Արդեն երեք ականի պայթյուն՝ նախքան մարդիկ կարթնանան. սա ամենեւին էլ արտասովոր երեւույթ չէ Ադրբեջանին սահմանակից հայկական փոքր գյուղի համար: Խաղաղ գետը եւ բարձր ու հյութառատ ծառերը, որ շրջապատում են Սյունիքի մարզի Ներքին Հանդը, չեն արտացոլում այն վտանգները, որ սովորական են դարձել այս գյուղում:
Գյուղի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ականները մեկ կիլոմետրից էլ ավելի քիչ են հեռու այն տնից, որտեղ ապրում է Հասմիկն իր ընտանիքի հետ: Նրա ընտանիքը գյուղում ամենամեծն է՝ բաղկացած վեց անդամից. Հասմիկն ապրում է իր ամուսնու՝ Ռաֆիկի, նրանց որդու, հարսի եւ երկու թոռների հետ, որոնք երկուսով կազմում են գյուղի դպրոցի աշակերտների թվի մեկ երկրորդը:

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս
Հայաստանի վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալներով՝ 2024 թվականին Ներքին Հանդի բնակչությունը կազմել է 82 մարդ: Գյուղի կյանքը լեցուն է ամենօրյա անվտանգային խնդիրներով, որոնք առաջացել են ադրբեջանական ռազմական գործողությունների հետեւանքով։ Գյուղը նաեւ ենթարկվում է պարբերական կրակոցների ադրբեջանական ռազմական դիրքներից, որոնք տեղակայված են գյուղի հարակից սարերում: Վերջին կրակոցներն արձանագրվել են հունիսի 20-ին՝ վնաս պատճառելով Հասմիկի հարեւանի տան տանիքին: Ադրբեջանական այն դիրքը, որից լինում են կրակոցները, այնքան մոտ է դպրոցին, որ կարելի է հստակորեն տեսնել ծառերի միջից:
Հասմիկը պատմում է, որ մեկ այլ ադրբեջանական դիրք կա ուղիղ գերեզմանոցի վերեւում, որտեղ թաղված է իր 7 տարեկանում մահացած որդին: Գերեզմանոցը հայկական տարածքում է, սակայն ադրբեջանական զորքերը առաջացել են ու տեղակայվել դրա ճիշտ վերեւում: Արդեն երեք տարի է Հասմիկը չի կարողանում այցելել որդու գերեզմանին:
Գյուղը վտանգված է ոչ միայն ադրբեջանական բռնության հետեւանքով: Ռաֆիկն ասում է, որ կառավարության կողմից ուշադրության բացակայությունը անվտանգային վիճակն էլ ավելի մեծ ռիսկի տակ է դնում, եւ պատանիները մեծանալուն պես հակված են հեռանալու գյուղից։
«Երիտասարդները գնում են կամ Կապան, կամ Երեւան: Չեն մնում այստեղ: Ես հաշվարկել եմ՝ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, 5 տարուց գյուղում էլ մարդ չի մնա»,- ասում է Ռաֆիկը:

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս
Անգամ նրանց 12-ամյա թոռնիկ Ռաֆայելն է ասում, որ, երբ մեծանա, հավանաբար կհեռանա գյուղից՝ տեղափոխվելով Կապան։ Միեւնույն ժամանակ՝ դեպի գյուղ ներգաղթ չկա: Այդուհանդերձ, Կապանը եւս սահմանակից է Ադրբեջանին: Երբ ացնում ես քաղաքի արեւելյան ծայրում տեղակայված Սյունիքի օդանավակայանի կողքով, ադրբեջանական դրոշը պարզ տեսանելի է:
Մի քանի տարի է Սյունիքի թե´ գյուղական, թե´ քաղաքային բնակավայրերում բնակչության կրճատում է նկատվում: Վիճակագրական Կոմիտեի տվյալներով, 2020 թվականին Սյունիքի մարզի բնակչությունը 137 000-ից մի փոքր ավելին էր, մինչդեռ 2022-2023 թվականներին այն կրճատվել է շուրջ 20 000-ով: 2025 թվականի հունվարի տվյալներով, մարզի բնակչությունը կազմում է 117 000 մարդ, որը Հայաստանի ամբողջ բնակչության շուրջ 3.9%-ն է:
Հասմիկն ու իր ընտանիքն ապրել են իրենց ներկայիս տանը 1985 թվականից: Նրանք այստեղ են տեղափոխվել գյուղի հին բնակավայրից, որի տարածքը 2022 թվականից օկուպացրել են ադրբեջանցի զինվորները: Բայց դեռ խորհրդային տարիներին հին բնակավայրից նոր հատված տեղափոխվելիս նրանց չեն բացատրել, թե ինչու են տեղափոխում: Հիշելով այդ շրջանը՝ Հասմիկը հիմա ենթադրում է, որ խորհրդային իշխանությունները գիտեին՝ սահմանային հարցը խնդրահարույց է լինելու ԽՍՀՄ փլուզումից հետո:
«Երբ 1979 թվականին հարս եկա, այս տներն արդեն կառուցվում էին: Հետո մարդկանց գյուղի հին բնակավայրից տեղափոխեցին այս տներ: Հավանաբար, խորհրդային կառավարությունը մտածել է, որ սահմանը կարող է այս հատվածով անցնել»,- ասում է նա:
Ադրբեջանական բանակի կողմից գյուղի մի մասն օկուպացնելուց հետո ընտանիքը կորցրել է իր հասանելիությունն իրենց պտղատու այգուն, եւ այս իրավիճակում նրանք միակը չեն: Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հրապարակման համաձայն՝ Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի տարածքում են:
«Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2,700 հեկտար տարածք, որից 2,400 հեկտարը՝ հատուկ պահպանվող հողեր, 170 հեկտարը՝ անտառային հողեր, 130 հեկտարը՝ համայնքային հողեր։ 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որեւէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով»,- նշված է «Թաթոյան» հիմանդրամի 2024 թվականի մարտի հրապարակման մեջ:

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս
Այսօր Ադրբեջանի ռազմական դիրքերը վտանգում են Ներքին Հանդի նման փոքր գյուղեր: Քանի որ մարդիկ ապրում են նման սահմանային համայնքներում, ցանկացած ռազմական գործողություն ուղղակիորեն անդրադառնում է այստեղի կյանքի վրա: Այդուհանդերձ, սահմանին կից ադրբեջանական բնակչություն չկա, ուստի նրանց ռազմական ուժերն իրենց ներկայությամբ ոչ ոքի չեն պաշտպանում: Ռաֆիկն ասում է, որ սահմանին ամենամոտ ադրբեջանական բնակչությունը 300 կմ հեռավորության վրա է, ուստի նրանց զինվորները կարող են կրակել հայ բնակչության վրա առանց մեծ ռիսկերի:
«Վախ չկա: Պահի տակ է լինում վախ, երբ առաջանում են, երբ գիտենք, որ մոտ են: Բայց, ընդհանուր առմամբ, վախ չկա»,- ասում է նա:
Փոխարենը հիասթափություն են զգում Հասմիկն ու Ռաֆիկը: Հասմիկն ասում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր հողեր հանձնելու համար՝ մեջբերելով այն, թե ինչպես է Ադրբեջանը առաջ եկել սահմանից ներս եւ Սյունիքում տարածքներ օկուպացրել: Պաշտոնական տվյալներով 2020 թվականից հետո Ադրբեջանը օկուպացրել է 200 քառ. կմ ՀՀ սուվերեն տարածք Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում:

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս
«Ես չեմ սիրում քաղաքականություն, բայց ես սիրում եմ ճիշտը»,- ասում է Հասմիկը: «Մենք ծնվել ենք այստեղ եւ մնալու ենք այստեղ: Ինձ պետք չեն սխալ ու կեղծ խոստումներ: Երբ ինքն [Փաշինյանը՝ խմբ.] ասում է, թե հող չի տվել, ես ամաչում եմ»:
Հասմիկը հիշում է այն օրը, երբ Փաշինյանը վերջերս այցելել էր Ներքին Հանդ ընդամենը մեկ ժամով, եւ այդ այցը նրան էլ ավելի էր հիասթափեցրել:
«Տպավորություն էր, թե թաքնվում էր մարդկանցից, բայց եթե իրականում ցանկանում են տեսնել, թե ինչպես ենք այստեղ ապրում, պետք է գան վաղ առավոտյան ու փորձեն ապրել այնպես, ինչպես մենք ենք ապրում այս գյուղում, որ հասկանան՝ ինչի միջով ենք անցնում»,- ասում է նա:
Հասմիկը պատմում է, որ գյուղում ապրելու ամենամեծ դժվարությունն անվտանգային հարցն է: Նա աշխատում է մոտակա զորամասում, ինչպես գյուղի բնակիչների մեծ մասը, սակայն եթե կառավարությունը չհասկանա սահմանամերձ համայնքների մտահոգությունները, անվտանգային հարցերը չեն փոխվի:

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս
Ռաֆիկը, որ մասնակցել է Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ասում է, որ մինչեւ պատերազմը հայերն ու ադրբեջանցիները լավ հարաբերությունների մեջ էին: Պատմում է, որ ընդամենը 2 կմ հեռավորության վրա էին ադրբեջանական բնակավայրերից եւ շատ առեւտուր էին անում: Ադրբեջանական վառելիքն էժան էր ու լավ որակի, քանի որ մոտ էր, հեշտ էր նրանցից գնելը: Ռաֆիկը ժամանակին կարագ է վաճառել նրանց, եւ ասում է, որ ադրբեջանցիները սիրում էին հայերին:
«Երբ գնում էի նրանց տներ, տեսնում էի, որ ուրախ են հայերի ընդունել իրենց տանը»,- հիշում է նա: «Ասում էին՝ դուք լավ մարդիկ եք»:
Այժմ Ռաֆիկը հույս ունի, որ նոր սերունդը կկարողանա նորից մի օր խաղաղության մեջ ապրել: Ասում է, որ երիտասարդ սերունդը չպետք է նույն թշնամանքի մեջ ապրի, որը եղել է տասնամյակներ, եւ նա հույս ունի, որ առեւտուրն ու հաղորդակցությունը կվերականգնվեն հայերի ու ադրբեջանցիների միջեւ:

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան/Մեդիամաքս
Չնայած առօրյա անվտանգային մտահոգություններին, ընտանիքն ապրում է սովորականի պես: Քանի որ Հասմիկի ու Ռաֆիկի թոռնիկը՝ Ռաֆայելը դպրոցական արձակուրդում է, նա իջնում է դեպի մոտակա գետը՝ շոգ ամառային օրը սառը ջրում լողալու՝ ոգեւորված բնության մեջ իր ժամանակը վայելելու հնարավորությամբ. դա նրա ամենասիրելի բանն է գյուղի հետ կապված:
Դպրոցից պատմելու միջակայքում Ռաֆայելը մի պահ ցույց է տալիս ուղղություն, որով այլեւս չենք կարող շարունակել ճանապարհը: Այդտեղ է, որ նա ու իր հայրը գնում էին փայտ ու կանաչի հավաքելու, բայց մի անգամ, երբ նորից են գնացել, ադրբեջանցիները քարեր են շպրտել նրանց վրա: Այդտեղ է նաեւ, որ հիմա ականներ են:
Դեպի գետ ճանապարհը կարճ է, ուստի շուտով Ռաֆայելի պատմություններն ընդհատվում են թարմացնող ջուրը նետվելու նրա ցանկությամբ:
«Սա ամենալավ գյուղն է»,- հավելում է նա:
Շարլոթ Սնունյան
Շարլոթ Սնունյանը հայազգի ուսանող է Բոստոնից: Նա Հայաստան է ժամանել է Հովնանյան հիմնադրամի ստեղծած The Armenian Project (TAP) նախագծի նախաձեռնությամբ եւ որպես փորձնակ աշխատում է Մեդիամաքս մեդիա ընկերությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: