«Արցախ.101 պատմություն». բարբառն ու երեխաների ուղերձն աշխարհի մեծերին - Mediamax.am

1339 դիտում

«Արցախ.101 պատմություն». բարբառն ու երեխաների ուղերձն աշխարհի մեծերին


Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլի Բաղդասարյանը
Նելլի Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արցախը մկրատավ կտրալ ըն, էդ պատճառավ ինքը հայտնվալ ա էս մի հատվածում՝ Երեւանում»,- ասում է 7 տարեկան Արգիշտին: «Իսկ մյուս մկրատված հատվածում մնացել են բակերը, հեծանիվները, տիկնիկները, արջուկները... եւ անվերջ կարոտը: Հուսանք՝ ժամանակավոր»,- ավելացնում է Նելլի Բաղդասարյանը, որը «Արցախ.իմ մանկության փողոցը | 101 պատմություն» նախագծի գաղափարի համահեղինակն է, իսկ Արգիշտին՝ նախագծում ընդգրկված 101 երեխաներից մեկը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արցախ. իմ մանկության փողոցը|101 պատմություն» նախագիծն իրականացվել է Արցախի բարբառի կիրառման եւ պահպանման նպատակով: Հարցազրույցներ են անցկացվել 5-15 տարեկան 101 արցախցի երեխաների հետ, որոնք 2023 թ. բռնի տեղահանությունից հետո ապրում են Հայաստանում: Երեխաներն արցախյան բարբառով պատմել են իրենց քաղաքի, գյուղի, բակի, խաղերի, ընկերների մասին հուշեր, որոնք տեղադրվել են նախագծի կայքում:

Նախագիծն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Նյու Յորքի գլխամասի հայտարարված դրամաշնորհով: Artsakhchildhood.com կայքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2025թ.-ի փետրվարի 19-ին:

«Այս պատմություններն Արցախի մանուկների՝ Արցախում մնացած մանկության մասին են։ Դրանք հաղորդում են հույզեր եւ տրամադրություններ: Բայց այս պատմությունները նաեւ լուրջ փաստագրական նյութեր են, որոնք թարգմանվել են նաեւ անգլերեն եւ բացահայտում են իրական Արցախը՝ երեխաների պայծառ ու անկեղծ միջավայրը, արկածները, ձեռքբերումները, հաջողությունները, անհաջողությունները, կարոտը, երազանքները»,- Մեդիամաքսի հետ զրույցում նշում է նախագծի ղեկավար, գաղափարի համահեղինակ Նելլի Բաղդասարյանը:
Նելլի Բաղդասարյանը Նելլի Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով Արցախի բարբառը կորցնելու առումով ամենախոցելի խումբը երեխաներն են։ Շատ լուրջ խնդիր պետք է լուծեինք երեխաների պատմությունները վեր հանելով, բայց նրանց հիշողությունները ծածկվել էին պատերազմի եւ բռնագաղթի հաստ շերտով։ Մտածում էի, եթե հանկարծ այնպես ստացվի, որ երեխաները կաշկանդվեն եւ չխոսեն, նախագիծն իրականացնելուց կհրաժարվեմ, բայց նրանք հակառակ պատկերը ստեղծեցին»,- ասում է Նելլին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատմությունները որեւէ փոփոխության չեն ենթարկվել, ներկայացվել են այնպես, ինչպես զգացել ու պատմել են երեխաները:

«Երեխաներից մեկը՝ Տիգրանը, բլոկադայի մասին այնպես էր պատմում, որ բոլորին կարող է թվալ, թե դա մի շատ լավ բան է (ծիծաղում է- խմբ.)։ Իրականում նա պատմում է, թե շրջափակման ժամանակ երեխաները, մեծերը ինչքան էին մտերմացել, ապրումակցումը ինչքան մեծ է եղել: Երեխաների պատմություններից շատերն էլ հայրիկների մասին են: Միայն հետո իմացանք, որ նրանից ոմանց հայրիկները զոհվել են: Երեխաներն իրենց պատմություններում ժխտել են կատարվածը, չեն ընդունում այդ փաստը, որ կորցրել են հայրերին, բայց մենք չենք դիպչել նրանց ոչ մի պատմության»,- ասում է նախագծի համահեղինակը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նելլին նշում է, որ բարբառային տեքստերի համար հիմք է ընդունվել տառադարձման միջազգայնորեն ընդունված մեթոդոլոգիան: «Այստեղ հսկայական աշխատանք է կատարել մեր բարբառագետ Լիանա Մինասյանը: Մեծ աշխատանք են կատարել նաեւ մեր թարգմանիչները: Արցախյան բարբառից անգլերեն թարգմանություններում երեխաների բանավոր խոսքը հավատարիմ է մնացել բնագրին, չի ենթարկվել միջամտությունների՝ հաշվի առնելով նախագծի նպատակը եւ առանձնահատկությունը: Մեր հիմնական թիմից բացի՝ նախագծի իրականացման համար մեծ ներդրում ունեն նաեւ մեզ միացած կամավորները: Նրանց շնորհիվ է, որ կարողացանք ժամկետների մեջ ավարտել այս աշխատանքը»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախագծի համահեղինակի խոսքով՝ «101 պատմություն» անունը պատահական չի ընտրված. «Ես հատուկ ընտրեցի հենց այդ վերնագիրը: 101 նշանակում է 102, 103... այսինքն՝ սա երեխաների պատմությունների շարունակականության տրամաբանության մասին է խոսում: Կարող ենք համարել, որ նախագծի այս փուլը հաջողել է, ստեղծվել է Արցախի բարբառի կիրառման եւ պահպանման նպատակով թվային հարթակ, որը ոչ միայն վավերագրական նյութ է հավաքում, այլեւ ստեղծում երեխաների ցանցային համայնք, պահպանում միջանձային կապերը»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կայքը արցախցի յուրաքանչյուր երեխայի իր պատմությամբ կիսվելու հնարավորություն է տալիս: Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող արցախցի փոքրիկները կարող են առցանց դիմել եւ հեռավար հարցազրույցի ձեւաչափով ներկայացնել իրենց պատմությունն ու մանկության փողոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արցախ. իմ մանկության փողոցը|101 պատմություն» նախագիծն աշխարհի մեծերին այս ուղերձն ունի՝ «աշխարհի ոչ մի կետում մանկությունը երբեք անպաշտպան չպիտի լինի»:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին