով վայր էր, ի տարբերություն Եվրոպայի, որտեղ թուրքերն ավելի հեշտ կթիրախավորեին ու կսպանեին «Հատուկ գործ»-ի ղեկավարներին»,- կարծում է Սաչակլյանի թոռնուհին:

Ահարոն Սաչակլյանը երկրորդ շարքում աջից երկրորդն է Ահարոն Սաչակլյանը երկրորդ շարքում աջից երկրորդն է

Լուսանկարը` Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի արխիվից

1919-ին «Հատուկ գործ»-ի մեկնարկից մոտ մեկ տարի անց Բոստոնում տեղի է ունենում ՀՅԴ ԱՄՆ Շրջանային ժողովը եւ որոշվում է ստեղծել ֆինանսական միջոցներն ապահովող «Հատուկ ֆոնդ»-ը, որին Շահան Նաթալին անվանում էր «վրեժի ֆոնդ»: Ղեկավար է կարգվում Սաչակլյանը: Նրան վստահվեց այս գործը, թերեւս, որովհետեւ տեսակով առաջնորդ էր, կարողանում էր մուտք գործել ֆինանսական շուկաներ ու լավ կրթություն ուներ:

 

Սաչակլյանը կազմակերպում էր դրամահավաքներ, եվրոպական երկրներում գտնվող գործակալներին ապահովում գումարով, պատասխանատու էր լոգիստիկայի եւ ողջ ֆինանսական հարցերի համար:

 

«Ահարոնն ինքն իրեն կատարյալ վերահսկող, կարգապահ ու խիստ անձնավորություն էր: Երբեք չեմ տեսել, որ նա կորցնի ինքնատիրապետումը։ ՀՅԴ-ին պետք էր լավ մտածող մեկը, ով երբեք թույլ չէր տա, որ զգացմունքներն իշխեն գործին: Բնականաբար, նա էլ զգացմունքներ ուներ, սիրում էր իր ընտանիքը, ընկերներին, իր ժողովրդին, բայց գիտեր, որ լիակատար վերահսկողությունը պետք է լիներ այդ նախագծի հաջողության գրավականը: Նրանք սխալվելու իրավունք չունեին»,-ասում է  Մեսրոբյան-ՄաքՔարդին:

 

Համազասպ Բարաղամյանը եւ Զավեն Նալբանդյանը

 

«Հատուկ ֆոնդ»-ում Սաչակլյանի օգնականները եղել են նրա ընկերներ Համազասպ (Համո) Բարաղամյանը, որը գործակալ էր աշխատում Նյու Յորքի ապահովագրական ընկերություններից մեկում, եւ քիմիկոս, պրոֆեսոր Զավեն Նալբանդյանը: Որպես վաճառքի մասնագետ, Բարաղամյանը շատ էր ճամփորդում, իսկ Նալբանդյանն աշխատում էր համալսարանում, ինչը նրան ավելի ազատ գործելու հնարավորություն էր տալիս:

Մեջտեղում Արմեն Գարոն, ձախից՝ Վաղարշ Բարսեղյանը, աջից՝ Ահարոն Սաչակլյանը, կանգնած՝ Զավեն Նալբանդյանը Մեջտեղում Արմեն Գարոն, ձախից՝ Վաղարշ Բարսեղյանը, աջից՝ Ահարոն Սաչակլյանը, կանգնած՝ Զավեն Նալբանդյանը

Լուսանկարը` Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի արխիվից

Նալբանդյանը հայտնի է Զարեւանդ կեղծանունով, Այնթապում նախնական կրթություն ստանալուց հետո մեկնել է ԱՄՆ, քիմիայի դասերի հաճախել Հարվարդի եւ Կոլումբիայի համալսարաններում: Նրա հայտնագործություններն օգտագործվել են ԱՄՆ-ի ռազմական ուժերում: Խորապես ուսումնասիրել է թուրքերի մտածելակերպը, գրել «Միացյալ եւ անկախ Թուրանիա» եւ «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ» աշխատությունները:

 

Բարաղամյանը դեռ վաղուց Թեհլիրյանի մտերիմ ընկերն էր ու նաեւ նա է երաշխավորել, որպեսզի երիտասարդ Սողոմոնը մեկնի ԱՄՆ ու ծանոթանա «Հատուկ գործ»-ի կազմակերպիչների հետ, ապա ստանձնի Թալեաթի մահապատժի գործը:

 

Նաթալին մեկնում է Եվրոպա. սկսվում է թուրքերի հետապնդումը

 

Սաչակլյանն ու Նաթալին շատ մտերիմ ընկերներ են եղել դեռևս մինչ նեմեսիսյան շրջանը: Նրանք հանդիպել են «Հայրենիք»-ում, որի գլխավոր խմբագիրը Նաթալին էր 1912-15-ին:

 

Նաթալին նույնիսկ Կենտրոնական կոմիտե այդքան շատ տեղեկատվություն չի տրամադրել, ինչքան Սաչակլյանին: Քանի որ վերջինս էր վերահսկում ֆինանսական հարցերը, Նաթալին մանրամասն նրան ներկայացրել է ծախսվող գումարների հաշվետվությունները:

 

Զավեն Նալբանդյանը գտնում էր, որ Նաթալին պետք է հաճախ արտահայտվի, քանի որ իր հայ գործընկերներն ընկալելու, հասկանալու պակաս ունեն:

Ահարոն Սաչակլյանը վերեւի աջից առաջինն է Ահարոն Սաչակլյանը վերեւի աջից առաջինն է

Լուսանկարը` Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի արխիվից

«Ինտելեկտի խորությունն այնքան է մեզ անհրաժեշտ այս կրիտիկական ժամանակներում, որ Նաթալին պետք է հաճախ արտահայտվի ու պատմի գործի մասին»,- Սաչակլյանին գրում է նա:

 

Նաթալին մեկնում է Եվրոպա ու մեծ թափով սկսում երիտթուրքերի առաջնորդների հետախուզումը:

 

Սաչակլյանի արխիվներում կան Նաթալիի գրած բազմաթիվ հետաքրքիր նամակներ: Նա պատմում է, թե ինչպես է կաշառում եվրոպական երկրների ոստիկաններին ու սահմանապահներին, ովքեր իրեն հայտնում են «Նեմեսիս»-ի ցուցակում տեղ գտած  թուրքերի տեղաշարժի մասին:  

 

Ժնեւում եղած ժամանակ նա շատ ազատ է գործել, իսկ Բեռլինում՝ ոչ,  որովհետեւ Գերմանիան Թուրքիայի նախկին դաշնակիցն էր ու հետապնդվելու մեծ վտանգ կար.

 

«Պետք է ներգրավենք շատ պատասխանատու մարդկանց, որպեսզի գործը վերջնականապես կարողանանք ի կատար ածել: Համաձայն այն տեղեկատվության, որ մեր ծպտյալ ոստիկանը տրամադրել է մեզ (այստեղ վարձել ենք մի ոստիկանի, որը ամեն օր տեղեկություն է տալիս մեզ հետաքրքրող թուրքերի մասին), Թալեաթը, Բեահեդդին Շաքիրը, դոկտոր Նազըմը, Ջեմալ Ազմին, Պետրին գտնվում են Բեռլինում: Սրանք ամենամեծ հանցագործներն են»:

 

1920-ին Նաթալին մեկնում է Բեռլին, կարճ ժամանակ անց նրան միանում է Սողոմոն Թեհլիրյանը:

 

Թալեաթի մահապատժի կազմակերպումը

 

Սաչակլյանի արխիվներում պահպանվել են Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բոլոր փաստաթղթերը՝ գործի կազմակերպումից, դատավարությունից մինչեւ ֆինանսական բոլոր տվյալներ:

 

Թեհլիրյանի ձերբակալվելուց հետո «Հատուկ գործ»-ի նրա ծպտյալ թիմակիցներն անցնում են գործի: Վարձում են Գերմանիայի ամենահայտնի պաշտպաններին, հատուկ դերակատարում է ունենում Յոհանես Լեփսիուսը, կատարվում է դիվանագիտական լուրջ աշխատանք:  

 

1921-ի մարտի 19-ին Նաթալին ԱՄՆ իր ընկերներին գրում է Թեհլիրյանի դատավարության ու հնարավոր արդյունքի մասին, նշում, որ Թալեաթի սպանությունը «արդարության սրբազան գործ» էր: Նա հայ համայնքին կոչ էր անում Բեռլինը ողողել հեռագրերով ու հայտնել, որ «Գերմանիան հնարավորություն ունի ցույց տալու, որ ինքը չի կարող մերժել այն փաստը, որ 1 միլիոն անմեղ զոհերի արյուն է հեղվել եւ Թեհլիրյանի արարքն այդ անմեղ զոհերի վրեժն է»:   

 

Ահարոն Սաչակլյանը նաեւ ԱՄՆ-ի Պետքարտուղարությանն է դիմում եւ խնդրում օգնել Թեհլիրյանի ազատ արձակմանը:

 

«Սիրակուզի հայ բնակիչները, որոնցից շատերը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, բոլորը տառապել ու կորցրել են հարազատներին կոտորածների ու գաղթի պատճառով, որը կազմակերպել է թուրքական պետության այն ժամանակվա ղեկավար Թալեաթը: Այդ քաղաքացիները ապրիլի 10-ին ցույց են արել ու խնդրում են, որ օգտագործեք ձեր բարձր դիրքը եւ ազատ արձակեք երիտասարդ ուսանող Սողոմոն Թեհլիրյանին, որը այժմ գտնվում է Բեռլինի բանտում թուրք Թալեաթին սպանելու մեղադրանքով»:

 

Մեկ նամակ էլ ուղարկում է Գերմանիայի արդարադատության նախարարին.

 

«Գերմանիան եղել է Թուրքիայի դաշնակիցը եւ կազմակերպել այդ ոճիրը: Թեհլիրյանին ազատ արձակվելով՝ աշխարհը կհասկանա, որ ներկայիս Գերմանիան նախորդի շարունակողը չէ եւ նրա արդարացումով՝ իր վրայից կմաքրի այն մեղքը, որ ինքը ժամանակին հովանավորում էր Թալեաթին»:

 

Սաչակլյանի թոռնուհին հնարավոր է համարում, որ նաեւ այս փաստն է ազդեցություն թողել գերմանացիների վրա, որ նրանք ավելի մեծ մեղադրական հայցերով չեն ներկայացել Թեհլիրյանի դեմ:

 

Կանգ առնել հաղթանակած

 

Թալեաթի մահապատժից հետո «Հատուկ գործ»-ը շարունակում է երիտթուրքերի պատժիչ գործողությունները: Թիֆլիսում, Պոլսում եւ եվրոպական քաղաքներում հայ մարտիկները վերացնում են ցեղասպանության կազմակերպիչներին:

 

«Նեմեսիս»-ի գործողությունը մարեց 1922-ի վերջին, ճիշտ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն գլխամասը Պոլսից տեղափոխեց Բուխարեստ: Սաչակլյանի արխիվներից, սակայն, պարզ է դառնում, որ մինչ նախագիծը գտնվում էր դադարի փուլում, ֆոնդերը շարունակում էին փող փոխանցել Նաթալուն ու ասել «պատրաստ մնա»: Սաչակլյանն էլ 1926-ին զենքի գնման ու բեռնափոխադրման հայտ է ներկայացրել, որի մասին իմանում ենք օգոստոսի 9-ին Ֆ. Ս. Նիկոլասից ստացած նամակից, ով ԱՄՆ-ում զենքի ընկերության փոխտնօրեն էր եւ գրում էր, թե «ներկայումս մենք ոչ մի խնդիր կամ սահմանափակում չունենք ու կարող ենք զենք ուղարկել Լեւանտի շրջան»: Պարզ չէ սակայն, թե Սաչակլյանի մտքին ինչ է եղել:

Սաչակլյանն ու Սեպուհը Սաչակլյանն ու Սեպուհը

Լուսանկարը` ՝«Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis» գրքից

1929-ին ՀՅԴ-ի 11-րդ կոնգրեսի ժամանակ Նաթալուն հեռացնում են ղեկավար պաշտոնից եւ ավարտում են «Նեմեսիս» գործողությանը: Այդ ժամանակ Արմեն Գարոն արդեն մահացել էր:

 

«Նաթալին ցանկանում էր շարունակել պատժիչ գործողությունները, իսկ ՀՅԴ ղեկավարությունը դեմ էր դրան: Համոզված եմ, որ Ահարոնի համար շատ ծանր էր այս փաստը, քանի որ Նաթալիի հետ մտերիմ ընկերներ էին ու միասին էին աշխատել, բայց գործողությունը շարունակվելու դեպքում հայերը կդիտվեին որպես ահաբեկիչներ եւ ոչ թե արդարությունը վերականգնողներ: Շահանին գրած Ահարոնի նամակից տեսնում ենք, որ նա համաձայն էր ՀՅԴ-ի որոշման հետ: Ավելի լավ էր կանգ առնել հաղթանակած, քան վտանգի տակ դնել Եվրոպական բոլոր երկրների հետ հարաբերությունները»,-նշում է տիկին Մարիանը:

 

«Ես կարող էի ավելին անել»

 

Ահարոն Սաչակլյանը հավատարիմ մնաց Մկրտիչ Փորթուգալյանի խորհրդին. նա երբեք չմոռացավ իր ինքնությունը, բոլոր հնարավոր միջոցներով օգնեց հայրենակիցներին, մասնակցեց տարբեր հայկական օջախների հիմնադրմանը: Նա համոզված էր, որ կոմունիզմը վաղ թե ուշ ավարտվելու է, իսկ Հայաստանը ձեռք է բերելու անկախություն:

Դրոն եւ Ահարոն Սաչակլյանը Դրոն եւ Ահարոն Սաչակլյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

«Երբ ես ծնվել եմ, Ահարոնն արդեն ծեր էր եւ չէր կարող ճանապարհորդել: Հայաստանի մասին շատ քիչ է պատմել: Կարծում եմ, գիտեր, որ շատ հարցեր էի տալու, որոնց, հաշվի առնելով նախկինում իր ծավալած գործունեությունը, չէր ցանկանա պատասխանել»,-շարունակում է Մեսրոբյան-ՄաքՔարդին:

 

Ահարոն Սաչակլյանն ունեցել է երեք երեխա՝ Ստելլան, Հարին եւ Արփենան (Մարիանի մայրը), 5 թոռ: Նրա սերունդներն այսօր ապրում են ԱՄՆ-ում:

Սաչակլյանը կնոջ և երեխաների հետ Սաչակլյանը կնոջ և երեխաների հետ

Լուսանկարը` ՝«Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis» գրքից

Ահարոն Սաչակլյանը մահացել է 1964-ի օգոստոսի 5-ին, 84 տարեկան հասակում: Մահից առաջ կնոջն ասած վերջին խոսքը եղել է «Ես կարող էի ավելին անել»:

 

Գոհար Նալբանդյան

 

Հոդվածում մեջբերումներ կան Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի «Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis» գրքից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին