Մեկ երջանիկ օր՝ պատերազմի ու տեղահանության միջեւ - Mediamax.am

exclusive
452 դիտում

Մեկ երջանիկ օր՝ պատերազմի ու տեղահանության միջեւ


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Արցախի պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Արսեն Հակոբյանը 2023 թվականի սեպտեմբերի 18-ի «համար 1» հրամանից առաջ արդեն իսկ դիրքերում էր: Տանը նրան սպասում էր կինը՝ Մարիամ Հակոբյանը, որն արդեն 9-րդ ամիսն է կրում էր իրենց փոքրիկ դստերը:

Մարիամն ու Արսենն ամուսնացել են 2022 թվականի հոկտեմբերին ու որոշ ժամանակ անց իմացել ծնողներ դառնալու բաղձալի լուրը: Արսենը, Մարիամն ու նորածին Ալվինան միասին մեկ լիարժեք օր են ապրել՝ սեպտեմբերի 24-ին. շրջափակման պայմաններում, պատերազմի ու բռնի տեղահանության միջեւ:

Ավագ լեյտենանտ Արսեն Հակոբյանն ու Մարիամի եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Ժորիկ Հայրապետյանը զոհվել են 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի ժամանակ:

Կես կտոր հացը

Անգամ շրջափակման օրերը, երբ խանութները գրեթե դատարկ էին, իսկ հացի համար պետք էր երկար հերթ կանգնել, Մարիամին ջերմ հիշողություններ են թողել: «Կես կտոր հացն Արսենը դեպի ինձ էր հրում, ես՝ դեպի իրեն»,- ասում է Մարիամը մեղմ ժպիտով:

Սննդի խնդիրը փոքր-ինչ լուծվում էր Արսենի ծնողների օգնությամբ, քանի որ գյուղից կաթնամթերք էին ուղարկում: Մարիամը նաեւ հիշում է, որ բոլոր հարազատներից ով ինչ համեղ բան ուներ, իր համար էր պահում, անգամ վերջին մնացած սնիկերսը: «Ասում էին՝ տարեք Մարիամն ուտի, որ երեխեն առողջ ծնվի: Ամենքի պահածն ինձ էր հասնում»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Այդ ծանր օրերին հղի կանանց շատ օգնում էր Ռուբեն Վարդանյանը, որն ապահովել էր էլեկտրական մեքենա՝ հղիներին հիվանդանոց տանելու եւ տուն վերադարձնելու համար, ինչը վառելիքի համատարած բացակայության պայմաններում փրկություն էր:

«Ռուբեն Վարդանյանը լավ մարդ է, սիրտս ցավում է իր համար: Մի անգամ եմ տեսել, երբ հղիների համար նվերներ էր բաժանում: Այսօրվա պես հիշում եմ այդ համեստ փաթեթը՝ մեղր, դոշաբ, միրգ ու 2 հատ փոքրիկ բնական հյութ: Սպասեցի մինչեւ եղբայրս եկավ, ասացի՝ սկզբից դու խմիր, հետո նոր ես: Ավելի ուշ Արսենն էլ եկավ՝ միասին խմեցինք»,- պատմում է Մարիամը:

«Ուրիշի շորերով» ծննդատուն շտապող հայրիկը

Սեպտեմբերի 21-ի երեկոյան՝ երկու օր հրետակոծությունից նկուղում պատսպարվելուց հետո Մարիամին ուղեկցել են Ստեփանակերտի ծննդատուն:

Սեպտեմբերի 22-ին ժամը 02:45-ին ծնվում է Մարիամի ու Արսենի դուստրը: Նոր մայրացած Մարիամը, նկատելով, որ իր հեռախոսը կողքին է, անմիջապես նամակ է գրել Արսենին՝ հայտնելով լուրը: Արսենը վազելով մտել է ծննդատուն՝ ներսում սպասող հարազատներին ավետելով, որ երեխան ծնվել է: Բոլորն էլ զարմացել են.     ախր իրենց դեռ լուրը չեն տվել, Արսենն ինչպե՞ս է իմացել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


«Մտավ սենյակ, ասում էի՝ ամոթ է, դուրս արի այստեղից, ասում էր՝ մի հատ գրկեմ երեխուն ու գնամ: Նայում էի՝ համազգեստի փոխարեն ինչ-որ ուրիշ մարդու շորերով էր, ասում էի՝ այս ի՞նչ է հագիդ: Պարզվում է, որ այստեղ ուղեւորվելիս նախագզուշացրել էին՝ համազգեստով տեսնելու դեպքում թուրքերը կարող են բռնել, ուստի դիրքի մոտի գյուղում հագուստ էր խնդրել, մեծ ցավով այրել էր համազգեստն ու բանակի հետ կապված ամեն ինչ, հետո շտապել ծննդատուն»,- հիշում է Մարիամը:

«Այնքան ուրախ էի իրեն տեսնել, ասացի՝ երեխայի անունն ինչ ուզում ես դիր, մոր անունը տվեցինք՝ Ալվինա»:

Հաջորդ օրը տուն են գնացել ու մեկ լիարժեք օր կարողացել միասին լինել:

Հույսի ավտոբուսը

Սեպտեմբերի 25-ին իրերն արդեն հավաքել էին, դասավորել մեքենայում ու պատրաստվում էին տեղահանությանը: Թեեւ որոշ չափով բենզին ունեին, Արսենն ու Ժորիկը որոշեցին գնալ բենզալցակայան՝ ապահովության համար մի փոքր էլ վառելիք վերցնելու: «Մտածում էին, որ երեխայի համար հաճախակի կանգառների անհրաժեշտություն կլինի, ուստի վառելիքը կարող է չբավականացնել»,- հիշում է Մարիամը:

Ողբերգական պայթյունի մասին լուրը տարածվելուց հետո Արսենից ու Ժորիկից այդպես էլ լուր չստացան, նրանց ոչ մի տեղ հնարավոր չեղավ գտնել: Ընտանիքը չգիտեր՝ ինչպես վարվել: Դեռ հույսով շարունակում էին լուրի սպասել, բայց միեւնույն ժամանակ քաղաքից հեռանալ էր պետք. թուրքերն արդեն Ստեփանակերտում գրեթե ամենուր էին:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


«Ամբողջ քաղաքը թափթփված էր, հազարավոր մարդիկ հրապարակում սպասում էին, որ իրենց տեղահանեն: Մենք էլ մեր մեքենայի դուռը կոտրեցինք, միջից 1-2 կարեւոր իր վերցրինք ու գնացինք կառավարության շենք, որպեսզի խնդրենք՝ մեզ օգնեն տեղափոխվել: Մի քիչ հաց ունեինք, Ալվինկայի հագուստն ու մեկ էլ թերմոսով ջուր՝ Ալվինկայի կաթի համար»,- հիշում է Մարիամը:

«Կառավարության շենքում մեզ օգնել չկարողացան: Ասացին միայն, որ Կարմիր Խաչը կարող է ուղղաթիռով Մարիամին երեխայի հետ տեղափոխել»,- շարունակում է Մարիամի մայրը՝ տիկին Մարինեն:

«Մարիամը միայնակ ինչպե՞ս գնար 7 օրական երեխայի հետ, երբ ինքն էլ խնամքի կարիք ուներ, իսկ այնտեղ հարազատներ էլ չունեինք, որ դիմավորեին: Խնդրեցինք, որ կամ ես կամ Արսենի մայրը գնան հետը, բայց ասացին՝ այդպես հնարավոր չէ: Ստիպված էինք այլ ճանապարհ գտնել դուրս գալու»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Հրապարակում բազում այլ մարդկանց հետ Մարիամը՝ փոքրիկ Ալվինան գրկին, իր ծնողների ու Արսենի ծնողների հետ սպասում էր: Լուրեր կային, որ շուտով ավտոբուսներ են ուղեւորվելու այդտեղ, որ մարդկանց տեղափոխեն, սակայն մարդիկ խիստ վախեցած էին. իսկ ի՞նչ, եթե թուրքերը գան այդտեղ: Շարունակ հարազատներին էին զանգում, զանգեր ստանում նրանցից, փորձում գտնել մեքենայով վարորդի: Մեկ հույս էին ստանում, մեկ նորից հուսախաբ լինում:

Ի վերջո, Մարինեն զանգ է ստանում մի ծանոթ վարորդից, որը մարդկանց էր տեղափոխում դեղին ավտոբուսով: Վարորդը խնդրում է հրապարակում չսպասել, այլ շտապ մոտենալ իր ասած փողոցին. «Հրապարակ չեմ կարող մտնել, այդքան մարդիկ կան այնտեղ, բոլորին չեմ կարող տանել, իսկ ո՞նց մերժեմ»,- ասել էր նա տիկին Մարինեին:

Մարիամի մայրն արագ վազելով գնացել է փողոցի մոտ սպասելու, որպեսզի ավտոբուսը հանկարծ բաց չթողնեն, մյուսները հետեւել են նրան: Հասցրին:

«Նստելու տեղ գրեթե չէր մնացել, ես ու Արսենի մայրը նստեցինք ավտոբուսի դիմացի հատվածի միջնամասում՝ մեջքով դեպի վարորդը: Այդպես ճանապարհ ընկանք՝ ուշքներս դեպի հետ, թե երեխեքին թողած ու՞ր ենք գնում»,- հիշում է տիկին Մարինեն:


Վարորդը մեծ վարպետությամբ 6 ժամում ուղեւորներին սահման հասցրեց: Քշում էր 3-րդ գծով՝ մյուսներին խնդրելով, որ ճանապարհը բաց պահեն: «Դուք գնում եք, կհասնեք, իսկ ես գնում եմ, որ նորից հետ գամ՝ մյուսներին էլ բերեմ»,- ասում էր նա:

Հարազատ մարդիկ՝ ծանոթ ու անծանոթ

Հակարի կամրջի մոտ ադրբեջանցիները մտել են ավտոբուս՝ ջուր բաժանելով ու իրենց «մեծահոգությունը» նկարահանելով:

«Չգիտեինք՝ դեմքներս ուր շրջեինք: Սահմանն անցնելուց հետո՝ իրենց ամբողջ տվածը դեն նետեցինք, իսկ հետո մեզ դիմավորեցին մեր հայրենակիցները՝ մեքենան լցնելով ամեն տեսակ սնունդով: Բայց ուտելու սիրտ չունեինք»,- հիշում է տիկին Մարինեն:

Կոռնիձոր հասնելուն պես նրանք տեսնում են դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները: «Զանգեցի հարեւանուհուս, որ դեռ սպասում էին այնտեղ, ասացի՝ գալիս են ավտոբուսները, զանգել եմ քեզ էլ հույս տամ, որ կփրկվեք»,-ասում է տիկին Մարինեն:

Գորիսում նրանց դիմավորել են բժիշկները, զննել երեխային: Հետո ճանապարհ են ընկել՝ շարունակաբար կացարան փնտրելով: Մի կացարանից մյուսն էին տեղափոխվում, ծանոթներ ու անծանոթներ իրենց ունեցած ու չունեցածն էին առաջարկում: Մյուս կողմից՝ անդադար շարունակում էին տղաներին փնտրել, նրանցից նորից ոչ մի լուր չկար:

Ի վերջո, կարողացան Բուժական գյուղում մի տուն գտնել՝ հիմնավոր հաստատվելու համար: Պայմանները նորից բավարար չէին, հատկապես փոքր երեխայով մոր համար, սակայն հարմարվեցին, իրենք սկսեցին մաքրել, կահավորել ու գոնե նվազագույն պայմաններ ստեղծել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


«Այդ օրերին խանութ չենք գնացել: Տարբեր մարդիկ էին զանգում, օգնություն առաջարկում: Այստեղի հարեւաններն էլ անընդհատ գալիս էին, իրենց ունեցածը տալիս: Շատ հոգատար են այստեղի մարդիկ: Մի հարեւանս մյուսի հետ խոսում է, ասում է՝ արի ես իրենց կաթով ապահովեմ, դու էլ՝ մսով, որ չգնան այստեղից, ու 100 դրամ էլ չեն վերցրել: Ասում եմ՝ երանի ամեն ինչ կարգավորվի, որ կարողանամ ձեր պարտքը հետ տալ»,- հուզմունքով ասում է Մարինեն ու հիշում հարեւանների պատասխանը. «Դուք մեզ պարտք չեք»:

Մինչ օրս ընտանիքին շարունակաբար այցելում է «Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանը: Փոքրիկ Ալվինան հիմնադրամի «Մայրենիք» ծրագրի շահառուներից է, որի շրջանակում Մարիամն ամսական աջակցություն է ստանում՝ երեխայի կարիքների համար:

Ֆիզիկական սահմաններից դուրս

Մարինեն չէր ցանկանում գնալ ԴՆԹ թեստ հանձնելու, ամուսնուն ասում էր, որ որդուն ու փեսային ողջերի մեջ է փնտրում, իսկ ԴՆԹ-ն այլ դեպքերի համար են հանձնում: Ի վերջո, ամուսնու հորդորով տեղի է տվել: Պայթյունից մոտ մեկ ամիս անց զանգ են ստացել՝ ԴՆԹ-ն հաստատվել էր:
Հոկտեմբերի 25-ին Արսենին ու Ժորիկին հուղարկավորել են Եղվարդի գերեզմանատանը:

«Վերջին օրերին, երբ Արսենը դեռ չէր իջնում դիրքերից, ասում էի՝ հայրենիքն ավելի շատ ես սիրում, քան մեզ, ինքն էլ պատասխանում էր, որ իր հայրենիքը մենք ենք, բա որ սահմանը չպահի, մեզ էլ ո՞նց պաշտպանի»,- հուզմունքով հիշում է Մարիամը:

«Արսենը հատկապես Շուշին էր շատ սիրում, ասում էր՝ պատերազմ որ սկսվի, կազատագրենք: Միշտ գնում էր ու բարձունքից նայում Շուշիին»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան


Մարիամի հիշողության մեջ վառ է մնացել նաեւ եղբոր բերած վերջին ծաղկեփունջը, որը նա հայթայթել էր ինչ-որ անհայտ տեղից. «Դիրքերից իջնելուց հետո շտապել էր ինձ տեսնելու, դուռը բացեցի՝ տեսնեմ ծաղիկներով կանգնած է, մինչդեռ շրջափակման պայմաններում ծաղկի խանութները եւս դատարկ էին: Հարցրի՝ որտեղի՞ց ես գտել, կատակեց թե՝ քաղելով եկա»,- թաց աչքերով, բայց նորից ժպիտով պատմում է Մարիամը:

Կորստի մեծ ցավով հանդերձ, սիրելիների մասին հիշողությունները շարունակում են ջերմացնել: Ու ամեն անգամ երբ մայրիկն ու տատիկը կարոտով լալիս են, փոքրիկ Ալվինան բարկանալով մոտենում է նրանց ու անբարբառ հասկացնում, որ լաց չլինեն, ժպտան ու երջանկությամբ լցվեն. դա այն է, ինչ մշտապես ցանկանում են մեր սիրելիները, անգամ եթե ֆիզիկապես մեզ հետ չեն:  

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի/ «Հայորդի» հիմնադրամ

«Հայորդի» հիմնադրամի «Մայրենիք» ծրագիրն աջակցում է Արցախում 2023 թվականի սեպտեմբերի պատերազմի եւ պայթյունի հետեւանքով զոհվածների ու անհայտ կորածների այն երեխաներին, որոնք ծնվել են նրանց մահից հետո: Հիմնադրամի ծրագրերին օգնելու համար կարող եք նվիրատվություն կատարել հետեւյալ հաշվեհամարով. 11815042199803 | Հայորդի բհ | Այդի բանկ

Կարդացեք նաեւ՝

«Մայրենիք». դժվարությունների առաջ չընկրկող մայրերն ու հոգատար համայնքը

Ոստիկանի պատիվը, կնոջ խոստումը եւ ապրեցնող հավատը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին