Սյունիք. Փոքր քաղաքներ, մեծ լեռներ եւ է՛լ ավելի մեծ պատմություններ - Mediamax.am

exclusive
177 դիտում

Սյունիք. Փոքր քաղաքներ, մեծ լեռներ եւ է՛լ ավելի մեծ պատմություններ


Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս


Շարլոթ Սնունյան

Շարլոթ Սնունյանը հայազգի ուսանող է Բոստոնից: Նա Հայաստան է ժամանել Հովնանյան հիմնադրամի ստեղծած The Armenian Project (TAP) նախագծի նախաձեռնությամբ եւ որպես փորձնակ աշխատում է Մեդիամաքս մեդիա ընկերությունում:

Այսպիսի ժայռոտ լեռներ նախկինում երբեք չէի տեսել: Փիրուզագույն Արաքս գետի եւ դարչնագույն քարի հակադրությունից շունչդ կտրվում է. տեսարանն ասես ֆիլմից լինի, ֆիլմից, որը երբեք չեմ ուզում՝ ավարտվի:

Ես Մեղրիում եմ՝ Հայաստանի ամենահարավային քաղաքում, նստած եմ նռնենիներով եւ խաղողի որթերով շրջապատված, նայում եմ Իրանին եւ հիանում սահմանի խաղաղությամբ: Սա իմ ու հինգ այլ փորձնակների երրորդ օրն էր Հայաստանի հարավային Սյունիքի մարզ չորսօրյա հաշվետու ուղեւորության, որը կազմակերպել էր TAP (The Armenia Project) ծրագիրը։ Սպասելիքներս կապված էին իմ հետազոտությունների հետ, որոնց ընթացքում իմացա տարածաշրջանի եզակի բնության եւ հակամարտությունների մասին: Ակնկալում էի գեղեցիկ տեսարաններ, բայց շուտով հասկացա, որ այս վայրը չես կարող լիովին ճանաչել առանց մարդկանց հետ խոսելու:

Օր առաջին

Երեւանից ժամը 06:30-ին մեկնեցինք Կապան: Քաղաքային լանդշաֆտը արագորեն վերածվեց լայնարձակ կանաչ տարածքի, իսկ հորիզոնում Արարատ լեռն էր՝ արեւածագի լույսի ներքո: Դա Արարատ ամենամոտիկ եւ ամենապարզ տեսարանն էր, որ երբեւէ տեսել էի, եւ միկրոավտոբուսի պատուհանից Հայաստանի ամենաակնառու խորհրդանիշներից մեկին նայելը ճանապարհորդության կատարյալ սկիզբ էր:

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս


Կանգ առանք Տաթեւի վանքում եւ Վահանավանքում: Տաթեւ հասնելու համար նստեցինք աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին եւ անցանք խիտ, կանաչ լեռների վրայով: Կարծում եմ՝ ամբողջ Սյունիքում չկա մի վայր, որ յուրահատուկ բնության անհավանական տեսարան չպարգեւի: 

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս


Ինձ հիացրեց վանքերի ապշեցուցիչ ճարտարապետությունը, եւ ես իմացա, որ հայկական վանքերի պատերը հաճախ բավականին պարզ տեսք ունեն, ուստի ուշադրությունը հոգեւորի վրա է: 

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս


Վահանավանքում հանդիպեցինք Իրաքից եկած քահանային: Վանքի մոտ նա մեզ ցույց տվեց մի հին ծառ եւ գեղեցիկ դաս տվեց. եթե արմատներդ ամուր են, հնարավոր է կրկին աճել ցանկացած բանից հետո:

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս


Օր երկրորդ

Այսօր խորապես վայելեցի հայ ժողովրդի հյուրընկալությունը։ Օրվա մեծ մասն անցկացրինք սահմանամերձ գյուղերում՝ զրուցելով մարդկանց հետ, որոնք ապրում են Ադրբեջանի մշտական սպառնալիքի ներքո։ Ներքին Հանդում մի ընտանիք պատմեց, թե ինչպես են ապրում, երբ գյուղը պարբերաբար կրակոցների եւ ականների պայթյունների թիրախ է դառնում։ 

Ընտանիքը մեզ հրավիրեց իրենց տուն, եւ Հասմիկը՝ տատիկը, չնստեց, մինչեւ սեղանը չլցվեց քաղցրավենիքով եւ իրենց այգու մրգերի սկուտեղներով։ Նա մեզ նույնիսկ հյուրասիրեց իր թարմ թթի օղիով։

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս


Ծավում մի քանի մարդկանց հետ խոսեցինք գյուղում նրանց դերի մասին։ Մի կին մեզ ցույց տվեց իր հացթխարանը, իսկ Իրանից մի շինարար պատմեց գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքների մասին։ 

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս


Նա որոշել էր աշխատել Հայաստանում, քանի որ հավանել էր մարդկանց, եւ ասաց, որ ամեն անգամ, երբ վերադառնում է Իրան, կարոտում է Հայաստանի ազատությունն ու հյուրընկալությունը։ Ես էլ վայելեցի այդ հյուրընկալությունը, որի նմանը չեմ զգացել որեւէ այլ տեղ։

Օր երրորդ

Այսօր գնացինք ավելի հարավ՝ Մեղրի, եւ կանաչ լեռնաշղթաները արագ տեղը զիջեցին ժայռոտ գագաթներին: Իրանի սահմանին գտնվող Մեղրիի տեսարանը տարբերվում է Հայաստանի մնացած մասից: Արաքս գետը ծառայում է որպես սահման, դրա առջեւ ընդամենը ցանկապատ է, եւ այստեղ խաղաղ ու լուռ է:

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս


Առավոտյան հանդիպեցինք Ռուզաննաին, որն ապրում է Մեղրիի գյուղերից մեկում: Նա այստեղ է եկել Արցախից 2023 թվականին, երբ ավելի քան 100 000 հայ տեղահանվեց: Մեզ հրավիրեցին նրա տուն, եւ նա, սուրճ ու իր այգուց մրգեր բերելով, պատմեց մեզ իր պատմությունը: Ռուզաննան վարձակալում է իր տունը Մեղրիում եւ ոչ մի նոր բան չի տնկում այգում, որպեսզի չկապվի այս տեղին: Նա մեզ պատմեց, որ վերադառնալու է Արցախ, երբ այն կրկին հայկական լինի: Հրաժեշտ տալուց գրկախառնվեցինք, եւ նա ջերմ ժպտաց մեզ:

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս


Երեկոն անցկացրինք Ժորայի այգում: Նրա վաղեմի երազանքն էր՝ գետին ու լեռներին նայող այգի եւ տուն կառուցել, եւ այդ տեսարանին ես կարող էի ժամերով նստել ու նայել։ Ուղեւորության վերջին գիշերը դա կատարյալ վայր էր լսածս պատմությունների շուրջ մտորելու համար։

Օր չորրորդ

Այս ուղեւորության գեղեցիկ ավարտը շարունակելու համար տնական նախաճաշ վայելեցինք Խաչաց տուն հյուրանոցում, որը կառավարում է Շահանեն: Պատշգամբից բացվում էր լեռներով շրջապատված ողջ Մեղրի քաղաքը: Երբ նայում էի քաղաքին ու չէի ուզում լքել Սյունիքի հյուրընկալությունն ու ապշեցուցիչ բնությունը, մտածում էի, թե որքան խաղաղ է թվում քաղաքը, թեեւ ամբողջ մարզը մշտական լարվածության եւ սպառնալիքների ներքո է: 

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս


Երեւան վերադառնալու ճանապարհը երկար էր, լեռնային ճանապարհները՝ գրեթե միշտ ոլորապտույտ: Երեկո էր, երբ մոտեցանք Երեւանին, եւ հենց այն պահն էր, երբ կարող էինք դիտել մայրամուտը Արարատից որոշ հեռավորության վրա:

Հայաստանը փոքր երկիր է, եւ իմ ճամփորդության ընթացքում ես համոզվեցի, որ յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր յուրահատկությունները: Բնությունն ու բնապատկերները արագ փոխվում են, եւ նույնիսկ բարբառներն են չկրկնվող: Բայց մեկ բան է նույնը ամբողջ Հայաստանում, եւ հենց դա եմ ամենաշատը կարոտելու, երբ գա հեռանալու ժամանակը. մարդիկ եւ նրանց հյուրընկալությունը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին