Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամ. Ամոքվել, զորանալ եւ հաջողել - Mediamax.am

exclusive
1947 դիտում

Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամ. Ամոքվել, զորանալ եւ հաջողել


Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Նիկողոսյանը
Հովհաննես Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Նիկողոսյանը
Հովհաննես Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հռիփսիմե Խանզադյանը
Հռիփսիմե Խանզադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հռիփսիմե Խանզադյանը
Հռիփսիմե Խանզադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Դովլաթյանը
Տիգրան Դովլաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Դովլաթյանը
Տիգրան Դովլաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Դովլաթյանը
Տիգրան Դովլաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Նիկողոսյանը
Հովհաննես Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Օգնել գոյատեւման մարտահրավեր ունեցած մարդուն նորից հավատալ սեփական ուժերին, ամոքվել, զորանալ եւ հաջողել՝ ստանալով կյանքի «երկրորդ հնարավորություն»»:

Այս առաքելությամբ 2020թ. պատերազմից հետո ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծվել է «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը»:  

Դրա առաքելությունն է աջակցել պատերազմի ուղղակի եւ անուղղակի հետեւանքներն իրենց վրա կրող մարդկանց՝ համադրելով հոգեբանության ժամանակակից մեթոդները, հայ ժողովրդի գոյաբանական պատմությունն ու Հայ Եկեղեցու ավանդույթները։

Մեդիամաքսի հետ զրույցում «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը, հոգեկան առողջության ծրագրերի ղեկավար Հռիփսիմե Խանզադյանն ու հոգեբան Տիգրան Դովլաթյանը պատմել են դրա աշխատանքների, արդյունքների եւ կիրառվող նորարար մեթոդի մասին:

«Համադրել հոգեբանությունը, պատմությունն ու հոգեւոր արժեքները»

Հովհաննես Նիկողոսյան, հիմնադրամի տնօրեն

2020թ. պատերազմից հետո գիտակցում էինք՝ բազմաթիվ մարդիկ կրում են դրա հետեւանքներն ուղղակի կամ անուղղակի, եւ կարիք ունեն լավագույն հոգեբանական աջակցության:

Հենց այս առաքելությամբ ստեղծված «Հայկական հոգեւոր վերականգնման» հիմնադրամի գաղափարը Նուբար Աֆեյանինն էր: Այն գործում է Հայ Առաքելական եկեղեցու հետ համագործակցությամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

Հովհաննես Նիկողոսյանը Հովհաննես Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր ծրագրերի մասնակիցներին առավելագույնս օգտակար լինելու նպատակով մշակել ենք լիովին նորարար՝ հոգեւոր-հոգեբանական աջակցության ծրագիր: Դրանում համադրվում է հոգեբանությունը՝ որպես գիտություն, մեր ժողովրդի պատմական վերականգնողունակության կարողությունը եւ եկեղեցին ու հոգեւոր արժեքները, որոնք դարեր ի վեր պահպանել են մեր ինքնությունը:  

Կարեւոր է ընդգծել, որ աջակցության ծրագրի շահառու կարող են լինել ոչ միայն պատերազմի հետեւանքներն ուղղակիորեն կրած անձիք, այլեւ՝ բոլոր նրանք, ում բնականոն կյանքը փոխվել է այս իրադարձությունների հետեւանքով:

Այս պահի դրությամբ ծրագրի մասնակիցների 34 տոկոսը արցախցի մեր հայրենակիցներն են, 30 տոկոսը՝ մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ եղել են խորը թիկունքում՝ կամավորներ, լրագրողներ, սոցիալական աջակցության ծրագրեր կազմակերպողներ:  

«Թեստավորում անցած 10 հազար մարդուց 41,6 տոկոսն ուներ միջինից ծանր դեպրեսիա»

Հովհաննես Նիկողոսյան

Աջակցության ծրագրի մեկնարկից առաջ մեզ պետք էր վիճակագրություն՝ հասկանալու՝ ինչ իրավիճակ ունենք: Սրան զուգահեռ, մարդկանց, որոնց կյանքը պատերազմի հետեւանքով փոխվել էր, պետք էր մասնագիտական գնահատական:

Այս նպատակով մեր կայքում գործարկեցինք անանուն հոգեբանական թեստեր՝ թույլ տալով ինքնուրույն, բայց ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի կողմից հաստատված թեստերով, գնահատել սեփական հոգեվիճակը: 2023թ․ դեկտեմբերից մինչեւ 2024թ․ մայիս հավաքագրված տվյալները ցույց տվեցին՝ Հայաստանի տարբեր անկյուններից թեստավորում անցած տարբեր սեռի ու տարիքի 10 հազար մարդուց 41,6 տոկոսի մոտ կան միջինից ծանր դեպրեսիայի նախանշաններ:
Հովհաննես Նիկողոսյանը Հովհաննես Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր ծրագրի վերջին փուլին ներգրավված էր 550 մարդ՝ Երեւանում, Գյումրում եւ Վանաձորում: Ամենաբարդ վիճակում գտնվող մասնակիցների 91,7 տոկոսը ծրագրի առաջին 6 շաբաթից հետո ունեցել է դրական փոփոխություններ: Կարծում եմ՝ սա լավ օրինակ է մարդկանց համար, որոնք հոգեւոր-հոգեբանական աջակցության եւ վերականգնման կարիք ունեն, սակայն նրանց պակասում է վստահությունը:

Փոխարենն անընդհատ հարցեր կան՝ «ինչպե՞ս կարող է ինչ-որ ծրագիր օգնել ինձ», «իմաստ ունի՞ դիմել»:

«Հիշեցնել մարդուն՝ ուժը քո ներսում է»

Հռիփսիմե Խանզադյան, հիմնադրամի հոգեկան առողջության ծրագրերի ղեկավար

Մեր հիմնադրամի հիմնական ծրագիրը եռամսյա «Վերականգնման հայկական ճանապարհն» է: Այն երեք փուլ ունի՝ «Ամոքվել, զորանալ եւ հաջողել»:

Ամոքվելը 6 շաբաթյա ինտենսիվ հոգեբանական աջակցության փուլն է, որում ընդգրկվում են այն մասնակիցները, որոնց մոտ, ըստ թեստի արդյունքների, արձանագրվել են հետտրավմատիկ սթրեսի բարձր ցուցանիշներ։ Այդ ընթացքում նրանք 6 անգամ 2-2,5 ժամով խմբային հանդիպումների մեթոդով աշխատում են հոգեբանի հետ: Ինչպես արդեն նշվեց, այս 6 հանդիպումից հետո մասնակիցների 91,7 տոկոսի մոտ նկատվում են դրական փոփոխությունները:
Հռիփսիմե Խանզադյանը Հռիփսիմե Խանզադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր հետագա զրույցներում շատերն են նշում, որ չէին պատկերացնում՝ ինչպես է հնարավոր նման հանդիպումների ընթացքում բացահայտել սեփական ես-ը: Այստեղ առանձնահատուկ կարեւորություն ունի նաեւ աշխատանքի խմբային մեթոդը, քանի որ մարդը տեսնում է՝ նա միայնակ չէ իր ապրումներում, իր կողքին կան նույն կամ նման զգացումներով մարդիկ: Այսպիսով`ձեւավորվում է ապրումակցող, վստահելի համայնք, իսկ համայնքի մաս կազմելը կարեւոր է:

Զորանալը երկրորդ փուլն է: Դրա շրջանակում անցկացվում է երկօրյա հոգեկրթական միջոցառում: Աջակցության այս մեթոդը նորարար է, քանի որ միահյուսում է հոգեբանությունը, պատմությունն ու հոգեւոր արժեքները: Զորացման փուլում այս երեք գործոններից շեշտը դրվում է պատմության վրա, ընդ որում՝ ինչպես անհատական, ընտանիքի ապրած պատմության, այնպես էլ՝ ընդհանրական եւ ազգային:

Առաջին օրը մեր մասնակիցները Կենաց ծառ նկարելու միջոցով վեր են հանում իրենց կյանքի մեկ այլ՝ ավելի ուժեղ պատմություն։ Ընդգծում են արմատի ուժը, գիտակցում, որ հիշողությունն արժեք է ու առաջ մղող գործոն։ Շատերն այս փուլում կիսվում էին, որ ունեին երազանքներ ու նպատակներ, որոնք կորցրել են կյանքի ճանապարհին: Մենք օգնում ենք վերհիշել դրանք ու ստեղծել նորերը:

Յուրաքանչյուր մարդու ներսում կան արժեքներ ու հատկանիշներ, որոնք նրան ուժ են տվել ճանապարհին, բայց մնացել են աննկատ: Մեր նպատակն է «լույս գցել» հենց այդ կետերի վրա եւ դարձնել դրանք ամենօրյա կիրառվող գործիք՝ դժվարություններին դիմագրավելու համար:

Այս ամբողջ ընթացքում մեր աչքի առաջ է մասնակիցների ոգեւորվածությունը։ Մինչ այդ անընդհատ հուզվող, ամաչող մարդը սկսում է խոսել ավելի համարձակ, հայտնում է սեփական կարծիքն ու չի վախենում պատկերացնել ապագան:

Հաջողելը եռամսյա ծրագրի վերջին փուլն է: Սա 4 ժամ տեւողությամբ գեղեցիկ միջոցառում է, որին մասնակիցները կարող են գալ իրենց հարազատների հետ: Սա կարեւոր է, քանի որ հենց վերջիններն են նկատում ու արձանագրում մարդու մեջ եղած փոփոխությունները:   
Հռիփսիմե Խանզադյանը Հռիփսիմե Խանզադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սարսափելի դժվարություններով անցած մարդիկ այդ օրն իրենց կամքով ամբողջ դահլիճի առաջ կիսվում են իրենց պատմությամբ եւ վստահեցնում՝ «ապագայի վերաբերյալ կարեւոր նպատակներ ունենք»: Մի անգամ, օրինակ, մասնակիցներից մեկը հենց այդ օրը դահլիճում դաշնամուր տեսնելով՝ նստել է ու նվագել իր սիրելի մեղեդիները, իսկ նրա հուզված ամուսինը կիսվել է՝ «այսօր ես նորից վերագտա կնոջս, պատերազմից հետո 5 տարի նա դաշնամուրին նույնիսկ մոտ չէր գալիս»:

Այս փուլում մեզ աջակցում են նաեւ ծրագրի գործընկերները: Օրինակ՝ The Awesome Foundation-ը, որին կարող են դիմել մասնակիցներն ու իրենց հետաքրքիր գաղափարների իրականացման համար ստանալ աջակցություն։

Ծրագրի նպատակն է ձեւավորել իրար լսող, ապրումակցող ու աջակցող համայնք եւ հիշեցնել մարդուն՝ «ուժը քո ներսում է»:

«Վերագործարկել մեր ներսում եղած դժվարությունների հաղթահարման մեխանիզմները»

Տիգրան Դովլաթյան, հոգեբան

Պատերազմը, որպես արհավիրք, ազդեցություն է թողել բոլորիս վրա, բայց պետք է ելնել նրանից, որ մարդն ունի ինքնավերականգնման հատկություն՝ անկախ նրանից նրան կօգնեն, թե՝ ոչ: Սա է պատճառը, որ նույն իրավիճակը վերապրած պայմանական 1000 մարդուց աջակցության կարիք կարող է ունենալ 50-ը կամ 100-ը:

Առաջին՝ ամոքման փուլում մենք աշխատում ենք մարդու պաշտպանական մեխանիզմների վերականգնման ուղղությամբ, որոնք խարխլվել են պատերազմի ընթացքում:
Տիգրան Դովլաթյանը Տիգրան Դովլաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմնական ուղղությունը, որի վրա կառուցել ենք աշխատանքը, նարատիվային հոգեբանությունն է: Այն շեշտը դնում է մարդու պատմության վրա՝ ընդգծելով նրա կյանքի դրական դրվագները, ակտիվացնելով պատկանելիության, համայնքի մաս լինելու զգացողությունը:

Բոլորիս ներսում կան դժվարությունների հաղթահարման մեխանիզմներ, որոնք ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով ճնշվում են: Հանդիպումների ընթացքում մեր գլխավոր նպատակներից մեկն է վերագործարկել դրանք:  

«Կա պիտակ՝ տղամարդը պետք է լինի ուժեղ եւ հույզեր չարտահայտի»

Տիգրան Դովլաթյան

Աշխատանքի ընթացքում ինչ-որ պահի գիտակցեցինք, որ հոգեբանի հետ աշխատանքի փուլում կարիք կա գործարկել միայն տղամարդկանցից բաղկացած խմբային հանդիպումներ:

Պատճառը հետեւյալն էր՝ մեր հասարակությունում կան մի շարք ճնշող գործոններ, որոնք խոչընդոտում են տղամարդկանց մասնակցել նման ծրագրերի: Քանի որ ցանկանում էինք ստեղծել վստահության ու ապահովության միջավայր բոլորի համար, որոշեցինք խառը խմբերից բացի, տղամարդկանց հետ աշխատել նաեւ առանձին:  
Տիգրան Դովլաթյանը Տիգրան Դովլաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հասարակությունում կա պիտակ՝ տղամարդը պետք է լինի ուժեղ եւ հույզեր չարտահայտի՝ «եթե ես ուժեղ ուրախություն եմ արտահայտում կամ առավել եւս՝ տխրություն, ուրեմն՝ թույլ եմ»:

Մյուս խոչընդոտն այն է, որ մեր հասարակությունում տան հիմնական աշխատող ուժը տղամարդն է եւ հաճախ նա սեփական հոգեբանական առողջությանը  հետեւելու ֆիզիկապես ժամանակ չի ունենում: Մեր ծրագրի դեպքում այս հարցը փորձել ենք լուծել՝ խմբային հանդիպումները պլանավորելով ոչ աշխատանքային օրերի կամ աշխատանքային ժամից դուրս։

Խոչընդոտներից մյուսն ու, ըստ իս, ամենակարեւորն այն է, որ պատերազմի նման արհավիրքներն իրենց ինտենսիվությամբ շատ ուժեղ են ազդում մարդու հոգեբանության վրա՝ ճնշելով նրա պաշտպանական մեխանիզմները: Ցավին ինչ-որ կերպ դիմանալու համար մենք սկսում ենք խլացնել հույզերը: Տղամարդիկ, որոնք իրենց շրջապատում քիչ են խոսում պատերազմի, իրենց ապրումների մասին, մշտապես ֆոնային ճնշված են պահում այդ հույզերը: Նրանց մոտ սկսում է ապատիկ փուլ, որի ընթացքում ինչ-որ պահից դադարում են հույզեր զգալ կամ ճանաչել դրանք: Սա հաճախ բերում է անհուսության եւ հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոնները՝ տղամարդը չի կարեւորում մասնագիտական աջակցությունն ու մտածում, որ իրեն ոչինչ օգնել չի կարող:

Այստեղ պետք է նշել նաեւ, որ պատերազմի ժամանակ կային հոգեբաններ, որոնք այդ խիստ խոցելի պահին աշխատում էին սխալ մոտեցմամբ, ինչն էլ բերել է մասնագետների նկատմամբ վստահության պակասին:
Տիգրան Դովլաթյանը Տիգրան Դովլաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գալով մեր խմբերի աշխատանքին՝ դրանցում հիմնականում ընդգրկվում է 10-12 մարդ: Բնականաբար, հանդիպումները կոնֆիդենցիալ են եւ ներսում քննարկվածը, կիսվածը, մնում է միայն խմբի անդամների շրջանակում: Ընտրել ենք աշխատանքի հենց խմբային մեթոդը, քանի որ շատ կարեւոր է, որ մասնակիցներն ունենան ապահովության միջավայր, որտեղ իրենց լսում են, հասկանում, ապրումակցում: Անչափ կարեւոր է առաջին քայլը, գիտակցումը, որ ունես աջակցության կարիք: Շատերը գալիս են իրենց նախաձեռնությամբ, ոմանց՝ հուշում ու խնդրում են հարազատները, մյուսները ծրագրի մասին իմանում են ընկերներից: Բայց կարեւոր է հասկանալ՝ անկախ ճանապարհից, որով մարդը եկել է աջակցություն ստանալու, եթե նա ի վերջո նստած է այդ հանդիպմանն, ուրեմն արել է առաջին կարեւոր քայլը:

Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդիկ առաջին հանդիպումից հետո չեն շարունակում աշխատանքը: Սա ունի մասնագիտական բացատրություն՝ առաջին հանդիպմանը նրանք գիտակցում են, որ անցնելիք ճանապարհը բարդ է, ցավոտ տեղին դիպչելը չի կարող հեշտ լինել։ Այս դեպքում, եթե անձը դեռ պատրաստ չէ այդ ընթացքին, կարող է չշարունակելու հազար պատճառ գտնել: Ընդ որում, նույնը նաեւ անհատական պրակտիկայում է։ Մեր դեպքում ծրագիրը չշարունակողների թիվը բավականին փոքր է, իսկ դրական արդյունք գրանցողների տոկոսը՝ շատ խոսուն:

«Մարդուն իր ապագան ընտրելու հնարավորություն տալ»

Հովհաննես Նիկողոսյան

Մենք ստեղծել ենք յուրահատուկ մեթոդ եւ ծրագիր միջազգային ու հայաստանյան լավագույն մասնագետների հետ։ Հոգեւորի եւ հոգեբանության համադրությամբ, օգնում ենք գոյատեւման մարտահրավեր ունեցած մարդուն նորից հավատալ սեփական ուժերին ու գտնել, այսպես ասած, կյանքի «երկրորդ հնարավորություն»։  

Սրան զուգահեռ, ստանձնել ենք նաեւ հոգեբանների մասնագիտական համայնքի հզորացման հանձնառություն: Այս ծրագրի շրջանակում նրանք վերապատրաստվում են:
Հովհաննես Նիկողոսյանը Հովհաննես Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակ ունենք նաեւ մասշտաբայնացնել ծրագիրը՝ Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից բացի, այն հասանելի դարձնելով նաեւ Հայաստանի մյուս անկյուններում, ինչպես նաեւ՝ արտերկրում: Հոգեբանության, հոգեւորի եւ պատմական փորձառության համադրումը նորարարություն է նաեւ միջազգային մասշտաբով։ Ցավոք, պատերազմներն աշխարհում չեն պակասում եւ դրանց հետեւանքներն իրենց վրա կրում են հարյուր հազարավոր մարդիկ, որոնք ունեն վերականգնման կարիք:

Կարեւոր է հասկանալ, որ երբ խոսում ենք պատմական փորձառության մասին, խոսքը պատմական այս կամ այն փաստի կամ իրողության մասին չէ միայն: Դա կարող է լինել մարդու պատմություն, որը նախկինում վերապրել է համադրելի ճգնաժամեր, հաղթահարել դրանք եւ հասել հաջողության: Նման օրինակները դժվար ժամանակներում ուժ են տալիս:

Մենք ցանկանում ենք հիշեցնել մարդուն, որ նա ունի բազմաթիվ արժանիքներ ու հենման կետեր թե՛ իր ազգի, թե՛ իր կյանքի պատմության մեջ: Հենց այստեղ է, որ պետք է ուժ փնտրել, հաղթահարել դժվարություններն ու գնալ դեպի ապագա: Մեր ծրագիրը փորձում է մարդուն իր ապագան ընտրելու հնարավորություն տալ։

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին