Իրիքնակը տյուս ա եկալ,
Տանըս յերա լյուս ա եկալ…
Երբ արցախցիներին խնդրում ես մի երգ երգել, առաջինը սա են հիշում։ Արցախյան այս հորովելը երգել են տղամարդիկ՝ աշխատանքի ժամանակ, բայց հատկապես բռնի տեղահանվելուց հետո արցախցիների համար այն դարձել է հիշողության ու կարոտի երգ:
Նաիրա Մուղդուսյանը վերջին ամիսներին արցախյան շատ երգեր է լսել, հիմնականում՝ անծանոթ, բայց չի եղել մի արցախցի, որ «Իրիքնակը» չերգի։ Արցախյան երգերը հավաքելու ու պահպանելու գործը Նաիրան սկսել է արխիվային աղբյուրների փնտրտուքից, երբ գրեթե ոչինչ չի գտել, հասկացել է՝ դրանք հիմնականում տարեց արցախցիների հիշողության մեջ են։ Որոնումերը նրան հասցրել են Հայաստանի տարբեր հատվածներում ապրող 22 արցախցու տուն, որտեղ տատիկներն ու պապիկները համաձայնել են երգել իրենց հարազատ երգեր։
«Նաիրյան վոկալ անսամբլի» գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է արցախյան երգերի հավաքագրման, նոտագրման ու դրանց մտածողության մասին։
Պատերազմի օրերից՝ դեպի արցախյան երգերի որոնում
Արդեն տասը տարի է, ինչ «Նաիրյանը» ներկայացնում է հայկական երգեր, ու զարմանալի է՝ արցախյան քիչ երգեր են մեզ ծանոթ։ Այստեղ քիչ են երգվել արցախյան երգերը, մենք քիչ ենք այս երգերն ուսումնասիրել, հնարավորություն չի եղել։ Արցախի երգերի մասին սկսել ենք մտածել 44-օրյա պատերազմի օրերին։ Այդ ժամանակ մեր ամուսինները, եղբայրներն ու մյուս հարազատներից շատերը ճակատում էին, եւ մեզ խնդրում էին երգել՝ իրենց ուժ տալու համար։ Հավաքվում էինք փորձերի, բայց չէինք կարողանում երգել՝ հուզական ծանր վիճակում էիք։ Ինքներս մեզ ու մյուսներին ոգեւորելու համար սկսեցինք արցախյան երգերն ուսումնասիրել ու երգել։ 2023 թվականի շրջափակման օրերին էլի նույն ծանր ապրումներն ունեինք։
Շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների համար որոշեցինք ներկայացնել Արցախի հորովելը։ Բազմաձայնեցինք ու սիրողական հոլովակ նկարեցինք։ Այդ նյութը ոչ միայն նրանց, այլ նաեւ թուրքական լսարանի ուշադրության կենտրոնում հայտնվեց, եղան սպառնալիքներ, էջերի արգելափակումներ։
Նաիրա ՄուղդուսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ամիսներ առաջ Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամը մի դրամաշնորհ հայտարարեց՝ նվիրված Արցախի երաժշտական ժառանգության պահպանմանը։ Մասնակցեցինք ու 15 երգ ձայնագրելու եւ մեկը նաեւ տեսահոլովակով ներկայացնելու հնարավորություն ստացանք։ Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ էր գտնել այդ երգերը, ձայնագրել, նոտագրել ու բազմաձայնել։
Փորձեցի արխիվներում, գրավոր աղբյուրներում, նոտագրված փնտրել, գրեթե ոչինչ չկար։ Հասկացա, որ ինձ միայն մարդիկ կարող են օգնել։ Սկսեցի փնտրել արցախցիների, որոնք երգերը կերգեն իրենց հիշած ձեւով։
Հորովելը՝ բոլորի մտքում
Արցախյան 22 ընտանիքում եմ եղել, տարբեր երգեր լսել, միակը, որ բոլորն անխտիր գիտեին, հորովելն է։ Երգը համարվել է տղամարդկանց աշխատանքային երգ, բայց, քանի որ այն արդեն երգելու հատուկ ժամանակ ու սեռ չունի, քառաձայնել ենք կանանց կազմով։
Լուսանկարը` «Նաիրյան վոկալ անսամբլը»
Քանի որ միայն մեկ հոլովակ նկարելու հնարավորություն ունեինք՝ ընտրեցինք հորովելը, որովհետեւ այն արցախցու համար կարեւոր արժեք է։ Մի մասը Երերույքի խոնարհված վանքում ենք նկարել՝ հայ-թուրքական սահմանին մոտ։
Խորհրդանշական էր, որ նկարահանման օրն այդ վանքում պատարագ էր տեղի ունենում։ Հորովելի վերջին հատվածը նաեւ ժեստերի լեզվով ենք թարգմանել, սա էլ Արցախի երգերի դեպքում առաջին անգամ է։
«Խնեցուն»՝ տարբերվող մտածողության օրինակ
Արցախցիների հետ զրույցների ընթացքում պահում եմ այն ամենը, ինչ երգում են, երգերը չեմ դիտարկում սխալ կամ ճիշտ լինելու տեսանկյունից։ Մեղեդիները չեմ փոխում, միայն բազմաձայնում ենք։ Ցավոք, միայն 15 երգ ձայնագրելու հնարավորություն ունենք, բայց երգերն այնքան շատ են ու գեղեցիկ, որ դժվար է հասկանալ՝ որ 15-ը առանձնացնենք։
Ձայնագրելիս մի սկզբունքով ենք առաջնորդվում՝ եթե օրինակ 22-ից 7-ը որեւէ երգ գիտի, պետք է ներառել։
Նաիրա ՄուղդուսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Կան երգեր, օրինակ «Խնեցուն», որոնք արցախցիներն այլ կերպ են զգում։ Ինձ համար այդ երգը շատ դրամատիկ է իր խոսքերով ու պատմությամբ։ Երբ երգը տարածվեց, արձագանքներ եղան, թե շատ տխուր ենք երգում, բայց ես այդ երգի մեջ ուրախություն չեմ զգում։
Այն մի կնոջ մասին է, ով պարտքեր ունի, ծանր է ապրում, խնոցին հարում է, ստացած յուղը տալիս է պարտքերի դիմաց, թանով էլ տունն է պահում։ Տանը կով ունի, եւ ասում է՝ «Մեր ապրուստը մին կով ա, Մին էլ տեսեր կյուղացեն (գողացան -խմբ․)»։
Սա նշանակում է, որ կենցաղում այդպիսի խնդիրներ շատ են եղել։ Կենցաղային բնույթի երգ է, բայց հաճախ այն կատարում են ուրախ, երեխաների համար, նրանց ճոճելով։ Հավանաբար, ուզում են իրենց անհանգստություններով կիսվել, բայց չեն էլ ուզում, որ երեխաները հասկանան այդ դառնությունը։ Միեւնույն ժամանակ, երգում հույս կա, որ «գարունը կգա, գործը կշատանա, թոռը (անձրեւ -խմբ․) կգա, կյանքը կշարունակվի»։
Բարբառի, նոտագրության եւ մշակման դժվարությունները
Հրապարակված երգերից մեկն էլ «Ղարաբաղցի/Արցախցի աղջկա երգն» է։ Եվ այս, եւ հորովելի հարցում տարբեր կարծիքներ են եղել վերնագրի Արցախ/Ղարաբաղ տարբերակի շուրջ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ երկու անվանումն էլ նույն տարածքի մասին է, բայց զգացողությունները տարբեր են։
Ղարաբաղցի աղջկա երգը գրեթե չլսված էր։ Այն ինձ փոխանցել է արցախցի Մարատ Հարությունյանը, նա էլ տարիներ առաջ Արախի տուն-ինտերնատում է ձայնագրել, մի տարեց պապիկ է երգել նրա համար։ Երգերի որոնման հարցում մեզ օգնել է նաեւ Արցախի «Այաների» խումբը։
Նաիրա ՄուղդուսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ցավով եմ ասում, բայց արցախցիների ավագ սերունդը գնում է, մեծերը հեռանում են (մահանում-խմբ․) ու երգերը տանում իրենց հետ։ Բոլոր զրուցակիցներիս ձայնագրում եմ, գուցե որեւէ արխիվում, որեւէ ժամանակահատվում այս ձայնագրություններն էլ պետք կգան։
Լուսանկարը` «Նաիրյան վոկալ անսամբլ»
Արցախի բարբառը հետաքրքիր է, բայց նաեւ իր դժվարությունն ունի։ Այս հարցում արցախցի Լառա Սարգսյանն է օգնում։ Բարբառակիր չենք ու ժամերով ամեն բառի վրա աշխատում ենք, դժվար ենք հասկանում, մտապահում։ Բայց սա էլ զարգանալու հնարավորություն է տալիս, ավելի շատ սիրելու մեր մշակույթը, որովհետեւ երաժշտական ուղղվածության լրիվ ուրիշ մտածողության երգեր ենք հանդիպում։
«Մենք իրար ամոքելու համար ենք»
Երբ գնում եմ արցախցիների հետ զրուցելու, տարեցները հավատում են, որ իրենց երգը կարեւոր է եւ պետք է փոխանցվի։ Հավատում են նաեւ, որ միասին կարեւոր գործ ենք անում, որ ես էլ այդ երգերի կրողն եմ դառնում։ Հանդիպումներին զրուցում ենք, ամեն մեկն Արցախում թողած իր տունն է հիշում, իր կյանքը։ Ես էլ ծանր ապրումներ ունեմ, սիրտս լիքն է։ Թվում է՝ գնացել եմ երգ հավաքելու, բայց իրականում հանդիպում ենք՝ միմյանց ամոքելու համար։
Նաիրա ՄուղդուսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Առաջին երգերը հրապարակելուց հետո արցախցիները շատ երգեր են ուղարկում։ Եթե կան մարդիկ, ովքեր ուզում են իրենց իմացած երգերը փոխանցել, մենք պատրաստ ենք լսել։ Թող 15-ը չլինի, 25-ը լինի։ Ոմանց երգերը կարելի է ներառել, թեկուզ առանց ստուդիայում ձայնագրվելու։ Թեպետ ձայնագրելու հնարավորությունն ուսումնասիրությունների համար մեծ մոտիվացիա է, որովհետեւ եթե պետք է ձայնագրել, ուրեմն պետք է ավելի դասական մոտեցում, ավելի մեծ ուսումնասիրություն, ավելի լավ բազմաձայնում։
Արցախյան երգերը միայն մեզ համար չեն նոտագրվում ու արխիվացվում, ցանկացած երաժիշտ կարող է օգտվել։ Այդ երգերը նաեւ մեր համերգային ծրագրերում ենք ներառում, մայիսին կներկայացնենք որպես մեկ ամբողջական համերգային ծրագիր։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի















