«Հին արմատներ՝ նոր պտուղներ». բասկյան-ռուսական ընտանիքի կյանքը Ոսկեվազում - Mediamax.am

exclusive
1731 դիտում

«Հին արմատներ՝ նոր պտուղներ». բասկյան-ռուսական ընտանիքի կյանքը Ոսկեվազում


Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


«Մենք Դանիէլն ու Ելենան ենք, երկար տարիներ տարբեր երկրներում ճամփորդելուց հետո ընտրել ենք Հայաստանը՝ որպես երկիր, որտեղ ցանկանում ենք հիմնավորվել ու դաստիարակել մեր երեխաներին». այս մեջբերմամբ տեղի ունեցավ իմ՝ երիտասարդ ընտանիքի հետ ծանոթությունը:

Դանիէլի եւ Ելենայի հետ ծանոթանալու համար ուղեւորվեցի Ոսկեվազ, որտեղ էլ հիմնավորվել են Խոսե Մարիա Դանիէլ Պերես Բելյիդոն եւ Ելենա Պերես Բելյիդոն:

Վարդագույն տուֆից կառուցված գեղեցիկ հին տան կամարե մուտքի մոտ ինձ դիմավորում են նորաթուխ տանտերերը. ներս մտնելու հրավերը վերածվում է փոքրիկ ճամփորդության տան ու ընտանիքի հետաքրքիր անցյալով:

Դանիէլը բասկ է, Ելենան՝ ռուս, ծանոթացել են «Odnoklassniki» սոցիալական կայքում, երբ երկուսն էլ բնակվում էին Իսրայելում: Ամուսնացել են Չեխիայում, ապա եւս մի հարսանիք արել Իսրայելում: Կատակում են. hարսանիքը համարյա հայկական էր` երկու հարյուր հյուր ունեին: Տարբեր ժամանակներում բնակվել են Բեռլինում, Լոնդոնում, Մոսկվայում, Սմոլենսկում: 2022 թվականի փետրվարյան դեպքերը նրանց Սմոլենսկից Երեւան բերեցին:

«Այդ օրերին բազմաթիվ զանգեր էինք ստանում տարբեր երկրներից, յուրաքանչյուրն իր մոտ էր մեզ կանչում: Վաղուց ուզում էինք ավելի տաք երկիր տեղափոխվել, բացի դա՝ միշտ շատ ջերմ վերաբերմունք եմ ունեցել Հայաստանի հանդեպ, մանկուց հայ ընկերներ շատ ունեմ: Որտեղ էլ բնակվել ենք, միշտ շրջապատված ենք եղել հայերով», - սկսում է Դանիէլը:

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Զրույցի ընթացքում պարզ է դառնում, որ նա ծանոթ է նաեւ 90-ականներին Հայաստանում բնակվող երեխաների՝ անտեղյակներին տարօրինակ թվացող սովորություններին.

«Արսեն անունով ընկեր ունեի, աշխարհի առաջնություններում Հայաստանը հաղթական ներկայացրած բռնցքամարտիկ էր, ստիպված Մոսկվա էր մեկնել՝ արտագնա աշխատանքների: Ամեն այցիս նույն տարօրինակ զբաղմունքի վրա էի տեսնում նրան՝ընդմիջման ժամանակ լույսը միացնում, անջատում էր: Մի անգամ բարկացա, հարցրեցի իր զբաղմունքի պատճառը: Պատմեց, որ իր մանկության տարիներին հոսանքը հաճախ էին անջատում, երեխաներով ստիպված հերթապահել են, որ հանկարծ բաց չթողնեն հոսանքի՝ երկար սպասված միացումը»:

Սմոլենսկից՝ հայկական գյուղ

Հայաստանում բնակարանի փնտրտուքներն ընտանիքին գյուղ են տանում՝ հայկական գյուղ: Բազմաթիվ տեղափոխություններից հետո նրանք բնակություն են հաստատում Օշականում, ինտեգրվում գյուղի կյանքում:

«Էրիկը՝ մեր կրտսեր տղան, մի օր վազելով տուն մտավ ու կիսահայերեն-կիսառուսերեն ինձ դիմեց. մամա, խնձոր կտա՞ս (мама, дай хндзор)։ Զարմացած հարցրեցի՝ ի՞նչ: Մամա,  խնձո՛ր տուր: Այսպես էլ սկսել ենք ինտեգրվել», - պատմում է Ելենան։

Օշականում բնակվելու ընթացքում ամուսինները հողատարածք էին փնտրում՝ չնայած ընտանիքում չգրված օրենք կար. եթե մեկն անգամ կես բառ խոսի սեփական տան մասին, մյուս պարտավոր է խանգարել այդ մտքերին։

«Մենք միշտ մտածել ենք սեփական տան մասին, տան, որը մոտ կլինի բնությանը, բայց նաեւ պատկերացրել ենք, որ սեփական տան հոգսերը կրել շատ դժվար կլինի։ Քանի որ ցանկությունն այս անգամ երկկողմանի էր, մեկս մյուսին չկանգնեցրեց։ Օշականում 4 ամիս բնակվելուց հետո վերադարձանք Երեւան, բայց ժամանակ անց նորից գնացինք գյուղ, այս անգամ՝ Ոսկեվազ՝ արդեն սեփական տուն գնելու ցանկությամբ։ Հենց այդ ժամանակ էլ տեսանք մեր ապագա տունը, որը երկար ժամանակ մեզ էր սպասում», - իր ուրախությամբ է կիսվում Ելենան։

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Փողոցը, որի վրա գտնվում է Դանիէլի եւ Ելենայի տունը, բնակեցվել է միայն նախորդ դարի կեսերին: Նոր շինությունները կառուցվել են հենց այդ փողոցի ընդերքից հանված մեծ քարերից: Գյուղի բնակիչների խոսքերով, մոտ 40 շենք (ներառյալ գյուղի՝ Գեւորգ Թամանյանի կողմից նախագծված Մշակույթի տունը) են կառուցվել Դանիէլի ու Ելենայի ներկայիս տան տարածքի քարերից:

«Փաստացի մեր տունը կառուցված է իր իսկ տարածքի ընդերքից հանված քարերից: Շինարարությունը սկսվել է 1958 թվականին, նկուղներից մեկում պահվում են Էրզրումից բերված կարասները, որոնք տեղադրել են այնտեղ մինչ շինարարությունը, ապա նոր սկսել տան կառուցումը: Նույն ժամանակ կարասներում սկսել են գինի պատրաստել: Ինչպես պատմում էր տան նախկին տերը, գինին պատրաստել է սեփական խաղողից: Տան պատերից մինչ հիմա գինու անուշ բույր է գալիս: Վերջին գինին կարասներից հանել են 1996 թվականին», - շարունակում է Դանիէլը:

Լքված տանը վերածնունդը

Նոր տանտերերի ծրագրերը ոգեւորիչ են. երիտասարդ ընտանիքը վերականգնում է տունը՝ պահպանելով դրա պատմամշակութային արժեքը, եւ պատրաստվում է դարձնել այն մշակույթների հատման յուրօրինակ կենտրոն:

Տունն Աշտարակին, Օշականին եւ Ոսկեվազին բնորոշ դասական օրինակ է: Այսպիսի տներ կառուցել են 18-րդ դարի կեսերից. մուտքը՝ կամարաձեւ, աջից ու ձախից՝ երկու նկուղներ, առաջին հարկն ամբողջովին ՝ոչ բնակելի, երկրորդ հարկում, որպես կանոն, երեք սենյակ՝ առանձին մուտքերով: Այսպիսի շինվածք հանդիպում է Աշտարակի, Օշականի եւ Ոսկեվազի շատ տներում:

«Նման տների թիվը տարեցտարի նվազում է: Բայց չէ՞ որ այս պատերը ճարտարապետության, մշակույթի ու պատմության հաստ շերտեր են: Մեր նպատակն է պահպանել տան ճակատային մասը, ներքին կառուցվածքը՝ ադապտացնելով ժամանակակից կյանքին: Մեզ համար սկզբունքային կարեւորություն ունի ո՛չ միայն տան վերականգնումն ու մեր՝ տանիք ունենալը, այլ նաեւ մշակութային արժեքը պահպանելը: Ուզում ենք ցույց տալ, որ հնարավոր է վերականգնել հին տունը, միաժամանակ ստեղծել հարմարավետ տարածք այսօրվա համար, այսինքն՝ կապել անցյալն ու ներկան: Մեր կարգախոսն էլ ունենք այս թեմայով. «Հին արմատներ՝ նոր պտուղներ», - պատմում է Ելենան:

Դանիէլը հոգատարությամբ խնամում է խաղողի վազը, որը փաթաթվել է տան պատին: Սա, երեւի, նրա ու կնոջ բռնած գործի ամենասիրուն խորհրդանիշն է:

Երիտասարդ ամուսիններն ասում են, եւ ՛տան, եւ՛ գինու արտադրության  վերականգնումը հավասար կարեւոր է իրենց համար:

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Հայրական տան վաճառքից հետո Դանիէլին ու Ելենային հյուր է եկել նախկին տանտերը՝ Միլիցոն, ու Ելենայի ձեռքն ամուր բռնած, հեկեկալով, պատմել է, ինչպես է քարը քարի վրա դրել ու որքան ուրախ է, որ նոր տանտերերը տունը քանդելու մտադրություն չունեն: Նույն օրը երեկոյան Միլիցոյի ինքնազգացողությունը վատացել է, մի քանի օր անց նա մահացել է…

Հնի ու նորի, հայկականի ու բասկյանի միջեւ

Դանիէլն ու Ելենան իրենց նախագիծն անվանել են «Ոսկե վազի տուն», յութուբյան ալիք են բացել ու պատմում են տան վերականգնման մասին:

Խոսելով ապագայից՝ խոստովանում են. արդեն ամռանն ուզում են բնակվել իրենց տանը, մեկ տարի անց տեսնել` ինչպես է տունն իրացնում իր ողջ ներուժը, իսկ կարասներում ունենալ այս տարվա խաղողի բերքը:



«Ուզում ենք մեր տունը հետաքրքիր տարածք լինի. ներքեւում գինի պատրաստենք, համտեսեր կազմակերպենք, խոհարարական հանդիպումներ անցկացնենք: Մեծ է ցանկությունս նաեւ բասկյան խոհանոցն այստեղ ներկայացնել, որը շատ լավ համադրվում է գինու հետ, տեղական խնձորներից էլ բասկյան սիդր պատրաստել: Թող մեր հյուրերը հին ու նոր, հայկական ու բասկյան աշխարհների հետ առնչվելու հնարավորություն ունենան: Մեր տունը մշակութային խաչմերուկ պիտի դառնա», - խոստովանում է Դանիէլը:

Նրա նախնիները բասկերի երկրում ձիթապտղի ամենախոշոր արտադրողներից են եղել. Դանիէլը փորձում է շարունակել նախնյաց ավանդույթներն ու եվրոպական ձիթենիներ է աճեցնում՝ ադապտացնելով դրանք Արագածոտնի կլիմային:

Տասնինը երիտասարդ ծառերը նոր տանն իրենց լավ են զգում ու ծաղկամաններում սպասում են աստեղային ժամին:

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Դանիէլն ու Ելենան ասում են, որ սեփական օրինակով ուզում են ցույց տալ ժառանգության ու նորարարության հնարավոր ներդաշնակությունն ու հայկական գյուղի հմայքը կյանքի, ներդրումների եւ բիզնեսի համար։

Հայաստանն՝ ազատության երկիր

Խոսելով իրենց կյանքում հանկարծակի պատահած Հայաստանի մասին, ամուսինները մեջբերում են իրենց կրտսեր տղայի խոսքերը՝ Հայաստանն ազատության երկիր է:

Պատկերացնելու համար, թե որքան է ընտանիքը ձուլվել հայկական գյուղի կյանքին, պետք է զբոսնել նրանց հետ գյուղի թաքնված փողոցներով, լսել հնության խորքերից պեղված պատմությունները, ականատես լինել նրանց՝ հարեւանների հետ ջերմ զրույցներին, հարեւանի հարսի մատուցած երիտասարդ գինին խմել, իսկ վերջում ստանալ «Նարէ, չե՞ս ուզում գնել այս հին տներից մեկն ու մեր հարեւանը դառնալ» անսպասելի հարցը:

Նարէ Բեջանյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին