2020թ.-ից «ԱՐԻ» արշավական ակումբի հիմնադիր Աստղիկ Հարությունյանը սկսեց կանոնավոր արշավներ կազմակերպել երեխաների ու պատանիների համար։ Այսպես ծնվեց «ԱՐԻ Խոխան»։
Երեխաներին ինքնաճանաչման հնարավորություն տալու եւ երեխա-բնություն կապի ամրապնդման կարեւորության մասին Աստղիկը պատմել է Մեդիամաքսին։
«Արշավի ժամանակ ծնողներն ու երեխաները «խանգարում էին» իրար»
«ԱՐԻ Խոխա»-ի գաղափարն առաջացավ 2020թ.-ին՝ «ԱՐԻ» արշավական ակումբի հիմնադրումից երկու ամիս անց, քանի որ երեխաների համար կազմակերպվող արշավների պահանջարկ կար։
Մի օր «ԱՐԻ»-ի հետ արշավ եկան ծնողներ՝ իրենց հետ վերցնելով երեխաներին։ Արդյունքում, արշավի ժամանակ ծնողներն անընդհատ երեխաներին էին հսկում ու «խանգարում», երեխաներն էլ՝ ծնողներին։ Հասկացա, որ արշավների ժամանակ այս երկու խմբերին առանձնացնել է պետք (ժպտում է – հեղ.)։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նույն տարվա օգոստոսին կազմակերպեցինք երեխաների համար նախատեսված առաջին արշավը։ Սկզբում խմբում միայն 6-14 տարեկան երեխաներն ու պատանիներն էին։ Հետո տարիքային խմբերի առումով բնականոն զարգացում եղավ։ Այս խմբի մասնակիցների փոքր քույր-եղբայրները նույնպես ցանկանում էին արշավների գալ, այնպես որ, քայլ առ քայլ ձեւավորվեց «ԱՐԻ Խոխա»-ի 3-6 տարեկանների խումբը։
«Ռիսկեր կան ամեն տեղ. սաղմնային փուլից մինչեւ քաղաքային միջավայր կամ սեփական տուն»
Այս գործի հիմքում այնքան սեր ու ջերմություն կա, եւ երեխաներն իրենց մաքուր էներգիայով մեզ այնքան ուժ են փոխանցում, որ ցանկացած իրավիճակ հարթվում է։ Բացի այդ, հասկացել ենք, որ բնության մեջ ու հատկապես՝ առանց ծնողների, երեխաները շատ ավելի «կառավարելի են»: Ավելի ճիշտ՝ նրանց հատուկ կառավարելու կարիք էլ չկա, քանի որ միտումնավոր անկարգություններ չեն անում, չեն հեռանում խմբից:

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Կարծում եմ՝ հաճախ ծնողները լավ չեն ճանաչում իրենց երեխաներին: Չգիտեն նրանց թույլ եւ ուժեղ կողմերը, մեկ-մեկ գերագնահատում կամ թերագնահատում են: Սա հաշվի առնելով՝ հաճախ թույլ չեն տալիս երեխային ավելի ինքնուրույն լինել ու այդպիսով ունենալ ինքնաճանաչման հնարավորություն, ինչը շատ կարեւոր է։
Եթե երեխան առաջին անգամ է մասնակցելու արշավին, ծնողին խնդրում ենք հատուկ հարցաթերթիկի միջոցով ներկայացնել նրան, պատմել կենսակերպի մասին, որպեսզի բոլոր գործոնները հաշվի առնելով՝ առաջարկենք առավել հարմար երթուղի։ Հնարավորինս շատ տեղեկություն ունենալը կարեւոր է նաեւ հենց սկզբից մեր եւ երեխայի միջեւ վստահելի ու ամուր կապի ձեւավորման համար։ Օրինակ՝ խմբում ունենք Միքայել, որը շատ է սիրում, երբ իրեն Միկա ենք ասում, իսկ մյուս Միքայելը «Միկա» դիմելաձեւից նեղանում է։ Այնպես որ, այստեղ ծնողների հետ սերտ համագործակցությամբ ենք աշխատում։ Բացի այդ, «ԱՐԻ Խոխա»-ի ուղեկցորդների մի մասը մանկական հոգեբան է: Նրանք զուգահեռ աշխատում են նաեւ այս մասնագիտությամբ։

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Երթուղիների ընտրության հարցում փորձում ենք չգերազանցել 14 կիլոմետրը, որպեսզի արշավ գնալը երեխայի մոտ չասոցացվի տանջանքի, ուժերի սահմանագծին քայլելու հետ։ Փոքրերի՝ 3-6 տարեկանների խմբում, ավելի շատ աշխատում ենք զգայարանների հետ՝ հոտոտում ենք, շոշափում, նայում մեր շուրջն ու ճանաչում։
Ինչ վերաբերում է ռիսկերին, պետք է գիտակցել, որ մարդու կյանքում դրանք ամեն տեղ են՝ սաղմնային փուլից մինչեւ սովորական քաղաքային միջավայր կամ նույնիսկ՝ սեփական տուն: Մենք չենք կարող մշտապես փակել երեխային որեւէ անվտանգ թվացող միջավայրում։ Նա պետք է ճանաչի իր բնավորությունը, մարմինը, հնարավորություններն ու կարողանա ինքնուրույն գնահատել եղած ռիսկերը։ Այնպես որ, սխալ է մտածել, որ արշավները վտանգավոր են, իսկ վնասվելու ռիսկ կա միայն սար ու ձորում։ Սայթաքելը, թեթեւ ընկնելն ու քերծվելը նորմալ է։ Սա աշխարհը ճանաչելու փուլ է ու պետք է թույլ տալ, որ երեխան անցնի այն։
«Հյուր գնալ բնությանը. հիանալ, ուսումնասիրել ու չվնասել»
Միանշանակ է, որ բնությունն ապրում է յուրաքանչյուր երեխայի մեջ, բայց քաղաքում այն դրսեւորվելու քիչ հնարավորություններ ունի։ Սար ու ձորում երեխաներն ասես բացվում են, շնչում լիաթոք ու ապրեցնում այդ զգացումը։
Անձամբ ինձ համար բնությունն իսկապես բուժիչ ուժ ունի, քանի որ սա մաքուր էներգիայի կուտակման միակ տեղն է, որտեղից միշտ լիցքավորված եմ վերադառնում։

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Այսօր երեխաներից շատերը հաճախում են բազմաթիվ խմբակների՝ լող, տարբեր սպորտաձեւեր, բայց կարծում եմ՝ բնության մեջ քայլելը բոլորովին այլ փորձառություն է։ Բնություն-երեխա կապը շատ կարեւոր է ֆիզիկական ու հոգեկան առողջության համար։ Արշավների ժամանակ երեխան կոփվում է, սովորում դուրս գալ կոմֆորտ գոտուց, փորձում նոր բաներ, ընդլայնում սեփական հնարավորությունների սահմանները, սովորում ճիշտ գնահատել իրավիճակն ու սեփական ռեսուրսները։
Քայլելու ընթացքում տեսնում եւ ուսումնասիրում ենք շատ բույսեր, ծաղիկներ, միջատներ: Սա մի առանձին նուրբ թեմա է (ժպտում է – հեղ.), քանի որ երեխաներին միշտ խնդրում ենք չպոկել ծաղիկները, այլ՝ նայել դրանց բնական միջավայրում: Մենք խրախուսում ենք բնությանը հյուր գնալու գաղափարը, երբ հիանում ես, ուսումնասիրում եւ ոչինչ չվնասելով՝ հեռանում:

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Իհարկե, գեղեցիկ դաշտային ծաղիկների փունջը շատ գայթակղիչ է հնչում, բայց դրանում կարող են հանդիպել վերացման եզրին գտնվող ծաղիկներ, իսկ երեխաներին պետք է ցույց տալ, որ բնության հանդեպ հոգատարությունը շատ կարեւոր է։ Այստեղ մի նրբություն էլ կա։ Հատկապես փոքրիկների խմբում երեխաները հաճախ մի ծաղիկ են պոկում ու լայն ժպիտով նվիրում քեզ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սա շատ սիրուն քայլ է, քանի որ շնորհակալ լինելու, գնահատելու, մայրիկին ու առհասարակ՝ աղջկան, կնոջը մեծարելու դրսեւորում է։ Նման դեպքերում փորձում եմ մեծ զգուշությամբ բացատրել ծաղիկները չպոկելու կանոնը, որպեսզի հանկարծ չնեղացնեմ ու երեխային չթվա, թե իր այդ գեղեցիկ քայլը սխալ էր (ժպտում է – հեղ.)։
Առանձնահատկություններ ունեցող երեխաներին տալ ինքնուրույն լինելու հնարավորություն
Ինձ համար չափազանց կարեւոր է նպաստել որեւէ սոցիալական փոփոխության: Մի անգամ խոխա արշավներից մեկին եկավ զարգացման առանձնահատկություն ունեցող երեխա, ինչի մասին նախապես չգիտեինք, քանի որ ծնողը չէր տեղեկացրել։ Այս դեպքից ու Հայաստանում աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների թիվը տեսնելուց հետո հասկացա, որ անպայման պետք է արշավներում ներառել նաեւ այս երեխաներին։ Ցավոք, հենաշարժողական խնդիրների դեպքում արշավներին մասնակցելը դեռեւս բարդ է, քանի որ մեր արահետները հիմնականում լավ մշակված չեն: Մենք սկսեցինք արշավներ կազմակերպել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար։ Այո՛, այս երեխաներից շատերը գնում են մասնագիտական թերապիաների, բայց դրանք բոլորը 4 պատի մեջ կատարվող գործողություններ են։ Չեմ թերագնահատում, բայց եւ չեմ կարծում, որ թերապիան կարող է լինել ամբողջական, եթե չի ընդգրկում կապը բնության հետ։

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Նկատել եմ, որ այսօր երեխաներից շատերն ունեն ինքնասպասարկման խնդիր։ Արագ կյանքի ու վազքի մեջ երեխայի կարիքները հոգում են հիմնականում ծնողները կամ տատիկ-պապիկներն ու նա չի կարողանում պարզ բաներն անել ինքնուրույն: Դե պատկերացրեք՝ ինչ խնդիր է սա առանձնահատկություններ ունեցող երեխայի դեպքում, երբ նշածս գործոններին գումարվում է ծնողի վախը, հիպերհոգատարությունը, հասարակության մոտեցումները, փոխադրամիջոցների, միջավայրի հարմարեցված չլինելը: Մեր նպատակն էր այս երեխաներին տանել բնություն, ցույց տալ, որ իրենք կարող են ինքնուրույն լինել։
«Արվեստարան» հասարակական կազմակերպության հետ՝ Impact Hub-ի աջակցությամբ, 7 արշավ իրականացրեցինք 10-12 երեխայի համար: Այսօր նրանցից երեքը շարունակում է մեզ հետ գալ արշավների արդեն առանց ծնողի ուղեկցության։ Նրանք չեն տրտնջում ու սիրով քայլում են անգամ մինչեւ 10 կմ երկարություն ունեցող երթուղիներով: Այս երեխաներին մենք ոչ մի կերպ չենք առանձնացնում, չափից շատ չենք «դողում» նրանց վրա, գիտենք եղած առանձնահատկության մասին, բայց երբեք չենք ասում՝ «չէ, դու սա չես կարող»: Կարծում եմ՝ այս երեխաներին չսահմանափակելը շատ կարեւոր է: Իրականում, նույն մոտեցումն ունենք նաեւ մյուս երեխաների հանդեպ։ Արշավի ընթացքում օգնություն ենք առաջարկում չափավոր ու միայն այն դեպքում, երբ տեսնում ենք՝ տրտնջալը մանիպուլյացիա չէ։ Օրինակ՝ մի քանի րոպեով օգնում ենք տանել ուսապարկն ու տալիս ենք հանգստանալու հնարավորություն: Ընկնելուց եւս չենք վախենում, սա բնական երեւույթ է: Իհարկե, երեխաներին չենք տանում արշավ եւ տանջում այնտեղ (ծիծաղում է – հեղ.), բայց նրանք պետք է հասկանան իրենց քայլերն ու դրանց հետեւանքները:

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Եթե երեխան մի անգամ չարաճճիություն է անում, չի լսում ուղեկցորդի խորհուրդներն ու դրա հետեւանքով ընկնում է ու թեթեւ քերծվում, մյուս անգամ նա ավելի ուշադիր կլինի ու կհետեւի այդ միջավայրում ճիշտ քայլելու կանոններին:
«Թվում է՝ չարուկություն են անում, բայց ամեն ինչ լսում ու հիշում են»
Այս երեխաները դարձել են մեր կյանքի անբաժան մասը: Մեկ-մեկ ուզում եմ մեծանան, տեսնեմ՝ ինչպիսին են դառնալու, ինչով են զբաղվելու (ժպտում է – հեղ.): Նրանց մեջ փոփոխություն նկատում եմ արդեն մի քանի արշավից։
Մի երեխա ունեինք, սկզբում շատ ամաչկոտ էր, զրուցելիս անգամ աչքերիդ չէր նայում։ Որոշ ժամանակ հետո ծնողը կիսվեց, որ բոլոր բարեկամները հարցնում են՝ «ի՞նչ եք արել այս երեխային, ինչքան է փոխվել, ավելի վստահ դարձել»: Հիշում եմ՝ առաջին արշավին մեծ դժգոհությամբ եկավ, ընկավ առաջ ու մեկ էլ պտտվեց, թե՝ «ամեն դեպքում իմացեք՝ ես սիրում եմ քաղաքային կյանքը» (ծիծաղում է – հեղ.)։ Հետաքրքիր է, որ նույն օրը տուն էր գնացել ու մայրիկին ասել՝ «մամ, ինձ արշավ գնալու համար այպիսի կոշիկ ու ուսապարկ է պետք»:

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Կարեւոր է նշել, որ արշավների ընթացքում չենք հանդուրժում ագրեսիվ ծնողավարությունը։ Եթե ծնողը պնդում է, որ առաջին անգամ գա երեխայի հետ, պետք է հասկանա՝ արշավի ընթացքում լինելու է ուղղակի մասնակից։
Կարող է ինչ-որ փուլերում օգնել մեզ, երեխաներին, բայց չի կարող ամբողջ ընթացքում սպասարկել իր երեխային:
Մի հետաքրքիր պատմություն էլ հիշեցի, որով կիսվել է մայրիկներից մեկը։ Նա մասնագիտությամբ մանկավարժ է ու մի օր ծանոթներով մեկնում են Լոռի, որտեղ ներկաներից ոչ ոք չի կարողանում կողմնորոշվել ու գտնել ձորում թաքնված մի եկեղեցի։ Արդյունքում երեխան առաջ է գալիս ու ասում՝ «Մամ, եթե ճանապարհը չգիտենք, կարող ենք գտնել այն՝ հետեւելով նշաններին։ Պետք է ուշադիր լինել տրորված խոտին, նշումներ փնտրել ծառերի կամ քարերի վրա»։ Արդյունքում ամբողջ խումբը գտնում է եկեղեցին՝ լսելով երեխային։

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Ուզում եմ ասել՝ արշավների ընթացքում թվում է՝ երեխաները չարուկություն են անում ու քեզ չեն լսում, բայց փաստորեն ամեն ինչ հիշում են ու իրենց մոտ նոր հմտություններ են ձեւավորվում:
Կարծում եմ՝ կարեւոր է նաեւ, որ երեխաները սովորում են ճիշտ օգտագործել իրենց ռեսուրսները: Լավ է, թե՝ վատ, բայց այսօրվա աշխարհում կա ամեն ինչ. երեխաներից շատերն իրենց ծնունդներն անցկացնում են ռեստորաններում, արձակուրդին գնում են ծով եւ ունեն բազմապիսի խաղալիքներ։ Ու մեկ էլ, երեխան գալիս է արշավ ու մտածում՝ դե ջուր է էլի, կարող եմ միանգամից ամբողջը խմել, երբ ցանկանամ՝ էլի կունենամ։

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Մեկ էլ հո՛պ, ջուրը վերջանում է, իսկ դու դաշտի մեջտեղում ես, որտեղ ո՛չ խանութ կա, ո՛չ էլ խմելու ջրի այլ աղբյուր եւ պետք է դիմանալ։ Սա շատ է կոփում երեխային, հաջորդ կամ նույնիսկ տասներորդ անգամ նույն սցենարը կրկնելով՝ նա ի վերջո սովորում է, որ ջուրը պետք է համաչափ բաշխել, որ այն կարեւոր ռեսուրս է։
«Հայրենաճանաչությունը մեզ համար գոյաբանական հարց է»
Մեր հասարակությունում կա լուրջ խնդիր, մտածողություն, թե մերն է միայն մեր տունը, իսկ շեմից դուրս ոչինչ մեզ հետ կապ չունի։ Ինձ համար շատ ցավալի է Արցախի դեպքերը կապել այս թեմային, բայց, ցավոք, սա ամենաակտուալ իրողությունն է, որը մեզ ապտակ տվեց, բայց այդպես էլ չարթնացանք։ Մենք անցանք ու անցնում ենք այսքան ցավի միջով, բայց դեռ շարունակում ենք իմ ու քո, մեր ու ձեր անել, մասնատել մեր փոքրիկ հայրենիքն՝ ասելով՝ «իմը սա է, իսկ այ սա՝ քոնն է»։ Իմ կյանքում համոզվել եմ՝ սիրել կարելի է այն, ինչը տեսնում ու ճանաչում ես։ Ժամանակին Սամվել Կարապետյանն է ասել, որ մենք սիրում ենք այն, ինչը ճանաչում ենք, եւ պաշտպանում այն, ինչը սիրում ենք։

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Ինձ համար մեր խոխա արշավների հայրենաճանաչության բաղադրիչը կարեւորագույն դեր ունի։ Երեխաների հետ քայլելիս երբեք չենք ասում՝ «գիտեք երեխաներ, սա այս դարի եկեղեցի է՝ կառուցված այս ոճով» ու էլի շատ ու շատ ինֆորմացիա։ Առհասարակ կարծում եմ՝ երեխաներին այսօր առանց այդ էլ չափից շատ ինֆորմացիա է տրվում ու ինձ համար ցավալի է, որ այն այդպես էլ չի վերածվում իրական գիտելիքի։ Մենք ցույց ենք տալիս երեխաներին մեր երկրի գեղեցկությունը, սովորեցնում հոգ տանել նրա մասին։ Կարծում եմ՝ հայրենաճանաչությունն այսօր մեզ համար գոյաբանական հարց է։ Սա ասում եմ առանց որեւէ պաթոսի կամ ուռճացման։ Շատ կարեւոր է, որ երեխաները քայլեն իրենց երկրով, իմանան, որ Երեւանից դուրս կան հրաշալի մարդիկ, հրաշալի տեսարաններ։

Լուսանկարը` «ԱՐԻ Խոխա»
Ես շատ եմ սիրում շփվել բոլոր այն գյուղերի բնակիչների հետ, որոնցով անցնում ենք արշավների ժամանակ։ Ընկերուհիս միշտ կատակում է, որ արշավն արշավ չէ, եթե ես գյուղացիների տուն չմտնեմ սուրճ խմելու (ժպտում է – հեղ.)։ Շատ ժամանակ բոլորովին անծանոթ մարդկանց հետ այնքան ջերմ ենք շփվում, որ երեխաները հետո հարցնում են՝ «դուք ծանո՞թ եք, նա ձեր ընկե՞րն էր»։ Նույնը սերմանում եմ երեխաների մեջ։ Հաճախ դրդում եմ, որ գնան, հարցնեն՝ կարո՞ղ են այգուց մի քանի միրգ քաղել, կարո՞ղ են ջուր խնդրել։ Սա օգնում է, որ երեխան իսկապես ճանաչի ու սիրի իր հայրենիքն ու այդ հայրենիքի տարբեր-տարբեր տեղերում ապրող մարդկանց։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: