Արմատը, կինը եւ Արցախը - Mediamax.am

Հունվար 29, 2026
exclusive
119 դիտում

Արմատը, կինը եւ Արցախը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


2021-ի ամռանը Արցախ հերթական, պատերազմից հետո չորրորդ կամ հինգերորդ այցիս ժամանակ որոշել էի անպայման նյութ պատրաստել Մարաղայի ջարդերի մասին։ Որոշումն այնքան հանկարծակի էր, որ Ստեփանակերտի ավտոկայանից Մարտակերտի վերջին ավտոբուսի վերջին տեղն այդ օրը ինձ բաժին հասավ, եւ ես ինձնից գոհ դեպի Արցախի հյուսիս շարժվեցի երկար, շուրջ երկու ժամ ձգվող ճանապարհով։ Իրավիճակն այդպիսին էր Աղդամի հանձնումից ի վեր, Ասկերանից դուրս եկող ճանապարհի վերջում կանգնած տանկն այլեւս հուշում էր այն մասին, որ առաջ գնալ ու նախկինի պես կես ժամում Մարտակերտ հասնել չենք կարող։ 

Երկար ու ոլորապտույտ, անտառներով «փաթաթված» ճանապարհն այսպիսով եւ տխուր էր եւ շատ գեղեցիկ։ Սակայն այդ ճամփորդության միայն մի դրվագ է իսկապես շատ խորը տպվել իմ գլխում։ Դա այն «կանգառն» է, որտեղ իջավ զինվորական համազգեստով կինը եւ որտեղից արահետը, կարծես դեպի անհայտություն շարժվելով, մտնում էր անտառի խորքը։ Դեպի այդ խորք էլ հանգիստ ու անվրդով գնաց երիտասարդ կինը՝ իր ամենօրյա աշխատանք-տուն երթուղին չխախտելով։ 

Չգիտեմ՝ ինչ զգացի, բայց զգացմունքներս նույնքան զուսպ եւ ուժեղ էին, որքան այդ կնոջ կերպարն ու նրա քայլքը դեպի այդ անհայտությունը։ Այդպես էլ հիշեցի ես արցախցի կանանց, որոնց խորապես սկսեցի ճանաչել հենց 2021-ից։ 

Ավելի ուշ «Ձայն Հադրութի» նախագծի վրա աշխատելիս դեռ շատ պիտի հանդիպեի երիտասարդ, միջին ու պատկառելի տարիքի կանանց, որոնց բաժին էր ընկել մնալու, գնալու, վերադառնալու եւ այդ ամենը միասին վերապրելու բեռը՝ թիկունքից թիկունք անցնելով։

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


Ու չնայած ամենին՝ եթե այսօր ինձ մոտ արտաբերեք «կին» եւ «Արցախ» բառերը միասին, ես առաջինն այլ բան եմ հիշելու։ Շրջափակման ամենածանր ու անհույս օրերին անգամ իրենց արտաքինով զբաղվելու ժամանակ գտնող կանայք, որոնց մորեգույն կոստյումից ու բարձրակրունկներից ինքնավստահության սուր հոտ էր գալիս։ Ես, որ շրջափակման օրերին ամուսնացա 5 րոպեում ընտրած բարձրակրունկներով ու Երեւանից բերածս ճամպրուկում եղած միակ դասական վերնաշապիկով, երբեք չդադարեցի զարմանալ այդ «նեղ մաջալին» զուգվել զարդարվելը չմոռացող, քաղաքը միշտ վառ գույների մեջ պահող կանանց համբերության վրա։ 

Համբերություն։ 

Երեւի սա է «կին» եւ «Արցախ» բառերի կողքին երրորդ ամենահարմարը։

Արմատը

Արցախի հանրային ռադիո եկա, որովհետեւ Մարգարիտան որոշել էր երեխա ունենալ։ Դա իսկապես հենց հստակ ու աներկբա որոշում էր, քանի որ փոքրիկի մասին Մարգոն իմացել Փառուխի դեպքերի եւ Արցախին պատահած առաջին «գազային տեռորի» օրերին։  

Ինչեւէ։ Ազատված հաստիքի համար ես ու Էթերին փորձաշրջան էինք անցնում։ 

«Պա վեր մհենգ Մարգոյի շտահը (ախորժակը) մի պեն տա՝ ինի վեչ...», - մեր աշխատանքային սեղանի շուրջ հադրութեցի Անիի հրետորական հարցին ոչ ոք պատասխան չուներ։ 

Մարգոն, սակայն, երբեք չէր դժգոհում։ Միայն շրջափակումից հետո եմ իմացել, թե ինչքան ախորժակով է կերել խնձորով ու մեղրով թխածս թխվածքաբլիթները։ Նրա փոքրիկ Ռոզին ծնվեց հենց այն օրերին, երբ Արցախում գազային տեռորը հասել էր իր գագաթնակետին եւ ծննդատան ցուրտ պատերից ներս փոքրիկներին պահել փայփայելը մի առանձին փորձություն էր։ Ավելի ուշ, երբ ինքս մայր դարձա՝ արդեն Հայաստանում, շաբաթներ շարունակ ամեն օր ու անդադար հիշել եմ սիրելի Մարգոյին, ով ժամանակին փոքրիկ Ռոզիին կաթով կերակրելու համար ստիպված էր կանգնել շաքարավազի երկար ու հյուծիչ հերթերում, քանի որ շաքարավազով թեյը այդ պահին շրջափակված Արցախում կերակրող մայրիկների միակ հույսն էր։ 

Մեր մեկ այլ գործընկերուհու հղիության մասին շատ ավելի ուշ էի գլխի ընկել։ Երբ շուկայից «ծանոթի միջոցով» ձեռք բերված սպանախի մի քանի փունջը իրար մեջ կիսեցիք, չգիտեի, որ դա նրա՝ հեմոգլոբին ստանալու եզակի հույսն է շրջափակման մեջ։   

Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները


Ստեփանակերտի ծննդատան ղեկավարության հետ, սակայն, մեր ջրերը նույն առվով չհոսեցին միանգամից։ Հատուկենտ բժիշկներ միայն անանուն մնալու պայմանով խոստովանեցին, որ զգուշացված են թեմայի վերաբերյալ շատ չծավալվելու եւ «խուճապ չտարածելու»։ Շրջափակված Արցախում օր օրի աճող վիժումները 
(այդ թվում՝ արհեստական) եւ հենց հիվանդանոցների միջանցնքներում ուշաթափվող կանայք իրենց պատմություններով շատ պարզ հիշեցնում էին ՄԱԿ-ի՝ ցեղասպանությունների մասին կոնվենցիայի առնվազն երկու կետ.

(Որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
 
Այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը) 

ու թվում էր, թե դա այնքան ակնհայտ ճշմարտություն է, որ պետք է քնենք վեր կենանք՝ այդ մասին խոսենք հնարավոր բոլոր հարթակներում։ Բայց դա տեղի չունեցավ։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


2023-ի հուլիսին գրված հոդվածում ես օգտագործել եմ այդ բառը ցավով, բայց վստահ եւ մինչեւ հիմա էլ չեմ կասկածում՝ դա ցեղասպանություն էր։ Հետո՞ ինչ, որ մեկ դար անց իմ նախնիներն այլ կերպ էին սպանվում, այլ ճանապարհով գաղթում։ Այստեղ Հրանտ Դինքը կասեր՝ «Եթե ոսկե օդանավերով էլ տանեիք մեր ժողովրդին իր հողերից, ապա դա էլի ցեղասպանություն էր, որովհետեւ մեզ մեր արմատից կտրեցիք»... 

Շատ ուշ, շատ զգույշ, շատ ամոթխած            

Մի բան էր շրջափակման մեջ երեխա ունենալ համարձակվելը, մեկ այլ բարդ ճանապարհ՝ փոքրիկներին առողջ կամ գոնե կուշտ պահելը։ Ես երեխա չունեի եւ միակ բանը, որ կարող էի անել հուսահատ մայրերի համար՝ դեղատներում հայտնվող ու լույսի արագությամբ անհետացող կաթնախարնուրդներն արագ գնելն ու դրանց պահեստավորելու գումարներ չունեցող մայրերին բաժանելը։ 

Մեկ անգամ զանգ էի ստացել բազմազավակ մի մորից, ում երեխան չէր կերել գտած այլ ապրանքանիշի կաթնախարնուրդը, իսկ նրան անհրաժեշտը չէինք գտնում։ Որքան մեծ էր հուսահատությունս, երբ վազելով հասա մեր թաղամասի ներքեւի՝ «Շուշվա ուգլի» դեղատունը եւ տեսա դափ-դատարկ դարակները, ուր 10 րոպե առաջ նկատել էի մեզ անհրաժեշտ կաթնախարնուրդը։ Հաջորդ օրը մեր ձեռքի տակ եղած վերջին տուփը գտավ մեկ այլ տիրոջ. երիտասարդ ծնողներն ի՛նչ երջանկությամբ եկան «Ցորա եկեղեցու» մոտ եւ վերցրին յն։ Քանի՛ անգամ շնորհակալություն ասացին՝ չեմ հիշում։ Մեր թաղամասի լույսերը հանգել էին, լիակատար մթություն էր, եւ այդ մթության մեջից հո՛ չէին փայլում նրանց ոգեւորված աչքերը... Այդ տուփը կարող էր նրանց բավարարել ամենաշատը չորս օր։ Տեսնես հաջորդը որտեղի՞ց գտան կամ գտա՞ն արդյոք...

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


Ֆեյսբուքյան խմբերում գրենական պիտույքներ փոխանակող, ոտքով աշխատանքի գնացող եւ մինչ առավոտ հացի հերթերում հանգչող կանայք ապրեցին այդ օրերն այնպես, կարծես այդպես էլ պետք է լիներ։ Երեխաների սննդի, հիգիենայի պարագաների ու առողջության մասին հրապարակումներում նրանց մայրիկների ունեցած-չունեցածի մասին խոսվեց շատ ուշ, շատ զգույշ, շատ ամոթխած։ Ամբողջ 9 ամսվա ընթացքում միայն մեկ անգամ, այն էլ՝ կանանց խմբում նկատեցի մի կնոջ գրառում, որը կանացի հիգիենայի պարագա խնդրեց մյուսներից, եւ չեմ էլ հիշում՝ գտավ, թե ոչ։ Բանն այն է, որ Արցախում մինչեւ վերջ էլ գանգատվելը թուլություն էր համարվում, իսկ այնտեղ ապրողները՝ կին թե տղամարդ, նման բաների համար շատ էին հպարտ։ Չգիտեմ էլ՝ լավ էր դա, թե վատ... 

«Տյուս եկողի» անունից

«Տյուս կյալու», ավելի ճիշտ՝ «տյուս չկյալու» մասին չխոսել չէր լինի, եթե թեման Արցախն է ու կինը։ 

Ես չարաբաստիկ անցակետը անցա Արցախի վերջին պատերազմից հինգ եւ իմ ամուսնու՝ ՀՀ գալուց երկու շաբաթ առաջ։

Կանայք, որոնք ամբողջ կյանքում սովորել էին հնարավորինս «ճիշտ» կերպով թիկունք լինել ու թիկունք պահել, չէին կարող նման բաները հեշտ լսել ու մարսել։ «Ձայն Հադրութի» նախագծի վրա աշխատելուց այնքան շատ էի լսել արցախցի կանանցից՝ «Ես գյուղից վերջինն եմ դուրս եկել»….

Իմ՝ շրջափակումից դուրս գալու որոշումը օդում պայթյունի պես «շրխկաց» 2023 թվականի ապրիլի 24-ին, երբ նախորդ օրը լսել էինք չարաբաստիկ անցակետի տեղադրման մասին։ Ոչ ոքի հետ այլեւս չխորհրդակցեցի։ Արդեն պարզ էր, որ հատկապես տղամարդիկ վտանգված են ավելին, քան երբեւէ։ Երկրորդ անգամ ցեղասպանվելը մի տեսակ ամոթ համարեցի։ Մեր ընտանիքում ես միակն էի, ով որպես «օտար քաղաքացի» կարող էր հավակնել առաջինը դուրս գալու, այդ որոշումն իր հերթին միակն էր, որը կարող էր հետագայում նպաստել մյուս հարազատներիս՝ ազատություն ստանալու, առնվազն փորձելու։ 

Միշտ ասում եմ, որ իմ բլոկադան սկսվել է հենց այդ օրից՝ ռուս խաղաղապահների գրասենյակում Հայաստան վերադառնալու դիմումս ստորագրելու պահից։ «Կարմիր Խաչի» գրասենյակում մերժեցին միանգամից, ասացին՝ «Հղի չես, մահացու հիվանդ չես, ընտանիքի վերամիավորում պահանջել չես կարող, քանի որ ընտանիքդ Երեւանում գտնվող մայրդ չէ, ամուսինդ է»։ Ռուսներին շատ բան հետաքրքիր չէր․ 

-    Вы гражданка Арцаха или Армении ?
-    Армении и Украины 
-    Хорошо.

Դրանից հետո օրերը ձգվում էին անտանելի բարդ, ամեն անծանոթ համարից զանգը անբացատրելի տագնապ էր առաջացնում, եւ ես, որ կարող էի գնալ ու «ազատվել», երանի էի տալիս նրանց, ովքեր կարող էին իրենց թույլ տալ ասել՝ «ինչ լինում է՝ լինի»։ 

Եվ ինչպես կասեինք Արցախում՝ դյուզը խոսինք. այդ հիմա է, որ ոմանք, ովքեր երբեք խորապես չեն ճանաչել Արցախը, մեզ այդքան ջանասիրաբար մեղադրում են «բոլորով դուրս գալու» համար։ Այն ժամանակ «տյուս կյալու» ամենածանր տաբուն հենց Արցախի ներսում էր։  



Ես ու Հադրութի Մեծ Թաղերից Անին «տյուս կյալու» շուրջ վիճել ու իրար էինք «բախվել» բազմիցս։ Բայց այդ օրը նա չէր եկել ասելու՝ «ինչպե՞ս թե», եկել էր եկեղեցու դիմացի նստարանին կողքիս նստելու ու լռելու։ Այնքան հուզված էինք, որ մոռացավ իր անձրեւանոցը նստարանին։ Հետո այդ նույն անձրեւանոցով եկավ ինձ ճանապարհելու՝ առավոտ ծեգին, երբ 11 դեղին ավտոբուսներն ինձ ու եւս 149 հոգու տարան դեպի Հաքարիի կամուրջ։ 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/Մեդիամաքս


 ‘’Сначала пусть проходят женщины и дети’’, - «մեծահոգաբար» մեզ առաջ հրավիրեցին ադրբեջանցի զինվորականները անցակետում, որտեղ մեր գլխավերեւում դիպուկահար էր պտտվում եւ որտեղ մեր կանացի ինքնության «շահեկանությունն» առաջին անգամ այդքան տրագիկոմիկ հնչեց։ 

Ցավոք կամ բարեբախտաբար իմ փոքրիկ զոհողությունը, որը կյանքիս ամենածանր որոշումն էր, ոչ ոքի պետք չեկավ, իսկ ես երբեք չզղջացի, որ ներսից թե դրսից, սկզբից թե վերջից՝ իմ պատմությունը մնաց ապրելու, ոչ թե զոհելու ու զոհվելու մասին։ 

Կարդացեք նաեւ. Լրագրողն ու բլոկադան կամ՝ «կամուրջը», որն այդպես էլ չանցանք

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին